Ինչպես հայտնել է Երևանում Ռուսական տունը («Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը Հայաստանում), սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար վերսկսվել է ֆուտբոլային մրցաշարը Ռոման Բերեզովսկու մրցանակի համար։ Խաղերի մեկնարկից հետո սեպտեմբերին հարկադրված դադար է եղել Հայաստանի սահմանամերձ մարզերում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով. Վայոց ձորում և Սյունիքում խաղերը պետք է անցկացվեին սեպտեմբերի 15-ին և 17-ին, սակայն սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճ գրանցվեց: Այսպիսով, սեպտեմբերին Տավուշի դպրոցականների համար խաղերի միայն առաջին սերիան հաջողվեց անցկացնել, իսկ Վայոց ձորի և Սյունիքի դպրոցականների հանդիպումները հետաձգվեցին։ Եվ ահա դրանք կայացան՝ Վայքում (Վայոց ձոր)՝ նոյեմբերի 9-ին, Կապանում (Սյունիք)՝ նոյեմբերի 10-ին:     

Խաղադաշտում, բացի վայքեցի երեխաներից, իրենց արժանի կերպով դրսևորեցին նաև Եղեգնաձորի, Ջերմուկի և Արենի գյուղի պատանիները։ «Փայլուն կերպով դրսևորեցին իրենց, քանի որ Ռոման Բերեզովսկու ներկայությունը, ով օրերս նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, ոգևորում էր նրանց։ Երեխաները լավագույնս ներկայացրին իրենց դպրոցական թիմերը», – ասվում է Երևանում Ռուսական տան հաղորդագրության մեջ։

Խաղի արդյունքներով գավաթը նվաճեց Վայքի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրին Եղեգնաձորի պատանի ֆուտբոլիստները, երրորդը՝ Արենիի երեխաները, իսկ չորրորդ տեղը՝ ջերմուկցի դպրոցականները։ Մրցաշարի ընթացիկ սերիայի եզրափակիչ խաղերը կայացան մեկ օր անց՝ նոյեմբերի 10-ին, սահմանամերձ Կապանում։

Ի դեպ, 90-ականներին հենց այնտեղ սկսվեց լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու կարիերան։ Այս մասին Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը խոսեց սեպտեմբեր ամսին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ազդարարելով առաջիկա ֆուտբոլային մրցաշարի մասին։

90-ականներին, դեռ 18 տարեկան հասակում Ռոմանը խաղում էր կապանյան «Սյունիք»-ում և անձամբ գիտեր պատերազմի մասին։ Պարապմունքները հաճախ անցնում էին հրետակոծության տակ, իսկ երեկոյան ստիպված էին լինում թաքնվել ապաստարանում։ Հայտնի ֆուտբոլիստը ժպիտով է պատմում դժվարին ժամանակների մասին և նույնիսկ կատակում է. «Մինչ Կապանը մի փոքր Երևանում էի խաղացել՝ «Կոշկագործ»-ում: Սակայն իմ անասելի ու բազմաթիվ հիշողությունները այնուամենայնիվ կապված են հեռավոր 1992 թվականի հետ, երբ Սյունիքում էի գտնվում… Շատ գեղեցիկ վայրեր էին։ Ամեն բան գեղեցիկ էր։ Բնությունը, մարդիկ… Սկզբում ուղղակի խաղում էինք, մարզվում, հետո սկսվեց գնդակոծությունը։ Կրակի տակ էինք հայտնվում հենց մարզման ժամանակ, խաղադաշտում… «Գրադ»-ով էին հարվածում: Ժամանակի ընթացքում ընտելացանք, և ձայնով արդեն հստակ որոշում էինք, թե ինչ տրամաչափի զենքերով են կրակում մեզ վրա… Երեկոները թաքնվում էինք ապաստարանում։ Վախենալու էր… Ի՞նչ ավելացնեմ… Կապանում առաջին անգամ ծանոթացա թթի օղու հետ: Կատակը մի կողմ, բայց այս վայրեր վերադառնում եմ բացառապես հաճելի հիշողություններով ու սպասումներով։ Եվ հիմնական ակնկալիքն այն է, որ մեր կողմից կազմակերպվող երիտասարդ մարզիկների ֆուտբոլային մրցաշարը հաջողություն ունենա։ Ինձ հաճախ են հարցնում, թե դա ի՞նչ կտա երեխաներին, ինչո՞ւ հենց սահմանամերձ բնակավայրերում։ Պատերազմը սարսափելի է, հատկապես երեխաների համար, ուստի շատ կցանկանայինք, որ այս հանդիպումները գոնե մասամբ անցկացնեն սթրեսը, որի միջով նրանք կամա թե ակամա անցնում են։ Որպեսզի երեխաները հասկանան, որ կյանքը շարունակվում է և ապագայի նկատմամբ ավելի մեծ լավատեսությամբ լցվեն»։

Դատելով սեպտեմբերի 10-ին Տավուշում կայացած առաջին մինի-մրցաշարի լուսանկարից՝ ամեն բան հաջողվել է՝ երեխաները աննկարագրելի դրական հույզեր ու լիցքեր են ստացել։ Խաղեր անցկացվեցին Այգեովիտ գյուղում, որտեղ ֆուտբոլի խաղադաշտում արդար պայքարում մրցում էին տեղի միջնակարգ դպրոցի, ինչպես նաև Տավուշի, Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի և Դիլիջանի դպրոցների աշակերտները։ Հաղթողի գավաթը բաժին հասավ տավուշցի պատանի մարզիկներին։ Իսկ հանձնեց այն անձամբ Բերեզովսկին։

«Երիտասարդ ֆուտբոլիստներն այսօր լավ խաղ ցուցադրեցին։ Մենք կներդնենք մեր բոլոր ուժերն ու հնարավորությունները, որպեսզի Հայաստանի մարզերի պատանի ֆուտբոլիստներին հասցնենք պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգա», – խաղի ավարտից հետո ասաց Ռոմանը: 

Երիտասարդ տաղանդներին ուշադրություն դարձնելու իր մտադրությունը նա հաստատել է վերջերս Վայքում տեղի ունեցած խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Պատասխանելով հարցին, թե ի՞նչ անել Հայաստանի մարզերում դարպասապահների, մարզիչների ներկայիս տոտալ բացակայության և Բերեզովսկու հետքերով գնալու երեխաների միաժամանակյա բուռն ցանկության հետ, նախկին դարպասապահն ասաց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ միասին կփորձեն լուծել այդ հարցը. «Մենք կփորձենք մեզ համար որոշակի ժամանակահատված ընտրել և տարբեր մարզերում ցանկացողների հետ մարզումներ անցկացնել։

Բերեզովսկու մրցանակի համար մրցաշարի կազմակերպիչները՝ Երևանում Ռուսական տունը՝ Վադիմ Ֆեֆիլովի գլխավորությամբ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ Արմեն Մելիքբեկյանի նախագահությամբ և «Բարության ուղի» ՀԿ-ն՝ Ռոման Բերեզովսկու ավագ եղբոր՝ Ալեքսանդր Բերեզովսկու գլխավորությամբ, մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել են, որ նախաձեռնարկության նպատակը միայն ապագա ֆուտբոլային տաղանդներին բացահայտելը չէ։ Նախագիծը նախևառաջ սոցիալական ուղղվածություն ունի. խոսքը վերաբերում է դեռահասների ադապտացմանը (ի դեպ, սահմանամերձ բնակավայրերում քիչ չեն Ռուսաստանից ժամանած ընտանիքները – հեղ.), երեխաների ֆիզիկական զարգացմանը, ինչպես նաև սպորտի և առողջ ապրելակերպի խթանմանը:

«Մեկ անգամ մոնիտորինգի ենք ենթարկել Հայաստանի սահմանամերձ գյուղերը։ Մասնավորապես, եղել ենք Սյունիքի մարզում և նույն հարցերն ենք ուղղել տեղի բնակիչներին, պետական ​​պաշտոնյաներին, դպրոցների տնօրեններին: Հարցնում էինք, թե նեղ մասնագետների պակասը լրացնելու համար ինչ կամավորներ են պետք։ Պատկերացրեք մեր զարմանքը, երբ լսեցինք՝ պետք են հոգեբաններ, լավ մարզիչ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Այստեղից էլ հայտնվեց գաղափարը, և մենք ձեռնամուխ եղանք այն կյանքի կոչելուն: Բարեբախտաբար, հանդիպեցի Ալեքսանդր Անատոլևիչին՝ Ռոմանի ավագ եղբորը, և աստիճանաբար հասանք նրան, որ ինչ-որ պահի նա որոշեց զբաղվել նաև հասարակական գործունեությամբ։ «Բարության ուղի» կազմակերպությունը գրանցվեց։ Այսպիսով, միասին դուրս եկանք այս «ուղու» վրա՝ բարության ուղու, սկսելով համատեղ խթանել ֆուտբոլի մեծ մրցաշարը սահմանամերձ շրջանների երեխաների համար», – ասաց Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:

Նա ընդգծեց, որ ի սկզբանե անմիջապես որոշվել է, որ այս մրցաշարը ոչ մի կերպ չի մրցելու մանկական մրցույթների հետ, որոնք երկար ժամանակ համակարգված կերպով անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։

«Ընդհակառակը, սա ևս մեկ մրցաշար է, որը թույլ կտա գոնե մի փոքր բարելավել մթնոլորտը, բարելավել իրավիճակը այն վայրերում, որտեղ Ռոման Բերեզովսկին ժամանակին սկսեց իր ճանապարհը դեպի ֆուտբոլային Օլիմպոս», – նշել է Ֆեֆիլովը:

Իր հերթին, «Բարության ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Բերեզովսկին հայտարարել է. «Երախտապարտ եմ, որ Վադիմ Պավլովիչի միջնորդությամբ առաջարկ եղավ կազմակերպել այս մրցաշարը։ Առաջին խաղերն անցկացվել են մայիսին Գյումրիում։ Դրանք բավականին հաջող անցան: Համակարգը հետևյալն է՝ յուրաքանչյուր մարզ ներկայացնում է 4 թիմ։ Խաղացողները 12-13 տարեկան տղաներ են: Մեկ օրում անցկացվում է 4 մինի-խաղ՝ երկու կիսաեզրափակիչ և երկու եզրափակիչ։ Դրանց նախորդում է բացման հանդիսավոր արարողությունը՝ մարզպետների, քաղաքապետերի, լրագրողների և պարզապես մարզասերների մասնակցությամբ։ Ամեն ինչ այնպես է, ինչպես իրական մեծ ֆուտբոլում»:

Ալեքսանդր Բերեզովսկին սպորտային մրցույթների կազմակերպման զգալի փորձ ունի. նախկինում հաջող կերպով ղեկավարել է Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան։ Այդ իսկ պատճառով հաջողվեց բավականին լուրջ, գործի իմացությամբ մոտենալ հետագա խաղերի նախապատրաստությանը։ Պատահական չէ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անմիջապես արձագանքեց գաղափարին՝ երեխաներին տրամադրելով անհրաժեշտ ամեն բան՝ գավաթներ, մեդալներ, պատվոգրեր: Նույնիսկ մրցավարությունը խաղադաշտում իրականացնում էին պրոֆեսիոնալ մրցավարները։

«Մրցաշարային խաղերի ընթացիկ սերիային, ըստ նախնական հաշվարկների, մասնակցել է 144 պատանի։ Բայց սա դեռ սկիզբն է», – ասում է Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և խոստումնալից կերպով ամփոփում. «Հայաստանի սահմանամերձ շրջանների երեխաների համար Ռոման Բերեզովսկու անվան մրցանակի համար ֆուտբոլային մրցաշարը բազմափուլ է և անցկացվելու է ամեն տարի»։ Դե ինչ, թող որ նախագիծը իսկապես «արմատավորվի», և ոչինչ չխանգարի դրան։ Իսկ միակ բանը, ինչին հարված կհասցվի հայկական սահմանամերձ գոտում, թող լինի ֆուտբոլային գնդակը։

Իրինա Գրիգորյան