Հոկտեմբերի 9-ին «Դվին» հյուրանոցային համալիրի ցուցասրահում բացվեց «Մեծ հաղթանակի դեմքերը» լուսանկարչական ցուցահանդեսը։ Միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվո-ի ներկայացուցչությունը (Երևանում Ռուսական տունը)՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան աջակցությամբ, «Թովմասյան» միջազգային հիմնադրամի հետ եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ, անցավ պատշաճ մակարդակով։ Դրա վկայությունը ոչ միայն մեծաթիվ լսարանն էր ու տոնի ընդհանուր մթնոլորտը, այլ ամենակարևորը՝ ուրախությունը մեր վետերանների աչքերում։ Բացի Հայաստանի 110 վետերանների եզակի լուսանկարներից, կարելի էր տեսնել և շփվել Հայրենական մեծ պատերազմի կենդանի լեգենդների հետ։

Այս նախագիծը լուսանկարիչ Տաթև/Ազատուհի Մնացականյանի լայնածավալ աշխատանքի արդյունքն է, ով շրջել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներով ու գյուղերով և լուսանկարել վետերաններին՝ պատմության մեջ նրանցից յուրաքանչյուրի կերպարը պահպանելու համար: Կատարված աշխատանքի մասին մեզ հետ զրույցում նրա աչքերին արցունքներ հայտնվեցին. «Այս աշխատանքը պետք է ներկայացնեինք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնակատարության 75-ամյակին։ Չստացվեց… Եվ, ցավոք, հերոսներից շատերն այլևս ողջ չեն… Բայց նրանք մեզ հետ են լուսանկարչական դիմանկարների շնորհիվ: Խոնարհվում ենք մեր վետերանների առաջ և երախտապարտ ենք նրանց ամեն ինչի համար»:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր խոսքում ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը.

«Երևանում բացված «Մեծ հաղթանակի դեմքերը» լուսանկարչական ցուցահանդեսը ոչ միայն հարգանքի տուրք է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, այլև պատմական հիշողությունը պահպանելու, նոր սերունդներին այդ իրադարձությունների մասին ճշմարտությունը փոխանցելու միջոց։

Նա նշել է, որ նման իրադարձությունները տարիների ընթացքում ավելի մեծ արժեք են ձեռք բերում. «Որքան հեռվանում ենք Հայրենական մեծ պատերազմի այդ ողբերգական ու մեծ օրերից, այնքան ավելի լավ ենք հասկանում դրա նշանակությունը և ավելի երախտապարտ ենք ձեզ՝ նրանց, ովքեր առանց իրենց խնայելու, մեզ համար Հաղթանակ են դարբնել։ Երախտապարտ ենք ձեզ»: Պարոն Կոպիրկինը նաև հիշեցրել է, որ նշվում է ոչ միայն պատերազմի սկզբի 80-ամյակը, այլև Հայրենական մեծ պատերազմի մեծ ճակատամարտերից մեկի՝ Կովկասի համար ճակատամարտի ավարտի տարեդարձը։

«Սա մեկն է այն մարտերից, որը մոտեցրեց մեր ընդհանուր հաղթանակը։ Հիշելով այդ իրադարձությունները՝ մենք, իհարկե, դասեր ենք քաղում անցյալից: Տեղի ունեցածը ողբերգություն է, որը երբեք չպետք է կրկնվի։ Ուստի շատ կարևոր է պահպանել այդ իրադարձությունների հիշողությունը, դրանց մասին ճշմարտությունը փոխանցել նոր սերունդներին։ Եվ դուք դրա կենդանի հիշողությունն եք, շնորհակալ եմ»:

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն իր հերթին նշել է. «Սիրելի՛ վետերաններ, դուք հաղթեցիք Հայրենական մեծ պատերազմում: Բոլոր սերունդները միշտ հպարտացել ու հպարտացել են ձեզնով, ձեր հաղթանակով։ Շատ կցանկանայի, որ դառնայիք վետերանների վերջին սերունդը, ում առաջ մենք կխոնարհվեինք, որպեսզի ձեր փառավոր պատմությամբ փակվեր պատերազմների էջը։ Մաղթում եմ ձեզ առողջություն, երկարակեցություն, սիրում ենք բոլորիդ»։

Ելույթներից հետո Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը խորին շնորհակալություն է հայտնել լուսանկարիչ Տաթև Մնացականյանին և կազմակերպության անունից նրան շնորհակալագիր հանձնել։

Այնուհետև սկսվել է միջոցառման հիմնական մասը. ներկաները որոշ ժամանակ դեմ առ դեմ հայտնվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հետ… Ոմանք շունչը պահած, ոմանք մեծ երախտագիտության զգացումով էին դիտում եզակի լուսանկարները, որոնք հաղթանակի ողբերգական ճանապարհի մի մասն են: Որքա ՜ ն քաջություն կա մեր վետերանների աչքերում: Նրանք, կարծես, նայում էին ներկաներին և ասում. «Հերոս չեն ծնվում, հերոս դառնում են: Միշտ առա՛ջ»: Եվ որքան ուրախալի էր միջոցառման ժամանակ նրանց ողջ տեսնելը։

Երկու կենդանի լեգենդներ համաձայնեցին զրուցել Dalma News-ի թղթակցի հետ:

Աղվան Խաչատուրի Պողոսյան՝ ծնված 1922 թ.: Վետերանի խոսքով՝ երբ պատերազմը սկսվեց, նա արդեն մի քանի ամիս ծառայել էր բանակում. «1941 թվականին մեզ՝ շարքային զինվորներիս, պլանային վարժանքների համար տեղափոխեցին Ուկրաինա։ Ոչ ոք չէր կարող մտածել, որ գիշերը պատերազմ կսկսվի… Դնեպրոպետրովսկի ճակատամարտը մնաց իմ հիշողության մեջ: Մենք կործանարար դիմադրություն ցույց տվեցինք հակառակորդին՝ չնայած մեր կողմից կրած բազմաթիվ կորուստներին։ Ես այնտեղ կոնտուզիա ստացա»: Հետագայում, որպես կրակային վաշտի հրամանատար, Աղվան Պողոսյանը մասնակցել է ճապոնական Քվանտունյան բանակի ջախջախմանը: Պատերազմից հետո վերադարձել է Հայաստանի Կոտայքի մարզի հայրենի Ամարուս գյուղ։ Այնտեղ ստացել է նախնական կրթությունը և ամուսնացել։ Այն հարցին, թե ինչ ապրումներ ու հույզեր է ունեցել, երբ ստացել է Հաղթանակի լուրը, պատասխանեց. «Աննկարագրելի ուրախություն էր»։

Անդրանիկ Մեսրոպի Գևորգյանը

Անդրանիկ Մեսրոպի Գևորգյանը ծնվել է 1921 թվականին Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։ Նա լեգենդար Թամանյան դիվիզիայի միակ փրկվածն է: «1943 թվականի դեկտեմբերին մեր դիվիզիան կատաղի մարտերի մեջ մտավ Կերչ-Էլտիգենի դեսանտային գործողության ընթացքում գրավված պլացդարմը պահելու և և Կերչի թերակղզին ազատագրելու համար։ Ապրիլի 11-ին սկսված Ղրիմի հարձակողական գործողության ընթացքում Կերչն ազատագրվեց։ Սակայն առանձնահատուկ հիշարժան օր էր Բալակլավայի, իսկ հետո՝ Սևաստոպոլի ազատագրումը։ 1944 թվականին մեր դիվիզիան ֆաշիստներին դուրս մղեց Գոռնայա բարձունքից և Կազաչյա ծոցից։

Աղվան Խաչատուրի Պողոսյան

Դա կատաղի կռիվ էր թշնամու հետ»։ Անդրանիկ Գևորգյանի համար առաջին և նշանակալից հաղթանակը Ստալինգրադում տարած հաղթանակն էր. «Այդ օրը մեր դիվիզիան տեղակայվեց Կազբեկ լեռան վրա։ Չեք կարող պատկերացնել իմ զգացողությունները, երբ գերմանացիների ջախջախիչ պարտության մասին լուրերը սկսեցին հեռարձակվել ռադիոյով: Չէ՞ որ մերոնք այնտեղ հերոսաբար դիմադրում էին»։

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին բազմաթիվ երիտասարդներ։ Հաճելի էր տեսնել, որ մեր երիտասարդները հարգանքով են վերաբերում պատմության մեծ էջին։ Այս թեմայով զրուցեցինք Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Նրա խոսքով՝ հարգանքի տուրքը, որ մենք այսօր մատուցում ենք վետերաններին, արվում է ինչպես ավագ սերնդի, այնպես էլ երիտասարդության համար.

«Շատ կարևոր է, որ չմոռանանք մեր պապերի ու տատերի, նախապապերի ու նախատատերի սխրագործությունները։ Նրանք շատ բան տվեցին, որպեսզի մենք ապրենք և հիշենք այս իրադարձությունները։ Աշխարհում շատ բան է փոխվում և զարգանում… Ժամանակն անցնում է, և վտանգ կա, որ այդ մասին հիշողությունը կջնջվի: Հրապարակումներ են հայտնվում այն մասին, ինչը տեղի չի ունեցել: Նման հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և հակասում են պատմական ճշմարտությանը։ Պետք է այնպես անենք, որ այդ իրադարձությունների հիշողությունն ու ճշմարտությունը պահպանվի։ Կարծում եմ, որ դա անհրաժեշտ է առաջին հերթին երիտասարդներին, քանի որ նրանց համար շատ դժվար կլինի ապրել ապագայում, առանց այն էլ բարդ աշխարհում՝ չհիշելով անցյալի դասերը, չպահպանելով և չդարձնելով դրանք ավելի լավն ու ավելի բարին։

Նշենք, որ լուսանկարչական ցուցահանդեսը տևելու է մեկ շաբաթ։

Հասմիկ Բակունց