Պատմությունը վկայում է, որ մոտ 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսի արշավախումբը ճամփա ընկավ՝ դեպի Հնդկաստան նոր ճանապարհ որոնելու համար, և իր նավերի առագաստները կարված էին serge de Nimes գործվածքից, իսկ մեկ դար անց իտալացի նավաստիները սկսեցին հագնել առագաստալաթից տաբատներ: Ժամանակի ընթացքում նրանց տաբատները կոչվեցին «ջենես», իսկ ամերիկյան ոճով`«ջինս»: Եթե ուսումնասիրենք ջինսե տաբատների անվանման ծագումը անգլերեն լեզվում` denim և jeans, ապա առաջինը մատնանշում է ֆրանսիական Նիմ քաղաքը, որը հայտնի էր իր ամուր գործվածքներով, իսկ երկրորդը` իր տեքստիլ գործարաններով հայտնի իտալական Գենուա քաղաքը:

Դարեր անց անհնար է պատկերացնել մի մարդու, ով չի սիրում և չի կրում ջինսե հագուստ: Ջինսե արտադրանքը հաջողությամբ ցուցադրվում է Փարիզի, Միլանի և Նյու Յորքի նորաձևության ցուցադրություններում: Հայտնի աստղերը կրում են ջինսե հագուստ բարձրաշխարհիկ միջոցառումների ժամանակ, երիտասարդներն իրենց զգեստապահարանի անբաժանելի մասն են դարձրել ճղված ջինսե տաբատները, իսկ աշխատավորները կրում են այդ հագուստը հանքավայրերում աշխատելիս: Ջինսե հագուստը անփոխարինելի է և, հետևաբար՝ շահութաբեր տեքստիլ արդյունաբերություն: Ահա թե ինչու են այդքան տարածված ջինսի արտադրամասերը:

Արդեն մեկ ամսից հայկական շուկայում կհայտնվեն տեղական արտադրության ջինսեր, իսկ արտադրողները հուսով են, որ ժամանակի ընթացքում կկարողանան դուրս մղել կամ գոնե նվազեցնել թուրքական և չինական ջինսերի ծավալները մեր շուկայում: Հայաստանի կառավարությունը տեսահոլովակ է տարածել Գյումրիի այս հավակնոտ արտադրամասի մասին, որը հույս է ներշնչում, որ ապագայում հայկական ջինսերը ճանաչելի ապրանքանիշ կդառնան և կբարձրացնեն Հայաստանի տնտեսական գրավչությունը: Բայց մինչ այդ, նորաձևության սիրահարներն ակնկալում են, որ խոստացված արտադրանքը կբարձրացնի իրենց անձնական գրավչությունը:

«Made in Armenia» ջինսե արտադրանքի նախագծի իրականացման համար գյումրեցի Զաքարյանների ընտանիքը 2 միլիոն դոլարի ներդրում է կատարել՝ արտասահմանից բերելով հատուկ սարքավորումներ, հրավիրելով իտալացի խորհրդատուների: Հայաստանի կառավարությունն, իր հերթին, ևս ցուցաբերել է իր աջակցությունը՝ երեք տարի ժամկետով ազատելով ընկերությանը ներմուծվող ապրանքների մաքսատուրքերից և տրամադրելով որոշակի այլ հարկային արտոնություններ: Արդյունքում ջինսե արտադրանքի փոքրիկ հայկական ընկերությունն այսօրվա դրությամբ ունի մոտ 50 աշխատակից, և առաջիկա երկու տարիների ընթացքում նախատեսվում է կրկնապատկել այդ թիվը:

Հատկանշական է, որ «Զաքարյան» ընկերության արտադրանքի միայն 5%-ը կսպառվի հայկական շուկայում, քանի որ նրա ամբողջ ծավալը շատ մեծ է մեր փոքր երկրի համար, որը, միաժամանակ, սովոր է այլ երկրների արտադրության ջինսերին: Այսպիսով, Գյումրիի այս ընկերության հիմնական նպատակը արտահանումն է, և արտադրողն արդեն պայմանագրեր ունի Ռուսաստանի հետ, իսկ մոտ ապագայում մատակարարման պայմանագրեր կկնքվեն իտալական ընկերությունների և այլ եվրոպական երկրների ընկերությունների հետ:

Ի դեպ, Հայաստանը միշտ էլ հայտնի է եղել իր տեքստիլ արտադրանքով` թե՛ խորհրդային ժամանակաշրջանում, թե՛ դրանից հետո: Խորհրդային Միության փլուզումից հետո երկրում տնտեսական անկում է եղել, տնտեսության բոլոր ճյուղերը գրեթե դադարել են «շնչել», բայց վերջին տարիներին, այդ թվում օտարերկրյա ներդրողների շնորհիվ, նրանցից շատերը վերակենդանացվում են: «Բիզնես Հայաստան» հիմնադրամի վիճակագրության համաձայն՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում տեքստիլ արտադրության ծավալները, ինչպես նաև հագուստի և կոշկեղենի արտահանումը աճել են 35%-43%-ով: Միայն 2018 թ. առաջին կեսին Հայաստանից տեքստիլային ապրանքների արտահանումը ավելացել է 59%-ով և կազմել է 89.5 մլն դոլար: Այս ցուցանիշների մեջ է մտնում նաև հայկական ջինսե արտադրանքը, որը հանրապետությունում պատրաստվում է պատվերով:

Սակայն հայկական արտադրության ջինսերը նորություն չեն. վերջին մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ փորձեր են եղել մրցակցել թուրքերի կամ չինացիների հետ այդ շուկայում: Մինչ օրս դրանք անհաջող են եղել, սակայն սկիզբը դրվել է:

Հայկական տեքստիլի վերականգնման գործում զգալի դեր է խաղացել Ռուսաստանը: Օրինակ, 2014 թվականին Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացումը խթանելու նպատակով Ռուսաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ Հայաստանում մեկնարկեց ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ, UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկայի մատչելի դարձնելու միջոցով» պիլոտային ծրագիրը: Ծրագրին մասնակցող 8 ընկերությունները միավորվեցին «5900BC» միասնական ապրանքանիշի անվան տակ` նորաձև հագուստի համատեղ հավաքածուների մշակման և արտադրության համար:

Շուտով միասնական հայկական բրենդի շրջանակներում մշակված մոդելները գրավեցին «Վալենտին Յուդաշկին նորաձևության տան» ուշադրությունը, իսկ հայկական «Nanman» կարի արտադրամասը, որը բազմիցս պետական աջակցություն է ստացել արտադրության և արտահանման զարգացման նպատակով, շարունակում է Ռուսաստան արտահանել հայկական արտադրության և սեփական մոդելավորման ջինսե արտադրանք:

«Nanman» հայկական կարի արտադրամասի հագուստները © Sputnik / Ani Liparityan

Սիրիայում ընթացող պատերազմի ժամանակ Հայաստան տեղափոխվեցին բազմաթիվ սիրիահայեր, որոնք էլ այստեղ բերեցին իրենց հմտությունները: 2013 թ.-ին լիբանանահայ գործարար Սեմ Հրաչ Սալիբյանը և սիրիահայ Հարութ Փափազյանը հիմնեցին «Karavaj» ընկերությունը, որը, ի թիվս գործունեության այլ տեսակների, զբաղվում էր «Made in Armenia» ջինսե հագուստի արտադրությամբ, որը կոչվում էր «Հայ ջինս»: Սակայն, ժամանակը ցույց տվեց, որ այդ հավակնոտ ծրագիրը այդպես էլ չկարողացավ նվաճել հայկական շուկան և դուրս մղել օտարերկրյա արտադրանքը:

Հայկական արտադրանքը կարող է իրավամբ համարվել որակյալ: Եթե մի քանի տարի առաջ շատ սպառողներ գնում էին հայրենական ապրանքներ զուտ հայրենասիրական մղումներով, ապա այսօր «ներմուծվող ապրանքը միշտ ավելի լավն է» կարծրատիպը այլևս այդքան տարածված չէ: Այնպես որ, հնարավոր է, որ շուտով Հայաստանում արտադրած ջինսե հագուստ կրելը դառնա հարգված և ոճային:

 

Լինա Մակարյան