Համաշխարհային աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին, որոնք ազդում են նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա, կա հասկացողություն, որ Հայաստանը պետք է հստակ շեշտադրումներ դնի իր արտաքին քաղաքականության մեջ և պաշտպանի հայ-ռուսական ռազմավարական դաշինքը ցանկացած ուղղակի կամ անուղղակի դրսևորումներից, որոնք վտանգում են այդ միությունը։ Երևանում օրերս այս և այլ հարցեր են քննարկվել «Ընթացիկ գործընթացները Հարավային Կովկասում. Ռուսաստանի դերը տարածաշրջանային կայունության ապահովման գործում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ։ Քաղաքագետներն ու փորձագետները փորձեցին հասկանալ, թե որն է Ռուսաստանի դերը և ինչ դեր պետք է ստանձնի Հայաստանը ոչ միայն Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու, այլ նաև սեփական շահերը պաշտպանելու համար։   

Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններն այլընտրանք չունեն

Քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը կարծում է, որ այսօր Հայաստանի հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրը շարունակում են մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջազգային գործընթացները։ Նշված խնդիրների կարգավորման հարցում խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև աճող մրցակցության ֆոնին Հայաստանը պետք է հասկանա՝ այս մրցակցությունը լա՞վ է, թե՞ վատ, և արդյո՞ք այն համապատասխանում է մեր ազգային շահերին։ Հիշելով ղարաբաղյան կարգավորման շուրջ Վաշինգտոնի, Բրյուսելի և Սոչիի հանդիպումները, Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ, այնուամենայնիվ, հենց Սոչիի հռչակագիրն էր, որը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններն այլընտրանք չունեն.

«Մի շարք պատճառներով կարելի է պնդել, որ ուժային մյուս կենտրոնների համեմատ, Ռուսաստանն ունի նախապատվելի կարգավիճակ այս հակամարտության կարգավորման մեջ միջնորդի դեր կատարելու և մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Պետք է հասկանանք, որ Ռուսաստանը ամենամեծ դերն ունի հակամարտող կողմերի վրա», – ընդգծել է Արամ Սաֆարյանը։

Արամ Սաֆարյան

Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, Արևմուտքի հետ գոյություն ունեցող մրցակցությունը մեզ համար ոչ մի կերպ վտանգավոր չէ, այլ, ընդհակառակը, լրացնում է մեր արտաքին քաղաքականության հայեցակարգը։ Միջնորդող կողմերը, նշել է նա, մրցակցում են միմյանց միջև Հարավային Կովկասում իրենց դերը ամրապնդելու համար, սակայն եթե 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը շարունակում է պնդել, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակի իր գործունեությունը, հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռևս չի լուծվել, ապա այս հայեցակարգի առաջմղման միակ ճիշտ ճանապարհը ուժային այս կենտրոնների ջանքերն օգտագործելն է.

«Շնորհակալ ենք Ֆրանսիային ընդունված բանաձևի համար, բայց մենք հասկանում ենք նաև, որ որքան էլ հզոր է Ֆրանսիան, նա միայնակ չի կարող դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմին: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների՝ ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ միասնությունն է մեզ մեծապես օգնելու լինել ավելի ուժեղ, անկախ ու ինքնիշխան Ադրբեջանի հետ հարցերում», – ընդգծեց Արամ Սաֆարյանը։

Թույլ Ռուսաստան է պետք, ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորում

Հարավային Կովկասի տարածաշրջանը դարձել է համաշխարհային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ, ընդ որում, առավել ակտիվ են դարձել այն կենտրոնները, որոնք վերջին երեք տասնամյակների ընթացքում իներտ դիրք են գրավել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, կողքից ու մատների արանքով են հետևել են այն ամենին, ինչ տեղի է ունենում, իսկ այսօր չափազանց ակտիվ են։ Այս մասին հայտարարեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ կոչ անելով հասկանալ, թե որն է այս ակտիվության պատճառը։

Իսկ պատճառը, ըստ նրա, այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավորություն է տալիս ուժային կենտրոններին ազդեցության լծակներ գտնել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի վրա, այլև հետագայում Իրանին թիրախավորելու համար։ Իսկ դա Արևմուտքի գլխավոր նպատակներից մեկն է։ Սակայն կա ևս մեկ, գործնականում  շատ կարևոր խնդիր.

