«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շարժակազմը կհամալրվի ռուսական «Տրանսմաշհոլդինգ» ընկերության կողմից արտադրված ևս երկու ժամանակակից էլեկտրագնացքներով: Օգոստոսի 6-ին տեղի ունեցավ էլեկտրագնացքների ներկայացման հանդիսավոր արարողությունը: Ներկաները գնահատեցին հոլդինգի մաս կազմող «Դեմիխովսկու մեքենաշինական գործարանի» արտադրանքի հարմարավետությունը, գրավիչ դիզայնը և յուրահատկությունը. ԷՊ2Դ-ն ԱՊՀ շուկայում միակ էլեկտրագնացքն է, որը բաղկացած է ընդամենը երկու վագոնից:

Էլեկտրագնացքները սպասարկելու են Գյումրի և Երասխ ուղղությունները: Եթե Երասխի բնակիչների համար դրանք նորություն են, ապա Գյումրու բնակիչների համար կբարձրացվի փոխադրումների հարմարավետության մակարդակը, քանի որ Երևանից Գյումրի մեկնող նույնանման էլեկտրագնացքներ հանրապետություն են բերվել դեռևս 2018-2019 թվականներին: Իսկ այս հատուկ պատվերը Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի ամբողջական նորացման ծրագրի իրականացման հաջորդ փուլն է: Այսպիսով, հունիսին ավելացվել է 27 վագոն՝ նախատեսված հեռավոր ուղևորությունների համար: Ժամանակակից այս շարժակազմն արդեն հաջողությամբ ուղևորներ է փոխադրում Երևանից Բաթումի և հակառակ ուղղությամբ, և գրեթե երկու ամսվա շահագործման ընթացքում ոչ մի բողոք չի ստացվել:

Դա զարմանալի չէ. Տվերի վագոնաշինական արտադրանքում ամեն մանրուք կարևոր է: Օրինակ, ստորին դարակները հեշտությամբ կարող են վերածվել հարմարավետ բազմոցների: Վերին դարակները փակված վիճակում համահունչ են ինտերիերի հետ և կարծես պատի մի մասը լինեն: Պատուհաններին կան արևապաշտպան վարագույրներ: Ամենուր կան բազմաթիվ վարդակներ և USB-միակցիչներ, առանց որոնց անհնար է համացանցի և բջջային հեռախոսների դարաշրջանում: Սրահները հագեցած են օդորակիչներով, որոնք ավտոմատ կերպով կառավարվում են ուղեկցորդի նոթբուքից: Իսկ ինչ վերաբերում է զուգարաններին, զուգարանակոնքերը ոսկու նման փայլում են: Վագոններից յուրաքանչյուրում ցնցուղ կա: Ավելորդ է խոսել մաքրող սարքերի միջոցով խմելու ջրի զտման համակարգի մասին (նույն հովացուցիչը, սակայն ներկառուցված ջրամաքրման համակարգով)՝ նորույթ, որը թույլ է տալիս խմել հենց ծորակից: Ամենակարևորը՝  յուրաքանչյուր խցիկում կա անձնական պահարանն. բարձրացնում ես բազմոցի գլխակալը, հավաքում անհրաժեշտ թվային կոմբինացիան և պահարան ուղարկում թանկարժեք իրերն ու գումարը:

Նոր էլեկտրագնացքներում շատ հարմարություններ կան: Շնորհանդեսի ժամանակ ՀԿԵ ներկայացուցիչները հպարտությամբ ցուցադրում էին սահմանափակ ունակություններով մարդկանց համար հարմարությունները` նստարաններ սրահում, որտեղ ուղևորները կարող են առանց խոչընդոտների, հեշտությամբ տեղավորվել հաշմանդամների սայլակները: Սրահներում կան նաև հեծանիվների ամրակներ. հայրենակիցները և հատկապես օտարերկրյա հյուրերը, որոնք սովոր են հեծանվային տուրիզմին, կկարողանան հեշտությամբ ճանապարհորդել մեր երկրում: Եվ որ ամենակարևորն է` անվտանգ:

«ԷՊ2Դ էլեկտրագնացքը համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության ամենախիստ պահանջներին: Շարժակազմը հագեցած է պասիվ անվտանգության համակարգերով (քրեշ-համակարգ): (Աշխատանքը մոտ է ավտոմեքենաների անվտանգության տարրերին, սակայն հարմարեցված է երկաթգծի պայմաններին – խմբ.)», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ: 

Նախագծողները չեն մոռացել նաև էկոլոգիապես մաքուր զուգարանային սարքավորումների, տեղեկատվական ապահովման համակարգերի և միկրոկլիմայի ապահովման մասին: Օրինակ, էլեկտրագնացքում ծխելն արգելվում է. ծխահեռացման համակարգն անմիջապես արձագանքում է ռեժիմի խախտմանը:

«Վստահ եմ, որ մեր ուղևորները կգնահատեն հաճելի նորամուծությունները և կընտրեն երկաթուղին՝ հանրապետությունում ուղևորություններ կատարելու համար», – ասաց ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը Երևանի երկաթուղային կայարանում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ:  

Նա հատուկ ընդգծել է, որ կորոնավիրուսի և սահմանների փակման հետ կապված ոչ մի ժամանակավոր դժվարություն չի խանգարել այս ծրագրի իրականացմանը, էլեկտրագնացքները մատակարարվել են խոստացված ժամկետներում:

Երկու էլեկտրագնացքների ժամանումը Հայաստան նշանակալի իրադարձություն է երկաթուղային փոխադրումների ոլորտում, բայց ոչ միայն տեխնիկական վերազինման առումով:

«Երկու նոր ժամանակակից էլեկտրագնացքների գործարկումը միայն ՀԿԵ-ի հաջողությունը կամ զուտ տնտեսական իրադարձություն չէ` ի շահ ընկերության և Հայաստանի երկաթուղային արդյունաբերության: Իրականում, սա նշանակալից իրադարձություն է հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման համատեքստում, քանի որ հասարակությունը գնահատում է ցանկացած գործունեություն միայն այն բանից հետո, երբ կատարված ներդրումները սկսում են փոխել մարդկանց կյանքի որակը», – գնացքների շնորհանդեսի ժամանակ նշել է Երևանում Ռուսաստանի տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը«Հայաստանի երկաթուղիներով ուղևորափոխադրումների անվտանգության և հարմարավետության բարձրացման հետ մեկտեղ, որքան էլ տարօրինակ և, գուցե, բարձր հնչի, կաճի հասարակության վստահությունը հայ-ռուսական բարեկամության, երկու երկրների տնտեսական հարաբերությունների վաղվա օրվա նկատմամբ: Եվ, իհարկե, դա կբարձրացնի Հայաստանի և Ռուսաստանի միջազգային հեղինակությունը, քանի որ ոչ միայն տեղի բնակիչները, այլև օտարերկրյա քաղաքացիները գործնականում կգնահատեն մատուցվող տրանսպորտային ծառայությունների որակը»:

Ինչ վերաբերում է ոլորտում ներդրումներին, ինչպես նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այս տարի ծրագրվում է երկաթուղային գծի 9.5 կիլոմետրի կապիտալ վերանորոգում, որի համար նախատեսված է մոտ 2 մլրդ 173 մլն դրամ: «Ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ տարեցտարի աճում է ինչպես ֆինանսավորման, այնպես էլ ոլորտում կատարվող աշխատանքների ծավալը: Եվս 15 միլիարդ դրամ ներդրվել է շարժակազմի համալրման, արդիականացման համար», – նշել է Սանոսյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում: Ի դեպ, Ռուսաստանից գնված մեկ էլեկտրագնացքի արժեքը 170 մլն ռուբլի է: Արդյո՞ք նման լուրջ ծախսերը չեն ազդել փոխադրման ինքնարժեքի վրա:

Ընկերությունը նշում է, որ տոմսերը մի փոքր թանկացել են, բայց ոչ ներդրումների պատճառով, այլ շվեյցարական ֆրանկի փոխարժեքի աճի հետ կապված: «Ինչպես աշխարհի այլ երկաթուղային ընկերություններում, այնպես էլ ՀԿԵ սակագները կապված են շվեյցարական ֆրանկի փոխարժեքի հետ: Սակայն ընդհանուր առմամբ դրանք ընդունելի են, ինչը հաստատում են նաև ուղևորները», – ասել է Ալեքսեյ Մելնիկովը Հ1-ի եթերում: Դրա ապացույցը, հավանաբար, երկաթուղային փոխադրումների նկատմամբ հայրենակիցների աճող հետաքրքրությունն է: ՀԿԵ-ի տվյալներով՝ 2020 թվականի առաջին կիսամյակում ընկերությունը քաղաքամերձ հաղորդակցությամբ 137 հազար ուղևոր է տեղափոխել, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ գրեթե 180 հազար ուղևոր՝ ապահովելով 31 տոկոս աճ:

Ընկերությունը մտադիր չէ սահմանափակվել ձեռք բերածով. հաջորդ տարի ՀԿԵ-ն ձեռք կբերի ևս մեկ նոր էլեկտրագնացք և 50 նոր բեռնատար վագոն: Թե որ ուղղությամբ կգործի հերթական գնացքը, դեռևս չի նշվում: Սակայն պետք է ենթադրել, որ սա կլինի առաջին էլեկտրագնացքը, որը կկապի Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքները: Հուլիսի վերջին տեղական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում Ալեքսանդր Մելնիկովը ասաց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր վրացի գործընկերների հետ արդեն քննարկում է Երևանից Թբիլիսի էլեկտրագնացք գործարկելու գաղափարը.

«Նման գնացքով Հայաստանի և Վրաստանի բնակիչները, օրինակ, հանգստյան օրերին կկարողանան այցելել միմյանց: Կարծում եմ, որ այստեղ ունենք ավտոտրանսպորտային միջոցների հետ մրցակցելու բոլոր հնարավորությունները` և՛ գներով, և՛ արագությամբ, և՛ հարմարավետությամբ»: Նախնական հաշվարկներով՝ ճանապարհը կարող է տևել 6-7 ժամ:

Գաղափարը հիանալի է, մնում է սպասել դրա իրականացմանը: Այդ ընթացքում նոր էլեկտրագնացքները փորձարկում են անցնում, որից հետո կսկսվի դրանց շահագործումը: Առաջին ուղևորները կլինեն դպրոցականները: Գնացքների շնորհանդեսի շրջանակներում՝ մոտ 100 սովորողների համար ՀԿԵ-ն կազմակերպել է «Բաց դռների օր» ակցիա: Նրանք ծանոթացան Երկաթուղու թանգարանի նորացված ցուցանմուշներին, ինչպես նաև նոր շարժակազմին: Մոտ օրերս երիտասարդների շրջանում երկաթուղային ոլորտի հանրայնացման նպատակով ընկերությունը դպրոցականների համար նոր էլեկտրագնացքով Երևանից Գյումրի ուղևորություն է կազմակերպելու: Նման ուղևորությունից հետո երեխաներից մեկը գուցե կկողմնորոշվի ապագա մասնագիտության վերաբերյալ և կորոշի դառնալ երկաթուղային ոլոտի աշխատող. հաշվի առնելով ՀԿԵ շարժակազմի համալրումը, ապագայում ոլորտի զարգացման ծրագրերը՝ նոր կադրերի կարիք, հավանաբար, կլինի:

Իրինա Գրիգորյան