Illustration: Kremlin.ru

Dalma News-ը ներկայացնում է հարցազրույց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի հետ:

– Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս կբնութագրեք անցյալ տարվա տնտեսական արդյունքները՝ ինչպես ընդհանուր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), այնպես էլ մասնավորապես՝ Հայաստանի համար:

– 2017 թվականը Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ-երկրների համար լավ տարի էր: ԵԱՏՄ բոլոր տնտեսությունները ցույց տվեցին նշանակալի աճ և լավագույն արդյունքները վերջին 3 տարիների ընթացքում: 2017 թվականի տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ ընդհանուր առմամբ` գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամը ԵԱՏՄ և հետխորհրդային տարածության համար արդեն անցյալում է, և բոլոր երկրները (ի նկատի ունենք նաև այդ գործընթացի լոկոմոտիվը՝ Ռուսաստանի Դաշնությունը) գնում են կայուն աճի ուղիով: Դեռևս 2016 թվականի երկրորդ կիսամյակում նկատվեցին որոշակի միտումներ, որոնք թույլ էին տալիս լավատեսորեն նայել 2017-ի տնտեսական տարվան: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ 2017-ին, գերազանցեց բոլոր սպասումները: Օրինակ, Հայաստանում, որն ունի աճի լավագույն ցուցանիշները ԵԱՏՄ երկրների մեջ, տնտեսական ակտիվության ցուցանիշը աճեց 7,2%-ով: Համախառն ներքին արդյունքն աճեց 5,7%-ով: Սա միության երկրների շրջանում լավագույն ցուցանիշներն են:

Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի հետ: 2017 թվականի հունվարին հասարակական կազմակերպությունները և վարկանիշային գործակալությունները մեր երկրի համար կանխատեսում էին 2,5% աճի ցուցանիշ: Արդեն հունիսին պարզ դարձավ, որ այդ թիվը գերազանցվելու է: Եվ այդ ժամանակ Հայաստանի համար ցուցանիշները վերանայվեցին` նշվեցին մոտավորապես 3,1% – 3,5% թվերը: Սակայն սեպտեմբերին մեր մասնագետները՝ Եվրասիական փորձագիտական ակումբի փորձագետները, կանխատեսում կատարեցին, ըստ որի, եթե բարենպաստ միտումները պահպանվեն 10 ամիսների ընթացքում՝ մինչև տարվա վերջ, ապա համախառն ներքին արդյունքի և տնտեսական ակտիվության ցուցանիշները շատ ավելի բարձր կլինեն, քան նույնիսկ այդ կազմակերպությունների վերանայված կանխատեսումները: Այդպես էլ եղավ: Եվ մենք ունենք այն ցուցանիշները, որոնց մասին արդեն նշեցի:

Արամ Սաֆարյան Illustration: Panorama.am

– Հատկապես ո՞ր ոլորտներում Հայաստանը նշանակալի աճ ցուցաբերեց:

– Օրինակ, կրկնակի աճ ցուցաբերեցին արտահանումը, արդյունաբերական արտադրությունը, վերականգնվեցին շինարարության ծավալները, որոնք նույնիսկ աճեցին մի քանի տոկոսով, երկնիշ թվերով աճեց գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը, նույնիսկ չնայած նրա, որ ինքնին գյուղատնտեսական արտադրությունը նվազեց 3%-ով: Էապես աճեցին սպասարկման, ծառայությունների ծավալները: Այս ոլորտներում Հայաստանը ցուցաբերեց ուղղակի զարմանալի աճ: Սա նշանակում է, որ բարենպաստ միտումների պահպանման դեպքում այս ոլորտները կանխորոշելու են մեր զարգացումը մոտական մի քանի տարիներին:

– Ինչպիսի՞ կանխատեսումներ կան 2018 թվականի համար: Կարելի՞ է սպասել այս դրական միտումների շարունակությանը:

– Եվրասիական տնտեսական միության փորձագետները դեռևս 2018 թվականի ամենասկզբին կանխատեսել էին Հայաստանում մոտավորապես 2,5% ՀՆԱ-յի աճ՝ նկատի ունենալով, որ մեր արտահանման ֆիզիկական ընդլայնումն արդեն սպառված է, և աճը տեղի է ունենալու բավականին դանդաղ: Սակայն նրանք շտկեցին 2019 թվականի կանխատեսումը, որտեղ Հայաստանը կարող է ցուցաբերել աճ 5% մակարդակով:

Այսպիսով, Եվրասիական փորձագիտական ակումբի անունից պնդում եմ, որ եթե բարենպաստ միտումները, որոնք բնորոշ էին 2017 թվականին, առաջիկա մի քանի ամիսներին պահպանվեն (նկատի ունեմ ներդրումների քանակը չկրճատվեն, որոնք թույլ տվեցին վերոնշյալ ուղղությունների զարգացմանը), այդ դեպքում նույնիսկ մենք այս տարի կարող ենք ունենալ ավելի մեծ աճ, քան կանխատեսել են վարկանիշային գործակալությունները եւ նույնիսկ մեր փորձագիտական ակումբը:

Նաև աճել են սպասարկման ոլորտի ցուցանիշները: Տեսե՛ք, 2017 թվականը բացարձակ ռեկորդ է գրանցել: Ցուցանիշները՝ օտարերկրյա զբոսաշրջիկների թվի վերաբերյալ, որոնք այցելել են Հայաստան, ամբողջ տարվա համար դեռևս հրապարաված և ստուգված չեն, սակայն այն, ինչ կա, ստիպում է մտածել, որ նրանց թիվը կազմել է մոտավորապես՝ մեկուկես միլիոն մարդ: Նրանց մեծ մասը՝ մոտ 40%-ը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Զբոսաշրջիկների նման աճը տեղի ունեցավ շնորհիվ նրա, որ անցյալ տարի օրինականացվեց Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր ներքին անձնագրերով: Եվ ռուսաստանցիները չհապաղեցին օգտվել դրանից: Կարծում եմ, 2018 թվականին ունենալու ենք նույնպիսի, եթե ոչ ավելի բարձր ցուցանիշներ զբոսաշրջության համար, քանի որ նկատում ենք այդ ուղղությամբ Հայաստանում կառուցվածքային ամբողջ գործընթացի ակտիվացում` նոր հյուրանոցների, ռեստորանների կառուցում, հանգստի և ժամանցի նոր հնարավորությունների ստեղծում: Կարծում եմ, որ իսկապես իրականանում են այն կանխատեսումները, որոնք տալիս էին եվրոպացի փորձագետները 90-ական թվականների կեսերին այն մասին, որ 21-րդ դարի կեսերին զբոսաշրջությունը կդառնա Հայաստանի տնտեսության հիմնական ուղղություններից մեկը:

– Որո՞նք են Հայաստանում արտահանման զարգացման առաջնային ուղղությունները:

– Այս տարի մենք նկատում ենք արտահանման աճ Եվրոպական և Եվրասիական ուղղություններով: Սակայն այս ուղղությունների միջև գոյություն ունի նշանակալի տարբերություն: Եվրոպական միության ուղությամբ մեր արտահանման ավելացումը շատ պարզ է բացատրվում` թանկացել են պղնձի, մոլիբդենի և երկաթի հանքաքարերը, իսկ մեր լեռնապղնձային արդյունաբերությունը զգալիորեն շահել է դրանից: Ոչ մի առանձնահատուկ հրաշքներ այնտեղ տեղի չեն ունեցել: Պարզապես գները 4800 դոլարից աճեցին 6600 դոլարի: Եվ ահա այս գնի պատճառով մեր լեռնահանքային արդյունաբերությունը դրական ազդեցություն կրեց: Այսինքն, կրկնեմ՝ այստեղ առանձնապես ոչինչ տեղի չի ունեցել:

Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության ներսում, իսկապես արժանի է հարգանքի, քանի որ աճեց մեր պատրաստի արտադրանքի արտահանումը` գյուղատնտեսական, կոնյակների, գինիների նոր ուղղությունների, թեթև, սննդային և վերամշակվող արտադրության:

Օրինակ, հագուստը և կոշիկները Հայաստանից դարձան ԵԱՏՄ-ի ներսում արտահանման նոր տրենդային ուղղություններից մեկը: Խորհրդային, մեր և միջին սերունդների մարդիկ շատ լավ հիշում են հայկական կոշիկները: Այն առասպելական էր Խորհրդային միությունում: Մարդիկ ժամանում էին հեռու երկրներից, որպեսզի գնեն որակյալ հայկական հագուստ և կոշիկ, որը շատ մոդայիկ էր 80-ական թվականների վերջին: Սակայն, Խորհրդային միության փլուզումից և այդ ոլորտներում ճգնաժամ սկսվելուց հետո, այդ մասին հասցրել էին մոռանալ: Այժմ կարելի է նկատել արդյունաբերության այս ուղղությունների նոր ծաղկում: Մենք շատ մեծ հույս ունենք, որ 2017 թվականի բարենպաստ միտումները կպահպանվեն մոտակա տարիներին, և կունենանք հետևողական աճ՝ տնտեսության բարձր իրացվելիություն վերամշակման ոլորտում:

Եվ ամենակարևորը: ԵԱՏՄ լոկոմոտիվը` Ռուսաստանը, 2017 թվականին բռնեց կայուն աճի ուղի: Հաղթահարվեցին ճգնաժամային երևույթները: Եվ չնայած նրա, որ Ռուսաստանը գտնվում է Արևմուտքի հետ քաղաքակրթական և պատժամիջոցների պատերազմային վիճակում: Ուզում են հատուկ ընդգծել, որ այժմ ունենք շատ լարված միջազգային դրություն: Արևմուտքը Ռուսաստանին սառը պատերազմ է հայտարարել, որի մասին մենք հասցրել էինք մոռանալ 90-ական թվականներից, և մտածում էինք, որ այն արդեն անցյալում է, պատմություն է: Բայց՝ ոչ: Աշխարհաքաղաքական շահերը շատ ուժեղ են բախվում, եւ 2018 թվականին ունենալու ենք Արևմուտքի կոշտացված վերաբերմունք Ռուսաստանի հանդեպ` իր տնտեսությունը թուլացնելու և որքան հնարավոր է շատ վնաս հասցնելու նպատակով:

Այս դեպքում մենք ի՞նչ պետք է անենք: Առաջին հերթին, որպես Ռուսաստանի դաշնակից երկիր, պետք է լրջորեն մտածենք, որպեսզի մեծացնենք այն ապրանքների արտահանումը, որոնք ռուսները սպասում են մեզանից՝ այն սննդային, թեթև և վերամշակվող արդյունաբերությունն է, գյուղատնտեսական արտադրանքը: Սա արտադրանքն է մեծ լրացուցիչ արժեքով, և այն սպասում են մեզանից, քանի որ պատժամիջոցները, որոնց ենթարկվել է Ռուսաստանը, որն էլ ստիպված էր կիրառելու պատասխան պատժամիջոցներ, որոշակի վակում են ստեղծում Ռուսաստանի սպառողական շուկայում: Այդ վակումը պետք է լրացնել:

Հայաստանը շատ փոքր երկիր է, որպեսզի միայնակ կարողանա լուծել այս խնդիրը, սակայն Հայաստանն ունի բավականաչափ ռեսուրսներ, որպեսզի իր վրա վերցնի պատասխանատվության մի որոշ մասը՝ Ռուսաստանին գյուղատնտեսական արտադրանք մատակարարելու համար: Կարծում եմ, որ հարավային այլ հետխորհրդային երկրները` Ուզբեկիստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, նույնպես լրջորեն մտածելու են, որպեսզի ավելացնեն գյուղատնտեսական արտադրության իրենց հոսքերը դեպի Ռուսաստանի Դաշնություն:

– 2015-2016 թթ Ռուսաստանից դրամական փոխանցումների թիվը զգալիորեն կրճատվել էր: Ինչպիսի՞ն էր իրավիճակը 2017 թվականին: Ի՞նչ միտումներ են նկատվում այս ոլորտում:

– Ուզում են ասել, որ Հայաստանում ունենք դրամական փոխանցումների ցուցանիշների աճ: Այդ փոխանցումները, ճիշտ է, բացարձակ թվով քիչ են, քան դրանք եղել են 2013-2014 թթ.-ին՝ մինչ ֆինանսա-տնտեսական ճգնաժամը, սակայն դրանք ավելին են, քան 2016 թվականին էր և շատ ավելի բարձր են, քան եղել են 2015 թվականին: Մեր փոխանցումների 65%-ը Ռուսաստանից են: Եվ դրանք վկայում են այն մասին, որ Ռուսաստանի աշխատանքային շուկան մոտակա մի քանի տարիների ընթացքում մնալու է ամենացանկալին և շահավետը հայ աշխատանքային միգրանտների համար: Այլընտրանք այս շուկային ուղղակի գոյություն չունի:

Նույնիսկ եթե եվրոպական ինտեգրման ընթացքում լիբերալիզացվի մուտքի վիզային համակարգը դեպի ԵՄ, և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ստանան մինչև 90 օր գտնվել Եվրոպայում առանց վիզա, իսկ այն նկատելի հեռանկար է մեր երկրի համար, ապա միևնույնն է, սա կտրուկ և էապես չի ազդելու աշխատանքային միգրանտների հոսքի վրա, որոնք շարունակելու են գլխավորապես գնալ Ռուսաստան:

Դրան պետք է շատ զգույշ մոտենալ: Աշխատանքային միգրանտների հարցը քննում են Հայաստանի իրավասու մարմինները՝ սերտ համագործակցելով Ռուսաստանի իշխանությունների հետ, այդ թվում նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որպեսզի Ռուսաստանի շուկան դարձնեն ավելի ու ավելի քաղաքակիրթ և բարենպաստ՝ միության երկրների աշխատանքային միգրանտների համար: Հեռավոր վայրերից դեպի Ռուսաստան են ձգտում շատ շատերը՝ սկսած Վիետնամից, Լաոսից, Ֆիլիպիններից և այլն: Ուստի՝ մեր երկրները, որպես ԵԱՏՄ անդամներ, պետք է ունենան որոշակի արտոնություններ: Եվ սա նորմալ է: Այս իրավիճակը եղել է բոլոր այն երկրներում, որոնք գնում են ինտեգրման ճանապարհով՝ սկսած Եվրոպական միությունից: Դաշնակիցների համար պետք է լինեն ավելի շատ արտոնություններ, առավելություններ և երաշխիքներ՝ սոցիալական վիճակի, բժշկական ծառայություններից օգտվելու հարցերում, քան մյուս աշխատանքային միգրանտների համար: Հույս ունեմ, որ այս տրամաբանությունը կգերիշխի Եվրասիական տնտեսական միությունում, և հենց այս ճանապարհով կգնան մեր երկրները տեսանելի ապագայում:

– Երկրի տնտեսության մեջ ներդրումների հարցում ինչպիսի՞ն է Հայաստանում ներկայիս վիճակը:

– Ցավոք, չկան հարյուր տոկոսանոց հստակ տվյալներ` կապված 2017 թվականի ներդրումների ծավալի հետ: Սակայն ակնհայտ է դարձել, որ ներդրումներն ավելի շատ են եղել, քան ճգնաժամային 2015-2016 թթ.-ին, և սա վկայում է, որ առանձին մասնավոր խոշոր և միջին ներդրողների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ սկսում է աճել: Հայաստանի տնտեսական բլոկի ղեկավարները` վարչապետը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, բազմիցս հայտարարել են, որ երկրում մեծ ծավալի ներդրումներ են արվում, և եթե 2018 թվականին այդ ներդրումներն իրենց ծավալներով պահպանվեն, ինչը կնպաստի արտադրության աճին, ապա, իհարկե, հնարավոր կլինի սպասել ավելի լուրջ մակրոտնտեսական արդյունքների:

2017 թվականին Հայաստանի տնտեսության մեջ Ռուսաստանի Դաշնության կողմից պետական ներդրումներ չեն արվել, սակայն Ռուսաստանը շարունակում է մնալ մեր տնտեսության խոշորագույն ներդրողը և խոշորագույն դոնորը: Կարծում եմ, որ քաղաքական գործընթաները, որոնք բուռն կերպով ընթանում են Ռուսաստանում և դեռ կշարունակվեն ընթանալ նախագահ Վլադիմիր Պուտինի վերաընտրվելուց հետո, կբերեն նրան, որ Ռուսաստանը գնալով ավելի շատ է ցանկանալու դառնալ ինքնաբավ երկիր, ինչը թույլ կտա նրան լինել էական մեծ ձգողության և մեծ ազդեցության երկիր մեծ Եվրասիայի տարածաշրջանում: Եվ սա Ռուսաստանին ավելի ճկուն կդարձնի բոլոր տարածաշրջանային և մեծ միջազգային գործընթացների նկատմամբ, և ավելի ցանկալի գործընկեր կդարձնի դաշնակից երկրների համար, որոնց հետ Ռուսաստանն ունի սերտ հարաբերություններ՝ ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում, որոնց դերը հիսուն անգամ ավելի է մեծանում միջազգային առումով մեր բարդ ժամանակներում:

– Որտե՞ղ փնտրել արդյունաբերական արտադրության զարգացման նոր պաշարներ ՝ ԵԱՏՄ երկրներից նոր ներդրումների, մեր տնտեսության մեջ նոր շրջանառության համար:

– Այս հարցը ներկայումս հետաքրքրում է Հայաստանի ողջ քաղաքական վերնախավին, ինչպես և հետաքրքիր է ԵԱՏՄ բոլոր երկրների քաղաքական վերնախավերի համար: Տարրական օրինակ կարող եմ բերել: Եվրասիական տնտեսական միության որոշմամբ, հոկտեմբերի 23-26-ը Երևանում անցկացվելու է Եվրասիական շաբաթ: Այս միջոցառումը Եվրասիական փորձագիտական ակումբն անցկացնելու է Հայաստանի կառավարության հետ համատեղ: Այսպիսով, թե ինչպիսին կլինի այս միջոցառումը, որքանով այն հետաքրքիր կլինի ներդրողների, ձեռնարկատերերի, մեր երկրի քաղաքական և տնտեսական վերնախավերի, մեր մտավորականության, ԵԱՏՄ ինտելեկտուալների, հետազոտական-վերլուծական փորձագիտական շրջանակների համար,, ամբողջությամբ կախված է բացառապես մեզնից: Եթե Հայաստանի կառավարությունը գնա այն ճանապարհով, որ այս միջոցառումը վերածվի մեծ եվրասիական տոնի, եթե նրանք հնարավորություն տան կենտրոնացնել բոլոր հնարավոր պաշարները, որոնք օբյեկտիվորեն ուղղված են Եվրասիական ինտեգրացիոն գործընթացի զարգացմանը, ապա այդ ժամանակ կունենանք բոլորովին նոր, դրական արդյունքներ, նոր ընկերներ, դաշնակիցներ, գործընկերներ: Լիահույս եմ, որ հենց այս ճանապարհով կգնան Եվրասիական շաբաթի կազմակերպիչները, և հայտնում եմ մեր գործընկերային կազմակերպությունների պատրաստակամությունը արժանապատվորեն և ամենայն պատասխանատվությամբ մասնակցել այդ միջոցառումներին, կենտրոնացնելով մեր փորձագիտական, գիտական, հետազոտական և տեղեկատվական,պաշարները` այդ միջոցառման հաջողության համար:

 

Զրուցեց Ծովինար Կոստանյանը