Խաղաղ, խելացի Գարեգին Զաքոյանն այնքան հաճելի զրուցակից է, որ նրան լսում ես ակամա: Նա ներկայիս իսկական երևանցիների վերացող այն տեսակից է, ովքեր մինչև ուղն ու ծուծը իրենց երկիրն ու քաղաքն են: Ու դա առավել հասկանում ես այն պահին, երբ զրույցն ընթանում է Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող նրա տան պատշգամբում՝ քաղաքի օգոստոսյան կարմիր արևի մեջ ծվարած իսկական ամառանոցի զովում, խաղողի որթատունկի ստվերում:

Գարեգին Զաքոյան՝ կինոռեժիսոր, կինոքննադատ, ում համար Փարաջանովն ու Փելեշյանը կինոմատենագրության այն երկու անհատներն են, որոնք նրա համար միշտ եղել են բարձունք և ուղեցույց: «Ես միշտ ձգտել եմ վավերագրական ֆիլմի, խաղայինն ինձ չի գայթակղել»,- բացատրում է Զաքոյանը, ով, ինչպես հավաստիացնում է, իր առաջին ֆիլմը նկարահանել է գրազի արդյունքում:

Гарегин Закоян
Гарегин Закоян

Զաքոյանը ստեղծում է նաև կոլլաժներ, օրիգինալ գեղանկարչություն, ընդ որում այնպիսի վարպետությամբ, որ մի քանի ամիս առաջ նրա անձնական ցուցահանդեսը կայացավ ֆրանսիական Լիոն քաղաքում: Կոլլաժներով, ինչպես արտահայտվում է Գարեգինն անձամբ, հետաքրքրվեց «մի ֆրանսիացի», ով առաջարկեց ցուցահանդես կազմակերպել: Զաքոյանի կարծիքով՝ ցուցահանդեսը գերազանցեց անգամ ամենահամարձակ սպասումները, ու նա մինչև հիմա դրա տպավորության տակ է. «Ես իմ աշխատանքները բերեցի մի երկիր, որտեղ միայն գրանցված նկարիչները մի քանի տասնյակ հազար են, կրկնակի ավել են չգրանցվածները: Բոլորը վաճառում են, իսկ գնում են քչերը: Իսկ ես ահա իմ աշխատանքները վերցրեցի ու բերեցի Հայաստանից, և ինձանից գնեցին 5 աշխատանք»,- պատմում է Զաքոյանն ու նրա աչքերը շողում են հիացմունքով: Սակայն դա ցուցահանդես էր, ու այն արդեն անցյալում է:

Իսկ հիմա այլ հուզումներ… Հոկտեմբերյան առաջին 5 օրը անցնելու են «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի փառատոնի տիրույթում, որի հիմնադիր ու տնօրեն հանդիսանում է հենց Գարեգին Զաքոյանը: Սա արդեն երրորդ նման միջոցառումն է, իսկ ինքը՝ տնօրենը, նախընտրում է այն անվանել ազգագրական կինոյի փառատոնի դիտում: Փառատոնի պաշտոնական բացումը եղավ հոկտեմբերի 1-ին, և Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց հայտնի «Մի ամառվա ժամանակագրություն» ֆիլմը՝ նկարահանված 1961թ.-ին՝ ֆրանսիացի կինոռեժիսոր, ազգագետ ու ինժեներ Ժան Ռուշի կողմից, որի ծննդյան 100-ամյակը նշվում է այս տարի:

Гарегин Закоян
Гарегин Закоян

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի ընտրական փուլի մասնակցության հայտեր այս տարի ընդունվեցին հարյուրավոր երկրներից: Ընդհանուր առմամբ եղել է 1600 հայտ, ասում է Զաքոյանն ու զգացվում է, որ նա մի փոքր մտահոգ է՝ դրական իմաստով իհարկե, հուզվում է նման հանրայնությունից: «Մենք դիտեցինք 1600 կտավ ու մրցույթին մասնակցելու համար ընտրեցինք ընդամենը 35 ֆիլմ: Դրանք աշխարհի 25 երկրների ռեժիսորների աշխատանքներ էին: Այսինքն այս տարի, ինչպես և անցյալ տարի, աշխարհագրությունը բավական ընդարձակ ստացվեց: Ցուցադրվելու են աշխատանքներ ԱՄՆ-ից, Զիմբաբվեից, Ալբանիայից, Ռուսաստանից, Բելգիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ճապոնիայից, ինչպես նաև Հայաստանից»,-ասում է նա:

Բարդ աշխատանք է 35 ֆիլմ փառատոնի համար ընտրելը, մտամոլոր պատմում է Գարեգինը: Վերոնշված 1600 ֆիլմը բաժանված էր 4 մարդու միջև, որոնք դրանք պետք է դիտեին, ամեն մեկին՝ 40 ֆիլմ: Ամենահեշտը միանգամից պիտակավորելն է այն ֆիլմերը, որոնք ոչ մի չափանիշի չեն համապատասխանում, սակայն բարդը հետո է լինում, երբ ստիպված ես ընտրություն կատարել մի քանի ֆիլմերի միջև, որպեսզի դրանցից միայն մեկին ցուցադրման թույլտվություն տաս: Իսկ մնացածն էլ… ափսոսանքով մերժում ես:

«Լավագույն ֆիլմերը գալիս են Իտալիայից,- ասում է Զաքոյանը, -ու դրանք շատ են: Ցավալի է, բայց մենք չենք կարող մեկուկես տասնյակ իտալական ֆիլմ ներկայացնել 35 ֆիլմանոց փառատոնին: Ստիպված ես սրտիդ դեմ գնալով մի բան զոհել… Շատ հետաքրքիր աշխատանքներ են գալիս արևադարձային երկրներից՝ Կամերունից, Զիմբաբվեից: Ահա, ասացեք խնդրեմ, քանի՞ ֆիլմ եք դիտել կամերունյան ապրելակերպի մասին»:

Ընտրության չափանիշները, ըստ Զաքոյանի, պարզ են, ֆիլմը պետք է լինի հետաքրքիր ու նկարահանված լինի պրոֆեսիոնալ, լինի ուսուցողական ու առանց անպետք գաղափարախոսության ու քարոզչության: Թե ժամանակակից, թե պատմական կտրվածքով որևէ մի ազգի, էթնիկ խմբի կյանքի ու կենցաղի ամենալավն ու ամենաարժեքավորը միշտ ողջունվում է: Ու չնայած նրան, որ հիմնական շեշտը դրվում է ազգագրական ու մարդաբանական թեմաների վրա, սակայն միայն դրանցով ոչինչ չի սահմանափակվում: Ծրագիրը բավական տարաբնույթ է, ներկայացված են փորձարարական բնույթի մի շարք ֆիլմեր: Փառատոնային ֆիլմերի ցուցադրությունը կկայանա Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, Գյումրիում և Ուջան գյուղում, որտեղ հյուրերի համար լավաշ են թխելու ու կայանալու է համերգ: Հոկտեմբերի 5-ի երեկոյան ցուցադրվելու են հաղթող ֆիլմերը:

Այդ օրերին մեզ մոտ հյուր են գալու երկու տասնյակից ավել կինոմատենագիրներ: Ժյուրիի կազմում են լինելու երեք երկրների ներկայացուցիչներ՝ Իտալիայից՝ Տրենտինո ազգագիտական թանգարանի տնօրենը, ռեժիսոր Ջովանի Քեզիչը, Իսպանիայից՝ Բիլբաո կինոդպրոցի տնօրենն ու հիմնադիրը, կինոռեժիսոր ու դերասան Ալգիս Արլաուսկասը, Իրանից՝ Իրանի վավերագիրների ասոցացիայի նախկին նախագահ, ռեժիսոր-փաստավավերագիր Վահրամ Ազիմպուրը:

Գարեգին Զաքոյանը գտնում է, որ հենց հայ կինոմատենագրության համար վավերագրական կինոն շատ կարևոր, ինքնաբավ ու էական ուղղություն է: Ամեն դեպքում վավերագրական ժապավենները, որպես կանոն անթույլատրելի կերպով շրջանցվում են լայն լսարանի կողմից, հատկապես ներկայիս, առավել զվարճանքի, քան մտորումների ծարավ այս դարում: Իսկ այստեղ մեզ խորհելու, այլոց, երբեմն բոլորովին անհայտ մի ազգի կյանքը տեսնելու, նրանց մեզ հետ համեմատելու ու գուցե ինչ-որ բան հասկանալու հնարավորություն է տրված: Ցավալի կլինի նման հնարավորությունը բաց թողնել:

Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը