Նոր տարի նոր հոգսերով: Քանի որ 2020 թվականը, մեղմ ասած, հեշտ տարի չէր, 2021 թվականը ևս մեծ լավատեսություն չի ներշնչում: Եկեք անկեղծ լինենք՝ լավատեսական սպասումների նախադրյալներ ընդհանրապես չկան: 2020 թվականի վերջին միտումներից պարզ դարձավ, որ առաջիկա տարում Հայաստանի տնտեսությունը հոգեվարքի մեջ է լինելու, իսկ մենք բոլորս ստիպված ենք լինելու «ձգել գոտիները»:

Այսպիսով, ի՞նչ է սպասվում մեզ: Նախ, ստիպված կլինենք ավելի շատ հարկեր վճարել. ավելացել են անշարժ գույքի հարկերը և կենսաթոշակային վճարները, մի շարք ենթաակցիզային ապրանքներ թանկացել են, մասնավորապես՝ ծխախոտը և ալկոհոլը, իսկ դոլարի շարունակական ամրապնդումից թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները: Եթե ​​դեկտեմբերին կառավարության անդամները նշում էին, որ դրամի թուլացումը չի հանգեցրել սննդամթերքի և դեղորայքի գնաճի, և ամեն բան վերահսկողության տակ է, ապա այսօր իրավիճակը բոլորովին այլ է: Բենզինը, դեղորայքն ու բժշկական ծառայությունները թանկացել են, նույնիսկ բուսական յուղն է թանկացել՝ ամենաէժանը այժմ կարելի է ձեռք բերել 1000 դրամով: Եվ սա դեռ վերջին թանկացումը չէ:

Սակայն ամենավատն այն է, որ կան բոլոր նախադրյալները, որ իրավիճակը հետագայում ևս չի փոխվի: Նույնիսկ եթե դոլարը դադարի այսպես արագ աճել, կան մի շարք գործոններ, որոնք այս կամ այն ​​կերպ կհանգեցնեն կյանքի թանկացմանը: Խոսքը էլեկտրաէներգիայի և, ինչպես պարզվեց, գազի սակագների բարձրացման մասին է:

2020 թվականի վերջին հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) վերանայել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները: Մասնավորապես, հանձնաժողովի հաշվարկների համաձայն՝ անհրաժեշտ է միջին կշռված սակագինը բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ): Սա նշանակում է.

  1. սակագինը թողնել անփոփոխ սոցիալապես անապահով ընտանիքների և այն քաղաքացիների համար, որոնք ամսական սպառում են մինչև 400 կՎտժ էլեկտրաէներգիա (ինչը կազմում է ֆիզիկական անձ բաժանորդների մոտ 90%-ը)
  2. այլ սպառողների համար սակագինը բարձրացնել 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ):

Քաղաքական գիտությունների դոկտոր, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի (Հայաստան) տնօրեն Վահե Դավթյանը Dalma News-ի հետ հարցազրույցում նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ավելին էր, քան կանխատեսելի սցենարը, քանի որ համընկնան միանգամից մի քանի հիմնական գործոններ:

Նախ, այս տարի ՀԱԷԿ-ում 141 օր արդիականացման աշխատանքներ են իրականացվելու. այդ ժամանակահատվածում ատոմակայանը էլեկտրաէներգիա չի արտադրելու: Ըստ այդմ, այս տարի էլեկտրակայանների ցանցին էլեկտրաէներգիայի մատակարարումը կկրճատվի 560 միլիոն կՎտ/ժամով: ՀՀ էներգետիկ անվտանգության մոդելի համաձայն՝ ՀԱԷԿ-ում վերանորոգման աշխատանքների ընթացքում հիմնական բեռը վերցնում են ՋԷԿ-երը, սակայն ջերմային էներգիայի արտադրությունը առանձնանում է ավելի բարձր ինքնարժեքով, ինչը ուղղակիորեն ազդել է 2021 թվականի սակագնային պլանավորման վրա:

Վահե Դավթյանը

Ըստ Դավթյանի՝ երկրորդ գործոնը ուղղակիորեն կապված է Արցախյան պատերազմի հետ: Արցախում գործում էր 36 հիդրոէլեկտրակայան, որոնցից 30-ը անցավ Ադրբեջանին, իսկ Արցախին մնաց միայն 6-ը, որոնցից առանցքայինը Սարսանգի ՀԷԿ-ն է: Նախատեսվում էր, որ Արցախի՝ 2018 թվականին ավելցուկային էներգահամակարգը այս տարի պետք է Հայաստան մատակարարեր 330 միլիոն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, որը նույնպես բավականին էժան էր, քանի որ արտադրվում էր հիդրոէլեկտրակայաններում:

Երրորդ հիմնական գործոնը Դավթյանը համարում է բնական գազի սակագնի բարձրացումը այն ​​բաժանորդների համար, որոնք սպառում են ավելի քան 10 հազար խորանարդ մետր, որի համար աճը կազմել է 5-6%: Այս հատվածը ներառում է նաև ՋԷԿ-երը, որոնք բացի Հայաստանում ամենաթանկ էլեկտրաէներգիայի արտադրությունն ապահովելուց, իրենց գնային քաղաքականությունն իրականացնելու համար ստիպված կլինեն հաշվի առնել նաև այս աճը: Այսինքն՝ ՋԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը ավտոմատ կերպով աճում է:

«Բացի այս երեք հիմնական գործոններից, հարկ է նշել, որ էներգետիկ ոլորտի կառավարման մեջ առկա է խոր ճգնաժամ, որին ականատես ենք վերջին 2-2,5 տարվա ընթացքում՝ սկսած էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության փաստացի լուծարումից: Եվ այս խնդիրը շարունակում է մնալ ամենաառանցքայիններից մեկը», – նշեց մեր զրուցակիցը:

Փորձագետի խոսքով՝  առաջին հերթին պետք է հասկանանք, որ էլեկտրաէներգիայի շուկան և դրանում առկա միտումները, որպես կանոն, արտացոլում են երկրում իրական տնտեսական իրավիճակը: Հետևաբար, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բաժանորդների համար, որոնք ամսական սպառում են ավելի քան 400 կՎտ/ժամ, առաջին հերթին կանդրադառնա արտադրական ոլորտի վրա, և առաջին հերթին կտուժի բիզնեսը: Իսկ դա, իհարկե, կհանգեցնի սննդամթերքի և տարբեր ծառայությունների գների աճի: Բացի այդ, չպետք է մոռանանք այն քաղաքացիների մասին, որոնք իրենց տները ջեռուցելու համար օգտագործում են էլեկտրաէներգիա, ոչ թե բնական գազ, և ձմռանը նման քաղաքացիների սպառումը անխուսափելիորեն կգերազանցի սահմանված 400 կՎտ/ժամը:

Ինչ վերաբերում է կանխատեսումներին, որ այս տարի բնական գազի գնի բարձրացումն անխուսափելի է, չնայած այդ մասին դեռ պաշտոնական հայտարարություններ չկան, Վահե Դավթյանը նշեց, որ դրան կհանգեցնի Հայաստանի ֆինանսական համակարգում ստեղծված իրավիճակը: Ըստ նրա՝ դոլարի նկատմամբ ազգային արժույթի անվերահսկելի արժեզրկումը ստեղծում է մի իրավիճակ, որի պատճառով «Գազպրոմ Արմենիան» ստիպված է լինելու դիմել ՀԾԿՀ ՝ բնական գազի ներքին սակագները բարձրացնելու համար, քանի որ սահմանին գազը գնվում է դոլարով:

«Անցյալ տարի ՀԾԿՀ-ին ներկայացրած դիմումում «Գազպրոմ Արմենիան» ի սկզբանե առաջարկել էր սակագները բարձրացնել 15-20%-ով, սակայն 2020 թվականի ամռանը որոշում կայացվեց աշխատակազմի կրճատման վերաբերյալ. միայն անցյալ տարի կրճատվեց 600 աշխատակից, նույնքան կրճատում սպասվում է այս տարի: Հետևաբար, ընկերության համար դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման ռիսկերը այսօր ավելի ակնհայտ են», – ընդգծեց Դավթյանը:

Հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, այդ թվում ՝ քաղաքական, փորձագետը չի բացառում, որ 2021 թվականի երկրորդ եռամսյակի համար «Գազպրոմը» սահմանին Հայաստանի համար ավելի բարձր գին կառաջարկի: Այս պահին գինը (165 դոլար սահմանին) նույնն է եվրոպական սպոտային շուկաներում, և աստիճանաբար աճ է գրանցում: Մյուս կողմից՝ ասիական շուկաներում գինը արդեն հասել է 230 դոլարի:

«Ուստի, եթե գործընթացը դիտարկենք միջազգային շուկայում առկա միտումների շրջանակներում, ապա Հայաստանի սահմանին բնական գազի գնի բարձրացումը 2021 թվականի երկրորդ կեսին, իսկ գուցե մի փոքր ավելի շուտ, իրավիճակի զարգացման հավանական սցենար է», – կանխատեսեց փորձագետը:

Վահե Դավթյանը նաև մատնանշեց ավելի գլոբալ խնդիր, այն է` Հայաստանը մտել է տնտեսական բարձր տուրբուլենտության գոտի, որն արտահայտվում է մի քանի զուգահեռ գործընթացներում: Խոսքը Հայաստանի պետական ​​պարտքի մեծացման մասին է. վերջերս հայտնի դարձավ, որ Երևանն ու Մոսկվան պլանավորում են 1 միլիարդ 150 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր ստորագրել՝ Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանին զենքի մատակարարման արդյունքում առաջացած պարտքը ծածկելու համար:

Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին երկու տարիների ընթացքում հանրապետության պետական ​​պարտքը արդեն ավելացել է՝ կազմելով 8 միլիարդ դոլար, և կառավարությունը մտադիր է ԱՄՀ-ից վերցնել 400 միլիոն դոլար, այս տարի Հայաստանի պետական ​​պարտքը կգերազանցի 9,5 միլիարդ դոլարի նշագիծը: «Իսկ սա բավականին վտանգավոր ցուցանիշ է, քանի որ այն գերազանցում է ՀՆԱ-ի 60%-ը և մատնանշում է հայկական տնտեսության մեջ բավականին վտանգավոր միտումներ: Այս իրավիճակից միայն մեկ ելք կա` տեխնոկրատների կառավարության՝ հակաճգնաժամային կաբինետի ձևավորում, որը միտված կլինի կարճ ժամանակում այդ ռիսկերը նվազագույնի հասցնելուն», – ամփոփեց Վահե Դավթյանը:

Լինա Մակարյան