Ազգային կինոմատոգրաֆիայի ձևավորման ժամանակահատվածում՝ շուրջ 100 տարի, Ադրբեջանում նկարահանվել է 240 լիամետրաժ և ավելի քան 50 կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, ինչպես նաև թվով ավելի քան 1200  փաստավավերագրական ու գրեթե 100 մուլտիպլիկացիոն ֆիլմեր: Այնուամենայնիվ ադրբեջանական կինոարտադրությանը միջազգային լայն ասպարեզ դուրս գալ չհաջողվեց: Ադրբեջանական կինոյի մասին նույնիսկ չեն էլ լսել: Մինչդեռ դեռևս համր կինոյի դարում Բաքվում նկարահանվում էին կարճամետրաժ ֆիլմեր ու հենց այստեղ է նկարահանվել նաև առաջին գունավոր ֆիլմերից մեկը:

Ո՞րն է անհաջողությունների պատճառը: Միգուցե խնդիրը թույլ սյուժետների կամ ռեժիսորների՞ մեջ է: Եվ մենք օսկարակիր ֆիլմի հիանալի մի օրինակ ունենք՝ ռեժիսոր Նիկիտա Միխալկովի «Արևից կիզվածները» ֆիլմը, որի սցենարը գրել է ադրբեջանցի գրող ու ռեժիսոր Ռուստամ Իբրագիմբեկովը: Եվ եզակի անգամը չէ, որ ադրբեջանական ֆիլմերը միջազգային կինոփառատոններում արժանանում են պարգևների:

Թե ինչն է հատկապես ադրբեջանական կինոմատոգրաֆիային խանգարում դուրս գալ առաջնագծեր, Dalma News-ի թղթակցի հետ զրուցեց Ադրբեջանի հայտնի կինոգետներից մեկը՝ Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների գիլդիայի անդամ Ուլվի Մեխտին:

Ադրբեջանական կինո ասելով անմիջապես ի՞նչ է գալիս Ձեր մտքին

Կինոմատոգրաֆիստների վառ համաստեղությամբ գլուխ գովալ Ադրբեջանը չի կարող, այնպես, ինչպես օրինակ կարող է անել հարևան Վրաստանը: Կարելի է ասել վրացական կինոն է վրացական գինու նման, վերածվել է  բրենդի: Ինձ համար ադրբեջանական կինոն առաջին հերթին անհատական դրվագներն են, թվով քիչ իհարկե, սակայն վառ հնչող անուններ՝ գրեթե 100-ամյա պատմության ընթացքում: Ինչ-որ մի ժամանակ համամիութենական փառքի արժանացավ ռեժիսոր Ռասիմ Օջագովն իր «Հարցաքննություն» ֆիլմով: Ռուսական հեռուստաալիքներով այնպիսի ֆիլմերի, ինչպիսիք են «Տարեդարձ» «Սպանությունից 7 օր անց»  բազմակի ցուցադրություններն արդեն իսկ վկայությունն են այն բանի, որ Ադրբեջանում կարողանում են լավ ֆիլմեր նկարել:

Վերակառուցման տարիներին ի հայտ եկավ «Սրիկան» ֆիլմը՝ դառնալով լճացման որոշակի վիճակում գտնվող ադրբեջանական կինոյի համար «ազգային ռումբի» պես մի բան: Խորհրդային կինոյում առաջին հաջողությունը ձեռք բերվեց «ազգերի առաջնորդ» Իոսիֆ Ստալինի շնորհիվ, ում չափազանց դուր էր եկել «Արշին մալ Ալան» ֆիլմ- օպերետը, որը հսկայական ճանաչում ձեռք բերեց ողջ ԽՍՀՄ-ում: Ծանր, ուժասպառության հասցնող պատերազմից հետո ԽՍՀՄ ժողովուրդներին ինչ-որ թեթև ու զվարճացնող մի բան էր հարկավոր, և գլխավոր քարտուղարը դա շատ լավ գիտեր ու շատ լավ էր հասկանում սովորական մահկանացուների փափագները: Ավելին՝ հնդկական «Բոլլիվուդը» գտնում է, որ հենց այս էկրանավորումն է դրել իր մասսայական կինոմատոգրաֆիայի ձևավորման սկիզբը: Անշուշտ, բոլոր երեք ֆիլմերն էլ ունեին դրամարկղային հավաքներ՝ դրանով ինչ-որ կերպ փոխհատուցելով «Ազերկինոյի» չստացված նախագծերի մեծ մասը:

Իսկ ի՞նչ կարելի է ասել ժամանակակից կինոյի մասին: Կարելի՞ էր ասել արդյոք, որ այսօր նա նոր մի բում է թևակոխում:

Բում ասվածն այսօր ընդամենը թակարդ է լրատվամիջոցների համար: Նույնիսկ ռուսական կինոմատոգրաֆիայի մասին այսօր նման բան ասել հնարավոր չէ: Մոսկվայում, Պիտերում ու ծայրամասերում մնացել են ադեկվատ մասնագետներ, հանդիսատեսներ, կինոքննադատներ, ովքեր տեղյակ են իրերի իրական վիճակի մասին:

Իսկ կինոմատոգրաֆիայի բումի մասին ուռճացված խոսակցություններն Ադրբեջանում հեշտությամբ կուլ են գնում հասարակության կողմից, ում մշակութային մակարդակն ավելին է պահանջում: Ըստ էության՝ «Ազերկինոյի» արտադրության պետական նախագծերի մեծամասնությունը պիտանի չեն, այնպես, որ նույնիսկ Բաքվում կինովարձույթի մի կարգին համակարգ գոյություն չունի, էլ չենք խոսում շրջանների մասին: Միայն այս տարի՝ վերջին 30 տարիների մեջ առաջին անգամ, կինոթատրոն բացվեց Բաքվի սահմաններից դուրս՝ Գյանջեյում:

Իսկապես բեկումնային և միջազգային կինոփառատոններին ճանաչում ձեռք բերած կարող են համարվել այն կտավները, որոնք նկարահանված են անկախ հեղինակների կողմից: Օրինակ, առաջին ծիծեռնակը Վագիֆ Մուստաֆաևի կարճամետրաժ «Բարին դա է» ֆիլմն էր (1997): 2000-ականներին իրենց աջակցությունն էին հայտնում երիտասարդ կինոմատոգրաֆիստներ Էլմար Իմանովը, Ռուֆաթ Հասանովը, Էլվին Ադիգեզալը, Թեյմուր Գաջիևը: Իսկ փաստավավերագրական ֆիլմում, Վագիֆ Մուստաֆաևի՝ Հեյդար Ալիևի մասին պատմող էպոսագիտական ֆիլմից բացի, ուրիշ բան առանձնապես չի կատարվել, ու սա է իսկական ողբերգությունը:

15049927_1361873857186874_1867943782_n

Համաշխարհային մակարդակով ինքներս մեր մասին խոսելու համար ի՞նչն է պակասում:

Սա Ադրբեջանի ողջ սոցիումը շոշափող ընդհանուր խնդիր է: Կրթության բացակայությունը՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ համահումանիտար առումով: Նման «մինուսից» դուրս գալու համար տասնամյակներ են անհրաժեշտ: Միջազգային մակարդակի մասին դեռևս միայն երազել կարելի է, ինչպես, ի դեպ, արվեստի ազատության մասին: Այս ամենը ներքին բարդույթավորման խնդիր է՝ գործունեության ազատության ու մտքի ազատության բացակայություն: Անշուշտ,  առանց այս՝ միմյանց լրացնող բաղադրիչների, կինոն կեղծ կլինի, այնպիսին, որպիսին ,ըստ էության, առաջվա պես հրամցնում է քարացած կամակատար «Ազերկինոն»:

Ադրբեջանցի ռեժիսորները, ինչպես և ողջ հասարակությունը դարձել են թուրքական սերիալների ֆանատ: Ինչի՞ պակաս ունենք մենք, որ չեն կարողանում նման ֆիլմեր նկարել:

Թուրքիայի փորձը յուրացնելու համար անհրաժեշտ է, որ մեր հասարակությունը զբաղվի սեփական ինքնակրթությամբ, ինչպես որ ստալինյան դարաշրջանում էր, որը սակայն չի իրագործվում վերջին տասնամյակների ընթացքում: Այն մակարդակը, որն այժմ առկա է թուրքական կինոյում, էվոլյուցիայի արդյունք է՝ սկսած ամենասկզբնական՝ Աթաթուրքի դեկրետի ժամանակներից:

Կա՞ արդյոք պետական աջակցություն, թե՞ ամեն բան մնում է թղթին:

Գոյություն ունի նախագահական ծրագիր՝ Իլհամ Ալիևի հրամանագիր՝ «2008-2018 թթ. ադրբեջանական կինոյի զարգացման մասին ծրագիրը», և թեորիապես այն ուղղակի հիանալի է, սակայն գործնականում, մասնագիտական մենեջմենթի, կինոգործիչների բացակայության պայմաններում դեռևս անիրագործելի է:

Հ. Գ.Ադրբեջանն ունի ժամանակակից սարքավորումներ, սա, ինչպես ֆինանսները, մեծ դեր է խաղում, սակայն ամենայն հավանակությամբ գլխավոր դեր կատարելուց բավական հեռու է…

Զրուցեց՝ Նիջաթ Գաջիևը