Անբացատրելի մի հաճույք է ապրելը…

Սանկտ Պետերբուրգի Ալեքսանդր Նևսկու գերեզմանատանը կա 20 -ամյա պատանու  մի հուզիչ շիրմաքար, որի վրա գրությունն է՝ «մահացել է գիտության նկատմամբ չափազանց մեծ ջանասիրությունից»: Հապա փորձեք ընդունվել Մոսկվայի ֆիզտեխ ինստիտուտ ու այն էլ՝ լավ սովորել: Իսկ այլ կերպ այդտեղ հնարավոր էլ չէ: Ինքներդ էլ կհասկանաք, որ «ուսումից խելքը թռցնել» արտահայտությունը բոլորովին էլ չափազանցված չէ, և այստեղ սովորող ուսանողների մեծ մասն արդեն իսկ անդամագրված է հոգեբուժական կլինիկաներին… Բարեբախտաբար Դավիթ Յանը այդպիսի կլինիկայում չհայտնվեց, սակայն հոգեկան ճգնաժամերն անվերջ հաջորդում են միմյանց… Սակայն Դավիթը կարծում է, որ արդյունքը դրան արժե…

Ֆիզիկայի և թատրոնի արանքում

Դավիթը ծնվել է Երևանում, ինչպես բոլորը՝  նա էլ հաճախել է դպրոց, կարդացել գրքեր, հետևել այն ամենին, ինչով զբաղվել են ծնողները… Դպրոցին հաջորդում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկո-մաթեմատիկական ֆակուլտետը: Ընտանիքում տպավորությունն այնպիսին էր, թե որդին հավանաբար կհետևի ծնողների օրինակին: Դավիթի հայրը՝ Յան Շին, ով 1960-ականներին միակ չինացին էր Հայաստանում, դասավանդում էր համալսարանում, սակայն մայրը, որը ազգությամբ հայ, ֆիզիկոսի իր մասնագիտությունը փոխում է թատրոնում հուշարարի մասնագիտության: Իսկ Դավիթն արվեստի այդ տաճարում լինում էր գրեթե ամեն օր:

1985 թվականին Դավիթը որոշում է փորձել բախտն ու ընդունվել ՄՖՏԻ (Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ), ինչն իհարկե անչափ դժվար էր: Բայց նրան հենց առաջին իսկ փորձից հաջողվում է դառնալ ամենանշանավոր Բուհ-երից մեկի ուսանողը, և այդ փորձն ավարտվում է «DSL բառարանային լեզվի ուսումնասիրությունը» թեմայով գրված հիասքանչ դիպլոմային աշխատանքով:

Գիտական աշխատանքը շարունակվում է «տեքստերի օպտիկական ճանաչման տեխնոլոգիայի» թեկնածուական դիսերտացիայով, և դրանից հետո այն կարծես մղվում է  երկրորդ պլան՝ իր տեղը զիջելով համարձակ ու երբեմն նույնիսկ անհավանական շրջադարձեր ունեցող աշխատանքային զարգացումներին:

1989 թվականի ամառը նշանավորվում է նրանով, որ Դավիթը, իր նոր մտահաղացումը կյանքի կոչելու նպատակով 3000 խորհրդային ռուբլով վարձակալում է Երիտասարդական գիտատեխնիկական- ստեղծագործական կենտրոններից մեկը՝ հենց քաղաքի սրտում: Այդ  ժամանակների համար դա քիչ գումար չէր, սակայն վարկն ամբողջովին իրեն արդարացնում է: Ալեքսանդր Մոսկալևիի հետ միասին նա ստեղծում է Լինգվո- էլեկտրոնային բառարանը, որն էլ հետագայում հայտնի դարձավ մարդկության ավելի մեծ շրջանակներում: Հաջորդ տարի տղաները մի նոր ծրագիր են սկսում Bit Software ընկերության հետ, որը շուտով անվանափոխում են ABBYY-ի: Հենց այդ անունն էլ ապագայում ձեռք է բերում համաշխարհային փառք, իսկ նրա ամենահայտնի ապրանքի՝ Fine Reader տեքստերի ճանաչման ծրագիրը գիտեն գոնե բոլոր նրանք, ովքեր ունեն համակարգիչ: ABBYY-ի ընթացիկ դրամաշրջանառությունը գնահատվում է մոտավորապես 200 մլն. դոլլար, իրական սեփականատերերը այդ տվյալները բացեիբաց չեն հրապարակում՝ հավանաբար համեստության զգացողությունից ելնելով:

Բայց ամեն ինչ միայն Lingvo-ով չավարտվեց… Նույնիսկ եթե ABBYY-ում աշխատում էին 1500 մարդ՝ երկրագնդի գրեթե երկու տասնյակ գրասենյակներում, միևնույն է՝ այդ ընկերությունով սահմանափակվելու միտք Դավիթը երբեք չի ունեցել: Հենց նա էր, ով առաջին անգամ ստեղծեց Cybiko գրպանային համակարգիչը, դրանից բացի՝ բացեց մի քանի ռեստորան՝ Մոսկվայի կենտրոնում, զուգահեռաբար գրեց  նաև առողջ սնվելու մասին իր հայտնի գիրքը: Իսկ ինչ վերաբերվում է ևս մեկ ընկերության՝ iiko-ի զարգացումներին, ապա ռուսական ժամանցի վայրերի լայն շրջանակներում ներկայումս մեծ ճանաչում է վայելում սրճարանների ու ռեստորանների ավտոմատացված աշխատանքային համակարգը: Դրանից հետո ստեղծվեց նաև բջջայինների՝ անվտանգ ու ապահով գործող տեղային վճարային պլատֆորման՝ Platius-ը:

Cybiko-ն երևի թե անդրդվելի Դավիթի ամենախենթ մտահաղացումներից մեկն էր: 2000 թվականին ընդամենը 4 ամսվա ընթացքում Ամերիկայում վաճառվեց ավելի քան 30 000 գրպանի համակարգիչ, որոնք նվաճեցին միանգամից աշակերտենրի և ուսուցիչների սիրտն ու ուղեղը:

Այդ հիմա են գրում, թե Cybiko սարքը խթան է անըդհատ տվյալներ ավելացնող  ժամանակակից սոցիալական կայքերի համար: Իսկ այն ժամանակ…

2001 թվականի սեպտեմբերի 15-ը Լոնդոնում նշանակվեց որպես վաճառքի անցկացման օր: Յանն արդեն մտքում սցենար էր գրել, թե ինչպես է խելացնոր հասարակությունը  ուրախ ու գոհ սրտով պատրաստվում ձեռք բերել  մինի-համակարգիչները: Սակայն դրա ժամանակն այդպես էլ չեկավ: Սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում կատարվեց սարսափելին, ինչից հետո աշխարհն ակնթարթորեն փոխվեց… Մարդիկ սկսեցին վախենալ այնպիսի սարքերից, որոնք տեղեկացնում են իրենց գտնվելու վայրի մասին, և մի քանի ամիս անց Յանը դադարեցրեց դրանց արտադրությունը: Երկու տարվա ընթացքում վաճառվեց ընդամենը 500 000 օրինակ: Դա մի քանի անգամ ավելի պակաս էր նախատեսվածից:

Ստեղծագործելու «անկրկնելի հաճույքը»

David-YAnԵրբեմն այնքան մեծ է եղել ամեն բան կիսատ թողնելու ու հեռանալու ցանկությունը, պարզապես թողնել այդ հուսահատության հասցնող աշխատանքն ու հանգստանալ վերջապես: Սակայն ամբողջ ուժող աշխատանքին տրվելը նրա դաստիարակության մեջ էր հավանաբար, որն իրեն ժառանգություն էր մնացել Արագած լեռան ստորոտում գտնվող «Բյուրական» սպորտ-ճամբարի թենիսի մարզիչից: Դավիթը հիշում էր, թե ինչպես էր մարզիչը ուռենու ճյուղով անողոքաբար հարվածում այն աշակերտին, ով սկսում էր ինքն իրեն խղճալ: Իսկ եթե ինչ-որ մեկը բողոքում կամ նվնվում էր հանգստի ժամին կամ թեկուզ գիշերը, մարզիչը նրան հանում էր ու ստիպում վազել կիզիչ արևի տակ կամ գիշերային սառը լեռնային օդի ժամանակ: Մեղավորը վազում էր, իսկ մի քանի քայլ ետ մնացած մարզիչը ցուցադրաբար առաջ էր անցնում «թույլից»: Դավիթը խոսոտվանում է, որ բոլոր ուսուցիչներն էլ պաշտում էին իրեն:

«Ֆիզիկոսներն ու ծրագրավորորղները կենդանացնում են անկենդանը: Ֆիզիկոսները հասկանում են իրերի էությունն ու ստիպում դրանց ապրել նոր ձևով՝ իրենց հայտնաբերած օրենքների շնորհիվ: Ծրագրավորողները կենդանացնում են մետաղը: Եվ հասնում է աստվածային այն պահը, երբ քո ծրագիրը սկսում է աշխատել, ու այն անպայման մնալու է քեզանից հետո»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասում է Դավիթը:

Եվ հենց սա է այն բանի սկիզբը, որի վրա դու աշխատել ես չխնայելով սեփական անձդ, հուսահատվել ես երբեմն, բայց կրկին վերադառնալու ուժ ես հավաքել: Հենց սա էլ Դավիթ Յանը անվանել է ստեղծագործելու «աննկարագրելի հաճույք»: Նա նույնիսկ հայտնաբերել է երջանիկ կյանքի բանաձև՝ «Երջանկության բանաձևը ըստ Յանի»: Եռանկյունաչափական համակարգի բուն պարագծային հատվածում մարդու առաջնային, հիմնական պահանջմունքներն են, ընդ որում վերևում՝ ազատությունն ու  սեքսը: Առաջնային գծից դուրս եկող բոլոր ուղղությունները հատվում են հենց կենտրոնում՝ «անմահության» կետում:

Այսինքն ըստ Յանի՝ մարդը երջանիկ է միայն այն ժամանակ, երբ  ծնունդ է առել սեփական երեխաների մեջ, իր ստեղծագործական կյանքում, մնացել է այլոց հիշողությունների ու մտքերի մեջ: Այս բանաձևը հիշեցնում է մեկ այլ հայտնի ֆիզիկոսի՝ Նոբելյան մրցանակակիր Լև Լանդաուին, ով ասում էր, որ մարդկային երջանկությունը կախված է երեք բանից՝ սիրուց, մարդկային հարաբերություններից ու աշխատանքից: Իսկ Դավիթն ուղղակի ընդարձակեց այդ տեսակետը:

Apple-ի Գայ Կավասակիի հետ միասին նրանք չեն հոգնում կրկնել, որ յուրաքանչյուր բիզնես, ինչպիսին էլ որ այն լինի, կարող է հաջողություն երաշխավորել միայն այն դեպքում, երբ աշխատվող փողերը լինեն երկրորդական նպատակ, առաջին տեղում պետք է լինի հաճախորդի պահանջմունքը բավարարելը, այսինքն մարդկային գործոնը: Եվ եթե ընկերությունը սկսում է աշխատել միայն փող ստեղծելու նպատակով, ապա նրա հաջողության հասնելու հավանականությունը միանգամից իջնում է:

Դավիթի համար միշտ առկա են եղել հաջողության հասնելու առնվազն երկու շարժառիթ: Առաջինի մասին արդեն խոսվեց, դա աշխատելն է, ընդ որում առանց սեփական անձը խնայելու աշխատելը, իսկ երկրորդ պատճառը համակարծիք մարդկանց որոնումն ու գտնումն է և նրանց հետ միասին աշխատելն ու ապրելը:

Նա չի հավատում այն հաջողությանը, որի միայն մեկ անձով է պայմանավորված, ինչպես որ չի կարող լինել հաջողություն՝ առանց ջանասիրական աշխատանքի:

Այսօրվա օրվա մասին

Դավիթ Յանն այժմ միաժամանակ ապրում է երկու երկրում՝ իր կյանքն անցկացնելով մեկ Ռուսաստանում, մեկ ԱՄՆ-ում:  Ժամանակի հիմնական մասը ծախսվում է իհարկե ABBYY-ի և iiko-ի վրա, և հետո նրա մշտական հսկողության տակ է գտնվում Ayb կրթական ֆոնդն ու համանուն դպրոցը՝ Հայաստանում:

iiko ընկերությունն արդեն նշել է իր հոբելյանական 10 ամյակը: Հիմնական մտահաղացումը կայանում էր նրանում, որ ստեղծվի ռեստորանային բիզնեսի ավտոմատ կառավարման անթերի համակարգ: Համակարգ, որն անխոս ներկա եղածներից ավելի լավը կլիներ: Առանց այդ պայմանի Դավիթը չի էլ պատրաստվում սկսել որևէ աշխատանք:

Առավել ևս, որ նրա սեփական փորձն ինքն է թելադրում նմանօրինակ աշխատելաոճի անհրաժեշտություն:

Երբ 2004 թվականին Յանը բացեց FAQ-Café –ն, ամեն ինչ արեց՝ գործի իրական բնույթը հասկանալու համար: Դավիթը նախ դարձավ իր խոհարարը, հետո մատուցողը, բարմենն ու կառավարիչը: Շուտով նա սկսեց վախ ապրել այն մտքից, որ հնարավոր է՝ չկարողանա ստեղծել այն միասնական ծրագիրը, որը կընդգրկի նմանօրինակ բիզնեսի բոլոր կողմերը: Դավիթը հաշվեց ամենաքիչը 11 տարբեր ոլորտներ, որոնցից յուրաքանչյուրը պահանջում էր կոնկրետ հանձնարարություններով ավտոմատ աշխատող համակարգ:

Նա չէր ցանկանում գրել հասարակ մի ծրագիր՝ պահեստի կամ ֆինանսական հոսքերի հաշվի հետ կապված, և դրա իմաստն էլ չկար, որովհետև դրանցից որքան ասես կա:

Դավիթ Յանը այն մարդկանցից չէ, որոնք ասում են, թե՝ «դա հնարավոր չէ» և հետո ընդմիշտ մոռանում այդ մասին: Սկսվեց դժոխային աշխատանքը, որը պիեսի նման անընդհատ զարգանում ու բարդանում էր, ի վերջո դրա վրա ծախսվեց 4 տարի, բայց կարևորն այն է, որ մարդիկ այժմ կարող են հպարտանալ իրենցով: Հիմա գոյություն ունի  մի լիարժեք համակարգ, որը պիտանի է ընդգրկել ռեստորանային բիզնեսի բոլոր անկյունները:

Ինչպե՞ս կարելի է Յանին պատմել ինչ-որ տնտեսական ճգնաժամի մասին: Այո, կպատասխանի նա, ճգնաժամ իհարկե կա, և նրա հատակն էլ չի երևում, սակայն դա առիթ չէ անշարժ նստել և հիմարի պես նայել լողացող ամպերին: Աշխատել է հարկավոր, աշխատել, և ահա, iiko-ն ցույց է տալիս տարեկան 35 % աշխատանքային աճ, ու այստեղ բոլոր ճգնաժամերը կորչում են գրողի ծոցը: Այսօր ռուսական ռեստորանների ու սրճարանների  գրեթե կեսը աշխատում են «Յան և Կօ» համակարգով:

Դավիթ Յամը գիտի, սիրում և կարողանում է գլխով նետվել ճահիճն ու սկսել աշխատել ինչ-որ նոր՝ խելահեղ մտահաղացման վրա: Առհասարակ, ըստ Դավիթի՝ ճգնաժամը հենց նոր գործի՝ startup-ն է, խելամիտ ու համարձակ սկզբի հիմքը, և ինչ-որ առումով նույնիսկ օգնում է դրան: Մեծ ու ինչ-որ տեղ ետ մնացած ընկերության համար է ճգնաժամը սարսափելի, այն էլ միայն անպատասխանատու մենեջմենթի պայմաններում, իսկ նոր ծրագրերի համար դա հիանալի հնարավորությունների ժամանակ է, և այդպիսի հնարավորություններ կարող են էլ երբեք չհանդիպել: Ինքներդ դատեք,-ասում է Յանը,- ճգնաժամի պայմաններում լինում է անձնակազմի կրճատում, իջնում են ծախսերը՝ նույն աշխատավարձային կամ վարձակալության պայմաններում: Եվ ստացվում է այնպես, որ աշխատանքի շուկան առաջարկում է հիանալի մասնագետներ ավելի պակաս գնով, քան նրանք իրականում կան: Այդ մասնագետներին հարկավոր է ձեռք բերել ու բաց չթողնել՝ ստեղծելով աշխարհի ամենալավ աշխատանքային խումբը:

Իսկ այն, ինչը աշխարհում լավագույնը չէ, Դավիթ Յանին չի հետաքրքրում:

Ռուբեն Գյուլմիսարյն