Երևանում՝ Թումանյան ու Տերյան փողոցների խաչմերուկում՝ Կարապի լճի մոտ գտնվող Առնո Բաբաջանյանի արձանի անթիվ կրկնօրինակներ ջարդվեցին ժամանակին… Պետք է խոստովանել, որ երբ հուշարձանին նայում ես առաջին անգամ, այն անսպասելիորեն ցնցում է քեզ՝ իր համարձակ, անսովոր տեսքով ու իր լայնամասշտաբ էքսպրեսիայով: Այս հուշարձանը «հակառակորդներ» ուներ՝ որքան ասես, միայն թե նրանք շատ շուտ ինչ-որ տեղ անհետացան, «պատռեցին իրենց դիմակները», ինչպես ասում են, ու հիմա հայոց մայրաքաղաքի կենտրոնն առանց դաշնամուրի առջև նստած Առնո Հարությունովիչի պատկերացնել հնարավոր չէ: Կյանքում էլ էր նա այդպիսին՝ամբողջովին երաժշտության մեջ, լրիվ էքսպրեսիա… Այլապես նման հանճարեղ երաժշտություն գրել հնարավոր չէր լինի:
Arno_Babadjanyan1

Համամոլորակային կոմպոզիտորը

Ասել, թե Առնո Բաբաջանյանի երգերը երգում էին ԽՍՀՄ բոլոր 15 պետություններում, նշանակում է չասել ոչինչ: Այդ երգերը մինչև օրս էլ երգվում են ու դեռ երգվելու են շատ երկար, ու ոչ միայն ետխորհրդային տարածքում, այլ ողջ մոլորակով մեկ: Որովհետև Առնո Բաբաջանյանը կարողանում էր իր ստեղծագործություններում հարազատ հայերեն հնչյունների հետ նրբանկատորեն միաձուլել ռուսական ու եվրոպական լավագույն հնչողությունները՝ ստեղծելով չկրկնվող ներդաշնակություններ, որոնք մինչև օրս զարմացնում են երաժիշտներին:

Քչերին հայտնի մի պատմություն… Համաշխարհային ճանաչում ունեցող կիթառահար, երաժիշտ Կառլոս Սանտանան 60-ականների կեսերին թողարկեց իր հայտնի «Եվրոպա» կոմպոզիցիան, որն այդուհետ դարձավ երաժշտի այցեքարտը: «Եվրոպա»-ի ամենասկզբում Սանտանան «փոխ է առել» Բաբաջանյանի «Կամուրջներ» երգի գրեթե 8 ակորդ: Երգն այդ գրվել ու գրանցվել է 1959 թ.՝ Հեղինակային իրավունքի համամիութենական գործակալությունում: Առնո Հարությունովիչին ու նրա որդուն՝ Արային, որպես իրավահաջորդ, մի քանի անգամ առաջարկվել է մեքսիկի դեմ «գործ հարուցել»: Իհարկե այդպիսի բան չարվեց, նախ որովհետև շատ տարիներ էին անցել, և հետո էլ գուցե կիթառային երաժշտության գուրույի հանդեպ ունեցած  հայտնի բարեպաշտությունից նման բան տեղի չունեցավ:

Բայց այսօր ահա Արա Բաբաջանյանը ժամանակ առ ժամանակ ստիպված է դիմել համապատասխան մարմիններին՝Բաբաջանյանի հայտնի երգերը ներկայիս հեռուստանյութերում անթույլատրելի օգտագործման առիթով, ու ուրիշի մտավոր կարողությունները գողանալ սիրողներին բացատրել, որ այն, ինչ անում են իրենք, շատ վատ է, և տնտեսապես էլ շահավետ չէ, հատկապես եթե ստիպեն իրենց դրա համար վճարել:

Moscow. USSR. Armenian composer Arno Babadzhanyan. Photo TASS / Vladimir Zavyalov; Vladimir Savostyanov Москва. Армянский композитор, пианист Арно Бабаджанян. Фото Владимира Завьялова и Владимира Савостьянова /Фотохроника ТАСС/
)- Մոսկվա: Հայ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյան: Լուսանկարը՝ Վլադիմիր Զավյալովի և Վլադիմիր Սավոստյանովի /Ֆոտոխրոնիկա ՏԱՍՍ/

Երբ ուշադիր լսում ես բոլոր ժամանակների ու բոլոր ժողովուրդների մեծագույն կինոկոմպոզիտոր Էննիո Մարիկկոնեի հրաշագործ երաժշտությունը, կամաց-կամաց զգում ես իտալացի մաեստրոի մեղեդիների ու նրա հայտնի սաունդ-թրեքների ու Առնո Բաբաջանյանի մեղեդիների հիմնային նմանությունը: Տաղանդավոր մարդը մնում է տաղանդավոր, իսկ հանճարեղությունը չվերացող մեծություն է, այդ պատճառով է, որ նման մարդկանց կողմից ստեղծվածը չի ճանաչում ոչ ժամանակային, ոչ էլ աշխարհագրական սահմաններ:

…Նա կարողանում էր անկեղծ ուրախանալ կյանքով, իսկ ամենագլխավորը՝ այդ զգացումով կիսվել այլ մարդկանց հետ: Աշխատանքային օրերին երաժիշտը հենց այնպես տոներ կարող էր կազմակերպել ու հրավիրել բոլոր նրանց, ովքեր այդ ուրախությանը մասնակցելուն դեմ չէին: Նրա ողջ կյանքը դարձավ ինքնատիպ սիրո մի պատմություն՝ իր զարմանահրաշ երգերի միջոցով տարածվելով աշխարհով մեկ: Այդպիսի երաժշտություն կարողացավ գրել միայն նա:

Հունվարին ծնվածը

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921թ. հունվարի 21-ին՝ Երևանում: Տան գլխավորի՝ մաթեմատիկ Հարություն Բաբաջանյանի ուրախությանը չափ ու սահման չկար: Դրանից երեք տարի անց մահանում է Լենինն ու այդ օրը հսկա երկրում ամենամյա սուգ հայտարարվում: Այդ ժամանակ հայրը որոշում է փոխել որդու ծննդյան օրը՝ չէ՞ որ տոն չէին նշելու այն օրը, երբ ողջ երկիրը սգում էր բոլշևիկ առաջնորդի կորուստը, ու Առնոյի ծնունդը տեղափոխում են հունվարի 22:

Տանը երաժիշտներ չկային, չնայած հայրը սիրում էր երբեմն-երբեմն տարվել ֆլեյտա նվագելով, սիրողական մակարդակով, իհարկե: Իսկ Առնոն երեք տարեկանում արդեն նվագում էր հին հարմոնը, իսկ 9 տարեկանում գրեց իր առաջին ստեղծագործությունը՝ «Պիոներական քայլերգը»: Բայց այդ երկու իրադարձությունների ընթացքում անցավ վեց ամբողջ տարի, և շատ բան կատարվեց…. Կարևորը՝ կատարվեց կարևորագույնը՝Առնոյին նկատեց Արամ Իլյիչ Խաչատրյանը:

Arno_Babadjanyan
Առնո Բաբաջանյանն ու Արամ Իլյիչ Խաչատրյանը

Հասարակ մի մանկապարտեզ այցելելով՝ պատվավոր հյուրը հաճելիորեն զարմացավ փոքրիկ վունդերքինդի անհավանական տաղանդով: Մանրադիտակային իր հասակակիցների համեմատ նա ավելի հասակավոր էր, իսկական Գուլիվեր: Փոքրիկ Առնոյի ֆիզիկական համամասնություններն էլ էին զարմացնում՝ հսկա ձեռքեր, քթի անհավանական մեծություն ու կառուցվածք: Լսելով 6-ամյա տղային՝ Արամ Խաչատրյանը հայտարարեց. «Նա ընտրյալ է»: Ավելի ուշ հանճարեղ Խաչատրյանը Առնո Բաբաջանյանի ստեղծագործական կենսագրության ամենանուրբ պահին կհայտնվի որպես լամպի ջին…

1928 թ. Առնոն ընդունվեց Երևանի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների խումբ: «Պիոներական քայլերգից» հետո 12 տարեկան հասականում նա ստացավ իր առաջին մրցանակը՝ երիտասարդ երաժիշտների մրցույթում, որտեղ կատարեց Բեթհովենի «4-րդ սոնատն» ու Մենդելսոնի «Ռոնդո Կապրիչիոզոն»: Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց Կոնսերվատորիա: 1936 թ.-ից դասեր էր առնում Վ. Թալյանի, Ս. Բարխուդարյանի մոտ: Իսկ հետո՝ Մոսկվան…

Աստեղային տասնամյակներ

Մայրաքաղաքում Առնո Բաբաջանյանն ընդունվում է Գնեսինկու երաժշտական ուսումնարանի միանգամից վերջին կուրսը՝ ավարտելով կոմպոզիցիայի բաժինն ու դաշնամուրի բաժինը՝ Ե. Գնեսինեյի մոտ: Ուսումնարանն ավարտելուց հետո նա սովորում է նաև Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում (հատուկ դաշնամուրի բաժին): 1942 թ. վերադառնում է Երևան ու շարունակում ուսումը տեղի կոնսերվատորիայում: 1946-48 թթ. կատարելագործվում է Գ. Ի. Լիտինսկու կոմպոզիցիաներում՝ Մոսկվայում գտնվող Հայկական ՍՍՀ Մշակույթի տանը:

Խորհրդային մայրաքաղաքի ստեղծագործական կյանքում չտեսնված մի իրադարձություն էր Բաբաջանյանի դիպլոմի պաշտպանությունը: Քննական հանձնաժողովում էին հայտնի երաժիշտներ ու մանկավարժներ Յակով Ֆլիերը, Ալեքսանդր Գոլդենվեյզերը ու Հենրիխ Նեյհաուզը: Բացի դասականների ստեղծագործություններից՝ հարկավոր էր նվագել նաև սեփական ստեղծագործությունն ու Բաբաջանյանը հայտնի դաշնակահարների դատին ներկայացրեց Ալեքսանդր Սկրյաբինի ոճով գրված մի ստեղծագործություն: Ժյուրիի անդամներն այն լսեցին, ու փորձեցին շտկում մտցնել՝ հիմա հարկավոր է սեփական մի ստեղծագործություն նվագել: Երաժիշտը պատասխանեց, որ նոր ինքը հենց դա արեց: Քննական հանձնաժողովը զարմանքից քար կտրեց: Իրենք բոլորը հանգամանորեն ծանոթ էին Սկրյաբինի ստեղծագործությանը, իսկ Բաբաջանյանի սեփական ստեղծագործությունը համարել էին դասականի երաժշտությունը:

rob muslim
Առնո Բաբաջանյանն ու Արամ Իլյիչ Խաչատրյանը

Գրելով մի երգ՝ Բաբաջանյանը միշտ գիտեր, թե այն ով կկատարի: Նա շատ լավ էր զգում այս կամ այն մեներգչի վոկալային յուրահատկությունները, չէ՞ որ նրա հետ աշխատում էին տարաբնույթ կատարողներ, սկսած՝ Լյուդմիլա Զիկինայից ու Սոֆիա Ռոտարուից, Յուրի Գուլյաևից մինչև Ժանա Տատլյանան: Էլ չենք խոսում Իոսիֆ Կոբզոնի մասին, ով մի անգամ նույնիսկ կատակով նեղացավ, թե իբր լավագույն հիթերը բաժին են հասնում Մագոմաևին, իսկ իրեն միայն երբեմն են ինչ-որ բաներ տալիս: Թեպետ բաբաջանյանական անզուգական «Նոկտյուրնի» առաջին կատարողը, ի հակառակ բոլոր համոզվածությունների, հենց Կոբզոնն է, ոչ թե Մագոմաևը:

Այդ երաժշտությունը Բաբաջանյանը գրել էր իր համար՝ դաշնամուրի հեղինակային կատարման  նպատակով, ու բազմիցս կատարել է այն Սիլանտիևի նվագախմբի հետ: Մի անգամ Կոբզոնն ասում է Բաբաջանյանին. «Լսի՛ր, Առնո, եկ խնդրենք Ռոբերտին, թող տողեր գրի, ես շատ եմ ուզում կատարել այս երգը»: Ինչին հեղինակը պատասխանում է՝ սրան ձեռք տալ հարկավոր չէ: «Երբ ես արդեն չեմ լինի, արեք, ինչ ուզում եք»: Եվ իսկապես, միայն Բաբաջանյանի մահից հետո Կոբզոնը դիմեց Ռոժդեստվենսկուն, ով էլ երգի համար սքանչելի տողեր գրեց:

1953թ. Բաբաջանյանի մոտ ախտորոշեցին սպիտակարյունություն, դրանից հետո 30 տարի շարունակ՝ մինչև 1983թ. Բաբաջանյանը կյանքի համար պայքար էր մղում: Գուցե դա է պատճառը, որ նրա երաժշտությունում այդքան շատ դրամատիզմ է տեղ գտել, չէ՞ որ գիտակցելով անգամ իր վիճակի լրջությունը, Առնո Հարությունովիչը մնում էր կենսուրախ, ընկերախմբի մարդ, ով սիրում էր հումորներ, ծիծաղ, անեկդոտներ ու ամենահնարավոր կատակները: Կյանքի այս երկու սկիզբները մշտապես պայքարում էին միմյանց դեմ, իսկ երաժշտությունն, անշուշտ, աջակցում էր երաժշտին ու օգնում հաղթահարել հիվանդությունը:

Կասկածից դուրս է Առնո Բաբաջանյանի դասականություն, «Կապրիչիո», «Ջութակի սոնատ», «Նոկտյուրն»-ն ու մնացածը միայն ասվածի վառ ապացույց են, սակայն անգնահատելի է նրա դերը հայկական ու խորհրդային էստրադային երաժշտության զարգացման մեջ: Ինչ-որ մի անգամ Վիլյամ Սարոյանն ասել է. «Նա առաջինն էր, ով ինձ անվանեց մաստեր բառի հայկական նշանակությամբ՝ վարպետ: Ես նրան նույն կերպ պատասխանեցի, ու գիտե՞ք, նա ընդհանրապես չզարմացավ, նույնիսկ չառարկեց: Եվ դա շատ լավ է, որ չառարկեց, քանի որ իսկական վարպետը պիտի իր արժեքն իմանա»:

46

Այստեղ ֆենոմենալության երևույթը բոլորովին էլ չափազանցված չէ, Առնո Բաբաջանյանը մագնիսական ձգողականություն ուներ: Նրա մասին Եվգենի Եվտուշենկոն ասել է. «Նա ծնվել էր որպես երաժիշտ, նրա տաղանդը երաժշտական արտակարգ շնորհի տիպիկ, քրտնաջան, ամենօրյա ջանքերի գումարային արդյունք չէր, նա տարբեր էր: Նրա այդ տաղանդի մասին հոգացել էր ինքը՝ բնությունը»: Կոմպոզիտորի մասին նման կարծիքներ հայտնել են նաև Անդրեյ Վոզնեսենսկին, Ռոբերտ Ռոժդեստվենսկին, Անդրեյ Դեմենտիևը:

Առնո Բաբաջանյանը մշտապես ապրում էր հագեցած կյանքով ու երբեք չէր դադարում զարմացնել բոլորին, ասում էին, որ միայն ծառերի մոտ նրա հայտնվելուց կարող են բացվել բողբոջները, սառած գետերի սառույցը կարող է ջարդվել, իսկ խենթ բուքը միանգամից կդադարի:

«Շոպենի ու Ռախմանինովի ժամանակներում ավելի հեշտ էր՝ հավաքներ չէին լինում, նարդի ու շախմատ չէին խաղում, կյանքն ավելի քիչ հետաքրքիր էր: Հիմա նույնիսկ չգիտես՝ երաժշտությո՞ւն գրես, թե՞ ապրես: Թեպետ, եթե ես կոմպոզիտոր չլինեի, հավանաբար բեմում կխաղայի, կատակերգուի դեր կտանեի: Կարծում եմ ինձ մոտ դա մի փոքր անճոռնի կստացվեր»,- այսպես է իր մասին մի անգամ խոսել մաեստրոն:

Ռուբեն Գյուլմիսարյան