Հայաստանի շոու-բիզնեսի ներկայացուցիչների գլխավերևում նորից ամպեր են կուտակվել. Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հիշել է նրանց մասին և որոշել պարտավորեցնել աստղերին, ովքեր հանդես են գալիս տարբեր տեսակի միջոցառումներին, երեկույթներին և կորպորատիվներին հարկեր վճարել: Իհարկե, լիովին հասկանալի չէ, թե ինչպես է գործելու այս մեխանիզմը, որը ՊԵԿ-ն անվանել է «ինքնահայտարարագրում», բայց նորությունը խառնաշփոթի է բերել «սելեբրիթիներին» և դժգոհության ալիք բարձրացրել:

Ընդհանուր առմամբ, մեր էստրադային երգիչ և երգչուհիները հայտարարում են, որ դեմ չեն հարկեր վճարել, և նրանց դժգոհությունները կոմիտեին՝ կապված չեն հարկադրման բուն փաստի հետ, այլ այդ ամբողջ գործընթացի հետ: Այսինքն, ի՞նչ հայտարարագրել, ինչպե՞ս և ինչո՞ւ: Ինքը՝ հարկային-մաքսային մարմինը, կոչ է անում մշակույթի, շոու-բիզնեսի գործիչներին ինքնակամ և կարճ ժամկետներում հայտնել սեփական եկամուտների մասին՝ սպառնալով հակառակ դեպքում ստուգիչ միջոցառումներ իրականացնել:

Աստղերի հարկադրման հետ կապված պատմությունը արդեն մի քանի ամիս է հանգիստ չի տալիս պետական աշխատողներին: Դեռևս անցյալ տարվա սկզբին ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը հայտարարեց, որ հարկերից խուսափելը շատ տարածված է մշակույթի գործիչների շրջանում, ընդ որում, «շատ երգիչ և երգչուհիներ գրում և կատարում են հայրենասիրական երգեր, սակայն նրանցից ոչ ոք մինչև այսօր այդպես էլ պաշտոնական հայտարարություն չի ներկայացրել տարեկան եկամուտների մասին»: Երևի թե, միակ բացառությամբ՝ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը ժամանակին ներկայացրել է դեկլարացիան:

Այսպիսով, ինչո՞ւմն է խնդիրը: Մի՞թե աստղերը չեն ցանկանում վճարել:

Dalma News-ի հետ զրույցի ժամանակ հայտնի երգիչ Արսեն Սաֆարյանը հայտնեց, որ ո՛չ ինքը, ո՛չ իր գործընկերներից որևէ մեկը չեն պատրաստվում խուսափել հարկերից, սակայն նրանց անհանգստացնում են որոշ նրբություններ, որոնց մասին պետեկամուտների կոմիտեն դեռևս լռում է: Իր խոսքով, բուն ոլորտն ունի բազմաթիվ ուղղություններ՝ համերգային գործունեություն, ակումբային, կորպորատիվ աշխատանք, և դրանք բոլորը տարբեր են: Այդ բոլոր ոլորտները և գործունեությունները պետք է լիովին ուսումնասիրվեն, և հենց այդ հիմքի վրա պետք է ընտրվի մեխանիզմը.

«Ո՞վ է ասել, որ մենք չենք ցանկանում հարկեր վճարել: Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք և պատրաստ ենք վճարել, սակայն խնդիրները շատ են: Առաջին հերթին, չի ներկայացվել հարկադրման մեխանիզմը, երկրորդ հերթին՝ մենք չենք պատկանում ո՛չ Մշակույթի նախարարությանը, ո՛չ որևէ այլ վարչության, ոչ մի տեղ գրանցված չենք: Դա նշանակում է, որ պետք է հստակ բաժանում լինի, հետո միայն հարկեր վճարելու պահանջ», – ասաց նա:

Արսեն Սաֆարյան

Նրա խոսքով, սխալ է խոսել այն մասին, որ կատարողները հարկեր չեն վճարում, քանի որ այդ նույն ակումբը, օրինակ, որը համերգներ է կազմակերպում, վճարում է հարկեր, ինչ-որ սոցիալական վճարներ: Համերգների կազմակերպիչները վճարում են: Այնպես որ, նախքան նմանատիպ որոշումներ կայացնելը և պահանջներ ներկայացնելը, նշում է Սաֆարյանը, սկզբի համար նրանք պետք է ներկայացնեն, թե դա ինչպե՞ս է տեղի ունենալու:

«Գիտեք, ես համոզված եմ, որ նույնիսկ նրանք չեն կարող պատկերացնել, թե ինչ մեխանիզմ է կիրառվելու: Կամ կատարողները, որոնք համերգներ չեն տալիս և չեն երգում ակումբներում, սակայն ելույթ են ունենում հարսանիքների և նմանատիպ միջոցառումների ժամանակ, ինչպե՞ս է լինելու նրանց պարագայում: Նրանք հաշվի չեն առնում, թե որքան ֆինանսներ են ծախսվում մեկ երգ, մեկ կատարում ստեղծելու վրա: Մենք կարգավիճակ չունենք, հեղինակային իրավունքը չի հովանավորվում պետության կողմից, ես նույնիսկ չգիտեմ, արդյոք հետագայում թոշակ կստանա՞մ, թե՞ ոչ, այսօր ես ելույթներ եմ ունենում, երգում եմ, սակայն, ես չգիտեմ, ինչ կլինի մի քանի տարի հետո: Ես համաձայն եմ վճարել, սակայն ինչպե՞ս և հստակ ինչի՞ համար: Դեռևս ինձ ոչ ոք ցույց չի տվել այդ ուղին»,- հայտարարեց Արսեն Սաֆարյանը:

Իր գործընկերոջ հետ համաձայնեց նաև ՀՀ վաստակավոր երգչուհի Նունե Եսայանը, նշելով, որ էստրադային կատարողները ոչ մի տեղ գրանցված չեն, նրանց խնդիրները միայն նրանց խնդիրներն են և ոչ ոքի չեն վերաբերում, և ծերության տարիներին նրանք թոշակ չեն տեսնի.

«Առաջին հերթին պետությունը պետք է հասկանա, ո՞ւմ ենք մենք «պատկանում», ո՞վ է պատասխանատու մեր խնդիրների համար, և դրանից հետո միայն պահանջներ ներկայացնի», – ընդգծեց նա:

Նունե Եսայան

Իսկ Հայաստանի վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը ընդհանրապես կոչ է անում պետությանը սկզբում լուծել կատարողների հարստացման հարցերը, և հետո միայն պահանջել հարկեր վճարել այդ հարստությունից: Սակայն, առաջին հերթին, նրան հետաքրքրում է հեղինակային իրավունքի խնդիրը, որը պետք է պահպանվի օրենքով. «Ցավոք, այսօր ոչ ոք չի պաշտպանում ինտելեկտուալ սեփականությունը, այդ պատճառով այդ օրենքը բոլոր կողմերից խոցելի հարց է: Մեխանիզմը պետք է պատշաճ կերպով մշակված լինի»:

Այն, որ Պետեկամուտների կոմիտեն վերադարձավ այդ թեմային հենց Նոր տարվա նախօրեին, կարելի էր բացատրել նրանով, որ «սելեբրիթիներին» հարկադրման են պատրաստում 2019 թվականից՝ նոր տարի, նոր կարգեր, նոր հարկեր: Սակայն, ինչպե՞ս լինել մեխանիզմի հետ: Դեռևս այն չկա, իսկ դա նշանակում է, տարվա ամենակախարդական գիշերը, ինչպես և այլ տոներին, մեր աստղերը երգելու են ռեստորաններում և կորպորատիվներում, և իրենց հոնորարներից պետությանը չեն վճարելու:

 

Լինա Մակարյան