«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը հրատարակել են հոդվածների ժողովածու «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակն ու տեսանելի հեռանկարները» վերնագրով (Երևան, «Նահապետ» հրատարակչություն, 92 էջ, տպաքանակը՝ 500 օրինակ):

Հրատարակությունն իրենից ներկայացնում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում ներդրում ունեցող հայ հայտնի քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև առաջատար փորձագետների հեղինակային հոդվածների ժողովածու այդ դաշինքի գործերի ներկա վիճակի և զարգացման տեսանելի հեռանկարների վերաբերյալ: Ներկայացված են նաև փորձագիտական կարծիքներ դաշինքի կատարելագործման խնդիրների մասին:

Կազմողն ու նախաբանի հեղինակը «Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն է: Գլխավոր խմբագիրը Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն է:

Արժեքավոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի VIII գումարման առաջին նստաշրջանին առընչված այս հրատարակությունը կոչված է երկրի առաջատար քաղաքական և հասարակական շրջանակներում խթանելու հետագա քննարկումներ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինքի որակական նորացման հասունացած հարցերի վերաբերյալ:

Ժողովածուն հասցեագրված է քաղաքական ու հասարակական գործիչներին, փորձագետներին, լրագրողներին, դասախոսներին, ասպիրանտներին և ուսանողներին, որոնք հետազոտում են քաղաքական, տնտեսական գործընթացներն ու միջազգային հարաբերությունները, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակին: 

Լույս ընծայման առաջին օրն իսկ այս գիրքը տարածվել է առաջատար քաղաքական ուժերի, հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների շրջանում, առաջատար հայկական ԶԼՄ-ներում: Բավարար քանակով այն տարածվել է նաև Հայաստանի խոշորագույն գրադարաններում: Հրատարակիչները հույս ունեն, որ հոդվածների այս ժողովածուն աշխույժ արձագանք կառաջացնի հայ և ռուս հասարակություններում: