Illustration: dw.com

Կորոնավիրուսը բացահայտեց մի շարք խնդիրներ ոչ միայն սոցիալական և տնտեսական, այլ նաև անշարժ գույքի ոլորտում, ինչը շատ տրամաբանական է. մարդիկ չգիտեն՝ կկարողանա՞ն արդյոք պահպանել իրենց եկամուտը, աշխատատեղը կամ բիզնեսը, ուստի այս ժամանակահատվածում քչերը կորոշեն բնակարան գնել: Եվ եթե, ըստ պաշտոնական վիճակագրության, կարանտինի երեք ամիսների ընթացքում անշարժ գույքի շուկայում իրավիճակը սպասման ռեժիմում է, ապա մայիս ամսից սկսած շուկայական գների անկում է նկատվել. ընդ որում, ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում:

Այսպիսով, մայիսին Հայաստանում վաճառվել է ընդամենը 578 բնակարան, մինչդեռ 2019թ. մայիսին վաճառվել է 1331 բնակարան (57%-ով անկում): Անցյալ տարվա մայիսին վաճառվել է 614 սեփական տուն, իսկ 2020թ. մայիսին՝ 417 (32%-ով անկում): Ընդհանուր առմամբ, մայիսին մայրաքաղաքում վաճառվել է 61%-ով ավելի քիչ բնակարան, քան 2019թ. նույն ժամանակահատվածում: Երևանի վարչական շրջաններում ևս տեղի է ունեցել գների անկում:

Բայց ինչպիսի՞նն է ընդհանուր պատկերը: Dalma News-ի հետ հարցազրույցում Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնտեսագետ-վերլուծաբան Աննա Մակարյանը նշեց, որ մարտին և հատկապես ապրիլին կնքված առուվաճառքի պայմանագրերի թվի նվազումը բավականին զգալի է, և դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ մարդիկ չէին ցանկանում անշարժ գույք գնել, այլ նաև այն փաստով, որ գործում էին համատարած սահմանափակումներ: Սակայն Հայաստանի անշարժ գույքի շուկայի առանձնահատկությունները թելադրում են իրենց կանոնները.

«Մենք գործ ունենք ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային անշարժ գույքի շուկաների հետ, որոնք զարգանում են յուրաքանչյուրը յուրովի: Օրինակ՝ եթե երկրորդային շուկայում ունենք գների անկում, ապա դա անպայմանորեն չի հանգեցնի առաջնային շուկայում գների անկմանը: Սա բացատրվում է նրանով, որ նույնիսկ միջին եկամուտ ունեցող ընտանիքը կարող է իրեն թույլ տալ նորակառույց շենքում հիփոթեք ձևակերպել եկամտահարկի վերադարձի ծրագրի շնորհիվ: Այսպիսով, կարող ենք ասել, որ չնայած ծանր ժամանակահատված է, առաջնային շուկայում գների էական իջեցում պետք չէ ակնկալել», – նշեց նա:  

Ինչ վերաբերում է անշարժ գույքի երկրորդային շուկային, ապա այստեղ, ինչպես ասում են, այլ տարբերակ չկա՝ դժվար թե հաջողվի պահպանել առկա գները: Փորձագետը նշեց, որ այսօր շատ դժվար է կանխատեսել, թե որքան կտևի այս իրավիճակը, քանի որ պարզ է, որ նույնիսկ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակի կայունացման դեպքում էլ անշարժ գույքի շուկան անմիջապես չի կայունանա.

«Ամեն ինչ կախված է մի քանի գործոններից: Նախ՝ պետք է հաշվի առնել այն փաստը, որ համաճարակն ազդել է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի բոլոր երկրների տնտեսությունների վրա, իսկ մեր քաղաքացիների մեծ մասը գումար աշխատելու համար կամ մեկնում է արտերկիր, կամ նրանց եկամուտները ինչ-որ կերպ կապված են այլ երկրների հետ: Առկա են նաև հետևյալ գործոնները՝ հայտնի չէ, թե երբ կբացվեն սահմանները, երբ համաշխարհային տնտեսությունը կսկսի կայունանալ, և երբ մեր տնտեսությունը կկարողանա գոնե մոտենալ այն մակարդակին, որը կար մինչ համաճարակը և այլն: Այսպիսով, անհրաժեշտ է առնվազն կես տարի, որպեսզի Հայաստանի տնտեսությունը վերադառնա իր այն նորմալ ընթացքին, երբ մարդիկ կկարողանան մտածել անշարժ գույք գնելու մասին ինչպես հիփոթեքով, այնպես էլ երկրորդային շուկայում: Սակայն կարծում եմ, որ գների անկումը առայժմ կշարունակվի», – ամփոփեց մեր զրուցակիցը:

Միևնույն ժամանակ, բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել վարձակալության տրվող տների շուկայում: Dalma News-ի հետ հարցազրույցում Երևանի անշարժ գույքի գործակալություններից մեկի աշխատակից Կարեն Գրիգորյանը նշեց, որ, ի տարբերություն առուվաճառքի շուկայում տիրող իրավիճակի, վարձակալվող բնակարանների դեպքում գների անկում չի նկատվում:

«Այստեղ խոսքը գնում է վարձով տրվող բնակարանների մի քանի տեսակի մասին: Օրինակ՝ «երկարաժամկետ» բնակարանները, այսինքն՝ նրանց, որոնք վարձակալվում են մեկ տարի կամ ավելի ժամանակահատվածով, չեն կորցրել իրենց արժեքը, քանի որ տարբերություն չկա՝ դրսում համաճարակ կա, թե ոչ, մարդիկ պետք է ինչ-որ տեղ ապրեն: Գների որոշակի անկում նկատվում է այն բնակարանների համար, որոնք օրավարձով են տրվում և հիմնականում նախատեսված են զբոսաշրջիկների համար: Դրա բացատրությունը միանգամայն տրամաբանական է՝ չկան զբոսաշրջիկներ, չկա շահույթ, ուստի որոշ վարձակալներ իջեցրել են գները, որպեսզի ինչ-որ կերպ դիմանան այս ժամանակահատվածում: Իսկ այն վարձակալները, որոնք հանձնում են շքեղ բնակարաններ, որոնց վարձակալության գինը սկսվում է 1000 դոլարից և ավելին, նախընտրում են փակել դրանք մինչև ավելի լավ ժամանակներ կգան, քան հանձնել պատահական մեկին քիչ գումարով», – նշեց նա:

Իրավիճակը փոքր-ինչ այլ է վարձակալվող տարածքների բիզնեսի համար. ահա թե որտեղ է, ըստ գործակալի, իրական ողբերգությունը, քանի որ մարդիկ ամբողջ ուժերով փորձում են պահել բիզնեսը, սակայն բոլոր տեսակի վարկերից,
աշխատավարձներից և այլնից բացի՝ ստիպված են վճարել նաև տարածքների վարձակալության գումար.

«Ունեցել ենք դեպք, երբ վարձատուն հրաժարվել է պակասեցնել վարձավճարը կարանտինային ամիսների ընթացքում պարապուրդի մեջ գտնվող տուրիստական գործակալության համար, որը բավականին պատշաճ գումար էր` ամսական 850 դոլար: Նա հայտնել էր, որ իր համար միևնույնն է, որ աշխատանք և զբոսաշրջիկներ չկան, և, ըստ երևույթին, հույս ուներ, որ ընկերությունը միևնույնն է՝ կմնար, սակայն երբ այն տեղափոխվեց, մեկուկես ամիս է՝ չի կարողանում տարածքը հանձնել նույնիսկ կես գնով: Եվ նման օրինակներ շատ կան», – ասաց նա:

Այնուամենայնիվ, նա ամփոփեց, որ անշարժ գույքի շուկայում «ավերածությունների» ողջ ծավալը հնարավոր կլինի գնահատել միայն մի քանի ամիս անց: Իսկ առայժմ յուրաքանչյուրը պայքարում է ինչպես կարողանում է` նոր պարտքերի և վարկերի, խնայողությունների հաշվին, սակայն մեծամասամբ՝ սեփական նյարդերի հաշվին:

Լինա Մակարյան