Ինչպես են ապրում հայերը Ռուսաստանում, և ինչպես են պահպանվում հայկական ավանդույթները Ռուսաստանի հայկական ընտանիքներում…

2016 թվականին Պրիմորիեյի երկրամասում գտնվող Վլադիվոստոկ քաղաքում ձևավորված Հայ համայնքը կդառնա 14 տարեկան: Հայ համայնք, որպես այդպիսին, Վլադիվոստոկում ստեղծվել է շատ վաղուց ՝ սկսած հեռավոր 1900-ականներից, երբ այստեղ սկսել են մշտական բնակություն հաստատել հայերը: Սակայն միայն 2002 թվականին Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու կառուցումից հետո Հայկական համայնքը սկսեց վերաձևավորվել ու ակտիվ գործունեություն ծավալել:

84_big
Հայկական եկեղեցԻ, Վլադիվոստոկ

Երբ մտածում ես Երևանի և Վլադիվոստոկի միջև եղած 11 000 կմ հեռավորության մասին, ակամա զարմանում ես.  Ինչպե՞ս են հայերը կարողացել  ընտանիքներով գալ ու հաստատվել հեռավոր մի քաղաքում, որտեղից Երևան անգամ մեկ թռիչքով օդուղի չկա: Սակայն բավական է  ընդամենը մի քանի ամիս ապրել այստեղ, ու արդեն  հասկանում ես, թե ինչպես  են հայերը հարմարվել ու ապրում են հայրենիքից այսքան հեռու, սակայն ուրախ ու կյանքից գոհ:

Ծովի ափին գտնվող այս քաղաքը քեզ այնպես ջերմ է դիմավորում, ասես քո գալն այստեղ շատ էլ  տրամաբանական էր: Ես հաճելիորեն զարմացա հատկապես նրանից, որ երբ այլազգին խոսելու ընթացքում բառի կամ խոսքի ճիշտ արտահայտման ու թարգմանության հետ խնդիր է ունենում, ոչ-ոք նրան չի ծաղրում,  ավելին՝ փորձում են օգնել: Դա միանշանակ վերաբերվում է թե ռուս ավագ սերնդին, թե երիտասարդներին:

Հատկապես ավագ սերունդը հայերին մեծ ոգևորությամբ է ընդունում, համարելով եղբայր-ազգ, որոնց հետ միասին թե պատերազմներ, թե ուրախ օրեր է տեսել…

Владивосток
Վլադիվոստոկ

Չնայած Վլադիվոստոկի հայկական համայնքը ներկայումս բավական ակտիվ գործունեություն է ծավալում, սակայն երիտասարդները, որոնք  սովորաբար մասնակցում են միջոցառումներին, հաճախ են միմյանց հետ հաղորդակցվում ռուսերենով: Հայերեն հասկանում  և խոսում են բոլորը, սակայն տարիների ընթացքում ռուսերենը նրանց համար կարծես երկրորդ հարազատ լեզուն դարձած լինի:

Իսկ ինչպե՞ս են պահպանվում հայկական բազմադարյան ավանդույթները հեռավոր Վլադիվոստոկի հայկական ընտանիքներում: Ես բախտ եմ ունեցել այցելել մի շարք հայկական ընտանիքներ, և երևի թե տրամաբանական կլինի ասածս, եթե ասեմ, որ այստեղի հայկական ընտանիքներում հայկական ավանդույթները հիմնականում պահպանվում են: Ավելին ասեմ՝ խառը ընտանիքներում՝ խոսքս վերաբերվում է հատկապես կիսահայ-կիսառուս ընտանիքներին, որտեղ ամուսիններից մեկը հայ է, մյուսը՝ ռուս (մեծամասնությունում հայը տղամարդն է), ռուս-կինը առավելագույնս փորձում է ծանոթանալ հայկական ավանդույթներին, հայկական խոհանոցին և այդ ամենին հետևում է այնքան, որքան հնարավոր է: Հաճախ դրանում ոչ թե ամուսնու հոգեբանական ճնշումն է մեծ դեր խաղում, այլ հենց հետաքրքրությունը՝ դեպի հայկականը: Հենց նրանց ընտանիքներում կարող ես Ամանորին գտնել ավանդական տոլման, լավաշը, աղանդերը, չրերը… Եվ ընդ որում գործում է նաև հակառակ երևույթը՝ հայ ամուսինը մեծ հետաքրքրությամբ հետևում ու պահում է հենց ռուսական սովորույթները:

Խոսքս ավելի հստակ դարձնելու համար ներկայացնեմ Վլադիվոստոկաբնակ մի քանի հայերի կարծիքներն այս մասին.

Լուիզա Ապրեսյան, 21 տ.

Ես այստեղ ծնվել եմ, մայրս ռուս է, հայրս հայ:  Ծնված օրվանից լսել եմ երկու լեզուներն էլ, սակայն քանի որ մայրիկի հետ կապն ավելի սերտ էր, և մանկապարտեզում ու դպրոցում էլ միայն ռուսերենով ենք հաղորդակցվել, ես էլ եմ ռուսերեն խոսում, բայց հայերեն հասկանում եմ ամեն բան…

Մեր ընտանիքը հիմնականում պահպանում է երկու ազգի ավանդույթներն էլ: Մայրս շատ է սիրում  այդ ամենին հետևել: Օրինակ՝ Ամանորին մեր սեղանին կգտնեք թե հայկական, թե ռուսական այն բոլոր ճաշատեսակները, որոնք ընդունված են հայ և ռուս ընտանիքներում: Դաստիարակության հարցում հայրիկը մի փոքր ավելի խիստ է, իսկ մայրիկը՝ հակառակը՝ առավելագույնս ձգտում է նրան, որ մենք ինքնուրույն որոշումներ ընդունենք ու կարողանանք ինքնուրույն պատասխան տալ ամեն ինչի համար: Ամեն դեպքում ես և եղբայրս մեզ և հայ, և ռուս ենք համարում, հայերեն հասկանում ենք ամեն բան, իսկ մեր խոսակցական լեզուն ռուսերենն է:

12325412_790224141104986_480374669_n
Լուիզա Ապրեսյան

2010 թվականին այցելեցինք Հայաստան: Մինչ այդ երբեք չէի եղել: Տպավորություններս շատ մեծ են: Եղանք մի շարք հայկական եկեղեցիներում, շրջեցինք  տարբեր մարզերով: Երբ նորից կգնամ Հայաստան, դժվարանում եմ ասել, առաջին անգամվա պես չի ձգում: Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում նրանում, թե իմ կյանքի ընկերը ով կլինի՝  հա՞յ, թե ռուս, երկու ազգի մեջ էլ լավ մարդիկ շատ կան, կարծում եմ ծնողներս նույնպես որևէ ազդեցություն չեն ունենա իմ որոշման վրա, իմ շրջապատի, ընկերների մեծամասնությունը ռուսներ են, և բոլորն էլ հիանալի մարդիկ են:

Մերի Խաչատրյան, 30տ.

Արդեն 12 տարի է, ինչ ապրում ենք Վլադիվոստոկում: Ամուսնուս գրեթե բոլոր հարազատներն այստեղ են, և ես հայկական միջավայրի պակաս չեմ զգում: Երեխաներս արդեն մեծ են և երկուսն էլ դպրոց են գնում այստեղ: Տանը ես և ամուսինս խոսում ենք հայերենով, երեխաները միմյանց հետ և մեզ հետ շփվում են ռուսերենով, ես ոչ մի արգելք չեմ դնում, թող խոսեն ինչպես իրենց հարմար է: Ինչ վերաբերվում է հայկական ավանդույթներին, ես էլ, ամուսինս էլ, մեր երեխաներին դաստիարակում ենք այնպես, ինչպես մենք ենք ստացել դաստիարակություն:

12399036_790224201104980_1265809149_n
Мери Хачатрян

Մենք Հայաստանի հետ միասին նշում ենք բոլոր տոներն ու արարողությունները, մեր խոհանոցը այս 12 տարվա ընթացքում ոչ մի փոփոխության գրեթե չի ենթարկվել, միայն ավելացել են այն համեղ ուտելիքները, որոնք պատրաստում են ռուսները: Եվ դա բնական է, որովհետև մենք ռուս շատ ընկերներ ունենք:

Ամենավատ բանը կարոտն է, կարոտն ու հեռավորությունը, միշտ, ամեն օր, ամեն վայրկյան այդ կարոտը քեզ հետ է… Սակայն ես շնորհակալ եմ  նաև իմ ճակատագրից նրա համար, որ ժամանակին այստեղ եկանք ու կարողացանք աշխատել այնքան, որ երեխաներին բավարար կրթություն ու ապրելակերպ կարող ենք տալ:

Նոնա Գևորգյան, 25 տ.

Ես ամուսնացել և եկել եմ այստեղ, երբ 17 տարեկան էի: Ամուսնացել եմ իհարկե հայի հետ: Սկզբում շատ դժվար էր, ոչ մի կերպ հարմարվել չէի կարողանում, հստակ որոշել էի՝ ինչ գնով էլ լինի մի օր ամուսնուս հետ կտեղափոխվեմ Հայաստան: Բայց տարիների հետ հարմարվեցի:  Վլադիվոստոկն էլ ինձ համար դարձավ հարազատ քաղաք: Այստեղ ամեն բան ինձ արդեն ծանոթ է, ունեմ մի շարք ռուս ընկերուհիներ: Միակ դժվարությունն այն է, որ ուշ-ուշ ենք Հայաստան այցելում, բայց այդտեղ էլ արդեն երկար չենք կարողանում մնալ:

Ինչ վերաբերվում է հայրենիք վերադառնալուն… Ամուսինս այստեղ սեփական սրճարան ունի և հիմա այս ամենը թողնելն ու հեռանալը մի փոքր բարդ է դարձել, հատկապես որ լսում ենք, որ Հայաստանում այդքան էլ հեշտ չէ գործ գտնելն ու առհասարակ ապրելը: Ռուսաստանը մարդուն տալիս է աշխատելու հնարավորություն, չկա այն մոնոպոլիան և այն ճնշումը, որը քեզ խանգարի աշխատել:

Տանը 4- ամյա աղջկաս հետ հիմնականում խոսում եմ ռուսերենով, որ դրսում կամ հետո դպրոցում հնարավորինս հեշտ լինի նրա համար: Նրա դաստիարակության հարցում աշխատում ենք հավասարակշռությունը պահել այնպես, որ երեխան հեշտ ինտեգրվի այստեղի հասարակությանը, սակայն մեծանա որպես հայի զավակ: Ուզում եմ աղջիկս երջանիկ լինի, մենք էլ խաղաղ ապրենք, մենք մեր հայրենիքը շատ սիրում ենք, մենք հայ ծնվել ու հայ էլ գնալու ենք այս աշխարհից, սակայն ես գտնում եմ, որ քո տունն այնտես է, որտեղ քո ընտանիքն է գտնվում, շատ կարևոր է, որ երկիրը որտեղ դու ապրում ես, նույնպես սիրի քեզ ու հնարավորություն տա աշխատելու ու բարեկեցիկ ապրելու:

Այստեղ շատ հստակորեն պահպանվում են հայկական տոներն ու դրանց հետ կապված ավանդական խոհանոցը: Ռուսաստանում մեծ շքեղությամբ նշվում է Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մի քանի օր շարունակ բոլորի տանը բացված է մնում Ամանորյա սեղանն ու բոլոր ծանոթ-բարեկամները միմյանց այցելում են նվերներով, քաղցրավենիքներով ու կարմիր գինով: Ի դեպ՝ հայերը հնարավորություն դեպքում նվիրում են հենց հայկական կոնյակ կամ հայկական գինի: Դա վերաբերվում է նաև նրանց ռուս ընկեր-բարեկամներին, որոնք այդ նվերին խորը շնորհակալությամբ են արձագանքում, հատկապես, եթե այն բերված է հենց Հայաստանից, անվանական հենց իրենց համար: Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդին, հիմնականում բոլորն այցելում են եկեղեցի, որտեղ առավոտյան մատուցվում է  Սուրբ Պատարագ, և ծխում է հայկական եկեղեցու խորհրդանիշ խունկը: Սուրբ Ծնունդին, Սուրբ Սարգսին և մնացած այլ տոներին նախօրդող ծոմապահության մասին այստեղ քչերն են տեղյակ: Սակայն դա թերևս ավելի շատ ոչ թե հայրենիքից դուրս գտնվելու պատճառ է, այլ երիտասարդ սերնդի՝ ամեն հարցում ամեն տեսակ ազատության ձգտելու գաղափար: Պահքին հիմնականում ոչ-ոք չի հետևում: Տոնական օրերին հայկական եկեղեցում մատուցվող պատարագին ներկա է լինում տեղի գրեթե ողջ հայությունը: Բայց հայերը մեծ հաճույքով այցելում են նաև ռուսական կաթոլիկ եկեղեցի: Նախ որովհետև իրենց հետաքրքիր է, և բացի այդ կան շատ հայեր, ովքեր ամենայն հարգանքով ու հավատով են վերաբերվում ռուսական սրբերին:

Առանձին շուքով է նշվում է Սուրբ Զատիկը: Թեև այդ օրը միմյանց այցելում են միայն շատ մոտ հարազատները, սակայն հայկական բոլոր ընտանիքներում սեղանին լինում է հայկական կարմիր գինի, ներկած ձու, կանաչեղեն, ձուկ…

Հայաստանում ավանդույթ դարձած Վարդավառը այստեղ նշվում է մասնակի: Ինչ վերաբերում է եկեղեցուն՝ ապա առավոտյան եկեղեցում իհարկե մատուցվում է պատարագ, բայց բացակայում է բնակչության՝ «դույլերով ջրոցի խաղալը»: Դա փոքր-ինչ պայմանավորված է նաև քաղաքի աշխարհագրական դիրքով: Վլադիվոստոկը գտնվում է Հարավ-Չինական ծովի ափին և կարճ ամառվա ընթացքում բոլորը ձգտում են առավելագույնս ծովին մոտ լինել ու իրենց հանգիստը ափամերձ տնակներում անցկացնել: Հատկապես հայերը, որոնք այնքան շատ են սիրում ծովը, որը սակայն հայրենիքում բացակայում է:

russian primorye seabank. near Vladivostok.Andreevka village.

Հարսանեկան ավանդույթները նույնպես պահպանվում են, սակայն որոշ չափով միայն: Սիրահար զույգն իր օրհնությունն անպայման ստանում է եկեղեցում, որից հետո բոլորն անմիջապես ուղևորվում են նախապես որոշված որևէ ռեստորան՝ խնջույք անելու: Նորապսակների ուսերի լավաշը, հայկական մեղրը կամ կոտրվող ափսեն սահուն կերպով դուրս է մղվել: Նրանք, ովքեր այդ ամենը չեն կիրառում, բացատրում են դա այն հանգամանքով, որ կարիք չկա առավելագույնս ծանրաբեռնել ամեն բան, կարևորը երեխաներն այդ օրը ուրախ անցկացնեն:

Մի անգամ ես բախտ ունեցա ներկա լինելու մի հարսանիքի, որտեղ հայ տղան ամուսնանում էր ռուս աղջկա հետ: Ամեն բան շատ հետաքրքիր էր, հարսանիքի ընթացքում ռուս թամադայի օգնությամբ ռուսական ու հայկական արարողությունները հերթով հաջորդում էին միմյանց: Կային շատ բաներ, որոնք ինձ բոլորովին անծանոթ էին, սակայն շատ հետաքրքիր էին, և երկար ժամանակ մեծ տպավորության տակ էի: Շատ տարօրինակ ու հաճելի զգացողություն է պարուրում քեզ այն պահին, երբ միևնույն պարահրապարակում միմյանց հետ պարում են երկու տարբեր ազգեր, և քեզ ոչ-ոք ոչնչով չի հիշեցնում այն մասին, որ դու քո տանը չես….

Վերջին տասնամյակում հատկապես շատ են այն դեպքերը, երբ հայ երեխաները ամուսնանում են հենց ռուսների հետ: Երևույթն անխուսափելի է, ինչ խոսք, և դրան այժմ ծնողներն էլ խոչընդոտել չեն ցանկանում: Երիտասարդներն այստեղ իրենց կյանքն ու աշխարհն են կառուցել և ռուս ազգի հետ շփվելը նրանց համար դարձել է սովորական: Հասուն տարիքում շատերն են սերտ կապեր պահում հայրենիքի հետ, սակայն նրանք այստեղ արդեն ձևավորել են իրենց ընկերական շրջապատը, որից հրաժարվելն իհարկե դժվար է:

Միջին սերունդը դեռևս պահպանում է հայկական ավանդույթները, և ի դեպ դա անում է մեծ ոգևորությամբ՝ փորձելով ինչ-որ կերպ մեղմել հայրենիքի կարոտը, երիտասարդ սերունդը տեսնում է և գուցե շարունակի պահպանել, իսկ ապագա սերնդի համար՝ ցույց կտա ժամանակը …

Սյուզի Գրիգորյան