Երբ գալիս է ձյունը

Ձմեռները Երևանում լինում են տարբեր… Լինում են ձմեռներ, երբ  ձյուն էլ չես տեսնում, միայն անձրև ու անձրև, ծիրանենին քիչ է մնում ծաղկի հենց փետրվարին, արևոտ, սակայն ցուրտ ձմեռներ էլ կան: Սակայն այս տարվա անցած ձմռան մասին ավելի լավ կլինի չհիշեցնել. երեք ամիս շարունակ քաղաքի վրա կախված մնաց մառախուղը, տեղաց առատ ձյուն, իսկ ջերմաչափի գծիկն ասես սոսնձված լիներ -10-11˚թվացույցին: Բայց գարունն իհարկե եկավ, հեռացավ վերջապես փողոցներում տիրող անտանելի վիճակը, հալվեց նաև սառցադաշտի վերածված քարե ձյունը, որը, կարծես մինչև հունիս հալվել չէր պատրաստվում…

… Իսկ անկարգությունը ոչ-ոք չվերացրեց

Այս տարվա ձմռան ու փողոցների մասին դեռ երկար են խոսելու: Խստաշունչ ձմեռը հերթական անգամ մերկացրեց ոչ միայն քաղաքապետարանի՝ քաղաքով չզբաղվելու ցանկությունը, այլ նաև այն համապատասխան ծառայությունների, որոնք ստեղծված են հենց այդ նպատակով: Սա ընդամենը ցանկության բացակայություն էր, քանի որ մեր մուծած հարկերը գնում են տարբեր, երբեմն էլ ոչ այնքան հասկանալի տոնակատարությունների կազմակերպման վրա, իսկ հենց գալիս է որոշակի հստակ հարցերով զբաղվելու օրավուր անհրաժեշտությունը, բոլորը ետ են կանգնում:

Ереван, зима, прохожие

սառույցի պատճառով կոտրված ու վնասված մեքենաներ կան ոչինչ չանող քաղաքապետարանի խղճին, միայն ենթադրել կարելի է, քանի որ հստակ թվեր մենք չգիտենք: Կենտրոնական փողոցները դեռ մաքրվում էին, այն էլ ինչպես՝ բարակ շերտով մաքրված ու կարմիր ավազի հաստ շերտով լցված հատվածով անցնում էին մարդիկ ու չէին սայթաքում, բայց ահա դիմացից եկողին ճանապարհ տալն արդեն խնդիր էր դառնում: Ու այդ ամենը դեռ այն դեպքում, երբ քաղաքապետարանի կողմից սպասվելիք ձմռան ու դրա հետ կապված դժվարությունների մասին թարմ-թարմ զեկույցները հայտնվեցին դեռ սեպտեմբեր-հեկտեմբեր ամիսներին: Նոյեմբերի հենց սկզբին տեղաց առաջին ձյունը, ու քաղաքապետն անձամբ ստուգումներ իրականացնելու նպատակով այցելեց «Սանիթեք» ընկերություն, որի վրա էլ հիմնականում դրված է քաղաքը մաքրելու պարտականությունը: ԶԼՄ-ներն ու Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացրին Տարոն Մարգարյանի արագ արձագանքի մասին. «Երևանի քաղաքապետն իրականացրեց չնախատեսված այց՝ «Սանիթեք» ընկերության գրասենյակ՝ ձյունամաքրման նախապատրաստական աշխատանքների վերահսկման նպատակով: Քաղաքապետն ուսումնասիրեց ընկերության ավտոպարկը, ծանոթացավ ձմեռային ժամանակաշրջանի նախօրեին կատարվող նախապատրաստական աշխատանքներին ու գնահատեց տեխնիկական ապահովության վիճակը»:

«Սանիթեք» ընկերությունը, որի վրա դրված է սանիտար մաքրման ու ձնամաքրման աշխատանքների ֆունկցիան, եղանակային պայմանների փոփոխման հետ կապված տարածեց ձմեռային ռեժիմի անցնելու հաղորդագրություն: Ընկերությունը երաշխավորում էր, որ համապատասխան քայլեր են արվում՝ ձմեռային ժամանակահատվածի բնականոն աշխատանքների իրականացման համար, մասնավորապես՝ պատրաստ վիճակում են գտնվում ձնամաքրման 33 միավոր տեխնիկան, ավելի քան 400 աշխատակից՝ փողոցներն ամեն օր ձնից մաքրելու համար, իսկ փողոցների ու մայթերի մաքրման նպատակով պահեստավորված է ավելի քան 2000 տոննա աղ:

Այն, որ պատրաստված ու պահեստավորված է, դա լավ է, բայց ո՞վ պետք է ստուգի, թե 33 միավոր ձնամաքրման տեխնիկան արդյո՞ք բավարար է բարդ ռելիեֆ ունեցող միլիոնանոց քաղաքի համար: Կամ թեկուղ երկու տոննա աղը… Վերոհիշյալ կարմիր ավազը նույնպես այս ձմռան ընթացքում ամբողջովին օգտագործվեց՝ կոշիկների հետ միասին մուտք գործելով յուրաքանչյուր երևանցու տուն: Բայց այդ ավազը մեքենաների պատճառով անմիջապես ցրվում էր՝ կրկին բացելով սառույցի հաստ շերտը:

Тарон Маркарян - визит в компанию Санитек

Իսկ սառույցն այդ շատ նենգ է, հատկապես եթե այն ցողվում է թարմ ձյան շերտով: Բալետային անհավանական «պա»-երն արդեն սովորական երևույթներ էին քաղաքապետարանի կողմից այսպես կոչվող «երկրորդական» ճանապարհների կամ բակերի անցումներին: Իսկ փողոցի «երկրորդականությունը» որոշելը շատ հեշտ է. «առաջնային» են համարվում Փոքր կենտրոնի տասնյակ փողոցները, իսկ մնացածն արդեն «երկրորդական» են: Ընդ որում, եթե փողոցը երկար է, այնպես ինչպես օրինակ Խորենացին, ապա այն նույնպես բաժանվում է ըստ իր կարևորության աստիճանի՝ մաքրվում է միայն Փոքր կենտրոնով անցնող նրա հատվածը:

Մի հավատա տեսածիդ

Միայն այն ժամանակ, երբ քաղաքն արդեն ամբողջովին ծածկված էր ձնով, 2016 թ. առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը անդրադարձավ ձնից ու աղբից փողոցների մաքրման կազմակերպման հարցին՝ արտահայտելով իր դժգոհությունը «Սանիթեք» ընկերության ու քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ղեկավարների վերահսկման աշխատանքների վերաբերյալ:

«Բոլորին հայտնի է, որ «Սանիթեք» ընկերությունը քաղաքում իրականացնում է ոչ միայն աղբահանման աշխատանքներ, այլ հանդիսանում է նաև ձյան մաքրման աշխատանքների պատասխանատուն: Եվ մենք բոլորս դժգոհ ենք ընկերության կատարած աշխատանքից: Քաղաքում այդ աշխատանքների պակասն զգացվում է: Չնայած պետք է նշել, որ երեք օրվա ընթացքում տեղացող ձյան ամսական նորման պետք է որ ստեղծեր խնդիրներ: Սրա հետ կապված՝ քաղաքապետարանի համապատասխան մարմիններին ես հանձնարարում եմ մասնակցել այդ աշխատանքներին ու օգնել ընկերությանը, չնայած այն հանգամանքին, որ մեր պարտականությունը միայն այդ աշխատանքները վերահսկելն է»,- համաձայն քաղաքապետարանի մամլո-ծառայության տված տեղեկատվության՝ այսպես խոսեց այն ժամանակ Մարգարյանը, ավելացնելով, որ արդեն արտահայտել է իր դժգոհությունը ընկերության ղեկավարությանը:

Քաղաքապետը հատուկ առանձնացրեց Էրեբունու վարչական շրջանը, որտեղ աշխատանքների բացարձակ ձախողման համար մի շարք պատասխանատու անձիք նկատողության արժանացան, հանձնարարվեց իրականացնել այդ շրջանում աղբահանման ու ձնամաքրման աշխատանքներն իրականացնող ընկերության ֆինանսավորման վերանայում: Հետտոնական օրերին աղբահանման աշխատանքների վերաբերյալ քաղաքապետարանը նույնպես իր դժգոհությունը հայտնեց «Սանիթեք» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին: «Այն, որ այս օրերին աղբահավաքման աշխատանքներն ամենացածր մակարդակի են եղել, քննարկման ենթակա չէ: Ու ես հայտնում եմ իմ դժգոհությունը ոչ միայն «Սանիթեք» ընկերությանը, այլ նաև վարչական շրջանների ղեկավարներին, որոնք պետք է վերահսկեին գործընթացը, սակայն իրենց պարտականությունը չեն կատարել»,- բարկացած ասաց նա:

Դրանից հետո քաղաքապետարանի պատասխանատու անձիք սկսեցին բոլորին հավաստիացնել, որ փողոցների ձնամաքրման աշխատանքները կատարվում են ժամանակին ու մեծ արդյունավետությամբ: Իսկ երևանցիները հիշում էին Կոզմա Պրուտկովի այն արտահայտությունը, որ եթե հանկարծ փղի վանդակին կարդաս «գոմեշ» գրությունը, մի հավատա աչքերիդ:

Աշխատանքի շտապելիս 30-40 րոպե գերի մնալով քաղաքի խաչմերուկներում խցանման մեջ հայտնված երթուղայինների ու ավտոբուսների մեջ, նրանք չէին էլ հավատում: Իսկ պատկերը մխիթարական չէր: Ու հերթական անգամ կարելի է համոզվել, որ Երևանի քաղաքապետարանի ու անձամբ քաղաքապետի աշխատանքի գնահատականի համար միայն առատ ձյան պետք է սպասել:

Փետրվարի կեսերին, երբ մենք բոլորս օր առ օր սպասում էինք տաքացումներին, քաղաքապետն անողոք պայքար հայտարարեց սառցալեզվակների դեմ: Մարգարյանը համապատասխան անձանց ու վարչություններին  հանձնարարեց առավելագույնս ու պատշաճ կերպով կազմակերպել բազմաբնակարան շենքերի ու հասարակական շինություններից սառցալեզվակների ու ձյան հեռացումը:

«Համագործակցեք ԱԻՆ-ի ու վարչական շրջանների ծառայությունների հետ, պատշաճ կերպով կազմակերպեք ու անցկացրեք այդ աշխատանքները: Խիստ կերպով հետևեք, որ համատիրությունները նույնպես կատարեն իրենց աշխատանքներն ու չսպասեն, որ ուրիշ մեկն իրենց փոխարեն իրենց պարտականությունը կկատարի: Աշխատանքի նման մոտեցումն ուղղակի անընդունելի է, հատկապես, եթե հաշվի առնենք այն, որ դա կարող է անկանխատեսելի հետևանքների բերել»,- ընդգծեց քաղաքապետը: Նաև խոսվեց ջրատարների տեխնիկական վիճակի մասին՝ դրանք հարկավոր է ստուգել:

Իրականում, եթե տանիքներն էլ մաքրվեցին ու սառցալեզվակներն էլ հեռացվեցին, ապա միայն բնակիչների ջանքերով, համենայն դեպս այդպես էր բազմաբնակարան շենքերում: Բայց, քանի որ ամեն տեղ չէր գտնվում այնպիսի մի կտրիճ, ով սահող տանիք կբարձրանար, այդ դեպքերն էլ էին հազվադեպ:

Հետո սկսվեց անհանգստությունների այն ալիքը, որ եթե եղանակային տաքացումները կտրուկ լինեն, քաղաքը կարող է ենթարկվել հեղեղումների պես մի բանի: Արդարության համար պետք է ասել, որ սովորաբար նման խոսակցությունները լինում են չափազանցված, սակայն մի երկու օրվա ընթացքում հալեցումներից գոյացած ջրերը կարող էին նման մի բան առաջացնել, որովհետև խցանված դրենաժները դժվար թե գործելու ի վիճակի լինեին: Բարեբախտաբար ձյունը հալվեց բավական դանդաղ, և բացի մայրաքաղաքային ասֆալտի մեծ ու փոքր փոսերից, ուրիշ ոչ մի տեղ այն չկուտակվեց:

Եվ ահա, ձյունը հալվեց, ու իր ողջ հմայքով մեկ մի այլ խնդիր ի հայտ եկավ: Լույս աշխարհ դուրս եկան հսկա աղբակույտեր, որոնք ծածկված էին սկզբում ձյան հաստ, իսկ հետո նաև սառցե ծածկոցով: Անկեղծ ասած որոշ տեղերով անցնելն ուղղակի տհաճ էր: Եվ նույն այդ «Սանիթեքը», որին պետք է ըստ արժանվույն գնահատել՝ օպերատիվ կերպով աղբամաններն ու բարձրահարկերի աղբատարերը դատարկելու համար, նույնիսկ չմտածեց այն մասին, որ կարելի է զբաղվել փողոցների աղբահանությամբ: Մաքրվեցին ընդամենը Փոքր կենտրոնի տխրահռչակ, «առաջնային» փողոցները…

Снег растаял, а под ним...

Հիշում եմ, թե ինչպես էր խորհրդային հեռուստատեսությունը ցույց տալիս իտալական քաղաքների մասին պատմող հաղորդումներ, որտեղ հաճախ էին գործադուլ անում այն ժամանակների աղբահանման ծառայությունները: Ամեն տեսակ աղբով լցված Հռոմի ու Նեապոլի փողոցներն այնպիսի վատ տպավորություն էին ստեղծում, որ միայն սարսափելի երազում մենք կարող էինք տեսնել, որ նման պատկեր մի օր կլինի նաև մեր սիրելի քաղաքում:

Այնպես որ հիմա ամռանը մի փոքր կհանգստանանք, իսկ աշնանն էլի կլսենք ձմռանը դիմակայող քաղաքապետարանի ու կոմունալ ծառայությունների պատրաստվածության մասին, ու անհամբեր կսպասենք՝տեսնես նորի՞ց ձյան մտքով կանցնի մեր քաղաք այցելել…

Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը