Գեղարվեստի կոլեկցիոներ լինել կարող է իհարկե միայն լավ ապահովված անձը, դա դուրս է ամեն տեսակ կասկածից: Սակայն միայն ֆինանսական խնդրի բացակայությունը քիչ է, հարկավոր է նաև ոչ միայն սիրել գեղարվեստը, բնականաբար, այլ նաև հասկանալ այն: Նույնը պահանջվում է  նաև կոլեկցիոներներին իրենց որոնածը գտնելուն օգնող արտ-դիլլերներից: Հարկավոր է կարողանալ տարբերել իրական նկարը խարդախությունից, իսկ կրկնօրինակը՝ կոմերցիոն գեղարվեստից: Այս ամենը հայտնի դիլլեր Սամվել Ավետիսյանի այբուբենն է, որին նա վաղուց ի վեր տիրապետում է: Սամվելը պատմելու շատ բան ունի, հատկապես որ նա Թերլեմեզյանի անվան ուսումնարանն ավարտած այս ոլորտի մասնագետ է:

Կապիտալիզմի շնաձկները

Գեղարվեստի լուրջ կոլեկցիոները նույն կապիտալիզմի շնաձուկն է, ինչպես ասում է Սամվելը: Քանի որ նրանք, որպես կանոն, անպայման լինում են կայացած անձնավորություններ, հետևաբար իրենց հավաքածուներին էլ վերաբերվում են այնպես, ինչպես բիզնեսին կվերաբերվեին, միայն թե այստեղ ավելանում է բարեգործության մի մեծ մասնաբաժին: Ավելի ճիշտ ոչ այնքան բարեգործության, որքան աջակցության՝ հարուստ ու հեղինակավոր կոլեկցիոների համար ցանկության դեպքում չափազանց հեշտ է ողջ աշխարհով մեկ հայտնի դարձնել սկսնակ կամ բոլորին անհայտ մի նկարչի: Չէ՞ որ գեղարվեստը, այնուամենայնիվ, սպեցիֆիկ բնույթի արվեստ է, և շատ հաճախ փառքը նկարչին այցելում է միայն մահից հետո, դրա բազմաթիվ օրինակները կան: Ու այսօր շատ նկարիչներ պիտի երախտապարտ լինեն այս կամ այն կոլեկցիոներին, այս դեպքում արդեն բարեգործին՝ իրենց անունը հայտնի դարձնելու համար, այլապես նրանք կխորտակվեին իրենց անհայտության մեջ՝ ստեղծագործական աճի կամ գուցե առհասարակ ստեղծագործելու համար ոչ մի էական խթան չունենալով: Այդպես, ասենք, կարող էին հեշտությամբ դառնալ փոստատար…

Samvel_Easy-Resize.com
Սամվել Ավետիսյան

Սամվելն անշուշտ իրավացի է: Ուր էլ նայում ես՝ գեղանկարչության ու արվեստի այլ գործերի հավաքումն անպայման ուղեկցվում է նկարչի հանրայնության բարձրացման հետ միասին, որին բախտ է վիճակվել հայտնվելու մի մարդու ուշադրության կենտրոնում, ով ի վիճակի է եղել և ցանկացել է ճանաչման հասցնել նրան: Իսկ երբ կոլեկցիոներն ընտրում է իր նկարչին, մնում է միայն նրա համար ցուցահանդեսներ կազմակերպելու ու համապատասխան թեմատիկ հրատարակություններում հոդվածներ պատվիրելու միջոցով նրան փիառ անել, և բնականաբար նաև բարոյապես ու ֆինանսապես աջակցել՝ շարունակական հիմքով նկարներով գնելով: Բայց եթե սկսես սպասել, որ դա ուրիշներն անեն, ապա դժվար հաջողության հասնել հնարավոր լինի: Խաղի ողջ հետաքրքրությունը (նաև ռիսկը) հենց տվյալ գեղանկարչի զարգացումն առաջինը տեսնելու ու նրան ավելի քիչ առաջխաղացում ունեցողից տարբերելու մեջ է: Սամվելի խոսքերով՝ հենց դրա համար էլ հարկավոր է կարողանալ գնահատել նկարչի արվեստն ինչպես կա, անկախ նրանից, թե նրա միջոցով որքան է հնարավոր վաստակել, և թե որքան շուտ դա տեղի կունենա: Սակայն այստեղ այլ հարց է ծագում՝ ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն:

Ամեն մեկն իր մեթոդներն ունի, բայց գոյություն ունեն իհարկե մի շարք ընդհանուր կանոններ՝ գեղարվեստի լուրջ կոլեկցիոներների համար: Եթե կոլեկցիոները օբյեկտիվ է դատում և սեփական ճաշակի հանդեպ կասկածանք ունի, սակայն կամ չի ուզում, կամ էլ այն զարգացնելու ձևը չի գտնում, եթե նա ամբողջովին վստահում է փորձագետներին, կամ վախենում է հույսը սեփական ինտուիցիայի վրա դնել, և վերջապես, եթե նա խուսափում է իր հավաքածուն, կամ թեկուզ դրա մի մասը ի ցույց դնել հանրությանը, ապա անհաջողությունը երաշխավորված է, գոնե երբ խոսքը վերաբերում է ժամանակակից արվեստին:

Ոչ շատ հայտնի ժամանակիցների ստեղծագործությունների հավաքման առանձնահատկությունն այն է, որ այս դեպքում հարկավոր է հույսը դնել բացառապես սեփական ճաշակի վրա, ունկընդիր լինել մտքի փայլատակմանը, եթե ուզում եք իմանալ, նույնիսկ սեփական հոգում հարկավոր է պայծառատեսություն զարգացնել: Կարելի է օրինակ այսպես վարվել. Եթե տվյալ նկարների հեղինակը կոլեկցիոների հոգին չի հուզում, եթե վերջինս նրա մասին ոչ մեկին պատմել չի ուզում, ապա, ամենայն հավանականությամբ այդ նկարչի հետ  չարժե գլուխ դնել: Խոսող նկարները իրական արվեստի վկայություն են, և իհարկե գեղանկարիչն էլ պետք է լինի անփոխարինելի անհատականություն: Անցյալում են մնացել այն ժամանակները, երբ նկարիչները կտավներ էին ստեղծում սենտիմենտալ միայնության մեջ, իսկ բարեգործները, ոտքի թաթերի վրա քայլելով,  երևակայում էին իրենց  հարգարժանի հանճարը:

Այսօր, եթե նկարիչը չկարողացավ իր հովանավորին կյանք սովորեցնել, եթե անձնապես իրենից ոչ մի հետաքրքիր բան չներկայացրեց, եթե ինքն անձամբ չկարողացավ ճանաչել սեփական ստեղծագործության անհունությունը, ապա դժվար թե նրա գործերն ի վիճակի լինեն ինչ-որ մեկին հարստացնել, թե գումարով, թե զգացմունքներով: Այնպես որ ժամանակակից կոլեկցիոներներն այսօր ոչ թե ակտուալ գեղարվեստ են փնտրում, այլ ավելի շատ նկարչի ակտուալ ու օրիգինալ էությունը, և այս կանոնը, թերևս, ժամանակակից աշխարհում ընդհանուր է:

Հայկական գեղարվեստի կոլեկցիոներները

Սամվելն անձամբ ծանոթ է աշխարհի մի քանի խոշոր կոլեկցիոներների հետ, որոնք իրական հետաքրքրություն են տածում դասական ու ժամանակակից հայկական գեղարվեստի հանդեպ: Նրանք իհարկե այնքան էլ մեծաթիվ չեն, և նրանցից ամենախոշոր կոլեկցիոներները ամերիկացիներ Ջեֆֆրի Էնգելսն ու Ջիմմի Բարտոնն են, որոնք երկուսն էլ եղել են Հայաստանում, իսկ Էնգելսը նույնիսկ հանդիպում է ունեցել այն ժամանակվա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Սակայն, որպես կոլեկցիոներներ, հայկական գեղարվեստը Բարտոնի ու Էնգելսի համար հանդիսանում է նրանց հետաքրքրությունների մի մասը միայն: Նրանք երկուսն էլ համաշխարհային մակարդակի հավաքածուներ ունեն, և այդ հավաքածուներն այնքան թանկարժեք կտավներից են բաղկացած, որ դրանց ընդհանուր արժեքը դժվար է հաշվել:

Իսկ ամեն-ամենա այն մարդը, որը կենտրոնացել է բացառապես հայ հեղինակների վրա, դա «գործարանների, թերթերի, նավերի սեփականատեր» Օննո Այվազն է՝ Ստամբուլից (Հովհաննես Այվազյան): Ընդ որում՝ գործարաններ՝ բառի ամենաուղիղ իմաստով , նա ունի մի քանի ֆաբրիկա, բազմազան  բնույթի բիզնես, և համարվում է Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Բացարձակ ֆինանսական ու բարոյական անկախություն և չափից դուրս մեծ համարձակություն ու սկզբունքայնություն է թերևս հարկավոր ունենալ, որպեսզի առանց  թաքնվելու կարողանաս Ստամբուլի կենտրոնում քարոզել հայկական գեղարվեստ: Հսկա այս մեգապոլիսում արվեստի ինչ-որ իրերի հավաքումն այդքան էլ զարգացած երևույթ չէ, թանգարանները համեմատաբար քիչ են, իսկ պատկերավոր արվեստի ամենադիտարժան ցուցահանդեսներն անց են կացվում «Ստամբուլ- Էքսպո»-ի, մեկ- մեկ էլ ստամբուլյան բիեննալեի ժամանակ:

Սամվելի կարծիքով Փարիզի, որպես համաշխարհային արվեստի կենտրոնի փառքը վաղուց նսեմացել է: Նրան փոխարինելու եկավ Նյու-Յորքը, և երկար ժամանակ Նյու-Յորքի հեղինակությունն անսասան էր: Այսօր էլ Նյու-Յորքին փոխարինում է, չզարմանաք, Հոնկոնգը: Այո, հենց այստեղ՝ Ասիայի սրտում են ստեղծվում գեղարվեստի ժամանակակից տենդենցները, և ոչ միայն գեղարվեստի, այլ առհասարակ պատկերավոր արվեստի: Նյու-Յորքում տարվա ընթացքում կարող է փակվել 30-40 թանգարան, և նույնքան էլ բացվել, Հոնկոնգում իրավիճակն ավելի կայուն է:

Onno Ayvaz1
Օննո Այվազն

Վերադառնանք Օննո Այվազին: Նրա հետաքրքրությունների շրջանակում են հայկական գեղարվեստի դասականներն ու որոշ ժամանակակից նկարիչներ, վերջիններից շատերի համար Այվազը հանդիսանում է նրանց կտավների համարյա միակ գնորդը: Դասականներից մասնավորապես գերադասում է Բաշինջաղյանին, Մարկոս Գրիգորյանին, Պոլ Կիրակոսյանին: Իսկ ահա Սարյանի կամ ասենք Այվազովսկու հետ կարծես թե չի ստացվում: Այստեղ հենց այն դեպքն է, որ ճաշակը գիտի…

Չնայած… Սամվելը պատմում է գրեթե անհավանական մի պատմություն: Ինչ-որ մի անգամ Մոսկվայում գտնվելիս՝ Այվազի աչքով ընկնում է Այվազովսկու այն հազվագյուտ կտավներից մեկը, որտեղ նկարիչն անմահացրել է այն պահը, թե ինչպես են թուրքերը հերթական կոտորածներից մեկի ժամանակ նավից ծովը նետում հայերին: Այվազը նույն պահին ցանկանում է ձեռք բերել դա, պարզաբանելով, որ նման կտավը պետք է հայի ձեռքում լինի: Սամվելը կապ է հաստատում վաճառողի հետ, իմանում պայմանների մասին, և դրանք հաղորդում Այվազին: Վերջինս համաձայնում է: Այդ ամենը տևում է ընդամենը մի քանի օր, ոչ ավել: Եվ որքան է զարմանում Սամվելը, երբ երկու օր անց կտավը ձեռք բերելու նպատակով զանգահարելով վաճառողին նա իմանում է, որ ուղիղ մեկ օր առաջ կտավը գնվել է…

Հազվագյուտ պատահականություն, գրեթե անհնար մի բան, որովհետև, ինչպես մենք ենք հասկանում, Այվազովսկու կտավների համար մարդիկ գիշերները հերթ չեն կանգնում, թեկուզ միայն այդ կտավների անասելի գների պատճառով: Դե ինչ արած… Այս անգամ էլ Օննո Այվազի բախտը չբերեց, չնայած նրան ճանաչելով կարելի է ենթադրել, որ ամենայն հավանականությամբ կհասնի նա իր ուզածին ու այդ հավաքածուի նկարներից կգտնի և կգնի:

Գեղարվեստի կոլեկցիոներն ինչ-որ առումով նաև խաղացող է: Դե ինչո՞ւ չէ որ, չէ՞ որ արվեստին պատկանող իրերի հավաքումը վտանգավոր հետաքրքրություն է՝ կապված ճոխ թվերի, գողությունների ու կողոպուտների, երբեմն նույնիսկ սպանությունների հետ: Մասնավոր կոլեկցիոներների անունները հաճախ են կապում տարբեր մեքենայությունների, կեղծիքների ու օրենքի այլ խախտումների հետ:

Իսկ առհասարակ, «հավաքել» և «հավաքածու» հասկացություններն ըստ երևույթին պետք է տարբերել: Չէ՞ որ հավաքել կարելի է ինչ ասես, թեկուզ դրամանիշեր, թեկուզ լուցկու տուփեր և տիկնիկներ: Իսկ ահա հավաքածուն դա գեղարվեստի ամենաբարձր մակարդակի ու անթերի որակի հատընտիր իրերն են՝ ընտրված հստակ թեմայով: Եվ հետո, կոլեկցիոները պետք է կարղանա հրաժարվել իր սրտին հարազատ ամենաթանկ իրերից՝ հանուն լավագույնի: Վերցնենք նույն Այվազին, նա չի կարող ձեռք բերել այն կտավները, որոնք հանդիսանում են, օրինակ, Էրմիտաժի սեփականությունը, բայց նա ունի կտավներ, որոնք արժանի են Էրմիտաժում ցուցադրվելուն:

Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը