Վրացական շուկայում ռուսական «Յանդեքս.Տաքսի» ընկերության աշխատանքային գործունեության հենց առաջին օրերից դժգոհություններ հնչեցին վրաց հասարակության որոշ հատվածի ու որոշ քաղաքական գործիչների շրջանում։ Խնդիրը նրանում է, որ վրաց ինտերնետ-օգտատերերը գոհ չեն այն հանգամանքից, որ ռուսական «Յանդեքս» ընկերության քարտեզների վրա Աբխազիան և Հարավային Օսեթիան նշված են որպես առանձին պետություններ, քանի որ Վրաստանի օրենքների համաձայն՝ երկուսն էլ համարվում են Վրաստանի տարածքները։

Վրաց ինտերնետ-օգտատերերի խոսքերով՝ ծառայությունը շատ կոպիտ կերպով խախտում է «Շրջափակված տարածքների մասին» վրացական օրենքը, ինչի հետ կապված՝ հասարակությունը պահանջեց արգելել ռուսական տվյալ կազմակերպության գործունեությունը, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի տարածքում վրաց հաճախորդների համար կիրառվում է Վրաստանի քարտեզը՝ համընդհանուր ճանաչված սահմաններով:

yandeks-taksi-1

Այսպես, թե այնպես, Վրաստանը թվով 5-րդ պետությունն է (Բելոռուսիայից, Ղազախստանից, Ռուսաստանից ու Հայաստանից հետո), որտեղ աշխատում է ռուսական ընկերության տվյալ ծրագիրը։

Ընկերության ղեկավարության տված տեղեկատվության համաձայն՝ «Յանդեքս.Տաքսի» ընկերության հիմնական նպատակը հասանելի գումարով հաճախորդների արագ սպասարկումն է։ Ընդ որում՝ ցանկացողները կարող են տաքսի պատվիրել ընկերության պաշտոնական կայքի կամ բջջային սարքավորումների միջոցով։ Ընկերության վրացական ծառայությանն արդեն միացել են  11 տաքսոպարկեր ու շուրջ 200 տաքսի։ «Յանդեքս․Տաքսի» ծառայության ճանապարհածախսը շարժման պահից մինչև 2 կմ-ը կազմում է 50 թեթրի (0,20 $), ինչից հետո ցանկացած կմ-ի համար ուղևորը կվճարի ևս 50 թեթրի (0,20 $)։ Տվյալ պահին վճարումը հնարավոր է միայն կանխիկ գումարով, բայց մոտ ապագայում հնարավոր կլինի կատարել նաև անկանխիկ վճարում:

«Յանդեքս․Տաքսի» ընկերության վրացի վարորդները զրույցի ընթացքում խոստովանում են, որ լրիվ բավարարված են իրենց աշխատանքային պայմաններով։ Գոյություն ունի 12-ժամային աշխատանքային գրաֆիկ, որի ընթացքում 10 լիտր վառելիքից ավելի չի ծախսվում, և բացի դա՝ վարորդներն աշխատավարձից էլ չեն բողոքում։

«Մարդը, պատվիրելով տաքսի, չի կարող իմանալ, թե ինչ ապրանքանիշի և ինչ տեխնիկական վիճակում գտնվող մեքենա իրեն կմոտենա։ Ինչ վերաբերվում է մեր ծառայությանը, ապա այստեղ 2004 թ․-ից ցածր տարեթիվ ունեցող մեքենաներ չկան»,- նշեց «Յանդեքս․Տաքսի» ընկերության վարորդն ու ավելացրեց, որ մեկ շաբաթվա ընթացքում ընկերությունը ստացել է շուրջ  5000 զանգ։

14067597_1237736729577874_5996609239302379063_nԱյնուամենայնիվ, չնայած բոլոր դրական կողմերին, ինչպես ավելի վաղ նշվեց, վրաց հասարակությունը «Յանդեքս․Տաքսի» ծառայությանը միանշանակորեն չընդունեց։ Մի մասը կոչ էր անում բողոքարկել ռուսական ընկերության ծառայության դեմ՝ նրան վրացական շուկայից արտաքսելու նպատակով, սակայն որոշներն էլ գտնում էին, որ «Յանդեքս․Տաքսի» ընկերության պայմանները միանգամայն ընդունելի են, քանի որ երբեմն մասնավոր տաքսիների այցը վրացական քաղաքներ չափազանց թանկ է նստում:

«Որոշ տաքսու վարորդներ այնքան ագահ են, որ տեսնելով ճամպրուկով կանգնած ուղևորին՝ չափազանց բարձր գումարներ են պահանջում։ Իմ կարծիքով՝ նման վարորդները պետք է մնան առանց հաճախորդի: Անձամբ ես, փորձելով օգնել կարիքի մեջ գտնվող վարորդին, հասարակ ապրանքանիշի մեքենա եմ կանգնեցնում, որի արդյունքում էլ ստիպված եմ լինում ճանապարհորդել  թափթփված սրահում՝ խեղդվելով ծխող վարորդի ծխախոտի ծխից ։ Այդ իսկ պատճառով էլ, ըստ իս, «Յանդեքս․Տաքսին» կլինի պահանջված։ Ինձ հետաքրքիր չէ, թե տվյալ ընկերությունն ում է պատկանում։ Կարևորն այն է, որ ես հնարավորություն ունեմ ճանապարհորդել հարմարավետ պայմաններում, սեփական հայրենիքումս՝ օգտվելով իմ իսկ հայրենակից- վարորդի ծառայություններից»,-  գրում է ինտերնետ-օգտատեր Դաթոն։

025956Խնդրի հետ կապված՝ մեկնաբանություններ արեցին նաև Վրաստանի իշխանությունները։ Վրաստանի փոխվարչապետ Կախի Քալաձեի խոսքերով՝ ռուսական կազմակերպություններն արդեն երկար տարիներ են գործառույթներ իրականացնում վրացական շուկայում, և սխալ կլիներ իշխանությունների կողմից խանգարել մասնավոր բիզնեսի գործունեությանը։

«Ռուսական ընկերությունները Վրաստանի շուկայում տարբեր ուղղություններով գործունեություններ են ծավալում։ Իմ կարծիքով՝ բիզնեսի տեսանկյունից սխալ կլիներ խանգարել նրանց։ Ազգի ու կառավարության գլխավոր հանձնարարականն ու ուղղությունը պետք է միտված լինի այն բանին, որ Վրաստանը դառնա Եվրոպայի մի մաս։ Մեր բոլոր հայտարարություններն ու բարեփոխումներն ուղղված են դրան։ Մենք զուգահեռաբար փորձում ենք նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ Ինչ վերաբերում է կոնկրետ փաստին՝ ինձ համար դա անընդունելի է։ Քարտեզները չեմ տեսել, սակայն եթե դա այդպես է, ապա շատ վատ է»,- հայտարարեց Կախի Քալաձեն։

Քալաձեն նաև նշեց, որ վրացական ապրանքը թեպետ ռուսական շուկա դուրս գալու հնարավորություն ունի, սակայն քաղաքականության տեսանկյունից՝ Վրաստանի ու Ռուսաստանի միջև դեռևս բավականաչափ չլուծված հարցեր են մնում։ Ի տարբերություն կառավարության պաշտոնյաների՝ Վրաստանի ոչ իշխանական հատվածը «Յանդեքս․Տաքսի» ընկերությանը մեղադրում է անօրինական գործողություններում և անհրաժեշտ է համարում օգտվել երկրի ՆԳՆ կառույցի միջամտությունից՝ ընկերության ներքին գործերն ուսումնասիրելու նպատակով։

shalva_ogbaidze_55043Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Շալվա Օգբաիձեն գտնում է, որ «Յանդեքս․Տաքսի» ընկերությունը պաշտոնապես չի խախտել օրենքը։ Խնդիրը իրավական համակարգի բացթողումների մեջ է։

«Տվյալ հարցում գոյություն ունի էմոցիոնալ կողմ՝ շրջափակված տարածքների մասին օրենքի խախտումը, սակայն իրավականորեն նրանք օրենք չեն խախտել։ Ընկերությունում միայն վերանայել են կանոնները, որովհետև վրացական ընկերությունը տվյալ ուղղությունը վերահսկել չի կարող»,- ասում է Օգբաիձեն։

Մոսկվայում գտնվող «Յանդեքս․Տաքսի» ընկերության կենտրոնական գրասենյակում պնդում են, որ, գործունեություն ծավալելով Թբիլիսիում, ընկերությունը չի խախտում երկրի օրենքը։ Բացի այդ՝ ներկա պահին «Յանդեքս․Տաքսին» համարվում է «Յանդեքսի» միակ ծառայությունը՝ Վրաստանում։  Հետևաբար՝ ընկերության շահերից է բխում ազգային օրենսդրությանը համապատասխան աշխատանքային գործունեություն ծավալելը։

«Կայքի ինտերֆեյսը, ծրագրերն ու քայլաչափերը հասանելի են նաև վրացերենով։ Վրաստանում օգտատերերի քարտեզները համապատասխանում են պետական սահմանների մասին երկրի պաշտոնական դիրքորոշմանը»,- նշեցին «Յանդեքսի» մամլո- ծառայությունում։

«Յանդեքս․Տաքսի» ընկերության տարածաշրջանային կառավարիչ Թենգիզ Վելիանին խոստովանում է, որ Վրաստանի քարտեզի հետ կապված վեճերն ավելի վաղ են ծագել։

«Մենք հենց սկզբից էլ ասացինք, որ այդ թեման Վրաստանում անպայման կբարձրացվի։ Խոսքը կորցրած տարածքներին է վերաբերվում։ Եվ չնայած այդ ամենին՝ մենք գտանք, որ տվյալ խնդրի հետ կապված ռիսկն ավելի պակաս է այն ներդրման հետ համեմատած, որը մենք կատարեցինք։  Ընկերությունն աշխատում է այն երկրի օրենքներին հետևելու սկզբունքին համապատասխան, որտեղ որ նա գործում է։ Սակայն այստեղ երկու պահ կա՝ Վրաստանում աշխատել սկսեց «Յանդեքս․Տաքսի» ծառայությունը, այլ ոչ թե անմիջապես «Յանդեքս» ընկերությունը:

Բոլոր ծառայությունները, որոնք մենք առաջարկում ենք, համապատասխանում են Վրաստանի օրենսդրությանը։ Մեր ծառայությունն ամեն բան արել է, որ պահպանի օրենքները։ Մեր քարտեզներում Աբխազիան ու Հարավային Օսեթիան նշված են որպես Վրաստանի տարածքներ։ «Յանդեքս․Տաքսի» ընկերության կայքում՝ նույնպես։ Ինչ վերաբերում է կոնկրետ «Յանդեքս» ընկերության քարտեզին՝ ապա դուք գիտեք, որ ընկերության գլխավոր գրասենյակն աշխատում է Ռուսաստանում, իսկ Ռուսաստանը ճանաչել է այդ տարածաշրջանների անկախությունը»,- հայտարարեց Թենգիզ Վելիանին։

Վելիանու խոսքերով՝ «Յանդեքս․Տաքսին» գտնվում է Վրաստանի այլ տրանսպորտային ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու փուլում։ Ներկա պահին ընկերությունը համագործակցում է 6 գործընկերների հետ։ Ինչպես հայտնեց տարածաշրջանային կառավարիչը՝ Վրաստանում բազմաթիվ ընկերություններ կան, որոնք «Յանդեքս․Տաքսի» ընկերության հետ աշխատելու ցանկություն ունեն, սակայն որոշ ընկերություններ խուսափում են հրապարակայնությունից՝ հաշվի առնելով, թե ինչ բացասական արձագանք առաջացրեց վրացական շուկայում նոր ընկերության հայտնվելը:

taksi-tbilisi-e1472027998562

Ընկերությունը Վրաստանում «Յանդեքս․Տաքսու» ծառայություններ մատուցելու որոշում էր կայացրել դեռևս 2016 թ.հունվարին։ Դա ռազմավարական քայլ էր։ Բացի դա՝ ընկերության ծրագրերի մեջ է մտնում Արևելյան Եվրոպայի՝ նախկին խորհրդային տարածաշրջաններ, ինչպես նաև Հարավային Ամերիկա, մասնավորապես՝ Բրազիլիա և Արգենտինա դուրս գալը։ Ընկերությունը մտադիր է նաև անցնել ուղևորավճարների համակցված համակարգին, երբ ուղևորը վճարում է ինչպես շարժման, այնպես էլ հեռավորության համար, օրինակ՝ շարժման ժամանակ նա կվճարի կիլոմետրաժի, իսկ խցանումների ժամանակ՝ ժամանակի համար։

«Յանդեքս․Տաքսի» ծառայության համակարգը ինքնուրույն կերպով որոշում է պատվիրատուի գտնվելու վայրը, իսկ մոտակա մեքենան, որը «Յանդեքս․Տաքսի» ընկերության հետ համագործակցող մեքենաների թվում է, ընդունում է պատվերն ու ինքնուրույն հասնում կանչի վայր։ Որպես կանոն, մեքենայի մոտենալու ժամանակը 10 րոպեից ավելի չի կազմում։ Բացի այդ՝ ընկերությունը ծրագրում է ծառայությունների վճարման նոր գործառույթների սահմանում՝ էկոնոմ, ստանդարտ, և բիզնես-կարգերի համար։ Ինչպես նաև շեշտը դրվելու է տարբեր գործոնների վրա՝ չծխող վարորդ, մեքենայում երեխայի բազկաթոռ, օդափոխիչի առկայություն և այլն։

Հ․Գ․- Ներկա պահին Վրաստանում ևս մեկ օնլայն-կանչի տաքսի ծառայություն  է գործում, որը ներկայացված է միջազգային հայտնի Uber ծառայության նմանությամբ. Իսկ վերջինս գործում է աշխարհի 500 մեգապոլիսներում։ Երկու ընկերություններն էլ պարբերաբար ստուգում են յուրաքանչյուր մեքենայի ու նրա սրահի արտաքին տեսքը, ինչպես նաև մեքենայի համապատասխանությունը՝ հաճախորդի ցանկություններին։ Տաքսու վարորդները նույնպես անցնում են  քաղաքի իմացության, վարորդական հմտությունների և նավիգատորների ճիշտ օգտագործման ստուգումներ։

Շ․ Կարչավա, հատուկ Dalma News-ի համար