1993 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀՀ) հոկտեմբեր ամիսը հայտարարեց կրծքի ուռուցքի դեմ պայքարի ամիս: Ամեն տարի հոկտեմբերի 15-ին, ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մի շարք այլ երկրներում նշվում է կրծքագեղձերի ուռուցքի դեմ պայքարի Միջազգային օրը: Իսկ հիվանդության ցուցանիշներն աճում են ու աճում: Փորձագետներն ահազանգում են նաև այն մասին, որ հիվանդությունը գնալով «երիտասարդանում» է: Եթե դեռևս մի քանի տարի առաջ օնկոլոգիական հիվանդություններ ախտորոշում էին հիմնականում 50-անց կանանց մոտ, ապա այսօր, ցավոք, կրծքագեղձի ուռուցք հայտնաբերվում է հիմնականում 35-ից անց կանանց շրջանում:

Ամեն տարի ուռուցքի այս տեսակը, պաշտոնական վիճակագրությամբ կյանքից հեռացնում է ավելի քան 6 մլն կանանց, այդ հիվանդությամբ հիվանդանում է շուրջ 10 մլն հոգի, և ԱՀՀ տվյալներով՝  2020 թվականին այդ թիվը կհասնի մինչև 15 մլն-ի:

Համաձայն World Life Expectancy-2016 («Կյանքի տևողությունն աշխարհում 2016»), 2014 թվականին Հայաստանը 172 երկրների թվում զբաղեցնում էր առաջին «պատվավոր» տեղը՝ օնկոլոգիական հիվանդությունների մահացության ցուցանիշով, մահացության ինդեքսը կազմում է 230 մարդ՝ ամեն 100 հազար մարդու դեպքում (չնայած պաշտոնական շրջանակներում այդ թվի հետ չհամաձայնեցին):

Մասնագետները խոստովանում են, որ Հայաստանում ուռուցքից մահացության ցուցանիշը սարսափելի բարձր է, իսկ նրա դինամիկան շարունակում է աճել: Միայն անցյալ տարի Հայաստանում հաստատվել է հիվանդության 8400 նոր դեպք: Տղամարդկանց շրջանում բացարձակ առաջնորդ է թոքերի ուռուցքը, իսկ կանանց՝ կրծքի:

Dalma News-ի հետ հարցազրույցի ընթացքում Հայ-ամերիկյան առողջապահության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ գործնականում ամեն 15-րդ հայ կնոջ մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի ուռուցք: Եվ ինչպես ողջ աշխարհում, մեզ մոտ էլ նկատվում է «երիտասարդացման» միտում: Եղել է դեպք, երբ հիվանդությունը հայտնաբերվել է 16-20 տարեկան 16 աղջկա մոտ:

«Կրծքի ուռուցքը, ինչպես որ ցանկացած օնկոլոգիական հիվանդություն, իմ կարծիքով, մեկ բուժում ունի՝ կանխարգելումը: Ցավոք Հայաստանում պարբերաբար հետազոտվելու մշակույթը ձեռք է բերվում բավական դժվարությամբ, ու շատ դեպքերում հենց այդ պատճառով է մեզ մոտ մահացության նման բարձր ցուցանիշ: Մի անգամ հեռուստահաղորդման ժամանակ, երբ ես այդ մասին հայտարարեցի, հաղորդավարուհին ինձ հարցրեց՝ իսկ ո՞ւր մնաց վիրաբուժական միջամտությունը, ռադիոալիքներն ու քիմիոթերապիան, որոնք նույնպես արդյունք են տալիս: Այնպես հեշտ է ամենը ստացվում… Ես գտնում եմ, որ ուռուցքի լիարժեք բուժում հնարավոր է միայն կանխարգելման դեպքում, քանի որ այլ մեթոդները ոչ միշտ են արդյունավետ, ոչ միշտ են լինում ժամանակին, իսկ մեծամասամբ իրենց ուշացումով խլում են չափազանց շատ կենսական ուժեր, առողջություն ու ֆինանսական միջոցներ: Այդ պատճառով էլ մեր գլխավոր կոչը կանանց՝ տարվա մեջ մեկ անգամ կրծքագեղձերի վիճակի ստուգումն է»,- ասում է մեր զրուցակիցը:

Կենտրոնի 20-ամյա գործունեության շնորհիվ ապրելու հնարավորություն է ստացել շուրջ 7400 կին: Հակոբյանի խոսքերով՝ այդ կանայք չէին էլ ենթադրում, որ իրենց մարմնի ներսում «թաքուն մարդասպան» է նստած, ընդամենը եկել էին հետազոտության:

Ողջ աշխարհում մինչև այժմ չեն լռում խոսակցություններն այն մասին, թե հատկապես ինչն է խթանում օնկոլոգիայի առաջացմանը: Կան երկրներ, որտեղ ուռուցքով հիվանդության ցուցանիշն այդքան էլ բարձր չէ, ու դրանից մահացությունն առաջին տեղում չէ: Օրինակ՝ Չինաստանում: Մի շարք մասնագետներ գտնում են, որ դա պայմանավորված է Չինաստանում կաթնամթերքի օգտագործման ցածր մակարդակով, սակայն այդ տեսությունը գիտականորեն դեռևս հիմնավորված չէ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ էլ, ինչպես ողջ աշխարհում, ողջ «մեղքը» ընկնում է գենետիկայի, կյանքի անառողջ ապրելակերպի ու սթրեսի վրա:

«Օնկոլոգիային խթանող շատ գործոններ կան: Առաջին հերթին դա գենետիկական հակումներն են: Հետո գալիս է սթրեսը, որը մեզ հանդիպում է գրեթե ամեն քայլի: Պատճառներից երկուսն էլ նստակյաց ապրելակերպն ու անառողջ սնունդն են: Ցավոք, մեր ամենօրյա ռացիոնից գրեթե անհետացել է օրգանական ուտելիքը, մենք չենք սնվում այնպես, ինչպես ժամանակին մեր տատերն ու պապերն են սնվել, մեր սեղաններից այժմ քիմիան ու հորմոններն անպակաս են: Էկոլոգիական վիճակի մասին առհասարակ լռում եմ»:

Կրծքի ուռուցքը վտանգավոր է նրանով, որ տարիներ շարունակ կարող է զարգանալ առանց ինչ-որ նախանշանների: Որքան էլ տարօրինակ է, սակայն ավելի հաճախ կրծքի ցավը, որի համար հիվանդները բժշկի են դիմում, գնահատվում է որպես լավ նշան, դա օնկոլոգիա չէ: Սակայն այն նույն ֆիբրոզա-կիստոզային մաստոպատիան, որը կրծքագեղձերի ամենատարածված հիվանդություններից մեկն է, աչքաթողության մատնելու ու ոչ ժամանակին բուժման դեպքում կարող է բարձրացնել կրծքի ուռուցքի առաջացման ռիսկը:

Խաչանուշ Հակոբյանը նաև նշում է, որ նման բարձր ցուցանիշը կարելի է բացատրել նաև այն հանգամանքով, որ կանայք ավելի հաճախ են սկսել բժշկի այցելել: Առաջներում դժվար կարող էիր հանդիպել 35-ամյա կնոջ, ով բժշկի է դիմում հենց այնպես, հետազոտման նպատակով: Ամեն դեպքում մեր մենթալիտետի մեջ ընդունված չի եղել հետազոտության համար բժշկի այցելելը: Սակայն այսօր հենց դրա շնորհիվ են 16 ու 20-ամյա աղջիկների մոտ հայտնաբերել կրծքի ուռուցք, իսկ վահանագեղձի ուռուցք՝ նույնպես շատ երիտասարդ մեկ այլ աղջկա մոտ:

«Վերջին շաբաթվա ընթացքում մեր կենտրոնում հետազոտվել են 547 այցելուներ ու նրանցից միայն 25-ն էին բացարձակ առողջ, իսկ 40-ի մոտ հայտնաբերեցին կամ ուռուցք կամ նախաուռուցքային վիճակ: Սա իսկապես բավական սարսափեցնող թիվ է, սակայն այդ թվի դեմ, կրկնվեմ գուցե, կարելի է պայքարել, եթե չվախենալ հետևել սեփական առողջությանն ու բախել բժշկի սենյակի դուռը՝ առանց որևէ պատճառի»,- նշում է Հակոբյանը:

Արդեն վաղուց է հայտնի, որ կրծքագեղձի ուռուցքը զուտ «կանացի» հիվանդություն չէ, այն տղամարդկանց կողքով էլ անտարբեր չի անցնում: Ու հայ տղամարդիկ այստեղ բացառություն չեն, սակայն խնդիրը այստեղ հոգեբանական է. մեր ջիգիթները չեն կարող ընդունել, որ իրենց մոտ էլ կարող է կրծքի ուռուցք հայտնաբերվել: Տղամարդկանց մեծամասնությունը, եթե անգամ կրծքի հատվածում ինչ-որ գոյացություններ նկատի, դրան պատշաճ ուշադրություն չի դարձնի ու չի դիմի մասնագետի, եթե այն ցավ չպատճառի: Ցավոք, երբ տղամարդն արդեն դիմում է բժշկի, ուշ է լինում:

«Համաձայն վիճակագրության՝ մեր կենտրոն դիմած 67 տղամարդուց 27-ին մենք փրկել չկարողացանք, քանի որ, ցավոք, չափազանց ուշ էր: Մնացածները վիրահատվել են, ու հուսով եմ՝ նրանց դեռ երկար ու երջանիկ կյանք է սպասվում: Հայ տղամարդիկ վախկոտություն են ցուցաբերում, երբ խոսքը բժշկի դիմելու մասին է գնում, սակայն սկրինինգային հետազոտությունը տարեկան 2 անգամ երիտասարդ հասակում ու 40-ից հետո, նրանց երկարակեցության նախապայմանն է: Հարկավոր է համակերպվել սրա հետ ու զուտ հետազոտման նպատակով այցելել բժշկի»:

Հայաստանում օնկոլոգիական հիվանդություններից մահացության ցուցանիշները աճել են՝ կազմելով մահացությունների թվի 21,9%-ը, այդ մասին Ուռուցքի դեմ համաշխարհային պայքարի օրվան նվիրված միջոցառման մամլո- ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության Առողջապահության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

Մահացության ցուցանիշով ուռուցքը երկրորդ տեղն է զբաղեցնում ոչ վարակիչ հիվանդությունների շարքում:

«Վերջին 10 տարիների ընթացքում օնկոլոգիան դարձել է առաջնային խնդիր, ինչպես առողջապահության, այնպես էլ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում, որովհետև հիվանդության ու մահացության ցուցանիշները աճել են համապատասխանաբար 1,8 ու 1,9 անգամ»,- ասում է Վարդանյանը՝ դրանով հանդերձ նշելով, որ վերջին երկու տարիների ընթացքում նկատվում է ցուցանիշների կայունացում, ու ուռուցքային հիվանդությունների աճման միտումներ չեն նկատվում…

Սակայն անողոք վիճակագրությունը հաստատում է, որ Հայաստանում օնկոլոգիական հիվանդությունների մահացության ցուցանիշն աճել է՝ կազմելով  մահացության ընդհանուր թվի 21,9%-ը: Հայաստանում մահացության ու ոչ վարակիչ հիվանդությունների ցուցանիշների շարքում ուռուցքը երկրորդ տեղն է զբաղեցնում, իսկ մեր երկրում հիվանդի կյանքի տևողությունը այն բանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերում են օնկոլոգիական հիվանդություն, 30%-ով ցածր է միջազգային ցուցանիշներից, ինչը շատ դեպքերում նույնպես պայմանավորված է հենց բավական ուշ ախտորոշմամբ:

Պատրաստեց Լիա Խոջոյանը