Հունվարի 15-ին ռուս հայտնի գրող, դրամատուրգ և դիվանագետ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի 225-ամյակի կապակցությամբ Երևանում տեղի ունեցավ նրան նվիրված հուշարձանին ծաղիկներ դնելու արարողություն: Ակցիայի կազմակերպիչներն էին Հայաստանում ՌԴ դեսպանությունը և Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը:

Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի և այլ երկրների գրականագետների, բուհերի և դպրոցների դասավանդողների, դիվանագետների միությունների, էթնոմշակութային, գրադարանային և այլ կազմակերպությունների կողմից 2020 թվականը ճանաչվել է Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի միջազգային տարի:

Ակցիային միացան գրողներ, լրագրողներ, ուսուցիչներ, ուսանողներ Հայ-Ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտից, Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղից և այլ հաստատություններից, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց թվում էին ռուս հայրենակիցները, «Հայրենասեր երիտասարդության միավորում» հայկական ՀԿ-ն, սոցիալական ծրագրերի աջակցության ռուսական Ազգային ֆոնդը և այլն:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը անդրադարձավ պատմությանն ու պատմեց այն մասին, որ Գրիբոյեդովը կռվել է XIX դարի սկզբին` ռուս-պարսկական պատերազմի տարիներին, ազատագրել է Երևանյան բերդը, ինչի համար էլ պարգևատրվել է կայսեր կողմից:

«Մինչև այժմ Հայաստանում հիշում են նրա ներդրումն ու նշանակությունը: Հաճելի և ուրախալի է այսօր տեսնել երիտասարդ շատ դեմքեր: Դա հաստատում է, որ Ալեքսանդր Սերգեևիչի հիշատակը, հայ ժողովրդի հիշողությունը կպահպանվեն, և նա դեռ երկար կմնա մեր սրտերում ու մտքերում»: 

ՀՀ խորհրդարանի պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը Գրիբոյեդովին համարում է հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ` հիշեցնելով, որ բանաստեղծի արձանը Երևանում տեղադրվել է ուղիղ 45 տարի առաջ:

Սանդիկովը հիշեցրեց, որ 2020 թվականը հայտարարվել է Գրիբոյեդովի տարի, որի առիթով Հայաստանում կանցկացվեն տարբեր միջոցառումներ` նվիրված նրա հոբելյանին:

«Իրականում այս միջոցառումները սկսել ենք դեռևս անցյալ տարվա աշնանը Գրիբոյեդով գյուղում, որտեղ հիմնվել է հայ-ռուսական բարեկամության այգի, բացվել է ռուսական դասարան, բայց չենք պատրաստվում դրա վրա կանգ առնել»:

«Գրիբոյեդովի տարի» ակցիայի շրջանակներում Երևանում Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնը ծրագրում է միջոցառումների շարք, որոնց թվում են կլոր սեղաններ, ֆլեշմոբներ և այլն:

«Գրիբոյեդովի տարի» ակցիայի նախաձեռնողներն ու իրականացնողներն են Պետերբուրգի մի շարք կազմակերպություններ, բուհեր, գրադարաններ և այլ հաստատություններ: «Գրիբոյեդովի տարի» ակցիայի կազմակերպչական կոմիտեի ղեկավարն է «Պետերբուրգի «ПАРМО-1975» հայկական համայնք» ՀԿ-ի խորհրդի նախագահ, «Ռուսաստանի սփյուռքի միություն» ՀԿ-ի փոխնախագահ, իրավապաշտպան ու լրագրող Անտուան Առաքելյանը (Սանկտ Պետերբուրգ): «Գրիբոյեդովի տարի» ակցիայի կազմակերպչական կոմիտեի պատասխանատու քարտուղարն է լրագրող, գրող, Երևանում Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի քարտուղար Ելենա Շուվաևա-Պետրոսյանը: