Հայաստանում իր հանգուցալուծմանը հասավ ՊՊԾ գնդի գրավման ոդիսականը: Շենքում գտնվող «Սասնա Ծռեր» խմբի 20 մասնակիցները հանձնվեցին ազգային անվտանգության ծառայությանը: Դատելով Հանրապետության Հրապարարակում կայացած ցույցի ընթացքից և դրան հաջորդող երթից կարելի է ենթադրել, որ իշխանությանը հաջողվեց իրավիճակը վերցնել իրենց վերահսկողության տակ:

Բողոքի ցույցը շարունակվում է, բայց ժամանակի հետ մարդկանց թիվը կնվազի, այնուհետև ընդհանրապես կդադարի: Միևնույն ժամանակ` երկրում առկա խնդիրների ֆոնին և դրանք լուծել չկարողացող իշխանության պատճառով, ցանկացած իրադարձություն, լինի դա սակագների թանկացում, կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն, որը հայ հասարակության կողմից կգնահատվի, որպես միակողմանի զիջում, կբերի նոր բողոքի ցույցերի և ներքաղաքական իրադրության անկայունացման:

Որոշ առումներով` Հայաստանում գործում է հեղափոխական այն սկզբունքը, որը ժամանակին ներմուծվեց Վլադիմիր Լենինի կողմից` երկրում բռնությամբ իշխանափոխություն անելը` վերևներում չեն կարողանում, ներքևներում` չեն ուզում: Իսկ իշխանությունը պատրաստ չէ որևէ բարեփոխում անելու և երկրում որակային փոփոխություններ անելու:

Նման իրավիճակի դրդապատճառների մասին շատ է գրվել: Ինչպես նաև այն մասին, թե որքան վատն է ներկայիս իշխանությունը: Միևնույն ժամանակ իշխանության հանդեպ եղած մասսայական դժգոհության առկայության դեպքում էլ ոչ ոք ուշադրություն չի դարձնում Ժիրայր Սեֆիլյանի և նրա կողմնակիցների կողմից առաջադրված թեզիսներին և առաջարկներին: Եվ անհնար է որևէ բացատրություն ստանալ այն մարդկանցից, ովքեր տարածում են անհիմն լուրեր այն մասին, թե իբր Հայաստան են ժամանում ռուսական «Ալֆա»-ն «Սասնա ծռեր» խմբավորման դեմ պայքարելու համար, կամ Ռամզան Կադիրովի կողմից ուղարկված չեչեն գրոհայիններ, կամ առաջնագծում զինվորների մոտ փամփուշտների բացակայության մասին և այլն: Մարդիկ պատրաստ են հավատալ ցանկացած հիմարության:

Սակայն, այս ամենը ավելի մանրակրկիտ վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ ինչ-որ անբացատրելի պատճառով, դրանք միշտ հակառուսական բնույթ ունեն: Վերջերս Հայաստանում նորաձև է դարձել բոլոր խնդիրներում մեղադրել Ռուսաստանին, առանց վերլուծելու, արդյոք Ռուսաստանը պատասխանատվություն է կրում մեր երկրում կատարվող տվյալ իրադարձության համար, թե ոչ:

Հայաստանի և Ռուսաստանի միջև խնդիրներն առանց այդ էլ շատ են (ինչի մասին ինքս շատ եմ գրել) պետք չէ դրանց ավելացնել նաև այն ամենը, ինչը Ռուսաստանի հետ կապ չունի:

Իշխանությունը միշտ խրախուսում է էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացումը, այն դեպքում, երբ Մոսկվան զգալի իջեցնում է Երևանի համար գնված գազի գինը:  Գնաճում մեղավոր է Ռուսաստանը: Թեև «Հայաստանի էլէկտրացանցերը» և «Գազպրոմ-Հայաստանը» հանդիասնում են հայկական ընկերություններ (ռուսական կապիտալով) և գործում են Հայաստանի օրենսդրության համաձայն: Իսկ հայաստանյան իշխանությունը իրենց վրայից պատասխանատվությունը թոթափելու համար փորձում են ամեն ինչ բարդել Ռուսաստանի վրա իրենց վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների միջոցով տարածելով «դա մենք չենք, դա Ռուսաստանն է» բովանդակությամբ նյութեր: Համեմատության համար կարելի է նշել, որ Բելոռուսի իշխանությանը ինչ-որ կերպ հաջողվում է պահպանել ցածր սակագները, չնայած այն բանի, որ օրինակ, գազամատակարարումով այնտեղ նույնպես զբաղվում է «Գազպրոմը»:

ԱՄՆ դեսպանը առաջ է տանում «բաց երկնքի» քաղաքականությունը (ինչի հետ այնքան էլ չի համաձայնեցվում ազգային ավիափոխադրող ընկերության առկայությունը), մրցակցային դաշտում դրա պտուղներից են օգտվում Ռուսաստանի ավիաընկերությունները, որոնք կտրուկ բարձրացրեցին գները: Այստեղ նույնպես «մեղավոր է» Ռուսաստանը:

Անգամ Հայաստանի ոստիկանների կողմից ցույցի մասնակիցների հանդեպ իրականացված չարդարացվաց դաժանությունը քննադատողները չգիտես ինչու նախընտրում են չհիշել, որ նման իրավիճակներում «ամբողը կառավարել» հայ ոստիկաններին սովորեցրել են հենց ամերիկյան մասնագետները: Սա այնքան էլ չի համապատասխանում այն վարկածին, որ ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր: Իսկ թե ինչ են սովորել հայ ոստիկանները իրենց ամերիկացի գործընկերներից, պարզ երևում է Սարի թաղում և Խորենացի փողոցում իրականացրած նրանց գործողություններից:

Այս ամենի վառ ապացույցն է ցույցի ժամանակ Տիգրան Խզմալյանի հնչեցրած ճառը: Պարույր Հայրիկյանի ոգով` նա գտնում էր, որ ամենինչում խառն է «ռուսի մատը» և ՊԱԿ գործակալները: Ոչ ինքը, ոչ էլ նրա կողքին կանգնած որևէ մեկը հարց չտվեցին, թե ինչու չկայացավ գրոհը, որը ըստ իրենց հրահրում է Մոսկվան, այն դեպքում երբ ըստ իրանց մեկնաբանության հայկական իշխանությունը ամբողջովին գտնվում է ռուսների վերահսկողության տակ: Բայց նման դեպքերում ռուսական իշխանությունը երկար չի սպասում և արդեն վաղուց գրոհած կլիներ, անգամ պատանդների մահվան սպառնալիքով:

Ինչևէ Խզմալյանի քաղաքական հայացքների հետ ամեն ինչ պարզ է, այստեղ անհանգստացնում է մեկ այլ տենդենց: Ղարաբաղյան հակամարտության հարցում զիջումների չգնալու կոչեր են անում ամենաշատը նրանք, ովքեր միաժամանակ առաջ են տանում հակառուսական կոչերը, չհասկանալով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ վատթարացումը կբերի ոչ միայն զիջումների այլև, հնարավոր է` Լեռնային Ղարաբաղի կորստի: Եվ ամենավտանգավորն այն է, որ նման գաղափարներ առաջ են տանում մարդիկ, ում ժողովուրդը հերոսներ է համարում: Օրինակ` Ժիրայր Սեֆիլյանը իր երեկվա ճառով մի կողմից առաջարկեց քայլեր անել, որոնք անկասկած կբերեն Ադրբեջանի հետ պատերազմի (ԼՂՀ և Հայաստանի միավորում), իսկ մյուս կողմից` դուրս անել ռուս սահմանապահներին, հետագայում էլ նաև Գյումրիի ռազմաբազան:

Վերջերս ես մասնակցում էի Գրոզնիում Ա.Մ. Գորչակովի անվան հասարակական դեմոկրատիայի աջակցության ֆոնդի կողմից կազամակերպված «Կովկասյան երկխոսությունում», որտեղ հաջողվեց զրուցել ադրբեջանցի քաղաքագետների և լրագրողների հետ: Պետք է նշեմ, որ իրենք էլ ոչ մի սպասելիքներ չունեին ղարբաղյան հակամարտության վերաբերյալ կատարվող բանակցություններից: Եվ սա ավելի ամրապնդեց վստահությունն այն բանում, որ պատերազմը անխուսափելի է և դրան պատրաստվում են երկուստեք: Իսկ սա, իր հերթին, ստիպում է ավելի մեծ տագնապով մոտենալ «ռուսական գաղութականացումը խանգարում է Հայաստանի զարգացմանը», «արևմուտքը մեզ կօգնի» գաղափարախոսություններին: Թե ինչպես օգնեց արևմութտքը Ուկրայինայի կամ Վրաստանի տարածքային ամբողջկանության պահպանմանը, կարծում եմ, հիշեցնելու կարիք չկա:

Հայ-ռուսական հարաբերությունները կորեկցիայի կարիք ունեն, և դա անվիճելի է: Սակայն չափից շատ ռուսամետ ուրվագծից ավելի վտանգավոր է չափից շատ հակառուսական տրամադրվածությունը: Քանի որ այն, ինչ առաջարկում է Ռուսաստանը, այն է` էժան զինամթերք, և երաշխիք, որ Ադրբեջանի դաշնակից Թուրքիան չի խառնվի կոնֆլիկտին, դեռ ոչ մի ուրիշ երկիր չի կարող տալ:

Հայ քաղաքական գործիչները և իշխանությունը պետք է հայամետ լինեն: Իսկ դա ենթադրում է բարենպաստ և դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ` չմոռանալով միևնույն ժամանակ այլ երկրների հետ հարաբերույթունների զարգացման մասին` ԱՄՆ, ԵՄ, Իրան և Չինաստան: Իսկ այն մասին, որ լինելով ՀԱՊԿ և Եվրասիական տնտեսական միության մեջ և ունենալով Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ, կարելի է հանգիստ քաղաքականություն վարել` հենվելով սեփական ազգային շահերից, ապացուցում են Ղազախստանը և Բելոռուսը:

Պատրաստեց Հայկ Խալաթյանը