Բուժելով բոլոր վերքերը…

Ռուս խաղաղապահները շարունակում են նպաստել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Նրանք նաև շատ արդյունավետ են գործում մարդասիրական օգնության բոլոր ուղղություններով՝ ղարաբաղցիներին բնականոն կյանքի վերադարձնելու համար աշխատում են զինվորականները, բժիշկները և այլ մասնագետներ:

Մասնավորապես, խաղաղապահ ստորաբաժանումների օժանդակությամբ դպրոցներում վերսկսվեց ուսումնական գործընթացը: Դեկտեմբերի 3-ին դպրոցական զանգը հնչեց ևս մեկ հանրակրթական ուսումնական հաստատությունում` Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում: Դրա համար նախորդ օրը ռուս զինծառայողները ամբողջովին ավարտեցին ականազերծման աշխատանքները այս ուսումնական հաստատության տարածքում, աջակցեցին վերանորոգման աշխատանքներին և ապահովեցին անվտանգությունը` մատակարարելով անհրաժեշտ ուսումնական գույքն և սարքավորումները

Ռուս խաղաղապահների օգնությամբ դպրոցականներն ու ուսուցիչները սկսեցին վերադառնալ Արցախ: Ուսուցիչները շտապ ձեռնամուխ եղան ուսումնական ծրագիրը հարմարեցնելուն, որպեսզի աշակերտները կարողանան լրացնել պատերազմական գործողությունների պատճառով բաց թողած դասերը:

Իրենց հերթին, ակտիվորեն սկսել են աշխատել ռուս բժիշկները: Դեկտեմբերի 3-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնեց երկրորդ հիվանդանոցի տեղակայման մասին.

«Մարտակերտում շարունակվում է երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայումը»: Միևնույն ժամանակ, ավելի վաղ Ստեփանակերտում տեղակայված առաջին դաշտային հիվանդանոցում ընդունելություն էր տեղի ունենում մեծ թափով՝ և՛ շտապ օգնության կարիք ունեցող ինչպես խաղաղապահներ, այնպես էլ տեղացիներ:

Ընդամենը մեկ օրվա ընթացքում` դեկտեմբերի 4-ին, ռուս ռազմական բուժաշխատողները ընդունել են տեղի մոտ 40 բնակչի: Խորհրդատվություն, զննում և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերում Արցախ ժամանած Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության ջոկատի բժշկական ստորաբաժանման (МОСН) մաս կազմող թերապևտները, վիրաբույժները և այլ մասնագետներ: Այս վեհ առաքելությունն իրականացնելու համար МОСН ստորաբաժանումները երկար ճանապարհ են անցել՝ Իլ -76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Խաբարովսկի օդանավակայաններից տեղափոխվել են Երևան, որից հետո մեկ օրում 300 կիլոմետրանոց անցում են կատարել դեպի Ստեփանակերտ:

МОСН-ի առաջին ստորաբաժանման շրջանակներում իրենց նշանակման վայր են ժամանել ավելի քան 60 բուժմասնագետներ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, թերապևտներ, համաճարակաբաններ, ինչպես նաև անեսթեզիոլոգ- վերակենդանացնողներ: Անեսթեզիոլոգ-վերակենդանացնողներն այս օրերին բավականին շատ օգնեցին Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցի իրենց գործընկերներին. խոսքը վերակենդանացման բաժանմունքում գտնվող լուրջ հիվանդների հետ աշխատանքին աջակցության մասին է:

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռուս խաղաղապահները նաև ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ ռազմական բժիշկների աշխատանքն ապահովելու համար, մասնավորապես՝ Ասկերանի շրջանում: Բժշկական բրիգադների կազմում ընդգրկվել են տարբեր բժիշկներ, ներառյալ՝ հոգեբան-մասնագետներ, որոնք օգնություն են ցուցաբերում հեռավոր գյուղերի և շրջանների բնակչությանը: Օրերի ընթացքում օգնություն է ցուցաբերվել տվյալ շրջանի հեռավոր բնակավայրերի ավելի քան 20 պացիենտի. դեկտեմբերի 7-ին այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչությունը:

Ռուսները ճիշտ ժամանակին եկան՝ ձմեռ է, գլուխ են բարձրացնում քրոնիկ հիվանդությունները: Պատահական չէ, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների սրացման, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների և ստոմատոլոգիական օգնության ցուցաբերման հետ»: Բարեբախտաբար, բացի մասնագիտական հմտություններից, ռուսները ունեն նաև անհրաժեշտ բժշկական սարքավորումներ:

«Շարժական խմբերը հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և տեղում ախտորոշելու իրականցնելու հնարավորություն ունեն», – տեղեկացրեց ՌԴ ՊՆ-ը:

«Բժշկական հատուկ նշանակության ջոկատների» շնորհիվ մասամբ հնարավոր դարձավ լուծել կադրերի հետ կապված խնդիրը, որոնց դեֆիցիտն այժմ նկատվում է Արցախում: ՌԴ Խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի բժշկական աջակցության կենտրոնի ղեկավար, փոխգնդապետ Եգոր Դեմիդովիչը լրագրողներին ասաց, որ «ռազմական գործողությունների ընթացքում այստեղից շատ բժիշկներ են գնացել, և դեռ ոչ բոլորն են վերադարձել»:

«Միևնույն ժամանակ, գալիս ու վիրահատություններ էին անում մասնագետներ Երևանից: Բայց ռազմական գործողություններն ավարտվեցին, և նրանք գնացին: Այդ պատճառով այժմ կա կադրերի դեֆիցիտ՝ որոշ շրջաններում դրանց ավելի խիստ կարիք է զգացվում, որոշ տեղերում՝ ավելի պակաս», – հայտնեց Դեմիդովիչը «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ըստ նրա՝ այս փուլում ռուս մասնագետները հավաքում, ընդհանրացնում և վերլուծում են տեղեկատվությունը, ինչպես նաև արցախյան կողմին ներկայացնում իրենց առաջարկները բժշկական աջակցության կազմակերպման վերաբերյալ. «Մենք այդ առումով փորձ ունենք, նրանք լսում են մեզ»: Արդյո՞ք ռուս ռազմական բժիշկները լեզվական խոչընդոտի պատճառով դժվարությունների են հանդիպում ԼՂՀ բնակչությանը աջակցություն ցուցաբերելիս: Բժշկական աջակցության կենտրոնի ղեկավարը նշեց. «Որոշ դեպքերում ստիպած ենք խոսել ինչպես կարող ենք: Սակայն թյուրըմբռնումներ դեռևս տեղի չեն ունեցել»:

Այն փաստը, որ խաղաղապահները և տեղի բնակչությունը խոսում են «նույն լեզվով», պարզ էր ռուսական ռազմական կոնտինգենտի՝ Արցախ մուտք գործելու հենց սկզբից: Նրանց, ովքեր գալիս են այստեղ խաղաղությամբ, այլ կերպ չեն ընդունում: Մինչդեռ ռուս զինվորականները ցույց են տալիս իրենց ամենալավ կերպով. ինչպիսի՜ լուսանկարներ են պտտվում սոցիալական ցանցերում՝ զինվորական, որը հոգատար կերպով կոճկում է աշակերտուհու բաճկոնը, շներ, որոնք շրջապատել են զինվորին, որը, անկասկած, պարբերաբար կերակրում է դրանց: Կարիք չկա անգամ խոսել անվտանգության ապահովման մասին. այս դեպքում խոսքն առաջին հերթին բնակավայրերի ականազերծման մասին է:

Դեկտեմբերի 4-ին Պաշտպանության նախարարության ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի զինծառայողները սկսեցին ականազերծել Ստեփանակերտի հարավային ծայրամասերը: Օրվա ընթացքում մաքրեցին պայթյունավտանգ իրերից (տեղանքի ինժեներա-սակրավորական հետազոտության ընթացքում, մասնավորապես, հայտնաբերվել էր 10 կասետային զինամթերք) ԼՂ մայրաքաղաքի հարավային ծայրամասի բավականին խոշոր տարածք:

«Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի հարավային ծայրամասում տեղանքի ինժեներական հետախուզություն և ականազերծում են իրականացրել: Վերջին օրերին մաքրվել է ավելի քան մեկ հա տարածք, մեկ կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 2876 պայթյունավտանգ իր: Ընդհանուր առմամբ, ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում մաքրել են ավելի քան 62 հա տեղանք, ավելի քան 21 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 4000 պայթյունավտանգ իր», – դեկտեմբերի 8-ին տեղեկացրեց ՌԴ ՊՆ-ը:

Բացի այդ, պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Դեկտեմբերի 7-ի դրությամբ՝ անցած օրերի ընթացքում վերականգնվել են չորս հենարաններ, 1600 մ էլեկտրահաղորդման գծեր, 1 կմ գազատար, 2200 մ կապի գծեր և երկու տրանսֆորմատորային ենթակայաններ:

Ընհանուր առմամբ, ամեն ինչ արվում է Արցախում խաղաղ, հարմարավետ կյանք հաստատելու համար: Արդյունքը սպասեցնել չի տալիս՝ ղարաբաղցիները սկսել են ավելի ակտիվ կերպով վերադառնալ հայրենիք: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը դեկտեմբերի 7-ին տված հարցազրույցում նշել է, որ ռուս խաղաղապահների օգնությամբ ավելի քան 34 հազար քաղաքացի արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ:

Իրինա Գրիգորյան