Պրոֆեսոր Արամ Յակովլևիչ Աբրահամյանը, բացի այն, որ համաշխարհային ճանաչում ունեցող ուռոլոգ էր և բժիշկ-ուռոլոգների միջազգային ասոցացիայի նախագահության անդամ, սեփականատերն էր գեղարվեստական կտավների մի հսկա հավաքածուի, որոնց մեջ, ինչպես հաստատում են մասնագետները, չկար այնպիսի մի պատահական գործ, որը պատկաներ քիչ հայտնի նկարչի վրձնին: Պրոֆեսոր Աբրահամյանի հավաքածուն հիմնականում կազմված էր ռուս նկարիչների գործերից՝ Սերով, Վրուբել, Նեստերով, Բենուա, Դոբուժինսկի, Պետրով-Վոդկին, Սարյան, Ֆալկ

Բոլորին թվել հնարավոր չէ, և ամեն մի գեղանկարիչ նրա հավաքածույում տեղ էր գտել իր ամենահայտնի գործով:

Կտավի ճակատագիրը

Պրոֆեսոր Աբրահամյանի հավաքածուն առանձին ուսումնասիրության, ինչպես նաև առանձին զրույցի թեմա է: Սիրով ու բացառիկ ճաշակով ստեղծված հավաքածուն 1979 թ. պրոֆեսորը նվիրեց Երևանին, որն էլ հետագայում դարձավ Հայաստանում Ռուսական թանգարանի էքսպոզիցիայի հիմքը. «Ես ցանկանում եմ, որ որքան հնարավոր է շատ մարդ տեսնի սա ու մասնակից լինի այս ողջ գեղեցկությանը: Գիտեմ, թե ինչպես են Հայաստանում սիրում ու գնահատում գեղարվեստը: Եվ հենց այդ պատճառով էլ իմ հավաքածուն կտակում եմ Երևանին»,- ասաց այն ժամանակ Արամ Յակովլևիչը:

Ռուսական արվեստի թանգարանը Հայաստանում (այդպիսին է նրա պաշտոնական անվանումը) այցելուների համար բացվեց 1984 թ. վերջին, երբ պետության ուշադրությունը նման հաստատությունների հանդեպ զգալի ու շոշափելի էր: Շուտով Հայաստանը դարձավ անկախ, անցավ անլույս ու ցուրտ, շրջափակման դժվարին տարիների միջով, բայց թանգարանը ողջ մնաց…

1995 թ. հունիսի 5-ին՝ առավոտյան, Ռուսական թանգարանից առևանգվեց Միխայիլ Վրուբելի՝ «Սատանան և Հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ» կտավը՝ պրոֆեսոր Աբրահամյանի հավաքածուից: 1891 թ. արված այս կտավը Լերմոնտովի՝ «Դև» պոեմի պատկերավորումն է: Ինչպես այն ժամանակ հայտնեց Հայաստանի մշակույթի նախարարությունը, կտավի մոտավոր գինը կազմում էր մի քանի հարյուր հազար ամերիկյան դոլլար, ու այն ապահովագրված չէր: Գողության փաստի հիման վրա, բնականաբար, հարուցվեց քրեական գործ, իսկ կտավի վերստեղծված տարբերակն ու նկարագրությունն ուղարկվեցին Հայաստանի բոլոր մաքսային ծառայություններ:

Демон и ангел с душой Тамары, Вубель
Демон и ангел с душой Тамары, Вубель

Վրուբելյան կտավը 22 տարի անց գտնվեց Ռուսաստանում: Թե ինչպես էր այն հայտնվել Ռուսաստանում ու ինչպես էին այն հայտնաբերել, կարծես թե հասանելի աղբյուրներում դրա մասին տեղեկություն չկա: Դա զարմանալի էլ չէ, քանի որ համապատասխան ծառայությունները իրենց աշխատանքի մանրամասները չեն բացահայտելու, առավել ևս այնպիսի նուրբ գործի հետ կապված, ինչպիսին արվեստի գործի գողությունն է: Կտավ գողանալն ու, ասենք, պայուսակից դրամապանակ գողանալը սկզբունքորեն տարբեր երևույթներ են, կտավի գողերն այնքան էլ շատ չեն, այս ոլորտում բոլորը միմյանց գիտեն, իսկ ինֆորմացիայի նվազագույն հոսքը հետո կարող է վատ ծառայության հանգեցնել:

