Հունվարի 3-ից 8-ը ռուս-հայկական մարդասիրական նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աջակցությամբ ամանորյա միջոցառումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Ասկերան, Մարտունի, Մարտակերտ շրջանների սահմանամերձ գյուղերի երեխաների համար, մասնավորապես՝ Սարուշեն, Նախիջևանիկ, Վարդաձոր, Մյուրիշեն, Ավդուռ, Կիչան, Ներքին Հոռաթաղ և Ծաղկաշեն գյուղերում, ինչպես նաև Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկի երեխաների համար։ 

Երեխաներին սպասվում էին նվերներ, հարուստ շոու ծրագիր Ձմեռ պապի ու Ձյունանուշի, ինչպես նաև սիրելի մուլտհերոսների մասնակցությամբ, որպեսզի երեխաները գոնե մի պահ կարողանան կտրվել իրականությունից ու հավատալ հրաշքին։

Ինչպես նշեց «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանը. «Շատ կարևոր էր անցկացնել այս միջոցառումը հենց այժմ։ Շրջափակման դժվարին պայմաններում կարևոր է երեխաներին ամանորյա տրամադրություն և դրական զգացողություններ փոխանցելը։ Իսկ ծնողներին՝ հույս տալ, ոչ թե բառերով, այլ գործով ցույց տալ, որ կյանքը շարունակվում է, և նրանք միայնակ չեն: Մենք նրանց կողքին ենք՝ պատրաստ ցուցաբերելու ցանկացած աջակցություն»:

«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցությունը գեղեցիկ ավանդույթ է դառնում և ուրախություն պարգևում արցախցի երեխաներին: Հուսով եմ, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի։ Անորոշության մեջ ապրող, բազմաթիվ խնդիրներով շրջապատված արցախցի երեխաներն ավելի լավին են արժանի», – նշեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը անցյալ տարի ևս շնորհավորել է արցախցի երեխաների ամանորը և նվերներ հանձնել 44-օրյա պատերազմում զոհված ու վիրավորում ստացած հերոսների և հարկադիր տեղահանված ընտանիքների, ինչպես նաև ռուսական համայնքի երեխաներին: