Արգելվել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։ Ավելի անհեթեթ բան դժվար է պատկերացնել, և դժվար թե որևէ մեկը կարողանար պատկերացնել, որ նման բան երբևէ հնարավոր է, սակայն այսպիսին է իրականությունը ժամանակակից Հայաստանում։ Ինչպես ասում են, սե լա վի:

Ինչի՞ց սկսվեց ամեն բան: Այս անգամ ևս առաջինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը հայտնեց հայ-ռուսական հարաբերություններում տարաձայնությունների նոր փուլի մասին։ Թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնեց Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքի մասին՝ հիշեցնելով, որ ռուս քաղաքական գործիչը անխնա քննադատել է Հայաստանի ներկայիս իշխանություններին։ Պատգամավորն ինքը նման որոշման մասին բառացիորեն տեղեկացել է հայ լրագրողներից, թեպետ ավելի ուշ ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի անունից նախօրեին իրեն ուղղված նամակ է հրապարակել։ Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության անունից տեղեկացնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։

Զատուլինի հարցն է՝ ուղղված Տիգրան Սեյրանյանին. «Ի՞նչ հայտարարություններ, ո՞ր ռուս խորհրդարանականներին է ցանկալի համարում նամակի հեղինակը».

Նրա խոսքով, ինքն այս քայլը որպես իր նկատմամբ վիրավորանք է գնահատում, սակայն չի վիրավորվում հայ ժողովրդից։

Մի փոքր շեղում, ինչպես ասում են, պատկերն ամբողջացնելու համար։ Կոնստանտին Զատուլինը տասնամյակներ շարունակ իրավամբ համարվում է, կարելի է ասել, գլխավոր հայամետ ռուս քաղաքական գործիչը։ Ղարաբաղյան հակամարտության հարցում իր դիրքորոշման պատճառով ավելի քան մեկ տասնամյակ իր ներկայությամբ «զարդարում» է Ադրբեջանի այսպես կոչված «սև ցուցակը», որտեղ ներառված են բոլոր այն անձինք, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ: Զատուլինը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Պատվո շքանշանով «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության խորացման, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար», իսկ ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքացիական՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ) շքանշանով «Ղարաբաղին ու նրա ժողովրդին մշտական ​​ աջակցության և բարեկամական վերաբերմունքի համար»։ Անիմաստ է թվարկել հայ ժողովրդի համար բավականին ծանր ու ողբերգական այս տարիներին Զատուլինի հնչեցրած բոլոր հայտարարությունները, որոնցով նա սատարել է Հայաստանին. ժամանակը պարզապես չի բավականացնի։ Սակայն կարևոր է հիշել, որ 1995 թվականին որոշման հեղինակը, որից հետո ՌԴ Պետդուման ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Կոնստանտին Զատուլինն էր։

Ռուս պատգամավորի տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ նա երրորդ օրն անընդմեջ աջակցության նամակներ է ստանում հայերից, որոնք ներողություն են խնդրում իրենց կառավարության և խորհրդարանի որոշման համար։ Դրանցից մի քանիսը հրապարակվել են։

Ինքը՝ պատգամավորը, հայտարարել է. «ՀՀ իշխանությունների նման հիստերիկ որոշումները չեն ազդի իմ հայանպաստ դիրքորոշման և գործունեության վրա։ Այսօր ինձ, առաջին հերթին, մտահոգում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ճակատագիրը, որը, իմ կարծիքով, դավաճանվել է Հայաստանի իշխանությունների կողմից։ Մինչ այս չէի օգտագործում այս բառը, սակայն այժմ կարծում եմ, որ ասելու բարոյական իրավունք ունեմ։

Արգելքի տակ ապրողի ժամանակագրություն. օր երկրորդ

Պատգամավորը նաև կիսվեց իր տպավորություններով.

«Երկրորդ օրն է, ինչ ապրում եմ այն ​​տպավորությամբ, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետը», Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպանը «անցանկալի» է հայտարարել իմ այցը Հայաստանի Հանրապետություն։ «Ցավոք, – գրում է նա, – Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը»։

Կարճ, ինչպես Հեմինգուեյը, սակայն առանց նրա ոճին բնորոշ հստակության։ Ո՞ր հայտարարություններ: Ո՞րն է վերջին շրջանը: Ինչպե՞ս կարողացա միայն իմ հայտարարություններով «վնասել մեր պետությունների միջև հարաբերությունների զարգացմանը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատներն ավելի շատախոս են դուրս եկել։ Կնոջ թերթում ինձ մեղադրել են այն բանում, որ ես Հայաստանի կառավարությանը պատասխանատու եմ համարում Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտության և Հայաստանի տարածքով միջանցքներ ստեղծելու ծրագրերի մասին հարցը Հայաստանի վարչապետին վերահասցեագրելու համար (հետաքրքիր է՝ իսկ դա այդպես չէ՞):

Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը պարոն Փաշինյանի աներձագն է, ուրախությամբ հայտարարել է, որ այն փաստը, որ Հայաստանն այժմ միացել է Ադրբեջանին, որն ինձ 2010 թվականին «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել, վկայում է երկու երկրների առաջացող ընդհանրության մասին։

Ես նույնպես այդպես եմ կարծում։ Ընդհանրությունն ակնհայտ է, «Կոզա Նոստրա»։ «Իմ գործերը աննման են, իմ խոսքերը՝ հրաշալի», – Բեհիսթունի արձանագրության մեջ մ.թ.ա. 5-րդ դարում ինքն իր մասին երեք լեզվով գրել է Դարեհը: Եթե «Հայաստան պետությունը Նիկոլն է։ Եվ վերջ», ապա հասկանալի է, թե ինչու են ինձ պատժել. Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանում չի կարող մեղավոր լինել։

Ինձ այնքան էլ չեն անհանգստացնում Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների «վերջին շրջանի հրապարակային հայտարարությունները»։ Ես եկել եմ այն եզրակացության, որ նրանց «վերջին շրջանի» արարքները իսկապես տանում են Հայաստանի անջատմանը Ռուսաստանից, իսկ եթե դա հաջողվի, այնուհետև ռուս և հայ ժողովուրդների անջատմանը։ Նրանք արդեն իսկ հասցրել են Լեռնային Ղարաբաղի հայերից Հայաստանի իշխանությունների անջատմանը։ Միայն Պուտինը գիտի՝ արդյոք մենք հասել ենք Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում անդառնալի կետի։ Հնարավոր է՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք հանդիպումը կպարզաբանի դա։

Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հայազգի բոլոր հասարակ քաղաքացիներին, ովքեր երեկվանից ինձ աջակցության նամակներ են ուղարկում։ Դա իսկապես թանկ արժե: Խնդրում եմ՝ մի կարծեք, որ ես, արգելքից վիրավորված, կփոխեմ իմ վերաբերմունքը եղբայրական քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ։ Չէ՞ որ չեմ փոխել իմ վերաբերմունքը եղբայրական ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, նույնիսկ պատերազմի սկսվելուց հետո, ինչի համար շատ ավելի շատ հիմքեր կային։

Հայաստանն ու հայերին սիրելու համար պարտադիր չէ հայ լինել», – 2022 թվականի հոկտեմբերի 26-ին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։

Նշենք, որ պատգամավորը կապ է հաստատել ՌԴ ԱԳ նախարարի և նախարարի տեղակալների հետ, ովքեր տեղեկացրել են, որ ԱԳՆ-ն այս դեպքի հետ կապված նոտա է պատրաստում, որի նպատակն է պարզաբանել ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը:

Ի դեպ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական իշխանություններն արգելել են մեկ այլ ռուս գործչի ՝ ռուսական Russia Today լրատվամիջոցի ղեկավարի մուտքը Հայաստան.

«Երկար տարիներ Հայաստանին հսկայական աջակցություն ցուցաբերող Կոնստանտին Զատուլինին Հայաստանի գործող ղեկավարն արգելել է մուտք գործել Հայաստան։

Ինձ, ի դեպ, նույնպես։ Ինչ ասած», – գրել է Մարգարիտա Սիմոնյանը՝ առայժմ սահմանափակվելով այս մեկնաբանությամբ։

«Լազարևյան ակումբը» կհավաքվի

Չնայած այն հանգամանքին, որ Կոնստանտին Զատուլինին արգելված է մուտք գործել Հայաստան, վաղը՝ հոկտեմբերի 28-ին, Մոսկվա-Երևան տեսակամուրջի ձևաչափով տեղի կունենա ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» հինգերորդ հանդիպումը՝ «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան», որին կմասնակցեն Ռուսաստանի և Հայաստանի ճանաչված քաղաքական գործիչներ, պատմաբաններ ու քաղաքագետներ, դիվանագետներ, վերլուծական կենտրոնների մասնագետներ, Ռուսաստանի և Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ ու լրագրողներ։ Մոսկվայում հանդիպումը կվարի «Լազարևյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը։

Լինա Մակարյան