Հայաստանի ներկայացուցիչը բացակայում էր, երբ փետրվարի 11-ին Աթենքում հանդիպեցին Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները՝ քննարկելու Թուրքիայի ագրեսիվ քաղաքական և տնտեսական էքսպանսիային հակազդելու քայլեր ու ուղիներ, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ հայ քաղաքական և տնտեսական միտքն ու գործունեությունը փաստացի փակուղիում են:

Մեզ կա՛մ չեն հրավիրել, կա՛մ Երևանն այսօր իմաստ չի տեսնում մասնակցել այն իրադարձություններին, որոնք ուղղակիորեն ազդում են նրա շահերի վրա: Երկու դեպքում էլ դրանում ոչ մի լավ բան չկա. Անկարան Աթենքի հանդիպումը անվանում է «հակաթուրքական դաշինք», իսկ Հայաստանը անտեսում է նման ֆորումները:

Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող կազմակերպություններում Երևանի դիրքերը, եթե չեն թուլացել, ապա, ամենաքիչը, հիմնված չեն գործընկերների նախկին վստահության վրա: ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կանչման և նրան դատելու փորձերի հետ կապված անորոշ պատմությունները չէին կարող անհետևանք չմնալ, նույնիսկ եթե գործընկերները ձևացնում են, թե ամեն բան կարգին է:

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), ապա այստեղ այդ առումով առանձնահատուկ խնդիրներ չեն նկատվում, սակայն ԵԱՏՄ-ում միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվում, որին պաշտոնական Երևանը պարզապես պարտավոր է արձագանքել, եթե, իհարկե, ներկայիս վարչակազմը գործում է ի շահ պետության:

Թեհրանը պաշտոնապես հայտարարել է գործընթաց սկսելու մասին, որը պետք է ավարտվի ԵԱՏՄ-ին Իրանի լիիրավ անդամակցությամբ: Կազմակերպությանը, որի անդամ է Հայաստանը, անդամակցելու է դրա անմիջական հարևանը, որն աշխարհում ունի տասնհինգերորդ տնտեսությունը տեղական արտադրության տեսանկյունից և ամենամեծը Արևմտյան Ասիայում և ՕՊԵԿ-ի երկրների շարքում:

2007 թվականին Իրանը գերազանցեց Թուրքիային՝ դառնալով իսլամական աշխարհի խոշորագույն տնտեսությունը: Իրանը, Սաուդյան Արաբիայից հետո, ունի երկրորդ խոշորագույն նավթային պաշարները և նավթամթերքի համաշխարհային առևտրի շուկայում դրա բաժինը կազմում է 5,5%, իսկ վերջին տարիներին լրջորեն ձգտում է դիվերսիֆիկացնել տնտեսությունը:

Իրանը, որը ծանր դրության մեջ է հայտնվել արևմտյան պատժամիջոցների հետևանքով, երկար ժամանակ է, ինչ հետաքրքրություն է ցուցաբերում ԵԱՏՄ-ի նկատմամբ, իսկ այժմ արդեն ակնհայտորեն երկրի պետական ​​այրերը վերջնական որոշում են կայացրել: Դա բնավ զարմանալի չէ. տարածաշրջանային գերտերությունը չի կարող հեռու մնալ լայնամասշտաբ տնտեսական (և քաղաքական) գործընթացներից անմիջապես իր սահմանների մոտ: Եթե Իրանի նման երկիրը հետաքրքրություն է ցուցաբերում որևէ կազմակերպության նկատմամբ, ապա այդ կազմակերպությունն արժանի է դրան:

Մյուս կողմից, հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը Հարավային Կովկասում պատերազմից հետո հակասական և ոչ միանշանակ գործընթաց է, որը, այնուամենայնիվ, պահանջում է լուրջ մոտեցում:

Հայաստանը, որն անմիջականորեն մասնակցում է հաղորդակցության ուղիների բացմանը (չնայած հետպատերազմյան իրողություններից ելնելով՝ ունի պասիվ մասնակցություն), եվրասիական ասպարեզում Իրանի հայտնվելով, ունի ակտիվ դերակատար դառնալու բացառիկ հնարավորություն: Այլ հարց է, թե արդյո՞ք կօգտվեն այս հնարավորությունից ՀՀ գործող իշխանությունները:

Երևանի՝ վերջին տարիների անհասկանալի և անհետևողական քաղաքականությունը (այդ թվում՝ տնտեսական քաղաքականությունը) հանգեցրել է ցանկացած տեսակի արտաքին կապերի ձախողմանը: Երևանի կարծիքը չեն հարցնում ո՛չ հաղորդակցության նոր ուղիների նախագծման և կառուցման, ո՛չ հների վերակենգնման հարցում:

Ընդ որում, Բաքուն և Անկարան չեն հոգնում նկարագրել իրենց երկրներով տարանցման առավելությունները բոլոր ուղղություններով՝ խոստանալով Երևանի համար պայծառ ապագա: Վերջինս անտարբեր է, միայն երբեմն կիսաձայն համաձայնում է թուրք-ադրբեջանական լավատեսության հետ՝ միանգամայն անտեսելով այն փաստը, որ տեսանելի ապագայում դժվար թե հնարավոր լինի գտնել հայ գործարար կամ ուղևոր, որը Բաքվից անվտանգության երաշխիքներ ստանալով՝ վտանգի տակ կդնի իր կյանքը կամ ապրանքը: Մառնեուլում հայկական բեռնատարները հարձակման են ենթարկվում, և դա դեռ Վրաստանում է…

Բայց վերադառնանք Իրանի շնորհիվ Հայաստանի համար եզակի հնարավորություններին: Դրանք կապված են հաղորդակցության ուղիների հետ հենց Իրանի Իսլամական հանրապետության տարածքով՝ հարավում՝ դեպի Պարսից ծոց, հետագայում՝ այլ վայրեր ևս, ինչպես նաև Կասպից ծովով դեպի ԵԱՏՄ գործընկերներ Ռուսաստան և Ղազախստան: 

Հարավային ուղղությամբ տրանսպորտային զարկերակի իրականացման համար բավականին ցանկալի է վերջապես կառուցել Հայաստան-Իրան երկաթուղին: Այո, դժվարություններ կան կապված տեղանքի հետ, շատ թունելներ և կամուրջներ, միլիարդավոր դոլարների ներդրումներ են հարկավոր, սակայն արդյունքները կարդարացնեն այդ ամենը: Ճիշտ է, դրա համար անհրաժեշտ է համոզել, օրինակ, Ռուսաստանին, որ բեռների տպավորիչ հոսք ապահովելու համար ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքով տարանցումն ավելի շահավետ է, քան այլ երկրներ մուտք գործելը: Բայց չէ՞ որ տնտեսական քաղաքականության ճկունություն հասկացությունը հենց դրա համար  է, առավել ևս, որ Իրանն արդեն որոշակի աշխատանքներ է կատարել դեպի Հայաստան մայրուղի կառուցելու ուղղությամբ:

Այո, ներդրողներ են հարկավոր, ուստի, գուցե, հայկական կողմի համար ավելի լավ կլինի պարզապես փնտրել ներդրողներ, դուրս գալ անորոշ վիճակից և վերադառնալ իրականություն: Հակառակ դեպքում կստացվի, որ Երևանը ԵԱՏՄ-ում կմնա լուռ վիճակագիր, որի դերը «ռեժիսորների» պատվերներն առանց առարկելու կատարելն է:

Կա նաև իրանական մեծ շուկա մուտք գործելու բավականին գայթակղիչ հեռանկար, և բացի արտահանման հնարավորությունները մեծացնելը՝ փոխարինում թուրքական ապրանքները իրանականով: Թվում է՝ կառավարությունը անորոշ ժամանակով սառեցրել է թուրքական ապրանքների ներմուծումը: Դժվար թե կան այնպիսի ապրանքներ, որոնք հնարավոր չէ թուրքականի փոխարեն գնել Իրանում:

Նաև պետք է համոզել Ռուսաստանին և Ղազախստանին, որ Կասպից ծովով ուղիները նույնպես շահավետ կլինեն: Այստեղ կրկին վերադառնում ենք ճիշտ տնտեսական քաղաքականության անհրաժեշտությանը` նման քաղաքականություն վարելու ունակության պայմանով:

Այսպիսով, ԵԱՏՄ կազմում Իրանի հայտնվելու բոլոր առավելությունները այժմ տեսական ոլորտում են: Արդյո՞ք դրանք կվերածվեն գործնական քայլերի. սա ՀՀ իշխանություններին ուղղված ու լուրջ մտահոգություն առաջացնող հարց է, սակայն դժվար թե այն մտահոգի վերջիններիս, քանի որ նրանք հատել են թույլատրելի սահմանները և սպառել են իրենց՝ որպես հուսալի և կոմպետենտ գործընկերների:

Ռուբեն Գյուլմիսարյան