Վերջին տարիներին Հայաստանում բավականին սուր է դրված աղանդերի գործունեության հարցը, քանի որ տարեցտարի նրանց թիվն ավելանում է: Ըստ քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնման կենտրոնի տվյալների, իրենց շարքերում են երկրի մոտ 350 000 քաղաքացիներ: Նաև Հայաստանում պաշտոնապես գործում են մոտ 70 կրոնական կազմակերպություն, որոնցից 54-ը աղանդավորական են, իսկ ոչ պաշտոնական տվյալներով դրանց թիվը հասնում է 200-ի:

Երեք միլիոն բնակչությամբ երկրի համար այդ թիվը բավականին մտահոգիչ է: Հայաստանի տարածքում գործող ամենաակտիվ աղանդերի շարքին են պատկանում «Եհովայի վկաները», «Հիսունականները», «Խորանը», «Մորմոնները», «Ավետարանական եկեղեցին», «Կյանքի խոսքը», «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին» և այլն: Տվյալ կազմակերպությունների ներկայացուցիչներին կարելի է տեսնել Երևանի փողոցներում և Հայաստանի մարզերում: Օրինակ, «Եհովային վկաներ» աղանդի անդամները, ամեն օր հստակ ժամանակացույցով տեղադրում են իրենց աղանդավորական գրականությամբ շարժական ստենդները այնպիսի վայրերում, ինչպիսիք են հիվանդանոցները, համալսարանները, դպրոցները, կանգառները, և սկսում են երկխոսության մեջ մտնել անցորդների հետ` նրանց բաժանելով կասկածելի բովանդակությամբ նյութեր: Հաճախ աղանդավորականների զոհ են դառնում անչափահասները, ինչն արգելված է օրենքով, սակայն, մինչ այսօր աղանդավորական կազմակերպությունների ներկայացուցիչներին հաջողվում է զբաղվել նրանով, ինչը արգելվում է օրենքով, բայց ինչի համար չեն պատժում:

«Եհովայի վկաները» Երևանի փողոցներում իրենց գրականությունն են բաժանում: ” Illustration: hy.wikipedia.org

Հայաստանի օրենսդրությունում առկա բացերը` կապված կրոնական կազմակերպությունների հետ, հմտորեն օգտագործվում են աղանդավորականների կողմից: Խնդիրն այն է, որ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի տարածքում արգելվում է «հոգեորսությունը», սակայն օրենքը չի մեկնաբանում այդ արտահայտությունը և չի տալիս դրան որևէ սահմանում, ինչպես նաև չի խոսում այն մասին, թե ինչ է սպառնում օրինախախտներին

Եվս մեկ թերություն է առկա տվյալ օրենքի 7-րդ հոդվածում, որի մեջ ասվում է, որ կրոնական կազմակերպությունները կարող են իրենց միջոցառումները և ակցիաները իրականացնել տարբեր վայրերում, ներառյալ կազմակերպության անդամների բնակարաններ, կազմակերպությանը պատկանող տարածքներ և այլն: Հղում կատարելով հենց այս կետի վրա` աղանդավորականները իրականացնում են իրենց ակցիաները փողոցներում, քանի որ օրենքով այն արգելված չէ: Պետք է հստակ սահմանել այն վայրերը, որտեղ կարելի է և չի կարելի անցկացնել նմանատիպ միջոցառումներ:

Արմեն Աշոտյան. Illustration: https://novostink.ru

Երկար տարիներ հասարակական և իրավական ոլորտի մասնագետները խոսում էին այն մասին, որ անհրաժեշտ է վերանայել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը և դրանում շտկումներ կատարել: Վերջերս Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարեց՝ այս օրենքում ուղղումներ կատարելու անհրաժեշտության, «հոգեորսություն» հասկացության հստակ սահմանման և պատժամիջոցներ սահմանելու մասին: Արմեն Աշոտյանի կարծիքով, այն թույլ կտա բացահայտել և արգելել տոտալիտար աղանդերի գործունեությունը, որոնցից բազմիցս տուժել են անչափահասները, ինչպես նաև հասարակության այլ անդամները:

Հայտնի է, որ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» նոր օրինագծի համաձայն, որը մոտ ժամանակներում քննարկվելու է կառավարությունում, աղանդերը ստանալու են հասարակական կազմակերպությունների կարգավիճակ, իսկ նրանց ֆինանսական աղբյուրները վերահսկվելու են Պետական եկամուտների կոմիտեի կողմից: Ըստ նոր օրինագծի, աղանդերը նաեւ կզրկվեն իրենց իրավունքից ստանալ արտասահմանյան ֆինանսական օգնություն: Ըստ որոշ տվյալների, Հայաստանի աղանդավորական կազմակերպությունների ստվերային ֆինանսական շրջանառությունը կազմում է մոտ 1 մլրդ ամերիկյան դոլար: Բնականաբար, նման չափերի գումարները չեն կարող մուտք գործել Հանրապետություն` շրջանցելով պետական մարմինները: Կարելի է ենթադրել, որ նման սխեմայի մեջ ներգրավված են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ, առանց որոնց այն անհնար կլիներ:

Ակնհայտ է, որ իշխանությունը քաջ գիտակցում է այն վտանգը, որն այսօր բխում է տոտալիտար աղանդերից, որոնց ներկայացուցիչներն արդեն վաղուց պաշտոններ են զբաղեցնում տարբեր պետական և ռազմական կառույցներում: Աղանդերի բազմացման տեմպերն, իսկապես, զարմացնում են: Ըստ երևույթին, իշխանություններն արդեն սկսել է հասկանալ, որ աղանդերից բխող վտանգը կարող է ուղղակիորեն ազդել իրենց վրա:

Ամեն դեպքում, Արևմուտքը ուշադիր հետևում է այն «ժողովրդավարական» փոփոխություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Ելնելով դրանից` կրոնական կազմակերպությունների վերաբերյալ նոր օրինագծի մեջ պետք էր գրել նաև այնպիսի մի բան, ինչը կլիներ ԵՄ չինովնիկների սրտով: Շուտով, եթե նոր օրենքն ընդունվի, ապա հնարավոր կլինի կրոնական կազմակերպություն գրանցել ` ունենալով ոչ թե 200 անդամ, ինչպես առաջ էր, այլ՝ 150:

Վստահաբար կարելի է ասել, որ նոր օրինագիծը ունի իր առավելություններն ու թերությունները, բայց այն, որ սառույցը կոտրվել է, իսկ իշխանությունը լսել է հասարակության կոչերը, արդեն լավ է: Մնում է հուսալ, որ օրենքն,իսկապես, կընդունվի, իսկ հասարակությունը կկարողանա վերահսկել գործընթացը և շտկել նոր օրենքի թերությունները:

 

Արման Ղուկասյան, Միջազգային հումանիտար զարգացման ՀԿ նախագահ