Ավանդաբար մարտի 8-ը տարվա մեջ կանանց ամենագեղեցիկ, գունավոր, ժպիտներով լեցուն օրն է: Այն ժամանակվանից, երբ Հայաստանը վերադարձրեց կանանց այս տոնը, և նորից դարձրեց այն հանգստյան օր, կարծես թե, տարեց տարի այս տոնը նոր թափ է հավաքում, իսկ մեր տղամարդիկ նորանոր միջոցներ են հնարում այդ օրը էլ ավելի հիշարժան դարձնելու համար: Իսկ հաշվի առնելով, որ Հայաստանում նշում են ոչ թե միայն մեկ օր տարվա մեջ, այլ ամբողջ միամսյակ (մարտի 8-ից ապրիլի 7-ը), ապա անակնկալներ կարելի է սպասել գրեթե ամեն օր:

Արդեն երկար տարիներ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև բարեգործական հիմնադրամներ քաղաքի փողոցներում այս օրը հաճելի անակնկալների միջոցով ժպիտներ են կերտում կանանց դեմքին: Այս տարի այլ միջոցառումներին և նախաձեռնություններին միացան նաև «Զարգացում» շարժման ակտիվիստները:

Վահան Եղիազարյան

Dalma News-ի հետ զրույցում «Զարգացում» շարժման նախագահ Վահան Եղիազարյանը պատմեց, որ այս տարի Հայաստանն առաջին անգամ միացավ Make Her smile ակցիային, որն անցյալ տարի մեկնարկել էր 50 երկրում, սակայն արդեն այս տարի այն անցկացվել է ավելի քան 100 երկրում, այդ թվում նաև Երևանում.

«Ակցիան մեկնարկել է 2017 թվականին Երիտասարդության և ուսանողների XIX համաշխարհային փառատոնի ապագա մասնակիցների նախաձեռնությամբ: Մոլորակի բոլոր անկյուններից երիտասարդները հրապարակում էին իրենց պատմությունները #MakeHerSmile հեշթեգով` կապված կանանց, աղջիկներին, մայրերին, մտերիմներին և հարազատներին շնորհավորելու հետ: Սոցիալական ցանցերում ակցիային ներգրավվեց ավելի քան 300 հազար երիտասարդ աշխարհի բոլոր անկյուններից, իսկ փառատոնի բազմաթիվ ապագա մասնակիցներ ճանաչեցին միմյանց հենց այդ օրը: Մեկնարկած ֆլեշմոբ-ակցիան դրական սոցիալական ազդեցություն է առաջացնում` միավորելով տարբեր երկրների ակտիվ երիտասարդությանը: Եվ հենց այդ պատճառով Future Team շարժումն այս տարի ընդլայնեց իր սահմանները», – նշեց նա:

Հայաստանում այս նախաձեռնության կազմակերպիչներն էր «Զարգացում» շարժումը՝ «Հայաստանում ռուսական ԲՈՒՀ-երի մասնաճյուղերի ուսանողների ասոցիացիայի», Երիտասարդության ռուս-հայկական ալյանսի հետ համագործակցությամբ, Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի և Future Team միջազգային շարժման աջակցությամբ: Այս ակցիայի շրջանակներում մարտի 8-ին Երևանի կենտրոնում պատահական անցնող կանայք ստացան վարդեր և շնորհավորանքներ, ինչպես նաև տոնական լիցքեր ամբողջ օրվա համար.

«Այսպիսով, Հայաստանը դարձավ այս ակցիայի մեծ ընտանիքի անդամ, և արդեն այսօր www.makehersmile.world կայքում կարելի է տեսնել նկարներ և տեսանյութեր մեր հայրենի մայրաքաղաքից», – ընդգծեց Եղիազարյանը:

Ինչ վերաբերում է հետագա ծրագրերին, ապա մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ այն կդառնա ամենամյա, և ապագայում կընդգրկվեն նաև Հայաստանի այլ քաղաքներ:

«Կանայք սիրում են ծաղիկներ, անակնկալներ, և մենք ուրախ ենք, որ այս տոնական օրը կարողացանք ժպիտ առաջացնել հայ կանանց դեմքներին և այդպիսով մեր ներդրումն ունեցանք իրենց տոնական հիշողությունների պահոցում: Մենք պատրաստ ենք սքանչելի կանանց հետագայում ևս ժպիտներ պարգևել», – ընդհանրացրեց Վահան Եղիազարյանը:

1908 թվականի մարտի 8-ին նյույորքյան սոցիալ-դեմոկրատական կանանց կազմակերպության կոչով տեղի ունեցավ ցույց` կանանց հավասար իրավունքների նշանաբանով: Այդ օրը ավելի քան 15 000 կանայք քայլերթով անցան ամբողջ քաղաքով` պահանջելով կրճատել աշխատանքային ժամերը և տղամարդկանց հետ աշխատավարձի բաշխման հավասար պայմաններ հաստատել: Բացի այդ, առաջադրվեց պահանջ՝ կանանց տալ ընտրելու իրավունք: 1909 թվականին Ամերիկայի Սոցիալիստական կուսակցությունը հայտարարեց կանանց ազգային օր, որն ընդհուպ մինչև 1913 թվականը նշվում էր փետրվարի վերջին կիրակին: 1909 թվականին այն փետրվարի 28-ին էր: Ավելի ուշ, 1910 թվականին պատվիրակները ԱՄՆ-ից ժամանեցին Կոպենհագեն սոցիալիստ-կանանց Երկրորդ միջազգային կոնֆերանսին, որտեղ հանդիպեցին կոմունիստուհի Կլարա Ցետկինին: Խաղաղության համար շարժման շրջանակներում ռուս կանայք առաջին անգամ նշեցին Կանանց միջազգային օրը 1913 թվականի փետրվարի առաջին կիրակին: Արդեն 1921 թվականին՝ Կանանց երկրորդ կոմունիստական կոնֆերանսի որոշմամբ՝ Կանանց միջազգային օրը սկսեցին նշել մարտի 8-ին` ի հիշատակ կանանց մասնակցությանը 1917 թվականի փետրվարի 23-ին (մարտի 8-ին) տեղի ունեցած պետրոգրադյան ցույցերին, որոնք դարձան Փետրվարյան հեղափոխությանը նախորդող կարևորագույն իրադարձություններից մեկը, ինչի արդյունքում պետք է տապալվեր միապետությունը: Իսկ սկսած 1975 թվականից՝ ՄԱԿ-ը Կանանց միջազգային տարվա առթիվ սկսեց մարտի 8-ին նշել Կանանց միջազգային օրը:

Պատրաստեց Լինա Մակարյանը