Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ Հայաստանի Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների քննարկման ժամանակ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, թե կայուն մեծամասնության մեխանիզմը զրոյական արդյունքով խաղ է: «Հաղթողը ստանում է ամեն ինչ»,-բարձրաձայնեց նա և նշեց, թե մինչդեռ կայուն մեծամասնության նպատակն է ապահովել հասարակության հնարավորինս լայն ներկայացուցչությունը, այլ ոչ թե մեծամասնությունը, գրում է Tert.am-ը:

Շահգելդյանը նշեց, թե ծանոթանալով Վենետիկի հանձնաժողովի նախնական գնահատականին, այն ընդհանուր ներկայացրել են որպես դրական, բայց ինքը այնտեղ քննադատություններ էլ է տեսել: Շահգելդյանի խոսքով՝ մարդու իրավունքների հարցում էլ կան բազմաթիվ բացթողումներ:

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ, ընդհանուր առմամբ, նախագիծը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին:

«Այն, որևէ կերպ դեմ չէ եվրոպական ստանդարտներին, մենք թեև քննադատական խոսքով էլ ենք հանդես եկել, որ կան ավելի լավ փորձեր, նախագիծը այդ ուղղությամբ գնա, բայց նշվեցին մի քանի հոդվածներ, մասնվորապես մարդու իրավունքների ոլորտում: Ասածս չի վերաբերում նախագահական հատվածին, որտեղ քաղաքական նկատառումներից ելնելով մեկնաբանություն չենք կարող տալ, հետևաբար մարդու իրավունքները ժամանակակից հատկություններով ամբողջությամբ համապատասխանում են Եվրոպական ստանդարտներին և ժամանակակից ստանդարտներին, Եվրոպայում»,-ասաց նա: