Այս տարի հոբելյանական տարեթիվ է` Հայրենական մեծ պատերազմի ավարտի և նացիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակն է: Dalma News-ի խմբագրությունը մի շարք նյութեր է պատրաստել, որոնք նվիրված են այս նշանակալից ամսաթվին:

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ֆաշիստների կողմից ժամանակավորապես գրավված Խորհրդային Միության տարածքում պատերազմի առաջին իսկ օրերից զավթիչների դեմ պայքար սկսվեց և շարունակվեց մինչև լիակատար ազատագրում: Բացի պարտիզանական ջոկատներից, թշնամու թիկունքում գործում էին շուրջ 3500 քաղաքացիական կազմակերպություններ՝ կիսապարտիզանական և դիվերսիոն, որոնց անդամակցում էին հիմնականում երիտասարդները:

Հաղթանակի օրվանից 75 տարի անց այդ կազմակերպությունների մեծ մասի մասին ոչինչ հայտնի չէ՝ բացի դրանց գոյության բուն փաստի վերաբերյալ չնչին տեղեկատվությունից, այն էլ քչերն են ողջ մնացել: Իսկ ահա Ուկրաինայի Վորոշիլովգրադի մարզում` հատկապես Կրասնոդոնում գործած հայտնի «Երիտասարդ գվարդիայի» փառահեղ և ողբերգական ճանապարհը ուսումնասիրվել և առավելագույն ճշտգրտությամբ փաստացի հաստատվել է: Երիտասարդ գվարդիականներից ոչ բոլորն են զոհվել, ոմանք ողջ են մնացել մինչև ազատագրումը, Հաղթանակը և խաղաղության տարիները, իսկ երիտասարդների սխրագործությունների մասին լուրերը Մոսկվա են հասել պայքարի հենց առաջին ամիսներին: Մոսկվան նրանցով հետաքրքրված էր դեռևս 1943 թվականին:

Ժամանակին դպրոցներում սովորեցնում էին այդ ընդհատակյա գործիչների կենսագրությունները, նրանց մասին ֆիլմեր էին նկարահանվում, փողոցներ ու դպրոցներ էին անվանվում նրանց անուններով: «Երիտասարդ գվարդիայի» պատմությունը, որն ընդգրկված էր դասագրքերում, արտացոլում էր միայն չոր փաստեր, և այլ կերպ չէր կարող լինել: Չի կարելի երեխաներին ամեն բան պատմել այնպես, ինչպես եղել է, նրանց մանկական հոգեբանությունը չի դիմանա սարսափելի մանրամասներին, ուստի մեծահասակները «մեղմ ռեժիմ» են ընտրել:

Ոչ մեծ հանքարդյունաբերական քաղաք Կրասնոդոնը գրավվեց 1942թ. ամռան կեսին: Ըստ այն երիտասարդ գվարդիականների, որոնք հնարավորություն են ունեցել պատմել իրենց մասին` արդեն օգոստոսին ձևավորվել է կազմակերպության միջուկը, ապա դրան միացել են ինքնաբուխ ձևավորված այլ փոքր խմբեր. միաձուլման նախաձեռնողներից մեկը Սերգեյ Տյուլենինն էր:

Վիկտոր Տրետյակևիչը, որը հասցրել էր կռվել պարտիզանական ջոկատում, իր հետ բերեց դիվերսիոն գործունեության մեջ արդեն իսկ փորձառու մի քանի պարտիզանների, հայտնվեցին նաև ուրիշները: Երիտասարդ գվարդիականների թվի վերաբերյալ տվյալները խիստ տարբեր են` նշվում է 70-ից մինչև 130 անդամ, սակայն հարկ է հաշվի առնել, որ թշնամական օկուպացիայի պայմաններում գործող ընդհատակյա խմբի դեպքում մեծաքանակությունը հասկանալի պատճառներով բոլորովին էլ առավելություն չէ, այլ ընդհակառակը:

Այս երիտասարդները, իհարկե, չէին մտածում, որ իրենց մասին գրքեր կգրվեն ու ֆիլմեր կնկարահանվեն, նրանք անում էին այն, ինչ կարող էին: Օրինակ` այրեցին գերմանական աշխատանքի բորսայի տարածքը այն մարդկանց ցուցակների հետ միասին, որոնց պետք է տեղափոխեին Գերմանիա` ստրկությունից փրկելով ավելի քան 2 հազար մարդ: Նրանց կազմակերպում էին փախուստներ համակենտրոնացման ճամբարներից, ոչնչացնում անասունները ու պարենը և փչացնում հացահատիկը, որն արդեն գտնվում էր Գերմանիա տեղափոխման համար նախատեսված վագոններում:

Երիտասարդները դարանակալում էին մոտոցիկլավարներին ու ավտոմեքենաները, ոչնչացնում թշնամիներին և զենք ձեռք բերում, հակազդում օկուպացիոն ապատեղեկատվությանը՝ տարածելով Խորհրդային տեղեկատվական բյուրոյի հայտարարությունները: Օկուպացիայի առաջին ամիսներին գերմանացիները, կոչ անելով երիտասարդներին «աշխատել» Գերմանիայում, նրանց այնտեղ դրախտային կյանք էին խոստանում. անհրաժեշտ էր պատմել այդ ստի մասին:

1942թ. նոյեմբերի լույս 7-ի գիշերը երիտասարդ գվարդիականները կարմիր դրոշներ փակցրին դպրոցների, ժանդարմերիայի և այլ հաստատությունների շենքերի վրա: Դրոշները աղջիկները ձեռքով էին կարել սպիտակ կտորից, այնուհետև` ներկել ալ կարմիր: 1943թ. նոր տարվա նախօրեին կազմակերպության անդամները հարձակում կազմակերպեցին գերմանական մեքենայի վրա, որով նվերներ և փոստ էին տանում զավթիչներին: Նվերները երիտասարդները վերցրին իրենց հետ, փոստը` վառեցին, մնացածը` թաքցրին:

Այս գործողությունը, ամենայն հավանականությամբ, դարձավ ճակատագրական: Արդեն 1943թ. հունվարի 1-ին խմբի անդամներ Եվգենի Մոշկովը և Վիկտոր Տրետյակևիչը ձերբակալեցին, երբ փորձում էին տեղական շուկայում վաճառել գողացված ապրանքի մի մասը (գումարի կարիք ունեին): Հաջորդ օրը ձերբակալվեց Իվան Զեմնուխովը, որը փորձեց օգնել Մոշկովին և Տրետյակևիչին, իսկ հունվարի 5-ին ոստիկանությունը սկսեց ընդհատակյա ակտիվիստների զանգվածային ձերբակալություններ, որոնք շարունակվեցին մինչև հունվարի 11-ը:

Ըստ երևույթին, կային նաև դավաճաններ. հետևեցին երիտասարդ գվարդիականների զանգվածային մահապատիժներ, և միայն մի քանի հոգու հաջողվեց փրկվել: Սովետական բանակը շուտով ազատագրեց Ուկրաինայի այդ հատվածը, բայց հաշվեհարդարն արդեն կատարվել էր:

Հաշվեհարդար տեսան նաև Դոնի Ռոստովում ծնված Մայա Պեգլիվանովայի (Փահլևանյան) հետ: 1926թ., երբ Մայայի 2 տարին դեռ չէր լրացել, նա մոր հետ հայտնվեց Կրասնոդոնում:

Մայան դարձավ «Երիտասարդ գվարդիայի» առաջին անդամներից մեկը. 16-ամյա աղջիկը թռուցիկներ էր գրում և բաժանում, թաքցնում էր վիրավոր սովետական զինվորներին և նրանց համար դեղամիջոցներ հայթայթում: Նա մասնակցեց այն բեմադրումներին և համերգներին, որոնք երիտասարդ գվարդիականները կազմակերպում էին ակումբում զավթիչների համար. «ինքնագործունեության խմբակ» ցուցանակի շնորհիվ ավելի հեշտ էր աննկատ մնալ և հանդիպումներ կազմակերպել: Եվ ահա ամանորյա համերգներից հետո` 1943թ. հունվարի 11-ին, ոստիկանությունը եկավ Մայայի հետևից:

Մայա Փահլևանյան: Մայայի դիակը խոշտանգված էր` կրծքերը կտրել էին, կոտրել ոտքերը: Հագուստը հանված էր:

Տանջանքները և խոշտանգումներ, որոնց մանրամասները բաց կթողնենք, չնայած որ սա երեխաների դասագիրք չէ, Մայային չեն ստիպել տեղեկատվություն հաղորդել: Տեղի բնակիչներից ականատեսները պատմեցին, որ հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը, երբ մի քանի գվարդիականների տանում էին մահապատժի, Մայային ոստիկանությունը ստիպված էր ձեռքերի վրա տանել, քանի որ չէր կարողանում քայլել: Նույն գիշերը նրանց կենդանի նետեցին հանքահորի մեջ` խնայելով զինամթերքը: Մարտի 1-ին արդեն ազատագրված Կրասնոդոնում 58 մետր խորությունից մարմինները դուրս բերվեցին և թաղվեցին քաղաքի կենտրոնում գտնվող եղբայրական գերեզմանում:

