Ակնհայտ է, որ վերջին շրջանում ավելի նկատելի են դարձել Ռուսաստանի հասցեին հայկական իշխանությունների կողմից հարձակումները։ Բարձրագույն և բարձր իշխանության ներկայացուցիչների մակարդակով պարբերաբար հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են բանակցային գործընթացում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերին։ Մերձիշխանական և արևմտամետ տեղեկատվական ռեսուրսները միաժամանակ հակառուսական տրամադրություններ են բորբոքում հայ հասարակության մեջ՝ հաճախ ապատեղեկատվական կամ մանիպուլյատիվ բնույթի թեզեր տարածելով։ Այս ամենն ուղեկցվում է նաև իշխանական պատգամավորների և բարձրաստիճան պաշտոնյաների սադրիչ հայտարարություններով, որոնք պարբերաբար ռուս-հայկական հարաբերությունների վերաբերյալ կասկածելի հայտարարություններով են հանդես գալիս։ Փորձենք պարզել այս ամենը:

Ի՞նչ է տեղի ունենում

Գաղտնիք չէ, որ Հարավային Կովկասում 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ակտիվ առճակատում սկսվեց աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոնների միջև։ Տարածաշրջանն ինքնին շատ կոնֆլիկտային է, և տարածաշրջանային հիմնական խաղացողները քաջ գիտակցում են, որ հենց այժմ որոշվում է Հարավային Կովկասի ճակատագիրը, և նոր հաստատվող ստատուս քվոն արդեն երկար կպահպանվի։

Տարածաշրջանում ընթացիկ գործընթացները զգալիորեն արագացել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և հատուկ ռազմական գործողության հարցերով Ռուսաստանի զբաղվածության պատճառով։

Դրա ֆոնին հավաքական Արևմուտքը որոշեց մեկնարկել Հարավային Կովկասի ապակայունացման գործողությունը՝ հետապնդելով երկու կարևոր նպատակ՝ Ուկրաինայից հետո երկրորդ ճակատ ստեղծել Ռուսաստանի համար և դուրս մղել նրան տարածաշրջանից, ինչպես նաև նեղացնել օղակը Իրանի շուրջ և իրականացնել Թեհրանի հետ կապված իր վաղեմի ծրագրերը։ Հենց այս համատեքստում է պետք դիտարկել տարածաշրջանային ընթացիկ իրադարձությունները և Հայաստանի քաղաքական ղեկավարության արտաքին քաղաքական շրջադարձերը։

Անկասկած, Արևմուտքն իր արտաքին քաղաքական խնդիրներն իրականացնելիս չի կարող որպես գործիք չօգտագործել տարածաշրջանի երկրները։ Հայաստանն ու Ադրբեջանը այսօր, ցավոք, վերածվում են զենքի, որի միջոցով Արևմուքը լուծում է իր խնդիրները։ Նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել ԱՄՆ-ի և ԵՄ-ի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման և ընդհանուր առմամբ Երևանի ու Բաքվի միջև բանակցային գործընթացում։ Հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի ճակատագիրը քիչ է մտահոգում Արևմուտքին, քանի որ այստեղ լուծվում են համաշխարհային լուրջ խնդիրներ։

Այսօր Հայաստանի իշխանությունները գտնվում են Արևմուտքի տոտալ ճնշման տակ, որպեսզի պաշտոնական Երևանը արտաքին ուժերին անհրաժեշտ քաղաքականություն վարի։ Այս քաղաքականության վերջնական արդյունքը Երևանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունն է դեպի Արևմուտք։

Այս համատեքստում է պետք դիտարկել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների ղեկավարների վերջին այցերը Հայաստան։

Հայաստանի գործողությունները

Հենց վերը նշվածի համատեքստում են Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ վարում այն քաղաքականությունը, որի ականատեսն ենք այսօր։ Դրա մասին են վկայում նաև Հայաստանի տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումը, որոնք պետք է տեղի ունենային այս տարի, և հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական խմբից հրաժարվելը։ Փոխարենը Երևանն ընդունել է ԵՄ քաղաքացիական առաքելության ծառայությունները, որը շուտով Հայաստան կժամանի 2 տարով։

Այս ամենի ցուցիչ է նաև այն, որ Փաշինյանն իր վերջին մամուլի ասուլիսում խոսեց Ղարաբաղի ռուս խաղաղապահներին միջազգայիններով փոխարինելու անհրաժեշտության մասին։ Հայաստանի վարչապետն էլ ավելի հեռուն գնաց և հայտարարեց, որ ռուսական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, այլ նաև որոշակի սպառնալիքներ է ստեղծում մեր երկրի համար։ Փաշինյանը դա հիմնավորեց նրանով, որ, իբր, Ադրբեջանը արևմտյան երկրներին ասում է Ռուսաստանի և Հայաստանի կողմից հնարավոր սպառնալիքի մասին, որոնք կարող են համատեղ ջանքերով վնասել Բաքվին։ Հայաստանի վարչապետի այս հայտարարությունը հարյուր տոկոսով բխում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի թշնամիների շահերից և չունի որևէ տրամաբանական հիմնավորում։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի բոլոր ջանքերը միշտ ուղղված են եղել Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելուն, անկախ նրանից, թե դա ինչպես է արվում կամ որ պետության հաշվին։ Հայաստանն այս պահին զենք է Արևմուտքի ձեռքին՝ Մոսկվային վնասելու և Հարավային Կովկասում նրա համար անբարենպաստ իրավիճակ ստեղծելու համար։

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասով կարևոր է հասկանալ, որ, փակելով միջանցքը, շահագրգիռ ուժերը քաջ գիտակցում են, որ իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում Ռուսաստանին լուրջ վնաս է հասցվելու։ Եթե ​​Մոսկվան ուժով բացի միջանցքը, ապա նրան՝ որպես հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման միջնորդի, կմեղադրեն ագրեսիայի մեջ, իսկ եթե միջանցքը չբացվի, կմեղադրեն անգործության ու թուլության մեջ։

Մինչ Ռուսաստանը աշխատում է քաղաքական ու դիվանագիտական ​​ճանապարհով և նվազագույն կորուստներով միջանցքը բացելու ուղղությամբ, Հայաստանի իշխանությունները կրակի վրա յուղ են լցնում և խաղաքարտ կիրառում, որը վնասում է Հայաստանին և հենց Արցախին։

Ռուսաստանն այսօր միայնակ է մնացել բազմաթիվ արտաքին խաղացողների առջև, ովքեր ցանկանում են ապակայունացնել տարածաշրջանը։ Արևմտյան երկրներին քաոս է անհրաժեշտ Հարավային Կովկասում՝ ելնելով իրենց արտաքին քաղաքական նպատակներից։ Մոսկվային պետք է կայունություն, իսկ Հայաստանին այդ կայունությունը կրկնակի է պետք։

Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական ռազմավարությունը լիովին հակասում է Հայաստանի շահերին և բխում է Արևմուտքի շահերից։ Փաշինյանի ու նրա թիմի արտաքին քաղաքական գիծը կարող է թուլացնել Հայաստանը և ամենաբացասական հետևանքները ստեղծել մեր երկրի համար։

Հայ ժողովուրդն այսօր պետք է խուսափի զգացմունքայնությունից և դադարի Արևմուտքի պոպուլիզմին հավատալուց, քանի որ վտանգված է հայոց պետականության ճակատագիրը, որի համար յուրաքանչյուրս կրում ենք պատասխանատվության մեր բաժինը։

Արման Ղուկասյան, քաղաքագետ