Առաջին նավթային մագնատներից, ֆինանսիստ, բարեգործ և կոլեկցիոներ, և այս ամենը մեկ մարդու մասին. նման մասշտաբի կերպարներ ծնվում են ոչ ամեն հարյուրամյակ: Գալուստ Գյուլբենկյանը գրեթե ամեն ինչի ինքնուրույն հասավ, սակայն ծնվել էր հարուստ ընտանիքում, որը կարողություն էր ստեղծել հիմնականում նավթի և գորգերի առևտրի շնորհիվ, և որը իր ժառանգին անթերի կրթություն տվեց: Վերջինս չհիասթափեցրեց և, լինելով ունակ ուսանող, ավարտեց ֆրանսիական լիցեյ ու անգլիական քոլեջ: Քոլեջը, իհարկե, Լոնդոնի թագավորական քոլեջն էր:

Այն, ինչ իրեն էր պատկանում, պետք է լավագույնը լիներ. այդպես որոշեց Գալուստ Գյուլբենկյանը: Հայտնի «Պարոն հինգ տոկոսը» ծնվել է 1869թ. մարտի 29-ին Կոստանդնուպոլսում, սակայն տոկոսները ու այլ բաներ տեղի ունեցան տասնամյակներ անց: Հաջողված ուսանողից «նավթի արքա» դառնալու համար Գալուստ Գյուլբենկյանից տասը տարի պահանջվեց, գուցե մի փոքր ավելի: Իսկ  անվանում էին «Պարոն հինգ տոկոս», քանի որ նա հենց այդքան էր ստանում ներկայիս Իրաքում և Սաուդյան Արաբիայում արտադրված յուրաքանչյուր տոննա նավթից, իսկ այն շատ գումար էր բերում:

19-րդ դարի վերջին թուրքերը սկսեցին հայկական ջարդերի հերթական ալիքը, և ընտանիքը մեկնեց Կահիրե: 30 տարեկան հասակում Գյուլբենկյան կրտսերն արդեն ուներ մեծ կարողության, որը ստեղծել էր հոր տված 30 հազար ֆունտ նախնական կապիտալը խելացի ձևով օգտագործելով: Ծնողները, բարեբախտաբար, ստիպված չեն եղել խորհուրդ տալ Գյուլբենկյանին, թե ինչպես խելամիտ ծախսել այն:

Չնայած ջարդերին, Գալուստը ձեռք բերեց Թուրքիայի ազգային բանկի բաժնետոմսերի գրեթե մեկ երրորդը, ինչը երաշխավորում էր թուրքական նավթային ընկերությունում նրա մշտական 15% մասնաբաժինը: Բացի այդ, Գյուլբենկյանը դարձավ Ֆրանսիայում և Բրիտանիայում օսմանյան դեսպանությունների տնտեսական խորհրդականը, 1902 թվականին ստացավ անգլիական հպատակություն, ինչը լրացուցիչ ապահովեց նրա անվտանգությունը:

Գյուլբենկյանի ակտիվ գործունեությունը նավթային բիզնեսում և, հատկապես, դրա վերափոխման հարցում Առաջին համաշխարհային պատերազմից հետո դեռ երկար շարունակվեց. նա ամեն բան այնպես դասավորեց, որ առաջատար մերձարևելյան նավթային ընկերությունները 1914 թվականին նրան էին տալիս, ընդհանուր առմամբ իրենց ակտիվների 5%–ը որտեղից էլ առաջացել է նրա հայտնի մականունը։

Ինչ–որ անհասկանալի կերպով Գյուլբենկյանը միշտ «ընդհարումներից» վեր էր մնում` ղեկավարելով դրանք և վերևից հետևելով, ուստի իրավունք ուներ ասելու, որ նավթարդյունաբերողները «կատուների են նման. նրանց ճիչերից երբեք չես հասկանա` կռվում են, թե՞ սիրով զբաղվում»։

Այնուհետև սկսեց լրջորեն զբաղվել բարեգործությամբ` նախագահում էր «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը»։ Ոչ միայն լրջորեն, այլ աննախադեպ կերպով. Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Հորդանանում կառուցվում ու բացվում էին բազմաթիվ հայկական դպրոցներ, հիվանդանոցներ ու հայկական եկեղեցիներ` Միջին արևելքում, Իրաքում և Լիբանանում. ամենուր, որտեղ մեծաթիվ հայկական համայնքներ կային։

1929 թվականին Գյուլբենկյանը Երուսաղեմում կառուցեց հայկական պատրիարքարանի հայտնի գրադարանը և մշտական վարձակալություն սահմանեց, որի գումարը, Գյուլբենկյանի կտակի համաձայն, վճարվում էր նաև նրա մահից հետո։ Դեռ ծնողների հանգանակությամբ կառուցված Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ հիվանդանոցը շարունակում էր օգտվել նրա շռայլ հովանավորությունից։

Նրա հայտնի կոլեկցիաները, որոնցից առաջինը հունական մետաղադրամներն էին, ժամանակի ընթացքում դարձան ամենահարուստը։ Գյուլբենկյանը խորհրդային իշխանություններին համոզում էր չվաճառել Էրմիտաժի գլուխգործոցները։ Նրան մասամբ հաջողվեց. բացի այդ իշխանություններին փորձեց հետ կանգնեցնել նաև Հովսեփ Օրբելին: Որոշ բաներ մնացին Լենինգրադում, սակայն մի շարք ցուցանմուշներ ամեն դեպքում վաճառվեցին։

Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը Պորտուգալիայում

ԽՍՀՄ պետական բանկի վարչության նախագահ Պյատակովին գրված նամակում Գյուլբենկյանը գրում էր.

«Դուք, հավանաբար, հիշում եք, որ ես միշտ Ձեզ խորհուրդ եմ տվել և շարունակում եմ խորհուրդ տալ չվաճառել Ձեր թանգարանային նմուշները, սակայն եթե ամեն դեպքում մտադիր եք վաճառել դրանք, ապա հավասար գումար առաջարկելու դեպքում նախապատվությունը ինձ տալ և տեղյակ պահել, երբ որ մտադիր կլինեք վաճառել։

Հրապարակայնորեն բոլորն արդեն խոսում են այդ վաճառքի մասին, որը, իմ կարծիքով, մեծ վնաս կհասցնեն Ձեր հեղինակությանը։ Հավանաբար, Ամերիկայում Ձեզ կհաջողվի ավելի բարձր գին ստանալ, քան ես եմ առաջարկում։ Սակայն նման կերպ իրականացրած գործարքների ոչ շահավետ լինելը, այնքան էական է հեղինակության, քարոզչության և հրապարակայնության տեսանկյունից, որ ինձ միայն մնում է զարմանալ, որ գնում եք նման գործարքների։ Վաճառեք ինչ ցանկանում եք, սակայն ոչ այն, ինչ գտնվում է թանգարանի ցուցանմուշների թվում։ Վաճառել այն, ինչը ազգային արժեք է ներկայացնում, լրջագույն ախտորոշման հիմքեր է տալիս»։

Միայն Գյուլբենկյանը Էրմիտաժից ձեռք բերեց XVIII դարի ֆրանսիացի վարպետների ոսկե և արծաթե գործեր, ֆրանսիացի Ռիզեների կարմիր փայտից պատրաստած գույքը, Ռոբերի, Բոութսի, Ռուբենսի, Տերբորխի, Վատտոյի և Լակրեի կտավները, Գուդոնի «Դիանա» քանդակը (այն ժամանակին պատկանում էր Եկատերինա II–ին)։ Դե, իհարկե, նաև մեծն Ռեմբրանտի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ծերունու դիմանկարը»։

Այնուհետև Լիսաբոնն էր` Գյուլբենկյանի «վերջին սերը», որտեղ անցկացրեց կյանքի վերջին տարիները և որտեղ էլ հեռացավ կյանքից։ Մահից երկու տարի առաջ Գյուլբենկյանը կտակ գրեց, որի համաձայն Լիսաբոնում հիմնադրամ ստեղծվեց նրա թանկարժեք հավաքածուները պահպանելու համար։ Գյուլբենկյանը հիմնադրամին ավելի քան 2.5 մլրդ դոլար թողեց և տարեկան 102 մլն դոլարի բյուջե ապահովեց։

Մահացավ նա Լիսաբոնում, սակայն հուղարկավորվեց Լոնդոնում` նրա կողմից կառուցած Սուրբ Սարգիս եկեղեցում։ Աշխարհի քաղաքացի, Մեծ Բրիտանիայի հպատակ, արյունով և համոզմունքներով՝ հայ։

Ռուբեն Գյուլմիսարյան