«Արևմուտքի հիմնական նպատակներից մեկը Ռուսաստանի թուլացումն է։ Այսինքն՝ ամեն կերպ սպառել Ռուսաստանի ռեսուրսներն ու ուժերը, թուլացնել այն՝ ռուսական սահմանները շրջապատելով ակտիվ հակամարտությունների օջախներով, և այդ պատճառով Արևմուտքին իրականում ձեռնտու չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը», – կարծում է նա։ Իսկ Ռուսաստանին, ընդհակառակը, Հարավային Կովկասում կայունությունը պետք է և ձեռնտու է, քանի որ այն ազատում է իր ռեսուրսները։

Գարիկ Քեռյան

Գարիկ Քեռյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը պետք է ամրապնդի իր դաշինքը Թուրքիայի և Ադրբեջանի վրա ազդեցության ամենամեծ լծակ ունեցող երկրի՝ Ռուսաստանի հետ, որը, ինչպես նա հիշեցրեց, ապահովում է Արցախի անվտանգությունը, արցախահայության ֆիզիկական գոյությունը և հայ-թուրքական սահմանի անձեռնմխելիությունը.

«Եթե ​​ռուսամետ քաղաքականություն չունենանք, ապա պետականության ու անվտանգության պահպանման ամենալուրջ խնդրի առջև կկանգնենք», – եզրափակեց քաղաքագետը։

Չվնասել ո՛չ դաշնակցային հարաբերությունները, ո՛չ ազգային շահերը

Հայաստանը կանգնած է նոր մարտահրավերների առաջ. հայ հասարակությունը պետք է հստակ հասկանա, թե ինչ տարբերակներ ու լուծումներ կան դրանց լուծման համար և ճիշտ գնահատի հայ-ռուսական հարաբերություններն ու դրանց նշանակությունը մեր անվտանգության տեսանկյունից։ Այս մասին հայտարարեց «Միջազգային հումանիտար զարգացում» ՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը՝ հավելելով, որ այսօր ամենակարևորը հավասարակշռություն գտնելն է։

Նրա խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան ամեն օր սպառնում են նոր պատերազմով, արտաքին քաղաքական ուղղվածություն ունեցող ուժերն ակտիվացրել են իրենց գործունեությունը մեր տարածաշրջանում, Արևմուտքը ամեն ջանք գործադրում է ակտիվանալու համար, որի արդյունքում նպատակ ունի դուրս մղել Ռուսաստանին թե՛ տարածաշրջանից, թե՛ Հայաստանից.

«Սակայն Հայաստանը, որպես Ռուսաստանի Դաշնության ռազմավարական դաշնակից, պետք է հստակ գիտակցի դա, ճիշտ շեշտադրումներ ընտրի, որոնք չեն վնասի ո՛չ դաշնակցային հարաբերություններին, ո՛չ էլ իր ազգային շահերին», – ընդգծել է Կոստանյանը։

Ծովինար Կոստանյան

Արցախցիների անվտանգության հարցը չի լուծվելու Բրյուսելում և Վաշինգտոնում

«Ադրբեջանն ինքն իրեն հակասում է՝ մի կողմից ասում է, որ ռուս խաղաղապահները պետք է լքեն Արցախը, մյուս կողմից՝ օրը ցերեկով կրակում է այդ խաղաղապահների վրա՝ հաստատելով նրանց մնալու անհրաժեշտությունը։ Պետք է հասկանանք, որ արցախահայության անվտանգության հարցը չի լուծվելու Բրյուսելում և Վաշինգտոնում. պայմանագիրը կնքելու ու հաջորդ օրն իսկ մոռանալու են դրա մասին։ Այդ մայրաքաղաքներում լուծվելու է միայն Ուկրաինային այլընտրանքային ճանապարհ ստեղծելու հարցը, որով էներգակիրները կհասնեն Եվրոպա, ինչը պետք է արվի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով», – իր հերթին նշեց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը։

Բացի Ռուսաստանից, որն այսօր, ըստ նրա, Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորն է, երաշխավոր կարող է լինել նաև Իրանը, որը ջերմ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Իսկ Ռուսաստանին դեմ գնալը նշանակում է դեմ գնալ նաև Իրանին.

«Ուղղակի ցավակցել հայ ժողովրդին՝ մի բան է, իսկ ռեալ քայլեր ձեռնարկել հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար՝ մեկ այլ բան: Ու որքան էլ փորձեն չնկատել Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականությունը, նրա ջանքերը մեր տարածաշրջանում, իրականությունը չափազանց ակնհայտ է այն չտեսնելու համար», – եզրափակեց Բալասանյանը։

Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպել էր «Միջազգային հումանիտար զարգացում» հասարակական կազմակերպությունը, որին մասնակցում էին հայաստանյան բուհերի շուրջ չորս տասնյակ ուսանողներ և փորձագետներ։

Լինա Մակարյան