Հաղթանակի օրը դիմավորած ութ երիտասարդ գվարդիականներից մեկը Գեորգի Հարությունյանցն էր, որը, ինչպես և Մայա Պեգլիվանովան, ծնվել էր 1925 թվականին և համարյա նրա հայրենակիցն էր` Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքից էր: Կրասնոդոնի «Երիտասարդ գվարդիա» ընդհատակյա կազմակերպության անդամ 18-ամյա Ժորան տեղեկատվության հավաքագրման և տարածման պատասխանատուներից մեկն էր: Հարությունյանցների տանը երիտասարդ գվարդիականները ինքնաշեն տպարան հիմնեցին և սկսեցին թռուցիկներ տպագրել, որոնք սկզբում ձեռքով էին գրում: Երիտասարդ գվարդիայի գոյության ընթացքում փակցվել է ավելի քան հինգ հազար թռուցիկ

Ամանորյա «ավարը» վաճառելու անհաջող փորձից հետո գվարդիականները որոշեցին հեռանալ Կրասնոդոնից, սակայն ոչ բոլորը կարողացան և ցանկացան դա անել, ինչի արդյունքում շատերը գերեվարվեցին: Հարությունյանցը հասավ մինչև Նովոչերկասկ, ինչը և փրկեց նրան, չնայած նա շատ շուտ` հունվարի 6-ի առավոտյան վերադարձավ: Իսկ հունվարի 5-ի երեկոյան նրան խուզարկելու էին եկել, սակայն ոչ ոքի և ոչինչ չէին գտել…

Հրաշքով փրկված Գեորգին փետրվարի վերջին կամավոր գնում է ռազմաճակատ` ավտոմատավորների վաշտ: Զապորոժիեի մոտ նա պարանոցի հատվածում 25 բեկորային վիրավորում է ստանում, սակայն ինչ-որ գերբնական ուժի շնորհիվ ողջ է մնում: Բայց «սև թուղթն» արդեն ուղարկվել էր նրա հարազատներին: Գեորգին ստիպված էր անձամբ այցելել ընտանիքին հերքելու համար պաշտոնական հաղորդագրությունները:

Գեորգի Հարությունյանց

Այս դեպքից (և «Երիտասարդ գվարդիայի» մի քանի այլ անդամների հետ տեղի ունեցած նմանօրինակ դեպքերից) հետո Մոսկվայում որոշեցին, որ երիտասարդները բավականաչափ փորձությունների միջով են անցել, և նրանց պետք է խնայել, ուստի արգելեցին ռազմաճակատ մեկնել՝ որպես այլընտրանք առաջարկելով Լենինգրադի հրետանային ուսումնարանը: Հարությունյանցն այն ավարտեց գերազանցությամբ, ապրեց և աշխատեց Լենինգրադում, Կիևում և Մոսկվայում:

Հենց Հարությունյանցի նախաձեռնությամբ է ռեաբիլիտացվել «Երիտասարդ գվարդիայի» կոմիսար Վիկտոր Տրետյակևիչը, որը մեղադրվում էր կազմակերպության ձախողման և դավաճանության մեջ:

«Комсомольская правда»-ում Տրետյակևիչի մասին մի հոդված հայտնվեց, և թերթի այդ համարի տպագրությունից անմիջապես հետո Հարությունյանցը հայտնվեց խմբագրությունում և քիչ էր մնում ավերեր այն, քանի որ իրականությունն այսպիսինն էր. երեք ընկերներ՝ Վասիլի Լևաշովը, Գեորգի Հարությունյանցը և Անատոլի Լոպուխովը հասել էին նրան, որ իրենց ընդունել էր ՀԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղար Շելեպինը: Արդյունքում ստեղծվել էր հանձնաժողով, որը 1960թ. ամբողջությամբ ռեաբիլիտացրեց Վիկտոր Տրետյակևիչին: 1963թ. Հարությունյանցը գրող Մ. Ա. Նովոսելովի հետ համատեղ հրատարակում է «Իվան Տուրկենիչ» գիրքը, որը պատմում է Կրասնոդոնի ընդհատակյա կազմակերպության ստեղծման, թշնամիների դեմ երիտասարդ գվարդիականների պայքարի մասին: Գրքում Տրետյակևիչը ներկայացված էր որպես կազմակերպության կոմիսար, և այդ հարցը փակվեց:

Երիտասարդ ժամանակվա վերքերն ու զրկանքները ճակատագրական հետք թողեցին` Հարությունյանցը չապրեց անգամ մինչև իր 50-ամյակը և մահացավ 1973թ. «ծանր և երկարատև հիվանդությունից», ինչպես ասվում է մահախոսականում: Ռազմաքաղաքական ակադեմիայի սովորական ուսուցիչ էր՝ Կարմիր աստղի և Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշաններով:

Այդ տարիներին շատերը ունեին ավելի տպավորիչ շքանշանների հավաքածուներ, սակայն միայն Հարությունյանցն էր «Երիտասարդ գվարդիայից»:

 

Ռուբեն Գյուլմիսարյան