Հայ գիտնականները, կոնստրուկտորներն ու փորձարարները անգնահատելի ներդրում ունեցան խորհրդային շրջանի գիտական ու արդյունաբերական բոլոր ոլորտներում, և դա այն դեպքում, երբ խորհրդային գիտությունը շատ ճյուղերում իսկապես ամենաառաջատարն էր: Ինքնաթիռների և տիեզերական սարքավորումների նախագծմանն ու փորձարկումներին մասնակցում էր մեր հայրենակիցների մի ողջ համաստեղություն:

ԽՍՀՄ-ում կյանքի կոչված եզակի տիեզերական նախագիծը` «Էներգիա-Բուրան» ուղեծրային ռակետոպլանների ծրագիրը կարճ կյանք ունեցավ, իսկ եզակի թռիչք իրականացրած «Բուրանը» բավականին տարօրինակ պայմաններում թաղված հայտնաբերվեց Բայկոնուրի օդանավարանի փլուզված տանիքի տակ: Մինչև այժմ նման ոչինչ չստեղծած ամերիկացիները պատրաստ են, ինչպես գիտակներն են ասում, ամեն գնով ձեռք բերել այդ ծրագրի փաստաթղթերը:

«Բուրանը» այնքան էր առաջ ընկել իր ժամանակից, որ նույնիսկ այժմ` ավելի քան չորս տասնամյակ անց մասնագետները շարունակում են բացահայտել դրա նոր հնարավորությունները, որոնց մասին, հնարավոր է, անգամ իրենք` նախագծողները չգիտեին, և ամեն բան պարզապես հանճարեղ է ստացվել: Բայց այժմ այս ամենը, ցավոք, միայն տեսականորեն է հայտնի:

Ալեքսանդր Քեմուրջյանը նախագծել և փորձարկել է «Լուսնագնացն» ու «Մարսագնացը», իսկ գիտնականների, կոնստրուկտորների ու օդաչու-փորձարկողների մի մեծ խումբ զբաղվում էր «Բուրանով»: Անդրեյ Մանուչարովը և Անդրանիկ Իոսիֆյանը`օդաչու-փորձարկողն ու տիեզերական արբանյակների փայլուն նախագծողը, արդարացիորեն ներառված էին նախագծի գլխավոր հեղինակների ցանկում: 

Հանճարեղ Սերգեյ Կորոլյովը Իոսիֆյանին «Ամենայն Հայոց էլեկտրիկոս» անունն է տվել: Անդրանիկ Իոսիֆյանը առաջատար գիտնական-էլեկտրատեխնիկ էր, խորհրդային էլեկտրամեխանիկայի դպրոցի հիմնադիրը, հրթիռաշինության և տիեզերագնացության հիմնադիրներից, առանց որի չի իրականացվել ԽՍՀՄ կողմից կյանքի կոչված գրեթե ոչ մի նախագիծ: Նա ուղեծիր էր դուրս բերում օդերևութաբանական արբանյակներ, իսկ այնուհետև նախագծեց «Սոյուզ» սերիայի տիեզերանավերի, «Պրոգրես» սերիայի ավտոմատ բեռնափոխադրող նավերի, «Սալյուտ» և «Միր» երկարաժամկետ ուղեծրակայանների էլեկտրատեխնիկական գրեթե ամբողջ մասը:

Անդրանիկ Իոսիֆյան

Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի տիեզերական տեխնիկայի վաստակավոր փորձարկող Նիկոլայ Պետրոսյանը տիեզերական նավաշինության բնագավառ մուտք գործեց որպես երիտասարդ և համարձակ ֆիզիկոս 1960-ականներին, որոնք համարձակ և ռոմանտիկ գաղափարների տարիներ էին: Տիեզերքում, ինչպես և երկրի վրա` ամենուր ընթանում էր ԽՍՀՄ-ԱՄՆ մրցակցություն, իսկ խորհրդային բազմակի օգտագործման նավերի նախագծումը սկսվեց ի պատասխան ամերիկյան «Շաթլների»:

Նիկոլայ Պետրոսյանը հետո հիշում է, որ երբ «Բուրանը» դուրս բերեցին օդանավարանից, անհնար էր պատկերացնել, որ այն ընդունակ է օդ բարձրանալ, ավելին` թռչել տիեզերք ու վերադառնալ: Բայց աս-օդաչուները հանգիստ կարողացան պոկել այն թռիչքուղուց:

Իսկ «Բուրանը» իր առաջին ու վերջին թռիչքն իրականացրեց 1988թ. նոյեմբերին Բայկոնուրում հատուկ այդ առիթի համար կառուցված օդանավակայանից: Թռիչքը շուրջերկրյա ուղեծրի մոտ տևեց գրեթե երեքուկես ժամ, և երկրի շուրջ երկու պտույտները չանցան առանց արտակարգ իրավիճակների, սակայն տիեզերանավը կատարյալ հաղթահարեց այդ փորձությունը, ավելին, ոչ առանց գիտական օգուտի իր ստեղծողների համար:

Նիկոլայ Պետրոսյանը վկայում է, որ այն ժամանակ անհայտ պատճառներով «Բուրանը» անսպասելի կտրուկ մանևրել է մոտ 11 կիլոմետր բարձրության վրա: Տիեզերանավը, ըստ Թռիչքների կառավարման կենտրոնի, առանց որևէ պատճառի 180 աստիճանի սահուն օղակաձև պտույտ է իրականացրել: Միայն հետո պարզ դարձավ, որ «Բուրանը» նախազգուշացում է ստացել երկրի մակերևույթի վրա փոթորկի մասին և որոշել է ավելի շատ նվազեցնել արագությունը` տիեզերանավը վայրէջքի տանելով մաքսիմալ անվտանգ հետագծով:

Տիեզերանավի ցածրանալիս ու վայրէջքի ժամանակ դրա կառավարման համար պատասխանատու էր ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը: Երբ «Բուրանը» անսպասելի սկսեց մանևրել՝ դրա հետ կապը կտրվեց, և Թռիչքների կառավարման կենտրոնում իրավիճակը համարյա խուճապային էր: Նույնիսկ առաջարկ կար ակտիվացնել ինքնաոչնչացման համակարգը` նախատեսված հույժ գաղտնի սարքավորումն այլ երկրի տարածքում չհայտնվելու համար:

Ելքը գտավ Ստեփան Միկոյանը, ով կամային որոշում կայացրեց` սպասել: Մի քանի րոպեն հավերժություն տևեցին, իսկ «Բուրանը» կրկին կապի դուրս եկավ, որից հետո այն Բայկոնուրում նստեցնելն արդեն տեխնիկական հարց էր:

Ստեփան Միկոյան

Ինչ վերաբերում է ավիացիայի գեներալ-մայոր, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու-փորձարկող, պետական մրցանակների դափնեկիր Անդրեյ Մանուչարովին, ապա նրան վիճակված էր դառնալ «Բուրան» ուղեծրային տիեզերանավի կառավարման համակարգերի գործարկման ու ավտոմատ վայրէջքի համար հատուկ թռչող լաբորատորիաների ստեղծողներից մեկը: Մանուչարովն ակտիվ մասնակցություն է ունեցել նավիգացիոն և վայրէջքի բարդ վերգետնյա համակարգերի նախագծմանը և տեղակայմանը` ներառյալ միջոցների հավաքմանը, մշակմանը և չափողական տեղեկատվության արտացոլմանը ռեալ ժամանակում, կազմակերպել է թռիչքային փորձարկումների կառավարման կետ` հիմնված տեղեկատվական և հաշվողական տեխնիկայի ժամանակակից (այն ժամանակվա չափանիշներով) միջոցների վրա:

Մանուչարովը ղեկավարում էր այլ մոդելների ստեղծումն ու գործարկումը: «Բոռ-4»-ն ուներ կրող պատյան ստորին մակերեսով, որն իր ձևով նման էր «Բուրանի» դիմային մասի ներքին մակերեսին, ինչը հնարավորություն տվեց փորձարկել ջերմապաշտպանություն կառուցվածքը մթնոլորտային թռիչքում` ուղեծրից դուրս գալուց հետո: Իսկ հաջորդ մոդելը` «Բոռ-5»-ը, ութ անգամ կրճատված մասշտաբով «Բուրանի» կրկնում էր, և այդ սարքը հնարավորություն էր տալիս մշակել մեծ տիեզերանավի աերոդինամիկ բնութագրերը:

Անդրեյ Մանուչարովը մեծ փորձ ուներ. պատերազմից հետո փորձարկում էր «Յակ», «Տու», «ՄիԳ», «Սու» ինքնաթիռների տարբեր մոդելներ` այդ թվում նորագույն նախագծեր, որոնք երբեմն այնքան բարդ էին, որ անմիջական ստեղծողներից բացի ոչ ոք չէր կարողանում գլուխ հանել:

Փորձում էին նաև ամենավտանգավոր հնարքները, օրինակ` «կույր» վայրէջք: Բանն այն է, որ այն ժամանակ օդաչուները քիչ թե շատ ճիշտ դուրս էին գալիս թռիչքուղի անհրաժեշտ ուղղությամբ, բայց տիեզերանավի մեջ անկման նորմալ անկյունից շեղվելու մասին նրանք տեղեկություն չունեին: Այդ պատճառով մարդկային գործոնը դառնում էր որոշիչ, անհրաժեշտ էր ունենալ ոչ միայն գիտելիքներ ու սարքի հետ միասնության զգացողություն, այլ նաև երկաթե նյարդեր:

Իսկ ինչ վերաբերում է փառահեղ «Բուրանին»՝ Խորհրդային Միությունը փլուզվեց, տիեզերագնացության ֆինանսավորումը դադարեցվեց, դրանով զբաղվում էին միայն մի քանի անձնվեր-էնտուզիաստներ: Անտիրական ու բոլորի համար անպետք (բացի ամերիկացիներից) տիեզերանավը Բայկոնուրի օդանավարանում մնաց երկարուձիգ 14 տարիներ, մինչև որ 2002թ. հենց այդ` տիեզերք թռչած «Բուրանը» կասկածելիորեն տարօրինակ կերպով ոչնչացվեց տիեզերական թռիչքների կայանի մոնտաժափորձարկային համալիրի տանիքի փլուզման ժամանակ` բետոնե սալաքարն անողոք կերպով այն երկու մասի բաժանեց: Այնպես մասնատեց, որ բառացիորեն ոչնչացրեց տիեզերանավի բոլոր գաղտնի մասերը և վերականգնման այլևս ենթակա չէր: Իսկ կողքի անավարտ մոդելները մնացին ամբողջական…

Ինչ է իրականում տեղի ունեցել` մենք չէ, որ պետք է դատենք, իսկ ենթադրություններ անել չենք ցանկանում: Փաստ այն է, որ միակ ամբողջական տիեզերանավն ընդմիշտ ավերված է և չի հայտնվել սխալ ձեռքերում: Մնացել են գծագրեր, և տեղեկատվություն կա, որ Ռուսաստանում աստիճանաբար սկսում են խոսել այդ անգնահատելի նախագծի շարունակության մասին:

 

Ռուբեն Գյուլմիսարյան