Վերջերս հայ-ռուսական հարաբերություններում նկատվում է հետաքրքիր միտում: Գլոբալ առումով ամեն ինչ դեռ լավ է՝ ամենաբարձր մակարդակով հնչեցվող բարեկամության հավաստիացումներ, Հայաստանի ակտիվ մասնակությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ՀԱՊԿ աշխատանքներին, սերտ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցություն, հայ սակրավորները և բժիշկները գտնվում են Սիրիայում: Մյուս կողմից, վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցան մի շարք փոքր, բայց անհանգստություն առաջացնող միջադեպեր, որոնք կարող են ապագայում բացասական ազդեցություն ունենալ դաշնակից պետությունների հարաբերությունների վրա:

Նման միջադեպերից մեկն էր հայկական պատվիրակության տարօրինակ քվեարկությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)՝ այդ կազմակերպություն Ռուսաստանի վերադարձին վերաբերող բանաձևի առնչությամբ: Ավելի հստակ՝ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների տարօրինակ քվեարոկությունը: Չնայած այն բանին, որ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի խոսքերով, հայկական կողմն ուներ միանշանակ դիրքորոշում՝ կողմ քվեարկել բանաձևին և Ռուսաստանի վերադարձին ԵԽԽՎ, սակայն կողմ քվեարկեցին միայն ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Նաիրա Զոհրաբյանը: Ինքը՝ Ռուբինյանը, որը նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, դեմ քվեարկեց, և ապա հայտնեց, որ տեղի է ունեցել տեխնիկական սխալ, և նա կողմ է եղել, ինչի մասին հայտնել է ԵԽԽՎ լիագումար միստի ժամանակ և իր հայտարարությունը կցվել է նիստի արձանագրությանը: Սակայն, իր խոսքերով՝ ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն հայտարարել է, որ քվեարկության արդյունքներն այլևս անհնար է փոխել:

Ռուբինյանն իր Facebook-յան էջում ողջունել է Ռուսաստանի վերադարձը ԵԽԽՎ և հայտնել, որ հայկական և ռուսական պատվիրակությունների միջև տարաձայնություններ չկան քվեարկության վերաբերյալ:

Այսքանով կարելի էր համարել միջադեպը լուծված և հավատալ, որ զուտ տեխնիկական սխալ էր տեղի ունեցել (թեև ԵԽԽՎ քվեարկության մեխանիզմին ծանոթ մարդիկ հավաստիացնում են, որ սխալ քվեարկելը գրեթե անհնար է), սակայն իրավիճակը սրեց իշխող կուսակցության երկրորդ պատգամավոր և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, որը, չնայած հայկական պատվիրակության «միանշանակ դիրքորոշմանը», քվեարկությանը չմասնակցեց:

Ռուբեն Ռուբինյան

Իշխող կուսակցության պատգամավորների քվեարկությունը տարօրինակ է՝ հաշվի առնելով Եվրամիության առաջատար գերտերությունների դիրքորոշումները, բացի ԵՄ-ից դուրս եկող Բրիտանիայից, որոնք գրեթե միաձայն աջակցեցին Ռուսաստանի վերադարձին ԵԽԽՎ: Եվ առաջին հայացքից հենց Հայաստանը պետք է առավել շահագրգռված լիներ Ռուսաստանի և Եվրամիության` իր երկու հիմնական առևտրատնտեսական գործընկերների միջև հարաբերությունների կարգավորելու մեջ:

Ինտրիգ է ավելացնում նաև այն փաստը, որ հենց Ռուբինյանն էր անցյալ շաբաթ նախաձեռնել Ռուսաստանի Դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ կապված սկանդալային պատմությունը: Մեծ արձագանք ստացավ դեսպանի հանդիպումը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որն այժմ մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու քրեական գործով, և որի նկատմամբ հայտնի է նոր իշխանությունների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացասական (կամ նույնիսկ՝ թշնամական) վերաբերմունքը: Չնայած այն բանին, ապա հայկական ԱԳՆ-ն փորձեց հարթել իրավիճակը, և ի պատասխան իշխող «Իմ քայլը» դաշինքի վրդովված պատգամավորների հարցերին՝ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը խորհրդարանում հայտարարեց, որ ԱԳՆ-ն խնդիր չի տեսնում Կոպիրկինի և Քոչարյանի հանդիպման առնչությամբ: «Հանդիպումը տեղի է ունեցել դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում: Դեսպանի գործողությունները չեն կարող դատապարտելի կամ հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից», – նշել է նա

Այնուամենայնիվ, Ռուբինյանը Facebook-ում գրել է, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իբր տեղեկացրել է իրեն, որ ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, «որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում»: Իսկ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը չասաց այդ մասին պատգամավորներին, «քանի որ այդ պահին նա այդ տեղեկատվությունը հրապարակայնացնելու թույլտվություն չի ունեցել»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը, որը նախկինում կարճ ժամանակով զբաղեցրել է ԱԳ փոխնախարարի պաշտոնը, պետք է իմանար, որ եթե մի պետություն դժգոհ է մեկ այլ պետության դեսպանի գործողություններից, ապա դիվանագետին ԱԳՆ հրավիրելու և պետության ներքին գործերին միջամտության անթույլատրելիության մասին նախազգուշացումը լրատվամիջոցներին պետք է հայտնի արտաքին գործերի նախարարությունը: Դա հայտարարվում է ուղիղ և բացահայտ կերպով, այլ ոչ թե զարտուղի կերպով՝ իշխող կուսակցության պատգամավորի սոցիալական ցանցում էջի միջոցով:

Եթե դեսպանի հրավերի մասին տեղեկատվության բացահայտումը ոչ թե Ռուբինյանի անձնական նախաձեռնությունն էր, այլ ներկայիս իշպանությունների դիրքորոշումը, ապա ամբողջ պատմությունը ավելի տարօրինակ և անհասկանալի է թվում: Ի վերջո, եթե սա արվել է իրենց ընտրողներին իրենց «դուխով» լինելը և Ռուսաստանի դեսպանից «հաշվետվություն պահանջելու» կարողությունը ցուցադրելու նպատակոց, սակայն այն հույսով, որ տեղեկությունը տարածելու նման զարտուղի միջոցները կօգնեն խուսափել Մոսկվայի բացասական արձագանքից, ապա դա առնվազն միամտություն է: Դժվար թե ռուս գործընկերներին կարելի է պատեհ առիթի դեպքում համոզել, որ պատգամավորները չեն արտահայտել արտաքին գործերի նախարարության և վարչապետի պաշտոնական դիրքորոշումը:

Ի դեպ, ԵԽԽՎ-ում տարօրինակ քվեարկության երկրորդ մասնակից Հովհաննես Իգիթյանը նույնպես մասնակցել է ՌԴ դեսպանի հետ կապված պատմությանը՝ նրա հանդիպումը Քոչարյանի հետ անվանելով «անհեթեթ»: Միևնույն ժամանակ, նա սենսացիոն «բացահայտում» արեց դիվանագիտական պրակտիկայում. ստացվում է, որ օրակարգի համաձայն, այլ երկրների դեսպանները պետք է կազմակերպեն իրենց հանդիպումները ԱԳՆ միջոցով: «Եթե վերցնենք զուտ արարողակարգով, դեսպանը պետք է մեր Արտգործնախարարությանը խնդրեր հանդիպում կազմակերպել Հայաստանի քաղաքացու հետ: Նույնիսկ եթե Ռուսաստանի քաղաքացու հետ է հանդիպում, այդ դեպքում տեղյակ են պահում»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Իգիթյանը:

Հովհաննես Իգիթյան

Դժբախտաբար Իգիթյանը և իշխող կուսակցության մյուս պատգամավորները դեռևս չեն հստակեցրել, որ արդյոք այս նորարարությունը (ԱԳՆ-ի հետ հանդիպումների համաձայնեցման անհրաժեշտությունը) միայն ՌԴ դեսպանին է վերաբերում, թե դրան պետք է հետևեն նաև ԱՄՆ-ի և եվրոպական երկրների դեսպանները: Եվ քանի անգամ են նրանք հարցրել արևմտյան երկրների դեսպաններին, որոնց նրանք կանոնավոր կերպով հանդիպում էին ընդդիմադիր լինելու ժամանակ և այժմ, թե արդյոք իրենց հանդիպումները համաձայնեցված են Հայաստանի ԱԳՆ-ի հետ:

Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ հայ փորձագետ Սուրեն Սարգսյանը հիշեցրեց, որ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դիվանագետը իրավունք ունի օրենքով նախատեսված բոլոր միջոցներով տեղեկանալ ընդունող պետության և դրանց մասին զեկուցի հավատարմագրող պետության կառավարությանը: «Կարծում եմ, որ ՌԴ դեսպանը չի խախտել այդ դրույթը: Նման տրամաբանությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին կարող էին հրավիրել ԱՄՆ Պետդեպարտամենտ և ասել, որ քանի որ Ադամ Շիֆը Թրամի թշնամին է, մի՛ հանդիպեք նրան՝ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում», – գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Հարկ է նշել, որ ռուսական կողմը զերծ մնաց պատասխան հրապարակային հայտարարություններից և դեմարշներից: Սահմանափակվեցին մի քանի օր անց իշխանությանը անհաճո ևս մեկ անձի ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի (որից շատ բան կախված է Քոչարյանի գործով) հետ հանդիպմամբ: Եվ, ըստ երևույթին, Հայաստանի իշխանությունները հասկացան ուղերձը. դեսպանին ԱԳՆ հրավիրելու մասին այլևս ոչ մի մեկնաբանություն կամ խոսակցություն չհնչեց:

Եվ չնայած ներկայիս կառավարությունը որոշեց կանգ առնել և թույլ չտալ, որ սկանդալը թափ հավաքի, սակայն իրենց նախորդ հայտարարությունները հանգեցրին Ռուսաստանի հանդեպ բացասական տրամադրված ուժերի («Հանրապետություն» կուսակցություն) կամ բացահայտ ռուսաֆոբների («Սասնա ծռեր») ակտիվացմանը: Նրանք աջակցեցին իշխանությունների կողմից դեսպանի հանդեպ իրականացրած քայլերը և սպառնացին բողոքի ցույց անցկացնել Ռուսաստանի դեսպանատան մոտ`Կոպիրկին նոն գրատա անձ ճանաչելու նպատակով:

Այս առումով Հայաստանի իշխանությունները պետք է ուսումնասիրեն հարևան Վրաստանի փորձը, Ռուսաստանի արձագանքը ռուսաֆոբերի գործողություններին կամ պաշտոնատար անձանց հակառուսական հայտարարություններին: Մոսկվայի արձագանքը, վերջինիս քայլերը Վրաստանի տուրիստական ոլորտի դեմ և Ռուսաստանում վրացական արտահանման ակնկալվող սահմանափակումներն արդեն հանգեցրել են լարիի ռեկորդային անկման: Վրացի փորձագետները գնահատում են իրենց երկրի տնտեսության հնարավոր կորուստները հարյուրավոր միլիոնների տեսքով: Եվ ահա, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, որը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ «Վրաստանի ապագան կախված չէ Կրեմլից», հայտարարել է լրատվամիջոցներին Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով իր հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի միջև հանդիպման կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն անցկացնելու պատրաստակամության վերաբերյալ: Հասկանալի է, որ այս բանակցություններում վրացական իշխանությունները կփորձեն համոզել Կրեմլին հրաժարվել Վրաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներից:

Այնուամենայնիվ, իշխող կուսակցության պատգամավորները նախընտրում են սովորել ոչ թե ուրիշների, այլ սեփական սխալների վրա: Այլ կերպ անհնար է բացատրել «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի (ճակատագրի հեգնանքով՝ ԱԺ Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ) կիրակնօրյա Facebook-յան գրառումը Թբիլիսիի իրադարձությունների մասին: Պատգամավորը մեղադրեց Ռուսաստանին՝ ասելով, որ նա «չգնահատեց իրավիճակի հոգեբանական կողմը և դիմեց իր համար ստանդարտ որոշումների, հանդես եկավ ոչնչով չտարբերվող հռետորաբանությամբ, որը տեղավորվում է ռուսական ստանդարտ արտաքին քաղաքականության շրջանակում»: Նա հայտարարել է, թե, իբր, Ռուսաստանը չի ցանկանում հաշվի առնել հարևան երկրների հասարակություններում տեղի ունեցող փոխակերպումները, կորցնում է իր հեղինակությունը և «խորը ճգնաժամի մեջ» է գցում սեփական հասարակությանը: Միևնույն ժամանակ, հայ պատգամավորը նշում է (ենթատեքստում նշմարվում է նախանձ հարևան ժողովրդի հանդեպ), որ վրաց ժողովուրդը, չնայած մեծ տարածքային կորուստների գնով, բայց կարողացել է ազատվել «մեծ եղբոր» կամ Ռուսաստանի հետ հարկադրված բարեկամությունից, ինչը չի կարելի ասել տարածաշրջանի մյուս երկրների մասին»:

Այս գրառումը կարդալիս էլ ավելի շատ զարմանում ես ոչ թե քաղաքական գործիչ Հակոբյանի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը չպետք է արձագանքի Վրաստանի հակառուսական հայտարարություններին և շարունակի մարդասիրաբար աջակցել վրացական տնտեսության զարգացմանը, այլ այն փաստին, որ իշխող խմբակցության պատգամավորը չի մտահոգում իր հայտարարությունների անհամատեղելիությանը իր քաղաքական առաջնորդի պաշտոնական դիրքորոշման հետ մասին, որը պարբերաբար հայտարարում է Ռուսաստանի հետ դաշինքի պահպանման և երկկողմ հարաբերությունները ամրապնդելու և զարգացնելու մտադրության մասին

Եվ եթե խոսքը գնար միայն Ռուսաստանի մասին… Գաղտնիք չէ, որ իշխող դաշինքում և գործադիր իշխանության մեջ շատ են արևմտամետ դիրքորոշում ունեցող մարդիկ, որոնք շատ դրական չեն տրամադրված Ռուսաստանի նկատմամբ՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը դեռ թավշյա հեղափոխության օրերին ամբողջությամբ հրաժարվեց հակառուսական հռետորաբանությունից՝ ընդգծելով, որ Հայաստանի նոր կառավարության կողմից «աշխարհաքաղաքական ռեվերսներ» չեն լինելու:

Սակայն նորընտիր պատգամավորների «կիքսերը» տեղի են ունենում նաև Հայաստանի համար կարևոր այլ երկրների, օրինակ, Իրանի առնչությամբ: Սա վկայում է այն մասին, որ նրանցից շատերը դեռ չեն գիտակցում, որ իրենց կարգավիճակը փոխվել է, նրանք արդեն պատգամավորներ են, հատկապես՝ իշխող կուսակցությունից, այլ ոչ թե սկսնակ Facebook-յան «բազմոցային փորձագետներ»: Եվ նրանց հայտարարություններն ու գործողությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ինչպես իրենց քաղաքական ուժի, այնպես էլ ողջ երկրի համար:

Սակայն Ռուսաստանի հանդեպ Հայաստանի իշխանությունների տարօրինակ հայտարարություններն ու գործողությունները չեն սահմանափակվում օրենսդիր մարմնի հայտարարություններով: Այսպես, իշխող կուսակցության պատգամավոր, այս տարվա ապրիլին ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում արգելելու առաջարկ արած Նարինե Խաչատրյանը (Թուխիկյանը), վարչապետի որոշմամբ նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի փոխնախարար, փաստացիորեն՝ նոր սուպերնախարարության մշակույթի ոլորտի պատասխանատու: Այս համատեքստում զարմանալի չէ, որ ռուսական կողմը՝ որպես պատասխան «բարի կամքի դրսևորում», հրաժարվում է Հայաստանին արտահանձնել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին:

Հիշեցնենք, որ ապրիլին Նիկոլ Փաշինյանը խորհուրդ էր տալիս Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, թե ինչպես հարաբերություններ կառուցել Վլադիմիր Պուտինի հետ. «Այստեղ կան պայմաններ՝ եթե լինես ուղիղ, անկեղծ, առանց խարդախության, դժվար չի լինի։ Պարզապես պետք է ազնիվ և ուղիղ շփվել»:

Ժամանակն է, որ Փաշինյանն այս խորհուրդը տա իր քաղաքական թիմին: Հակառակ դեպքում, իր կուսակցության պատգամավորների «կիքսերը» և դրանց հաջորդող մանկամիտ «արդարացումները» սպառնում են լուրջ խնդիրներ առաջացնել Ռուսաստանի ղեկավարի հետ հարաբերություններում: Բացի այդ, այժմ վտանգված են Հայաստանի և անձամբ Փաշինյանի համար ամենակարևոր խնդիրները՝ գազի գինը, ներդրումները (այդ թվում նաև՝ ՌԴ-աբնակ խոշոր հայ գործարարների կողմից), սպառազինությունների մատակարարումը և այլն:

 

Հայկ Խալաթյան