1968 թվականին Մեխիկոյում կայացած Օլիմպիական խաղերի եզրափակիչի ժամանակ էր, երբ ամերիկացի Բոբ Բիմոնը 8 մետր 90 սանտիմետր ֆենոմենալ թռիչքով մտավ աթլետիկայի և ընդհանրապես համաշխարհային սպորտի պատմության մեջ: Թերթերը միանգամից լցվեցին «Թռիչք դեպի ապագա», «Ցատկ դեպի XXI դար» և այլ նմանատիպ վերնագրերով, և ոչ հենց այնպես. Բիմոնի նվաճումը 55սմ-ով գերազանցել էր Ռալֆ Բոստոնի ռեկորդը: Անցավ ամբողջ 23 տարի, և միայն 1991 թվականին Տոկիոյում կայացած աշխարհի առաջնությունում Մայք Փաուելը 8 մետր 95 սանտիմետրանոց թռիչք կատարեց:

Պարզ է, որ այդ օլիմպիական եզրափակչում հեռացատկում առաջին տեղի համար պայքարը շարունակելը անիմաստ դարձավ: Բիմոնի հաղթանակից մի քանի րոպե անց ցուցատախտակի թվերը հուսահատեցրին ոսկու համար պայքարող մասնակիցներին: Պարզ դարձավ, որ տեսանելի ապագայում ոչ ոք չէր կարող նույնիսկ մոտենալ անհավանական ռեկորդին, առավել ևս` գերազանցել այն: Բոբ Բիմոնի ֆենոմենը վերջ դրեց թեթև ատլետ-հեռացատկորդների մի քանի սերունդների կարիերային, համենայն դեպս՝ հավակնոտների ու համարձակների:

Այդպես էլ եղավ: Մարզիկների մի քանի սերունդ փոխվեց, մինչև եկան նրանք, ովքեր չէին վախենում այդ ռեկորդից: Նրանցից մեկը Ռոբերտ Էմմիյանն էր. 1987 թվականի գարնան վերջին, Ծաղկաձորում անցկացվող համամիութենական մրցումների ժամանակ, նրան ընդամենը 4 սանտիմետր էր պակասում Բիմոնի ցուցանիշին հասնելու համար: Ռոբերտն այդ ժամանակ 22 տարեկան էր, ծնվել է 1965 թվականի փետրվարին:

Ռոբերտ Էմմիյանի լեգենդար ցատկը

Տարիներ անց, հարցազրույցներից մեկի ժամանակ, նա իր ողջ մարզական կյանքը կտեղավորի մի քանի նախադասությունների մեջ.

«Ամեն բան լավ էր մինչև 1988 թվականը. ամեն տարի ինչ-որ բան հաղթում էի, լավ արդյունքներ գրանցում: Սակայն Սեուլի Օլիմպիական խաղերում բախտս չբերեց. մեկնելուց կարճ ժամանակ առաջ վնասեցի ազդրիս մկանը: Հետո երկրաշարժ տեղի ունեցավ Լենինականում: Հայրս մահացավ: Ես ինքս պատահականորեն ողջ մնացի՝ հենց նախօրեին մեկնել էի Մոսկվա՝ վնասվածքը բուժելու: Երբ իմացա, թե ինչ է պատահել, իհարկե, շտապեցի տուն. սպորտի ժամանակը չէր: Ընտանիքում միակ տղամարդը մնացի, քույրս ու մայրս անտուն էին մնացել, իմ բնակարանը նույնպես այլևս չկար: Միշտ գումարի կարիք կար, ի վերջո, սպորտը գումար աշխատելու հնարավորություն գրեթե չէր տալիս: Երեք տարի ես ու մայրս ապրում էինք հյուրանոցում: Գիտե՞ք, այդ ընդհանուր դժբախտության մթնոլորտը շատ էր ազդում հոգեվիճակի վրա. չկար ոչ ոք, ում համընհանուր դժբախտությունը շրջանցած կլիներ»:

Հոգեբանական տրավմայից օգնեց ազատվել լեգենդար արագավազորդ և հեռացատկորդ Կարլ Լյուիսը, որը Ռոբերտին հրավիրեց Ամերիկա:

Ընդհանրապես, մինչև 1974 թվականին Ռոբերտ Էմմիյանին գյումրեցի մարզիչ Մկրտիչ Կարապետյանի մոտ ատլետիկա սովորելու բերելը, աթլետիկայի աշխարհը գիտեր միայն մեկ հայկական անուն՝ Իգոր Տեր-Հովհաննիսյան: Վերջինս ծնվել է Կիևում, Հայաստանում չի ապրել և չի մարզվել, և նրա ձեռքբերումները, ցանկության դեպքում անգամ չեն կարող համարվել հայկական թեթև ատլետիկայի դպրոցի վաստակը:

1987 թվականի մայիսի այդ օրը Էմմիյանը ցատկեց շատ երկար: Դատավորները սկզբում անհանգստացան, որ նա կարող է վայրէջք չկատարել ավազի մեջ, իսկ հետո սկսեցին վազվզել՝ մի քանի անգամ չափելով արդյունքը: Հատկապես ուշադիր վերլուծեցին՝ արդյո՞ք ցատկը կատարվել է առանց խախտման: Նրանք չգտան խախտում, քննարկեցին, նորից չափեցին ցատկման երկարությունը և հայտարարեցին՝ 8 մետր 86 սանտիմետր՝ Եվրոպայի ռեկորդ, սակայն, ցավոք, ոչ համաշխարհային:

Իր ռեկորդային երկարությունը Էմմիյանն այդ տարի աստիճանաբար էր ձեռք բերում: ԽՍՀՄ ձմեռային գավաթում, փետրվարի 15-ին, Մոսկվայում, նա ցատկեց 8 մ 33 սմ: Մեկ շաբաթ անց՝ Ֆրանսիայում, Եվրոպայի ձմեռային գավաթում մայրցամաքի ռեկորդ սահմանեց՝ ցատկելով մինչև 8 մ 49 սմ նշագիծը: Ծաղկաձորից հետո, Էմմիյանը 8 մ 38 սմ հաշվով նվաճեց Աշխարհի գավաթը Պրահայում: Ապա Հռոմում՝ աշխարհի առաջնությունում ցատկեց 8 մ 53 սմ և նվաճեց արծաթե մեդալ՝ այժմ զիջելով միայն Կարլ Լյուիսին:

Էմմիյանը աշխատել է նույնիսկ Քաթարում, բայց հիմնականում՝ Ֆրանսիայում, որտեղ և ապրում է. մարզել, խորհուրդներ է տվել և դաստիարակել մի շարք թեթև ատլետների, որոնք հռչակ են ձեռք բերել Ասիայում:

«Մինչև 1992 թվականի Օլիմպիական խաղերը ԽՍՀՄ այլևս գոյություն չուներ, իսկ ԱՊՀ հավաքական իմ արդյունքների մակարդակով չէի ներառվում: Այդքանով իմ մարզական կյանքը կարող եք համարել ավարտված: Իհարկե, երբ հասա Փարիզ, ցանկանում էի մարզվել և առաջվա պես հանդես գալ, բայց անմիջապես հասկացա, թե որքան տարբեր է սպորտի այն մակարդակը, որին ես սովոր էի, ֆրանսիականից: Դեռ Փարիզում սկսեցի հասկանալ, որ պատրաստվածության այնպիսի կատարյալ համակարգ, ինչպիսին ԽՍՀՄ-ում էր, չկա և չի կարող լինել որևէ այլ տեղ: Դրա համեմատ ֆրանսիականը ոչ պրոֆեսիոնալ էր: Գրեթե բոլորը, ովքեր խաղում են ազգային հավաքականում, ունեն ինչ-որ աշխատանք, որը բնավ կապված չէ սպորտի հետ և մարզվում են միայն ազատ ժամանակ. երբեմն՝ ամեն օր, կամ շաբաթը մի քանի անգամ: Քչերը կարող են իրենց թույլ տալ պրոֆեսիոնալի ​​կյանք վարել՝ վարձել անձնական մարզիչ, մենեջեր, մերսող, բժիշկ», – հին հարցազրույցներից մեկում ցավով նշում էր Էմմիյանը:     

Արտաքինից Ռոբերտ Էմմիյանը առանձնապես նման չէ հզոր ատլետի` լավ կազմվածքով ունի, սակայն նիհար է, ավելի շուտ հիշեցնում է ֆիգուրիստի: Իհարկե, պարտադիր չէ, որ ցատկորդը ծանր քաշ ունենա, քանի որ դժվար կլինի սավառնել ստադիոնների վրայով:

Ակտիվ սպորտային ելույթները նա ավարտել է երեք տասնամյակ առաջ: Մեկ անգամ, պատասխանելով այն հարցին, թե ինչի՞ մասին էր երազում, երբ առաջին անգամ եկավ թեթև ատլետիկայի, Էմմիյանը պատասխանեց. «Թռչել շատ հեռու»:

Նա թռավ: Երջանիկ են նրանք, ում երազանքներն իրականանում են:

Ռուբեն Գյուլմիսարյան