ԲԲԸ ՎՏԲ Բանկ (Ադրբեջան) նպատակ ունի ներդնել ռուբլով հիպոտեք: Ինչպես հայտնում է«Haqqin.az»-ը, այդ մասին լրագրողների հայտնել է բանկի մեծածախ բիզնեսի զարգացման վարչության տնօրեն Թուրալ Վելիևը:

«Այս պահի դրությամբ մենք բանակցություններ ենք վարում գործընկերներից մեկի հետ՝ռուսական ռուբլով հիպոտեքային վարկ տրամադրելու համար: Մենք ուսումնասիրում ենք, ինքանով է այդ գործիքը արդյունավետ և պահանջված լինելու շուկայում: Մեր գործընկերը, որը գործում է շինարարական ոլորտում կարծում է, որ այդպիսի առաջարկը կարող է հետաքրքրել շուկան»,-նշել է նա:

Մասնավորապես, Վելիևի կարծիքով, ռուբլով հիպոտեքը կարող է հետաքրքրել բանկի այն հաճախորդներին, որոնք կապված են ՌԴ-ի հետ և եկամուտ են ստանում ռուբլով՝այդպիսիք Ադրբեջանում քիչ չեն:

Վարչության ղեկավարը դժվարացել է նշել ռուբլով հիպոտեքի ապագա տոկոսադրույքները, նշելով միայն, որ նրանք մոտենալու են տոկոսադրույքներին, որոնք կիրառվում են ՌԴ-ում:

Նշենք, որ ԲԲԸ ՎՏԲ Բանկ(Ադրբեջան) ՎՏԲ Բանկի դուստր բանկն է և ծառայություններ է մատուցում կորպորատիվ բիզնեսի հաճախորդներին, փոքր բիզնեսին և մասնավոր հաճախորդներին: Այսօր բանկը ներկայացված է 14 մասնաճյուղերով և հաճախորդների սպասարկման վարչությունով, որը գործում է գլխամասային գրասենյակին կից: