Երբ որևէ երկրում, ըստ էության, ընդդիմություն գոյություն չունի, դա այդքան էլ լավ երևույթ չէ: Ընդդիմության բացակայությունը մի շարք մինուսների համախումբ է: Օրինակ, նա, ով իրեն ընդդիմության տեղ է դնում, կարող է սկսել թատրոն ցույց տալ, բնականաբար իր մակարդակին հարիր, ու դրա օրինակները մեր իրականության մեջ բավարար են: Կամ էլ կարող է իր գոյության մասին ավելի արժանապատիվ ձևով փորձի հիշեցնել, ասենք, առաջ քաշի առաջին հայացքից լուրջ առաջարկներ, որոնք սակայն, անիրականանալի են, կամ էլ չեն դիմանա ոչ մի տեսակ քննադատության: Երբ քեզանից ոչինչ կախված չէ, հանգիստ կարող ես ասել ինչ ցանկանաս:

Երևանյան շոգ ու ծույլ ամառվա ընթացքում այսպես կոչված ընդդիմությունից ձայն հանեց միայն «Ելք»-ը, և ինչ-որ բանի մասին էլ պարբերաբար բացականչում էր մեր ծիրանագույն Զարուհի Փոստանջյանը: Բայց, քանի որ վերջինիս կարծես թե առհասարակ ոչ-ոք լուրջ չի ընդունում, ապա այսօր նրա կոչերի ու հայտարարությունների մասին հիշելու պետք էլ չկա:

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ստեղծված «Ելք» բլոկի մեջ են մտնում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը», որի առաջնորդը էլի մեկ խորհրդական՝ Էդմոն Մարուքյանն է, և «Հանրապետություն» կուսակցությունը, որը ղեկավարում է Արամ Սարգսյանը՝ Հայաստանի նախկին վարչապետ, 1999թ. սպանված կառավարության ղեկավար Վազգեն Սարգսյանի եղբայրը:

Կա այսպիսի մի կարծիք, որ «Ելքը» իշխանական ծրագիր է, ձևականության համար ստեղծված «գրպանային» ընդդիմություն: Այդ կարծիքը բնականաբար ապացուցված փաստ չէ, այն կարելի է կիսել, կամ ոչ, և խոսքը հիմա բնավ դրա մասին չէ: Այս բլոկը, ի տարբերություն միկրոսկոպիկ կամ ոչ այդքան «ընդդիմադիր» կազմակերպությունների, ժամանակ առ ժամանակ բավական ամպագոռգոռ հայտարարություններ է անում, սակայն իրենք, չնայած իրենց բարձրագոչությանը, միայն կարողանում են բառեր քամուն տալ:

 «Ելքը», օրինակ, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցն է դրել: Նման հարցադրումը երկրի քաղաքական կյանքի վրա մեծ հաշվով ոչ մի ազդեցություն ունենալ չի կարող, ընդամենը մոլեգնության տարբեր մակարդակի վեճեր կառաջացնի սոցցանցերում: Նույնիսկ եթե հնարավոր լինի այդ հարցը խորհրդարան քննարկման մտցնել, այդ քվեարկության արդյունքները կանխորոշված են: Կարևորը, որ «Ելքը» կոշտ ընդդիմություն խաղաց:

Եվս մեկ անգամ «Ելքը» նույն կոշտ ընդդիմությունը ցուցադրեց Երևանի դպրոցների ու փողոցների անվանափոխության հետ կապված: Իբր թե այն փողոցները, որոնք կոմունիստական անուններ են կրում, պետք է անվանափոխվեն: Իսկ Երևանի քաղաքապետարանը, ինչպես և ենթադրվում էր այս արտակարգ շոգ եղանակին, օդորակիչի տակից բավական ծույլ արձագանքելով՝ խոստացավ մտածել այդ մասին: Նման կերպ տրված պատասխանը չի թողնում ոչ մի կասկած, որ «Ելքի» նախաձեռնությունը ոչ մի զարգացում չի ստանալու, քանի որ մեր քաղաքապետարանն ու այլ վարչություններ բազմիցս ապացուցել են, որ իրենց համար «կմտածենք»-ը մի գործընթաց է՝ ժամանակի ոչ մի շրջանակով չսահմանափակվող, անվերջության ձգտող: Իհարկե այն դեպքում, երբ հարցը նրանց հետաքրքիր կամ շահավետ չէ, հակառակ դեպքում արձագանքը կարող է ակնթարթային լինել:

«Ելքն» իհարկե դեռ շատ կխոսի ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, այնքան, ինչքան կխոսի ՆԱՏՕ կամ Եվրոմիություն մտնելու մասին, որտեղ Հայաստանին անհամբերությամբ ու վաղուց սպասում են արևմտյան բոլոր երկրները՝ գիրկները լայն, սակայն անօգուտ բացած: «Ելքն» ու այլ ընդդիմադիրներ գուցե և առաջարկեն վերանվանել փողոցները, դպրոցները, օբյեկտներն ու մարզադաշտերը: Սակայն եթե պատկերացնենք անպատկերացնելին, թե իբր «Ելքին» թույլ են տվել ղեկավարել Երևանը, օրինակ, նրանք ոչ մի փողոց էլ չեն անվանափոխի, կամ էլ կանվանափոխեն մի երկուսը, որպեսզի բուռն գործունեություն ու իրենց խոսքի հավատարմություն ձևացնեն:

Թեկուզ միայն այն պատճառով, որ փողոցների ու շինությունների անվանափոխությունը բավական թանկ հաճույք է: Եվ որովհետև մշակութային, կառավարչական, տրանսպորտային, շինարարական, աղբային, ջրամատակարարման ու այլ խնդիրների օվկիանոսում խեղդվող քաղաքը բոլորովին այլ ծախսեր ու հրատապ միջոցառումներ է պահանջում, քան փողոցների անվանափոխությունն է: Քաղաքապետարանը կամ չի ուզում կամ չի կարողանում այդ հարցերին լուծում տալ, ու նման պայմաններում մեծամասշտաբ անվանափոխություն ձեռնարկելը անհասկանալի քայլ կլինի, չնայած մենք մեր քառորդ դարյա անկախության ժամանակ շատ անհասկանալի դեպքերի ենք ականատես եղել:

Առավել ևս, որ մի քաղաքապետի օրոք մենք այդ ուղղով արդեն անցել ենք: Կարծես թե առաջին նախագահի օրոք (և վարչապետ Բագրատյանի) մի անգամ մեր Ամիրյան փողոցը վերանվանեցին թագավոր Վռամշապուհի անունով: V-րդ դարի այս հարգարժան քաղաքական գործչի անվան ռուսական հնչողությունը օրիգինալ հնչողության ողջ հարստությունը փոխանցել չի կարող, ու շատ շուտով չարտասանվող փողոցին հետ վերադարձրին իր նախկին անունը:

Սա իհարկե հետաքրքրաշարժ դեպք է, սակայն նաև ցուցադրական նախադեպ, եթե նույնիսկ առաջին նախագահի և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թիմը, որը երկրում քանդուքարափ արեց ամենը, ինչ հնարավոր էր, զգացին իրենց սխալը: Այս մարդիկ հիմա իրենց ու իրենց սիրելիներին բոլոր ընտրությունների ժամանակ անկաշկանդ առաջ են քաշում որպես ընդդիմություն, Բագրատյանն էլ իրեն մեծ տնտեսագետ է համարում: Սակայն տոկոսների այն միկրոսկոպիկ բաժնեմասը, որոնք այդ մարդիկ հավաքում են բոլոր ընտրություններին, անխուսափ ապացույցն է այն բանի, որ օրինակ Բագրատյանը սեփական անձի գերագնահատման հարցում հպարտ միայնության մեջ է գտնվում: Սա «ընդդիմության» մասին, որի համար բոլորովին միևնույն է, թե ինքը որքան ծիծաղելի կարող է լինել իր բացահայտ անամոթության մեջ:

Վերադառնալով փողոցների անվանափոխությանը՝ շարունակենք. Դրա կողմնակիցները, օրինակ, առաջ են քաշում այսպիսի անսասան արգումենտներ. Հայաստանի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունը պետք է անմահանա փողոցի անվանման մեջ: Ո՞վ է վիճում, թե Ազգալդյանը, թե մեր մնացած հերոսներն անշուշտ արժանի են դրան, որ իրենց անուններով ոչ միայն փողոցներ անվանվեն, այլ նաև հրապարակներ, նույնիսկ քաղաքներ: Միայն թե այդ փողոցները, հրապարակներն ու քաղաքները նախ պետք է կառուցել, թե չէ հեշտ է անվանափոխել այն, ինչը դու չես կառուցել, հեշտ է քանդել ուրիշի ստեղծածը:

Улица Ленинградян, Ереван
Улица Ленинградян, Ереван

Մեր անկախության դարաշրջանում Երևանյան քաղաքապետարանի գոյության քառորդ դարյա ընթացքում հայոց մայրաքաղաքն իր զբաղեցրած տարածքից չի ավելացել: Նորակառույցները բարձրացել ու բարձրանում են հիմնականում քաղաքի կենտրոնական հատվածում, որն էլ բերեց Երևանի ինքնատիպ դիմագծի կործանմանը: Դրա համար նոր փողոցներ էլ գրեթե չկան, հետևաբար դրանց անվանելու հարցն էլ մեր առջև կանգնած չէ: Օրինակ՝ առաջարկում են Ազգալդյանի անունով անվանել այն փողոցը, որը հիմա կրում է Լենինգրադյան անունը: Այստեղ հասկանալի է, թե ում այգու վրա են նշան բռնել, այլապես հարց է ծագում՝ ինչո՞ւ հենց Լենինգրադյանը, այլ ոչ թե Կիևյանը, որը կարող է նաև Մեծ կենտրոնի մի մաս համարվել: Կամ ասենք՝ ինչո՞ւ ոչ Լվովյանը, Վիլնյուսին, Վրացականը, Թբիլիսյան խճուղին…

Առհասարակ խիստ հասկանալի պատճառներով չարժե անվանափոխել այլ երկրների ու այլ քաղաքների անուններով կոչված փողոցները: Նույն կերպ էլ չարժե անվանափոխել կոմունիստական կուսակցության անդամների անունները կրող փողոցները, բացառությամբ գարշելի կերպարների անունները կրողներինը: Ահա՝ Ստալինի պողոտան (որը հետո դարձավ Լենինի պողոտա) վաղուց դարձել է Մաշտոցի պողոտա, ու ինչ-որ չեմ հիշում, թե որևէ մեկը նման անվանափոխությանը դեմ էր, ինչպես որ Մարքսի փողոցը դարձավ Խորենացու փողոց, իսկ ընդդիմության դրսևորումներ կամ բողոքներ չդիտվեցին:

Որովհետև պետք չէ ամեն ինչ հասցնել անհեթեթության աստիճանի: Անխնա անվանափոխություն սկսելով՝ մենք կմրոտենք այնպիսի մարդկանց անուններ, որոնց շնորհիվ, օրինակ, Հայաստանն այսօր ունի Գիտությունների ակադեմիա, ստեղծագործական միություններ, սպորտային ձեռքբերումներ, մետրոպոլիտեն վերջապես: Եկեք, ասենք, դադարենք Երևանի մետրոպոլիտենը անվանել Կարեն Դեմիրճյանի անունով, որի անհավանական ջանքերի շնորհիվ միայն այն ստեղծվեց: Անկախության քառորդ դարի ընթացքում չկարողացան կառուցել ոչ մի նոր կայան (բացի Չարբախի հրապարակից), նույնիսկ Աջափնյակում գրեթե պատրաստ կայանը դարավոր «պահածոյացման» ենթարկեցին: Ժողովուրդն ասում է, որպեսզի այդ բազմամարդ շրջանից բնակիչներ տեղափոխող վերգետնյա տրանսպորտի գծի տերերն իրենց եկամուտներից չզրկվեն: Դե եկեք անվանափոխենք…

Բայց այդ դեպքում ավելի հետևողական եղեք, լիկվիդացրեք Չարենցի ու Սարյանի փողոցները, չէ՞ որ նրանք էլ են եղել կոմունիստներ: Ու նրանց հուշարձաններն էլ հողին հավասարեցրեք, իսկ ի՞նչ է որ, եթե դեկոմունիզացիա, ապա դեկոմունիզացիա: Արամ Խաչատրյանինն էլ, Առնո Բաբաջանյանինն էլ, էլ չասած հայ մարշալների, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների մասին: Այլապես այս ի՞նչ անկարգություն է՝ կոմունիստական ռազմական ղեկավարներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Իսակովի անուններով նույնիսկ պողոտաներ կան: Եվ որպես վերջնական ակորդ՝ առաջարկեք անվանափոխել Ստեփանակերտը:

Առհասարակ նույնիսկ սարսափելի է պատկերացնելը, թե որքան մարդ պետք է զբաղվի այդ անիմաստ գործունեությամբ, ու ինչպիսի գումարներ կգնան միայն տեսականորեն հնարավոր ձրիակերների աշխատավարձներին, որոնք զբաղվելու են վահանակների, փաստաթղթերի, կնիքների փոփոխմամբ: Հավանաբար նույնիսկ երևանյան այս տապ ամառվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը կարողացավ հասկանալ դա: Ամեն դեպքում հույսը կա, որ հասկացավ: Կան ավելի օրավուր ու հրատապ խնդիրներ, որոնք համատեղելի են անվանափոխությունների ծախսերի հետ:

Նմանատիպ առաջարկները մեկ այլ վտանգավոր կողմ էլ ունեն: Մեր պոկեմոն բռնողների, դատարկ (լավագույն դեպքում, վատագույն դեպքում՝ բացահայտ վնասակար) սերիալներ դիտողների, թրքա-արաբական մոտիվներով ոռնացող երգիչների ունկնդիրների սերունդը մեծանում է, սերունդ, որի ներկայացուցիչը Մովսես Խորենացուն համարում է հայ առաջին տիեզերագնացը: Հիմա մենք ընդհանրապես նրանց կզրկենք իրենց անցյալից:

Այժմ ընդդիմությունը առաջարկում է (իսկ քաղաքապետարանը խոստանում է մտածել) վերացնել մեր կյանքի էջերից այն մարդկանց, ովքեր Հայաստանում ստեղծել են բացառապես այն ամենը, ինչը այսօր ունի երկիրը: Ընդ որում ստեղծել ու կառուցել են այնպես, որ նույնիսկ թալանի ու ոչնչացման քառորդ դարից հետո դեռ ինչ-որ բան է մնացել: Մնացել է այդ նույն Գիտությունների ակադեմիան, որը դեռ հնարավոր է փրկել, հզոր գործարանների շենքերը, որոնք մեզ են նայում իրենց ջարդված պատուհաններով, մնացել է նաև կյանքի մխացող կայծը՝ ստեղծագործական միություններում, մնացել են դեռ մարդիկ, ովքեր պատրաստ են բռնել վերակառուցման ուղին:

Մի քիչ էլ, ու նույնիսկ դա չի մնա: Եվ այս անգամ ամեն բան կլինի առհավետ ու անուղղելի: Ու որպեսզի այդ ամենը տեղի չունենա, Մշակույթի նախարարը թող զբաղվի մշակույթով, ոչ թե թատրոններում ռեստորանների կառուցումով, Առողջապահության նախարարը թող բժշկություն զարգացնի, ոչ թե արդարանա «Ծխելու դեմ պայքար»-ով ծխախոտների գնի բարձրացման համար, քաղաքապետարանը թող բուժի ծայրահեղ հիվանդ այս քաղաքը, այլ ոչ թե շենքերի վահանակներ փոխի: Գործ է հարկավոր անել:

Իսկ ընդդիմության ալիքն էլ թող զբաղվի բուռն գործունեություն ձևացնելով: Միևնույն է նրանից ոչ օգուտ, ոչ էլ սպասումներ չկան…

Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը