Հայաստանի մարգարտի՝ Սևանա լճի մակարդակը այս տարի մի փոքր բարձրացել է, իսկ ափամերձ շրջանների ջրի մակարդակը՝ բարելավել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է բնապահպան Կարինե Դանիելյանը հիշեցնելով, որ երկու տարի առաջ Սևանից լրացուցիչ ջրի պաշարի բացթողումը բացասական է անդրադարձել լճի մակարդակի վրա:

«Չի կարելի խաղալ Սևանի հետ: Լավ լուրը կայանում է նրանում, որ գոնե այս տարի մեզ հաջողվել է մի փոքր բարձրացնել ջրի մակարդակը, սակայն առջևում դեռևս օգոստոսն է և սեպտեմբերը: Այսօրվա դրությամբ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ջուրը հասել է ափամերձ շրջանների կառույցներին: Դեռևս չի հաջողվել լուծել կոմունիկացիաների հետ կապված խնդիրը՝ պետք է տեղափոխել էլեկտրական ցանցերը և ճանապարհը»,-նշել է բնապահպանը:

Կարինե Դանիելյանը նշել է, որ տարիների ընթացքում Սևանի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է 3000 անօրինական շինություններ: Նրա խոսքով, անօրինական են նաև այն շինությունները, որոնց տեղաշարժը հնարավոր չէ:

«Ըստ օրենքի այդ տարածքներում չպետք է տեղի ունենա կապիտալ շինարարություն, հետևաբար, պետության առջև կանգնած չէ նաև փոխհատուցման հարցը: Կարծում եմ, որ փոխզիջումային լուծումը կարող է լինել կառույցների հիմքի ամրապնդումը: Թողնենք դրանք ջրի տակ, ստեղծենք մեր Վենետիկը: Այդ որոշումը կարող է նպաստել նաև զբոսաշրջության զարգացմանը»,-նշել է նա:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here