Նախագահ Սերժ Սարգսյանը ողջույնի խոսք է հղել Հայ մարմնակրթական ընդհանուր միության 11-րդ պատգամավորական ժողովի մասնակիցներին: Ողջույնի խոսքում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն ողջունում եմ Հայ մարմնակրթական ընդհանուր միության 11-րդ պատգամավորական ժողովի մասնակիցներին եւ հյուրերին:

Արդեն բարի ավանդույթ է դարձել համահայկական տարբեր կառույցների ընդհանուր ժողովների գումարումը մայր հայրենիքում, ինչը չափազանց կարեւոր եւ գնահատելի երեւույթ է։ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը եւս անմասն չէ այդ որդեգրած դիրքորոշումից։ Սա Հայաստան-սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է։

Մենք մշտապես եղել ենք հայկական կազմակերպությունների կողքին եւ ամեն ինչ անելու ենք հայրենիքի հետ կապն ավելի ամրապնդելու, հայրենիքի շուրջ համախմբվելու եւ հայաստանակենտրոն գործունեությունն առավել խթանելու համար։

Խորհրդանշական այս տարում, երբ համայն հայությունն աշխարհի առաջադեմ մարդկության հետ միասին նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մենք մեկ անգամ եւս ապացուցեցինք, որ անկոտրում է հայի կամքը, եւ վճռական՝ նրա ոգին, քանզի հաղթում են այն ժողովուրդները, որոնց պայքարն արդարացի է, եւ նպատակները՝ արդարացված։ Արցախյան հերոսամարտը ասածիս փայլուն վկայություններից է։ Այսօր մենք ավելի քան հաստատակամ ենք եւ քաջ գիտակցում ենք մեր վաղվա անելիքները, որոնք կյանքի պիտի կոչենք միասնաբար, ուս ուսի տված ջանադիր աշխատանքով։

Գրեթե մեկդարյա գոյության ընթացքում Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը բազմիցս ապացուցել է իր անմնացորդ նվիրումն աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երիտասարդների հայեցի դաստիարակության եւ հայապահպանության շնորհակալ գործին։ «Բարձրացիր, բարձրացուր»՝ ահա այն վեհ գաղափարը, որը Միության հենքը հանդիսանալով՝ տակավին արդիական է մնացել այսօր։ Հայոց պետության, Արցախ աշխարհի եւ սփյուռքի առջեւ ծառացած նոր մարտահրավերներն ավելի քան երբեւէ ենթադրում են ուժերի համախմբում եւ խոհեմ գործելակերպ։ Մեր արդար դատի ճանապարհը համատեղ ենք անցնելու, մեր հաղթանակի կերտման ուղին միասին ենք հարթելու։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հավատացած եմ, որ պատգամավորական ժողովի ընթացքում ծավալված քննարկումները եւ կայացված որոշումները մեծապես կնպաստեն մեր ազգային առաջնահերթ խնդիրների լուծմանը՝ հօգուտ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության հզորացման, ի շահ համայն հայության։

Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք»: