«ԱՄՆ նախագահի պաշտոնում դեմոկրատ Ջո Բայդենի ընտրվելուց հետո այդ երկրում ձեռնամուխ են եղել հետսովետական երկրներում ռազմա-կենսաբանական գործունեության ընդարձակմանը: Չնայած համավարակի տարածման պայմաններում ամերիկյան բիոլաբորատորիաների հետ կապված տեղի բնակչության դժգոհության աճին, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի և Հայաստանի կառավարությունները երկարաձգում են Համատեղ բիոլոգիական գործունեության ծրագրի (Cooperative Biological Engagement Program, CBEP) շրջանակներում ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության (Defense Threat Reduction Agency, DTRA) հետ կնքված համաձայնագիրը: Նկատենք՝ 2019 թվականին ծրագիրն անվանափոխվել էր կոչվելով՝ Բիոլոգիական ռիսկերի նվազեցման ծրագիր (Biological Threat Reduction Program, BTRP)»,-այս մասին գրում է Verelq.am-ը՝ հղում անելով panorama.am-ին:

«Միաժամանակ, հարկ է նկատել, որ դեռևս անպատասխան են մնում ԱՄՆ սահմաններից դուրս Պենտագոնի (ԱՄՆ պաշտպանության նախարարություն) կողմից հիմնված այդ լաբորատորիաների գործունեության օրինականության ու թափանցիկության մասին հարցերը:

Հայաստանում ամերիկյան բիոլոգիական (նաև՝ կենսաբանական) նախագծերի հետ առնչություն ունեցող մեր աղբյուրները խմբագրությանն են տրամադրել փաստաթղթեր, որոնք մանրամասներ են բացահայտում Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմա-կենսաբանական գործունեության մասին: Ուսումնասիրելով նշված փաստաթղթերը, մենք մտահոգիչ եզրահանգման ենք եկել առ այն, որ ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչները մեր երկրի կենսաբանական հետազոտությունների ոլորտում ունեն անսահմանափակ հասանելիություն և առավելագույնս հետաքրքրված են հատկապես վտանգավոր հարուցիչների (պաթոգեների) հետ աշխատանքի հարցում, որոնք Պենտագոնը երկար ժամանակ ուսումնասիրել և փորձարկել է որպես կենսաբանական զենք:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են 12 բիոլաբորատորիաներ, որոնք կառուցվել, նորոգվել ու արդիականացվել են ամերիկյան կողմի՝ մասնավորապես ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ֆինանսական միջոցների հաշվին:

Կառույցների ստեղծման ու վերազինման վրա ամերիկյան կողմը հատկացրել է 50 մլն ԱՄՆ դոլար գումար: Դժվար է հավատալ, որ աշխարհի ամենաշատ պատերազմող երկրի պաշտպանության նախարարությունը պետական բյուջեից այդչափ գումար կարող է առանձնացնել՝ բացառապես Հայաստանի քաղաքացիների մասին հոգ տանելու համար, Հայաստանի, որը նույնիսկ սահմանակից չէ: Հայաստանյան քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարծում են, որ նման համագործակցությունը որոշ իմաստով կոռուպցիոն գործարքի է նման՝ մահացու վիրուսների շտամներին և տեղի բնակչության գենոտիպերի նմուշներին հասանելիություն ստանալու նպատակով: Դրանք շատ անհրաժեշտ են Պենտագոնին՝ Ռուսաստանի սահմանների մոտ երկակի օգտագործման հետազոտության համար:

2020-ի գարնանը «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հրապարակայնորեն պահանջել է դադարեցնել Պենտագոնի վտանգավոր կենսաբանական փորձարկումները Հայաստանի տարածքում:

Ցավոք, «ամերիկյան բիոլաբորատորիաները վերացնելու» մասին նրա կոչը կառավարության կողմից անտեսված մնացին: Ավելին, մեր աղբյուրների տրամադրած նոր փաստաթղթերի համաձայն, Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ին կանաչ լույս են տվել ծրագիրն իրականացնել մինչև առնվազն 2025 թվականը:

2020-2025 թթ. ժամանակահատվածի համար կենսաբանական գործունեության ծրագիրը գործընկերների հետ քննարկելու նպատակով 2019 թվականի հուլիսին Հայաստան էր ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության (Defense Threat Reduction Agency, DTRA) պատվիրակությունը: Հանդիպումներ են կազմակերպվել և կայացել ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության, կենսաանվտանգության աշխատանքային խմբի, ինչպես նաև Գյուղատնտեսական ինստիտուտի ռեկտորի հետ:

Լուսանկար. ՀՀ կառավարությանն ուղված DTRA-ի նամակը:

Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը մտադիր է 2025 թվականից հետո ևս շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ հատկապես վտանգավոր հարուցիչների (պաթոգեների) ուսումնասիրության գործում: Հիշեցնենք, որ նախորդ տարի մայիսին Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարը լրագրողներին ու հանրությանը հերթական անգամ վստահեցրել էր, որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կողմից ֆինանսավորվող և Հայաստանի տարածքում գործող բիոլաբորատորիաները վերահսկվում են բացառապես Հայաստանի պատկան մարմինների կողմից: Սակայն, մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը միանգամայն հակառակ պատկերն են ցույց տալիս՝ վկայելով, որ լաբորատորիաների գործունեությունը մասշտաբային վերահսկողության է ենթարկվում ամերիկյան վերահսկողների կողմից:

Այսպես, օրինակ՝ 2020-2025 թվականներին Հայաստանում իրականացվող ԱՄՆ կենսաբանական գործունեության ծրագրում, որը ըստ էության Հայաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության միջև կնքված պայմանագիր է, մատնանշվում է, որ եթե հայկական կողմը հրաժարվի կատարել որևէ պահանջ, ապա ամերիկյան կողմն անհապաղ դադարեցնում է ֆիանսավորումը:

Լուսանկար. Հատված կնքված համաձայնագրից

Բացի այդ, տարբեր ժամանակներում ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության կողմից Հայաստանում հատկապես վտանգավոր վիրուսների հետազոտության համար իրականացվող կենսաբանական ծրագրերում ներգրավվել են մասնագետներ ամերիկյան ռազմա-բժշկական այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են՝ Ռազմածովային բժշկական հետազոտական կենտրոնը (NMRC-F), Ուոլթեր Ռիդի անվան ցամաքային զորքերի գիտահետազոտական ինստիտուտը (WRAIR), ինչպես նաև ԱՄՆ Զինված ուժերի ինֆեկցիոն հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը (USAMRIID):

Լուսանկար. 2016 թ առաջին կեսին Հայաստանում կենսաբանական ռիսկի նվազեցման ծրագրից

Մեզ տրամադրված փաստաթղթերից առանձնակի հետաքրքրություն առաջացրեց ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության (DTRA) պաշտոնական նամակը, որով հայկական կողմը ծանուցվում էր Հայաստանում ամերիկյան ռազմական գերատեսչության կենսաբանական (բիոլոգիական) ծրագրի նոր ղեկավարի նշանակման մասին: Դա 2018-ի մայիսին էր, երբ Հայաստանում իշխանության եկավ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առանց որևէ պատճառի Միացյալ Նահանգները իր ռազմա-կենսաբանական ծրագրերի իրագործման համար ղեկավար է նշանակել Բրենդ Սիգելին: Վերջինս մինչ այդ ԱՄՆ նույնատիպ՝ ռազմա-կենսաբանական ծրագիրն է ղեկավարել Ուկրաինայում, որտեղ նույնպես կան մտահոգություններ այդ ոլորտում ամերիկյան կողմի գործունեության կապակությամբ:

Անկախ փորձագետները և լրագրողները նկատում են, որ կատարված ուսումնասիրության արդյունքները կիրառվում են ամերիկյան զինվորականների կողմից կենսաբանական (բիոլոգիական) նոր տեսակի զենք ստեղծելու վրա, որն ուղղված կարող է լինել սլավոնական էթնոսի դեմ:

Այդուհանդերձ, նրանց աշխատանքների արդյունքները մնում են գաղտնիք միջազգային հանրության համար:

Լուսանկար. ԱԱԾ տնօրենի տեղակալին ուղղված DTRA-ի պաշտոնական նամակը

«Սահմանադրական իրավունք» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի խոսքով, այս ամբողջ ժամանակաընթացքում ամերիկյան բիոլաբորատորիաների կողմից կատարված լուրջ գիտական հետազոտություն չի հանրայնացվել, դրանց մասին բաց ռեսուրսներում հրապարակված ոչ մի տվյալ չկա:

Միաժամանակ կորոնավիրուսի համավարակի ընթացքում այդ կենտրոններում զննություն են անցել շուրջ 600 հայ զինծառայողներ: Ո՞րն է իրականացվող հետազոտությունների վերջնական նպատակը: Ի՞նչ են ցանկանում ամերիկացի զինվորականներն ստանալ դոլարի և տեխնիկական օգնության դիմաց:

Ակնհայտ է՝ Պենտագոնը Հայաստանի կառավարության թողտվությամբ օգտագործում է մեր և մեր քաղաքացիների ռեսուրսները՝ անօրինական և երկակի նշանակության կենսաբանական (բիոլոգիական) հետազոտությունների համար: Փորձագետները բազմիցս են ահազանգել վտանգների մասին՝ հիշեցնելով, որ դեռևս 2001-ին ԱՄՆ-ն հրաժարվել էր ընդունել Մանրէաբանական և թունավոր զենքերի մշակումը, արտադրությունը, պահեստավորումը և դրանց ոչնչացումը (BTWC) արգելելու մասին կոնվենցիայի արձանագրությունը, որը նախատեսում է փոխադարձ վերահսկողության մեխանիզմներ: Իսկ դա նշանակում է, որ Պենտագոնն իրեն ազատել է պատասխանատվությունից՝ բացառելով հետխորհրդային տարածքում իր կողմից ֆինանսավորվող բիոլաբորատորիաների գործունեության հետ կապված անկախ հետաքննություն անցկացնելու հնարավորությունը:

Եթե իշխանությունները չապահովեն խիստ վերահսկողություն երկրի տարածքում գործող բիոլոգիական կենտրոնների նկատմամբ և չհետևեն Կոնվենցիայից (BTWC) բխող պահանջների կատարմանը, ապա Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ ռազմա-կենսաբանական փորձարկումների զոհը:

Դատելով վերջին իրադարձությունների ընթացքից, Հայաստանում իշխանությունները ականջալուր են ժողովրդի պահանջին, երբ վերջինս զանգվածաբար դուրս է գալիս փողոց: Այդ պատճառով արտահերթ ընտրություններից առաջ ուղղակի պետք է բարձրացնել Հայաստանի կենսաբանական ինքնուրույնության հարցը և պետությունից պահանջել դադարեցնել ԱՄՆ ռազմա-կենսաբանական գործունեությունը, որը մեծ սպառնալիք է ներկայացնում մեր երկրի անվտանգության համար»։