Հայտնի ռուս փորձագետ, քաղաքագետ, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Միջազգային և եվրոպական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը օրերս այցելել է Երևան։ Նրա այցն աննկատ չի մնացել լրագրողների կողմից. «Sputnik Արմենիա»-ի եթերում պարոն Սուսլովը պատասխանել է Հայաստանի և հայ ժողովրդի համար ներկա օրհասական շրջանին առնչվող արդիական հարցերին։ Նախ՝ հարց բարձրացվեց՝ Ռուսաստանը կհեռանա՞ տարածաշրջանից, կհեռանա՞ Հայաստանից՝ համաձայն վերջին շրջանում ակտիվորեն տարածվող լուրերի։ Ռուս փորձագետի պատասխանը միանշանակ էր՝ ոչ։

«Ռուսաստանը, միանշանակ, չի պատրաստվում հեռանալ տվյալ տարածաշրջանից։ Ռուսաստանը հետխորհրդային տարածքն ընկալում է որպես ընդհանուր տուն, որպես տարածաշրջան, որից ուղղակիորեն կախված է Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը, նրա տնտեսական զարգացումը, ինչպես նաև Ռուսաստանի՝ որպես մեծ տերության ինքնությունը», – ասել է Դմիտրի Սուսլովը։

Նա պարզաբանել է, որ այն ենթադրությունը, որ այժմ Ռուսաստանը, զգալի ուժեր կենտրոնացնելով Ուկրաինայում ռազմական հակամարտության և Արևմուտքի հետ առճակատման մեջ, հրաժարվում է մնացած ամեն բանից և մտադիր է անտեսել հետխորհրդային տարածքի այլ վայրերում տեղի ունեցող գործընթացները, մեծ սխալ է։

Ուկրաինական հակամարտությունը և այն հիբրիդային պատերազմը, որը Արևմուտքը մղում է Ռուսաստանի դեմ, Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու և հնարավորինս թուլացնելու Արևմուտքի փորձերը, անկասկած, ազդում են հետխորհրդային տարածքում իրավիճակի վրա։ Իսկ այն գործիքները, որոնք Ռուսաստանը կարող էր օգտագործել հետխորհրդային տարածքում, այսօր նվազել են։ Նախ այն առումով, թե ինչ կարող է և ինչ չի կարող անել Ռուսաստանը այլ երկրների և մեծ տերությունների հետ հարաբերություններում, որոնք գտնվում են հետխորհրդային տարածքի պարագծով, նշել է ռուս փորձագետը:

«Օրինակ, Ռուսաստանն այժմ ընդհանրապես շահագրգռված չէ բացահայտ առճակատմամբ, Թուրքիայի հետ բախմամբ։ Եվ սա, անշուշտ, սահմանափակումներ է մտցնում նրանում, թե ինչ կարող է կամ չի կարող անել Ռուսաստանը, օրինակ՝ Հարավային Կովկասում։ Սակայն սա չի նշանակում, որ Ռուսաստանը հրաժարվում է անվտանգության երաշխավորի իր դերից, առաջին հերթին Հայաստանի համար, որպես ՀԱՊԿ-ում և Եվրասիական տնտեսական միությունում դաշնակցի դերից։ Եվ, չնայած առկա սահմանափակումներին, Ռուսաստանն անշուշտ անում է առավելագույնը, ինչ հնարավոր է ստեղծված իրավիճակում, Ռուսաստանը ոչ մի տեղ չի հեռանում», – պարզաբանել է քաղաքագետը։

Նրա խոսքով, Ռուսաստանը չի պատրաստվում և չի ցանկանա խաղաղապահներին դուրս բերել Լեռնային Ղարաբաղից, փակել Գյումրիի ռազմաբազան. «Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է դաշնակցային պարտավորություններին և, իհարկե, շահագրգռված է այնպիսի կառույցների պահպանմամբ, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, այնպես, ինչպես շահագրգռված է երկկողմ մակարդակով գործընկերային, դաշնակցային հարաբերությունների պահպանմամբ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ հետխորհրդային տարածքում այլ ոչ հակառուսական երկրների հետ։

Պատճառաբանությունը պարզ է. եթե Ռուսաստանը լքի Հայաստանը, ապա «նրա համար շատ դժվար կլինի վերադառնալ»։ Ի վերջո, նման դեպքում իրավիճակը Հարավային Կովկասում հիմնովին կփոխվեր, և կսկսվեր շատ ավելի մեծ պատերազմ, քան 44-օրյա Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։

«Եթե Ռուսաստանը հեռանար, կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղը պարզապես կանհետանար, Արցախը կանհետանար որպես Հայաստան պետության հետ սերտ կապված և հայաբնակ կազմավորում։ Ավելին, այդ դեպքում հարցականի տակ կլիներ հենց հայկական պետության գոյատևումը։ Ռուսաստանի շահերից չի ​​բխում նման բան թույլ տալը», – պարզաբանել է Դմիտրի Վյաչեսլավովիչը։  

Սակայն ինչո՞ւ է Հայաստանը՝ թվում է՝ ոչ այնքան ազդեցիկ պետություն, այդքան հետաքրքիր ու կարևոր Ռուսաստանի համար։ «Ռուսաստանի համար Հայաստանը Անդրկովկասում ռուսական ազդեցության մի տեսակ ամրակետ է, առաջնագիծ, որը կանխում է մեծ պատերազմը։ Խոսքը Անդրկովկասում մեծ պատերազմի մասին է, որը կսպառնար հենց Հայաստանի գոյությանը։ Պետք է հասկանալ, որ Թուրքիան տարածաշրջանում բավականին «գիշատիչ» քաղաքականություն է վարում։ Իսկ Արևմուտքը ոչ մի դեպքում չի պաշտպանի Հայաստանին։ Արևմուտքի օրակարգը Ռուսաստանին հնարավորինս թուլացնելն է և գերադասելի է՝ դուրս մղելը Անդրկովկասից, այլ ոչ թե տարածաշրջանը բարելավելը կամ Հարավային Կովկասի երկրներին ինտեգրելը։ Այսինքն՝ եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ Ռուսաստանը հեռանալու է, ապա Անդրկովկասը կդառնա շատ մեծ պատերազմի ասպարեզ՝ առաջին հերթին Թուրքիայի մասնակցությամբ։ Հետևաբար, Հայաստանը, իհարկե, կարևոր է Ռուսաստանի Դաշնության համար՝ որպես դաշնակից, որպես ռուսական ներկայության պլացդարմ։ Բացի այդ, մենք ունենք հսկայական մշակութային և մարդկային կապեր», – նշել է փորձագետը։ Նա հիշեցրել է, որ ամենամեծ հայկական սփյուռքը ներկայումս Ռուսաստանում է։ Եվ, առհասարակ, երկու ժողովուրդների՝ միահյուսված պատմությունը դարերի խորքն է գնում։ Ռուսաստանում հայկական մշակույթը հարգված է թե՛ զանգվածային մշակույթի մակարդակով՝ ռուսական քաղաքներում, օրինակ, հայկական մեծ թվով ռեստորաններ կան, թե՛ բարձր մշակույթի, պատմության մակարդակով։

Զրուցակիցը ընդգծեց նաև, որ այսօր Հայաստանում կենտրոնացած է ռուսական բավականին մեծ սփյուռք, ինչը զգալի խթանել է Հայաստանի տնտեսության զարգացումը, Ռուսաստանը մեծ ներդրումներ է կատարում Հայաստանում։ Իր հերթին, Հայաստանն Արևմուտքի ու Ռուսաստանի միջև տնտեսական առճակատման ներկա պայմաններում (խոսքը Ռուսաստանի Դաշնության դեմ օրեցօր աճող պատժամիջոցների մասին է) կարևոր «կամուրջ» է Ռուսաստանի համար։ Այնպես որ, Ռուսաստանը, հակառակ տարածվող խոսակցությունների, ամենևին շահագրգռված չէ հայ-արևմտյան հարաբերությունների փլուզմամբ, ընդգծել է քաղաքագետը:

«Հայաստանը, այսօր համագործակցելով Արևմուտքի հետ, Ռուսաստանի համար պատուհաններից մեկն է դեպի աշխարհ, ապրանքներ և տեխնոլոգիաներ ձեռք բերելու կարևոր ուղիներից մեկը, որոնք ներկայումս անհնար է ուղղակիորեն ստանալ Արևմուտքից։ Սա շատ կարևոր է ՌԴ տնտեսական զարգացման համար։ Ուստի Ռուսաստանը ոչ մի կերպ չի պահանջում և շահագրգռված չէ, որ Հայաստանը երես թեքի Արևմուտքից»։

Սուսլովի խոսքով՝ Ռուսաստանին այսօր բոլորովին այլ բան է անհանգստացնում՝ այն քննարկումը, որ տեղի է ունենում հայ հասարակության մեջ Ռուսաստանից երես թեքելու և բացառապես հօգուտ Արևմուտքի ռազմավարական ընտրություն կատարելու շուրջ։ Ընդ որում, հաճախ կասկածի տակ է դրվում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում և նույնիսկ Գյումրիի 102-րդ ռազմաբազան, որը պաշտպանում է հայ-թուրքական սահմանը։

«Հենց խաղաղապահներն էին, որ կանխեցին Լեռնային Ղարաբաղի ամբողջական կորուստը։ Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի տարածքի մոտ կեսը պահպանվել է այսօր այնտեղ գտնվող ռուս խաղաղապահների շնորհիվ։ Այո, ամեն բան չէ, որ կատարյալ է, և մենք լավ գիտենք Լաչինի միջանցքի խնդիրը։ Սակայն ինձ թվում է, որ այլընտրանքը ռուս խաղաղապահների դուրսբերման դեպքում ուղղակի աղետալի կլինի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար։ Ավելին, հաճախ հարցականի տակ է դրվում անգամ Գյումրիում ռուսական ռազմաբազայի առկայությունը, որն անմիջականորեն Հայաստանի անվտանգությունն է ապահովում։ Վստահ չեմ, որ եթե Ռուսաստանը հեռանա, ապա Հայաստանը կկարողանա ոչ առճակատման ուղով գործընկերային հարաբերություններ հաստատելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի հետ։ Թուրքիան իրեն շատ ագրեսիվ կպահի, և Հայաստանի նկատմամբ թուրքական էքսպանսիայի համար այլևս որևէ խոչընդոտ չի լինի։ Ուստի Ռուսաստանը, իհարկե, շահագրգռված է մնալու մեջ։ Եվ շեշտում եմ, որ Ռուսաստանը Հայաստանից չի պահանջում երես թեքել Արևմուտքից՝ ի տարբերություն Արևմուտքի, որն անընդհատ պահանջում է իր կողմը անցնել։ Ընդհակառակը, Ռուսաստանը կցանկանար երկկողմանի դաշնակցային հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ Հայաստանի և Արևմուտքի միջև կառուցողական հարաբերությունների պահպանմամբ և առանց Հայաստանի կողմից ընտրություն կատարելու անհրաժեշտության։ Սա է ռուսական քաղաքականության և Արևմուտքի քաղաքականության սկզբունքային տարբերությունը, որը պահանջում է իր կողմն անցնել՝ որպես այս կամ այն ​​աջակցության նախապայման», – նշել է քաղաքագետը։

Այնուհանդերձ, Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է 2023 թվականին նախատեսված ՀԱՊԿ զորավարժություններից, ինչպես նաև հրաժարվել է ՀԱՊԿ դիտորդական խմբի ժամանումից Հայաստան՝ նախընտրությունը տալով ԵՄ դիտորդների խմբին։ Ինչպիսի՞ն է Մոսկվայի՝ Հայաստանի իշխանությունների այս գործողություններին արձագանքը։ Սուսլովն ասել է, որ Ռուսաստանում դրան վերաբերվում են «շատ մեծ անհանգստությամբ»:

«Խոսքը արտաքին քաղաքական վեկտորի հիմնարար փոփոխության հավանականության մասին է, ինչը ռուսական տեսանկյունից աղետ կդառնա հայ ժողովրդի և հայկական պետության համար»։

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանու, հասկանում են այն որոշակի հիասթափությունը, որ հայ հասարակության ապրել և ապրում է նրանից, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն այնպես չպաշտպանեցին Հայաստանին, ինչպես այնտեղ ակնկալում էին։ «Սակայն մյուս կողմից, եթե չլինեին Ռուսաստանն ու Լեռնային Ղարաբաղի խաղաղապահները, չլիներ Վլադիմիր Պուտինի միջնորդությունը 2020 թվականին և հետագայում, ապա Հայաստանի համար իրավիճակը պարզապես անհամեմատ ավելի վատ կլիներ։ Եվ սա պետք է հասկանալ», – նշել է նա։

Դմիտրի Սուսլով

Սուսլովը միանգամայն ողջմտորեն նշել է, որ Հայաստանն իր հերթին նույնպես անընդհատ պահանջում է, որ Ռուսաստանը իր կողմը բռնի՝ ինքն իրեն հարց տալով՝ եթե մենք դաշնակիցներ ենք, ապա ինչո՞ւ Ռուսաստանը չի բռնում իր դաշնակցի կողմը ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Զրուցակիցը պարզաբանեց.

«Ռուսաստանի տեսանկյունից, եթե ՌԴ-ն միանշանակ կանգնի Հայաստանի կողմը՝ ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի, ապա Հարավային Կովկասում մեծ ռուս-թուրքական պատերազմ կլինի։ Իսկ դա Հայաստանին բացարձակապես պետք չէ։

Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանն այնուամենայնիվ բռնի Արևմուտքի կողմը և փաստացի անցնի Ռուսաստանի համակարգային հակառակորդի կողմը՝ դրանով իսկ դաշնակիցից վերածվելով թշնամու։ «Սա ոչ մի կերպ չի նշանակում, որ այս իրավիճակում Ռուսաստանը ուժ կկիրառի Հայաստանի դեմ։ Հայաստանի դեմ անմիջապես ուժ կկիրառեին տարածաշրջանային մյուս խաղացողները», – հայտարարել է Դմիտրի Վյաչեսլավովիչը։ Նա զարգացրել է թեման. «Ի վերջո, այն, որ նախագահ Մակրոնը գովաբանում է Հայաստանի իշխանություններին, ամենևին էլ չի նշանակում, որ նա անկեղծորեն աջակցում է նրանց։ Սա նշանակում է, որ այնտեղ փորձում են Ռուսաստանի դեմ պայքարում նոր ճակատ բացել, իսկ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը պարզապես օգտագործվում է հավաքական Արևմուտքի կողմից հակառուսական պայքարում։ Սա, իհարկե, լուրջ մտահոգություն է առաջացնում Մոսկվայում։ Ոչ միայն այն պատճառով, որ դաշնակցային հարաբերությունների շրջանակներում նման պահվածքն անարդար է և սխալ, այլ նաև այն պատճառով, որ այն կարող է աղետալի դառնալ։ Ռուսաստանում շատ լավ են վերաբերվում հայ ժողովրդին և չեն ցանկանում տեսնել հերթական աղետը, որն անխուսափելիորեն կպատահի բարեկամ ժողովրդի հետ, եթե արտաքին քաղաքական վեկտորի հիմնարար փոփոխություն տեղի ունենա»։

Այնուամենայնիվ, Հայաստանում ավելի ու ավելի են բորբոքվում ռուսական ներկայության հետ կապված կրքերը, մասնավորապես, մի ​​շարք իշխանամետ պատգամավորներ ու պաշտոնյաներ Ռուսաստանին խոչընդոտ են համարում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում։ Իբր, եթե Հայաստանում ռուսական ներկայություն չլիներ, խոսքը, մասնավորապես, 102-րդ ռուսական ռազմաբազայի մասին է, ապա հնարավոր կլիներ ուղղակիորեն բանակցել Թուրքիայի հետ։

«Սա պատրանք է: Թուրքիան ներկայիս պատմական ժամանակաշրջանում երիտասարդ, շատ քաղցած, վերելք ապրող մեծ տերություն է։ Իսկ միջազգային հարաբերությունների պատմության դասականներն ասում են, որ նման տերությունները հաճախ իրենց պահում են բավականին ագրեսիվ, անպատասխանատու և չեն կարողանում զսպել իրենց։ Դա երևում է Թուրքիայի ներկայիս պահվածքից։ Անհնար է հույս դնել նրա վրա, որ, հրաժարվելով ռուսական ներկայությունից, հնարավոր կլինի ինչ-որ կերպ հանդարտեցնել Թուրքիային և պայմանավորվածություն ձեռք բերել նրա հետ։ Իսկ այն սցենարը, ըստ որի՝ առաջարկվում է երես թեքել Ռուսաստանից և ուղղակիորեն բանակցել Թուրքիայի հետ, ազգային աղետի ճանապարհն է», – վստահ է քաղաքագետը։  

Նրա կարծիքը հիմնված է պատմական անալոգիաների վրա. «Սա ինձ հիշեցնում է Արևելյան Հռոմեական կայսրության թուրքամետ կուսակցությունը, նաև XIV դարի վերջի, XV դարի սկզբի Բյուզանդական կայսրությունը, որտեղ նույնպես անընդհատ ասվում էր, ավելի լավ թուրքական թյուրբանը, քան Պապական տիարան: Առաջարկվում էր ուղիղ բանակցել Օսմանյան կայսրության հետ, օսմանյան սուլթանների հետ, որոնք իրենց ձեռք չէին տա և ամեն բան լավ կլիներ։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես դա ավարտվեց՝ 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկմամբ։ Նույնը սպասում է Հայաստանին, եթե նա իսկապես փորձի ուղղակիորեն, առանց Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքների, բանակցել հզորացող, քաղցած, ագահ Թուրքիայի հետ։ Նման դեպքում ոչ միայն ամբողջությամբ կկորչի Արցախը, նման դեպքում Թուրքիայում անմիջապես դիսկուրս կսկսվի, որ պետք է վերադարձվեն Օսմանյան կայսրության պատմական տարածքները…»: Ի դեպ, ինչպես հայտնի է, այժմ էլ «հարևանները» հավակնում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։ Ադրբեջանում և Թուրքիայում շատերը Զանգեզուրի միջանցքի գաղափարը վաճառում են որպես Հայաստանի «պատուհան» դեպի աշխարհ, մինչդեռ, ըստ զրուցակցի, սա կլինի Ադրբեջանի հերթական «պատուհանը» դեպի Եվրոպա, իսկ Հայաստանը դժվար թե ինչ-որ բան շահի դրանից:

Դմիտրի Սուսլովն արդեն երրորդ անգամ է Հայաստանում: Ներկայիս այցի շրջանակներում նա արձանագրել է, որ հայ ժողովուրդը իսկապես ծանր ժամանակներ է ապրում՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատճառած տրավմային գումարվում է ռուս-արևմտյան հարաբերությունների բարդ իրավիճակը, Արևմուտքի՝ Ռուսաստանից Հայաստանի անջատվելու ճնշումը, որոշակի հիասթափություններ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի արած կամ չարածների վերաբերյալ: Այնուամենայնիվ, քաղաքագետը գտնում է, որ չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամային միտումներին, այդ հարաբերությունները դեռևս դատապարտված չեն։ Ժամանակավոր ճգնաժամը կարող է հաղթահարվել երկու կողմերի վարքագծի որոշակի փոփոխություններով: Այս կապակցությամբ Դմիտրի Վյաչեսլավովիչը հայ ժողովրդին մաղթում է հետևյալը՝ «Իմաստություն և ռազմավարական տեսլական՝ հասկանալով, որ մարտավարական որոշ զգացմունքային պահեր պետք է առանձնացնել երկարաժամկետ, ռազմավարական հաշվարկից»։

Իրինա Գրիգորյան