Այդ իսկ պատճառով պետք է միայն ուրախանալ այն բանից, որ կտավը վերջապես գտնվեց, ու այստեղ հարցը միայն նրա բարձր գնի մեջ չէ, իհարկե: Ընդհանրապես արվեստի գործերի գնահատականը պայմանական ու ակնթարթային է, չէ՞ որ ամեն մի մեծ գործ անգին է ու կախված չէ նորաձևության տենդենցներից, թեպետ կարող է տեսականորեն կոնկրետ գնով գնահատվել: Աճուրդի ժամանակ այն կարող է վաճառվել իր գնահատված գնից էլ ցածր, իսկ վաղը մեկ ուրիշը դրա համար ավելի բարձր գին կարող է տալ:

Վրուբելի վերադարձը

Հայտնի արվեստաբան Նինա Դմիտրիևնան Միխայիլ Վրուբելի ստեղծագործական կենսագրությունը համեմատել է «Նախաբանով և վերջաբանով երեք գործողությամբ» դրամայի հետ՝ ամեն անգամ նոր փուլի անցումը կատարվում էր անսպասելի ու կտրուկ: Նախաբանի փոխարեն նա նկատի ուներ ուսումնառության վաղ տարիներն ու իր ուղու ընտրությունը: Առաջին գործողություն՝ 1880-ականներ, ուսանում Գեղանկարչության ակադեմիայում ու տեղափոխում Կիև, բյուզանդական արվեստի ու եկեղեցական գեղանկարչության մեջ խորացում: Երկրորդ գործողություն՝ մոսկովյան ժամանակաշրջան՝ սկսված 1890 թ.-ին «Նստած դև»-ով ու ավարտված 1902թ. «Պարտված դև»-ով, և նկարչի հոսպիտալացումը: Երրորդ գործողություն՝ 1903-06 թթ.՝ գեղանկարչի ֆիզիկական ու ինտելեկտուալ ուժերը պարբերաբար քայքայող հոգեկան հիվանդություն… Վերջին 4 տարին կուրանալով՝ Վրուբելն ապրում էր արդեն միայն ֆիզիկապես:

Демон сидящий, Врубель
Демон сидящий, Врубель

Իր կյանքի ընթացքում Վրուբելը կարծես թե համտեսեց այն ամենը, ինչ հնարավոր էր՝ կենցաղային անկարգություններ, թշվառություն, տառապանք, շրջապատի կողմից չհասկացվածություն, դժբախտ սեր, ինչպես նաև նկարչին ուրախություն պարգևած երջանիկ սեր: Չնայած ամեն ինչին, նույնիսկ իր սարսափելի հիվանդությանը, նա այս կյանքում մնաց որպես հաղթող: Նրա հաղթանակն իր զարմանահրաշ ստեղծագործությունն է, նրա հայտնի «դևականությունը», որի մասին զրույցը նույնպես այլ թեմա է՝ խորամիտ, մանրամասն, պրոֆեսիոնալ:

1875 թվական: Այդ տարին Պետերբուրգյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող Միխայիլ Վրուբելը չափից դուրս գերված էր լերմոնտովյան «Դև» պոեմով: Ավագ քրոջն ուղարկած նամակներում Վրուբելը գրում է, թե ինչ անասելի զգացողություններ են իր մոտ առաջացնում խորը ողբերգական այդ սյուժեն ու Դևի և Թամարայի հիասքանչ կերպարները: Հպարտ ու միայնակ, սիրո ծարավով լցված, անկախ, դժբախտ ու հուսահատ Դևն այնքան մոտ էր Վրուբելին, ասես Լերմոնտովը հենց երիտասարդ նկարչին լիներ պատկերած: Չէ՞ որ Վրուբելը նույնպես իր մտերիմների հիշողություններում մնացել էր որպես ինքնամփոփ, լուռ, զուսպ ու սառը, ու ամենայն հավանականությամբ այս  նմանությամբ էլ կարելի լինի բացատրել նրա յուրահատուկ, երբեմն նույնիսկ անառողջ ձգողականությունը դեպի պոետի ստեղծած կերպարը (Վրուբելը հոգեբուժարանի հաճախակի այցելու էր):

Художник Михаил Врубель
Художник Михаил Врубель

«Սատանան և Հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ» կտավն այս թեմայով ստեղծված Վրուբելի 13 գործերից մեկն է, ու նրանք բոլորն անցել են նրա ստեղծագործական կենսագրության հիմնական թելով: Այստեղ, չանելով ստեղծագործության արվեստաբանական վերլուծություն՝ թողնելով դա մասնագետներին, հարկ է խոստովանել, որ այս կտավի կորուստը լայն հանրության համար կլիներ անվերադարձ մի կորուստ: Խնդիրն այն է, որ նման մակարդակի ստեղծագործության մասին գիտի ողջ աշխարհը, ու առևանգիչներն այն բացահայտ ծախել չէին կարող, եթե իհարկե նրանք ինքնասպաններ չէին: Սովորաբար նման գողություններն արվում են պատվերով, ինչ-որ մեկի փակ հավաքածուի համար, որին մուտք կարող է ունենալ միայն ինքը՝ հավաքածուի սեփականատերը: Իսկ այն հայտնաբերելու նպատակով ռուս խուզարկուների կատարած աշխատանքի բարդության աստիճանն ու ոսկերչական բարձր ճշգրտությունը միայն պատկերացնել կարելի է:

«Սատանան և Հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ» կտավը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնեց իր հայ կոլեգային՝ Սերժ Սարգսյանին՝ վերջին՝ մարտին Մոսկվա կատարած այցի ժամանակ: Մի քայլ, որի իրական մեծությունը գնահատելն անհնար է: Իհարկե, գլխավորն այն է, որ նկարը ողջ և անվնաս էր, հենց այդ մասին էլ ասում էր Մոսկվայի նկարիչների միության փոխնախագահ Կոնստանտին Պետրովը. «Ամենակարևորն այն չէ, թե ով է լինելու կտավի սեփականատերը, կարևորն այն է, որ այն, այնուամենայնիվ գտնվեց»:

«Կտավն այդ հայտնի է իր արարչի՝ նկարիչ Վրուբելի հանճարեղությամբ: Սքանչելի մի գործ, որը փառք է բերում Ռուսաստանին: Չգիտեմ, թե իր ժամանակին նկարն ինչպես է հայտնվել Հայաստանում, ու թե ինչպես է հետո առևանգվել, բայց հիմա կարևորն այն է, որ այն գտնվեց:

Կտավն իսկապես շատ արժեքավոր է, ու ես դժվարանում եմ նշել նրա փողային արժեքը, ասենք, դա անելու պետք էլ չկա: Վրուբելը ոչ միայն Ռուսաստանի պատիվն է, այլ նաև ողջ աշխարհինը: Նա համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչ է: Ամեն բան աշխարհում մի օր փոշի կդառնա, հողին կհավասարվի, բայց ահա հավերժական արժեքները, որոնց թվին են պատկանում ճարտարապետությունը, երաժշտությունը, կմնան: Կմնան նաև Վրուբելն ու իր կտավները: Գեղարվեստի, երաժշտության, պոեզիայի միջոցով սրանից 300 տարի անց կխոսեն մեր սերնդի մասին: Մեր մասին չեն խոսելու՝ ելնելով ոչ դոլլարի արժեքից, ոչ մեքենաներից, ոչ էլ նանոտեխնոլոգիաներից: Պարզապես առաջներում սանդալներով էին ման գալիս, հիմա կաշվե կոշիկներով, ընդամենը…  Իսկ արվեստը հավերժական է»,- այսպես խոսեց Կ. Պետրովը:

Շուտով «Սատանան և Հրեշտակը՝ Թամարայի հոգու հետ» կտավն ամենայն հավանականությամբ կզբաղեցնի իր կորսված տեղը՝ Երևանում գտնվող Ռուսական արվեստի թանգարանում: Հույս եմ հայտնում, որ այս անգամ արդեն մեկընդմիշտ…

Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը