Այս տարվա ապրիլմեկյան ծիծաղի օր-տոնը խաթարվեց Եվգենի Եվտուշենկոյի մահվան լուրով, միանգամից անհետացավ կատակելու ցանկությունը: Ռուսական պոեզիայի վերածնունդի չորս խորհրդանիշերից մեկը, ով ապրեց ամենաերկար կյանքը, հեռացավ երկինք՝ընկերների մոտ՝ Բելլա Ախմադուլլինայի, Անդրեյ Վոզնեսենսկու և Ռոբերտ Ռոժդեստվենսկու, թողնելով մեզ՝ ընթերցողներիս, իր բանաստեղծություններն ու արձակը: Եվտուշենկոյի մասին գրում ու խոսում էին տարբեր բաներ, այդ թվում ոչ այդքան հաճելի, երբեմն նույնիսկ կեղտոտ բաներ, սակայն համաձայնենք՝ ապրել գրեթե 85 տարի, լինել պայծառագույն պոետ ու «աշխարհի քաղաքացի» ու բանբասանքների չարժանանալ, դա միայն սրբերին է տրված, որոնցից մեր ժամանակը զրկված է: Առավել ևս, որ այդ բանբասանքներ մեջ (ինչպես ցանկացած բանբասանքի) կասկածի հսկա մի բաժին կա, ու ոչ թե նրա համար, որ մահացածի մասին կամ լավն են խոսում, կամ չեն խոսում ընդհանրապես, ոչ, պարզապես պարապ- խոսացողները միշտ էլ եղել ու լինելու են:

Групповая фотография (слева направо): Евгений Евтушенко, Булат Окуджава, Андрей Вознесенский, Роберт Рождественский. На даче Е. Евтушенко в Переделкино
Групповая фотография (слева направо): Евгений Евтушенко, Булат Окуджава, Андрей Вознесенский, Роберт Рождественский. На даче Е. Евтушенко в Переделкино

Այո, նրան անվանում էին «աշխարհի քաղաքացի», ու նա էլ հաճույքով համաձայնում էր: Իր երկար ստեղծագործական կյանքի ընթացքում նա շրջեց գրեթե ողջ երկրագնդով՝ ամենուր գտնելով ընկերներ ու արդյունքում սիրահարվելով հենց այդ մոլորակին: Հարավային Կովկասը՝ Անդրկովկասը, ինչպես այն ժամանակ ասում էին, սիրո այդ աշխարհագրությունում բացառություն չդարձավ: Եվտուշենկոն բազմիցս եղել է Հարավկովկասյան բոլոր երեք հանրապետություններում՝ ամեն մի ուղևորությունից պոետի սրտին հատուկ մի բան տանելով: Բնականաբար նա առաջին հերթին գրականության աշխարհի իր կոլեգաների հետ էր հանդիպում որոնում: Օրինակ Ադրբեջանում, որտեղ նա ավելի քիչ էր այցելում, քան Հայաստան ու Վրաստան, դե, այդպես ստացվում էր, Եվտուշենկոն իր համար բացահայտեց այն ժամանակ դեռ տակավին երիտասարդ գրող Չինգիզ Աբդուլաևին, իսկ հետո նույնիսկ Դրոնգոյին՝ ադրբեջանական գրականության նվիրյալի դետեկտիվ վեպերի հերոսին նվիրված բանաստեղծություն գրեց:

Եվգենի Ալեքսանդրովիչի հոգում ու սրտում մի այլ, ուրույն տեղ էր զբաղեցնում Վրաստանը: Այս երկիրն ասես մագնիսի պես միշտ ձգել է ռուս բազմաթիվ պոետների: Վրացական թեման Եվգենի Եվտուշենկոյի ստեղծագործությունում հայտնվեց դեռևս ստեղծագործական կյանքի ամենասկզբում՝ 1950-ականներին, ու այդ երկրի հողի ու նրա վրա ապրող մարդկանց դրական էներգետիկան աննկարագրելի կերպով հարստացրին երիտասարդ Եվտուշենկոյի պոեզիան, խթանեցին նրա տաղանդի զարգացումը, գեղարվեստական նոր լուծումների որոնման բանալի տվեցին: Առավել ևս, որ այդ որոնումների ետևում կանգնած էր երկու ազգերի սերտ ու բեղուն մշակութային համատեղ կյանքի բազմադարյա ավանդույթը:

Եվտուշենկոյի ռուս հոգին, հետևելով ռուսական գրականության հինավուրց ավանդույթին, միանգամից արձագանքեց վրացական մշակույթին՝ ձգտելով ճանաչել նրա ազգային կերպարը: Ու բոլորովին պատահական չէ, որ պոետն իր 70-ամյա հոբելյանը հենց Թբիլիսիում նշեց: Ընդ որում Եվտուշենկոյի ծննդյան տարեդարձը համընկավ Վլադիմիր Մայակովսկու 110-ամյակին, և Եվգենի Ալեքսանդրովիչը, ժամանելով Վրաստան, առաջինը մեկնեց Բաղդադի՝ հեղափոխության պոետի փոքրիկ հայրենիքը:

Евгений Евтушенко и грузинский писатель Нодар Думбадзе
Евгений Евтушенко и грузинский писатель Нодар Думбадзе

Ի դեպ հենց Վրաստանում է Եվգենի Եվտուշենկոն ստացել իր կյանքի առաջին հայրենական գրական մրցանակը, որպես պարգևատրում՝ խորհրդային պոեզիայում իր 30 տարվա աշխատանքի դիմաց: Դա տեղի ունեցավ 1981 թվականին, այն ժամանակ ավանդական դարձած Գալակտիոն Թաբիձեին նվիրված տոնակատարության ժամանակ: Պոետին վրաց դասականի անվան մրցանակ տրամադրվեց, դրանով վրաց ժողովուրդն իր երախտագիտությունը հայտնեց Եվտուշենկոյին՝ ռուս-վրացական մշակութային կապի զարգացման մեջ իր մեծ ներդրման, վրացական պոեզիայի հանրայնության, մշակութային երկխոսության համար:

Եվտուշենկոյի ստեղծագործական գիտակցության մեջ հստակ կերպով արմատներ էր ձգել Ռուսաստանի ու Վրաստանի դարավոր մշակութային կապը, հատկապես նրանց հոգևոր բարեկամությունը: Պոետի խոսքերով՝ «ռուսական ու վրացական պոեզիայի եղբայրությունը ոչ միայն խնջույքների, այլ նաև ողբերգությունների մեջ է դրսևորվում»: Եվտուշենկոն գեղարվեստական երկխոսություններ էր անցկացնում Գալակտիոնի ու Տիցիան Թաբիձեի, Պաոլո Յաշվիլու և Միխայիլ Ջավախիշվիլու, իրենց ռուս ընկեր Բորիս Պաստեռնակի ու այլոց հետ, որոնց անունները ճակատագրական դեր ունեն երկու երկրների մշակութային ավանդույթների մեջ:

«Վրաստանը գալիք մի քանի տարիների ռենեսանսային զգացողությամբ ինձ վարակեց, այն ինձ սովորեցրին իմ վրաց ընկերները՝ իրենց ընկերության միջոցով: Պոեզիայում ես հազվագյուտ երկարակյաց եմ, ու դա ամենայն հավանականությամբ Վրաստանի նվերն է ինձ: Բայց այն, թե Վրաստանն էր այն միակ տեղը, որտեղ ես կարողանում էի բռնել մաքուր ու անկեղծ նոտան, ճիշտ չէ: Պետք չէ մարդկության մնացած հատվածին նեղացնել: Ցանկացած երկրում, ցավոք, կան և կեղծ նոտաներ, ու փառք աստծո, կան մաքուր նոտաներ: Ռուսաստանում նույնպես այդպես է: Սակայն, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ազգ մարմնավորվում է իր լավագույն անհատներով»,- հարցազրույցներից մեկում ասում է Եվգենի Ալեքսանդրովիչը:

РИА Новости / Алексей Филиппов
РИА Новости / Алексей Филиппов

Իր «ամենակովկասյան» ստեղծագործությունը՝ «Պուշկինի լեռնանցքը», Եվտուշենկոն գրել է Վրաստանում ու Հայաստանում ճանապարհորդելու ժամանակ: Պոեմում Եվտուշենկոն կամուրջ է կապում ներկայի ու ապագայի, ավանդույթների ու ժամանակակից կյանքի միջև: Դա զգացվում է պոեզիայի ռոմանտիկ շնչից, բնապատկերային նկարագրությունների մեջ հնացած բառապաշարի օգտագործումից, որտեղ ռեալիզմը միախառնված է ռոմանտիզմին, իսկ արձակը՝ բանաստեղծության բարձր քնարականությանը:

Пузатые марани по бокам

просили их похлопотать –  хоть разик! –

но, вежливо сигналя ишакам,

упрямей ишака трусил наш газик.

А солнце все вздымалось в синеву,

А Грузия, лилась, не прерываясь,

и как трава вливается в траву,

и как строфа вливается в строфу,

В Армению она переливалась.

Եվգենի Ալեքսանդրովիչի հետքերով մենք էլ «թեքվենք» Վրաստանից Հայաստան.

И верю я — настанет день, когда
Границ не будет — только арки радуг,
Исчезнут в мире злоба и вражда
И я прижмусь щекою к Арарату.

А если нет — лишь бы хватило сил!
Пусть надорвусь, пусть мой хребет дробится
Я Арарат на плечи бы взвалил
И перенес его через границу…

«Հայերեն ես չգիտեմ, բայց հայկական պոեզիան, սկսած իր դասականներից, ռուսական թարգմանությամբ միշտ ինձ վրա ամենախորը ազդեցությունն է թողել, թեպետ ցանկացած, նույնիսկ ամենաանթերի թարգմանությունը դատապարտված է լեզվի անխնա կորստի: Սկսած հզորագույն դասական Իսահակյանից, ով ռուս դասականների հետ մեկտեղ ապացուցել է թափանցելիության ուժը, մինչև Չարենցի լարված դրամատիկական ուժն ու նաև Պարույր Սևակի կատաղի, մերկ խոստովանանքային տարերքը, հայ պոեզիան միշտ իր մեջ կրել է մտքի ու զգացմունքի միասնականություն, ինչպես ամուսնական բնական կապն է, օրհնված մեծ ազգային մշակույթի ժառանգությամբ»,- այս բառերը Եվտուշենկոն ասել է շատ վաղուց, Հայաստանի ու նրա գրականության հետ ծանոթության ամենասկզբում:

Евгений Евтушенко
Евгений Евтушенко

Առաջին անգամ պոետը Հայաստան այցելել է Ավետիք Իսահակյանի հուղարկավորության օրը՝ 1957թվականին: Տխուր այդ միջոցառումը Եվտուշենկոյի վրա Հայաստանն ըմբռնելու ու ճանաչելու հարցում մեծ ազդեցություն է ունեցել: Սխալ համարելով պոետի խոսքը վերապատմելը՝ հենց այստեղ մեջբերենք այն. «Դա մահվան դեմ պոեզիայի տարած հաղթանակի ողբերգական միջոցառում էր: Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից տասնյակ հազարավոր մարդիկ էին այցելում՝ Մեծ Վարպետին հարգանքի տուրք մատուցելու: Ի տարբերություն իմ ժամանակներում եղած այլ հուղարկավորությունների՝ ես չնկատեցի ոչ մի տաղտկություն, ոչ մի հրմշտոց, ֆուտբոլա-էստրադային ոչ մի հետաքրքրվածություն: Մարդիկ իրենց վշտին տրվում էին մեծաբար, զուսպ՝ իրենք իրենց մատուցելով նրա դանդաղ ընթացքին, ու համընդհանուր այդ վշտի մեջ նրանք գտնում էին մխիթարություն, միասնականություն, կամ միգուցե ապագայի, ավելի համատարած միասնականության հույս: Օրհնյալ է այն պոետը, ով առօրյայի հոգսերով տարանջատված մարդկանց միասնականության զգացողություն է տալիս, թեկուզ նույնիսկ այն ժամանակ, երբ պոետի մարմինը հողին է հանձնվում՝ հավերժ դառնալով դրա մասը: Երևի թե հենց այդ օրն էլ իմ առաջ կանգնեց հայ ազգի հոգին՝ ողջ երկրագնդով մեկ իր պատմաողբերգական ցրվածության մեջ, միևնույն ժամանակ չկորսված, գուցե նաև ավելի սրված միասնականության ծարավով: Հարազատ հողի զգացողության մեջ միշտ էլ տեղ է գտնում  ազգային հոգու հասկացությունը, իսկ ազգի հոգին առանց պոեզիայի գոյություն չունի, դրա համար էլ Իսահակյանի դագաղին լցված հայկական հողի մասունքները մահացած մարմնի ու կենդանի հողի հպում չէր, այլ կենդանի հողին՝ կենդանի հողի հպում»:

Մի ասելիք էլ՝ «Ոչ մի ազգի հնարավոր չէ հասկանալ՝ ելնելով համընդհանուր չափորոշիչներից: Երբեմն բարեբախտաբար, երբեմն ցավոք, բայց ցանկացած ազգի հետ ունեցած մեր հարաբերություններում շատ բան կախված է մարդու հետ ունեցած առաջին տպավորությունից: Եվ իմ բախտը բերել է, որ առաջին հայը, ում հետ ես ծանոթացել ու ընկերացել եմ, եղել է մեծագույն գրող ու մարդ Պարույր Սևակը»:

Պարույր Սևակ ու Հովհաննես Շիրազ, Գևորգ Էմին, Համո Սահյան ու Սիլվա Կապուտիկյան, Առնո Բաբաջանյան, ով պոետի որոշ բանաստեղծությունների համար նույնիսկ երաժշտություն է գրել… Եվտուշենկոն Հայաստանում ծանոթացել է այնպիսի մարդկանց հետ, որոնք հետագայում Հայաստանի լեգենդները դարձան: Դրա համար էլ երկիրն այդ ընդմիշտ մնաց նրա ստեղծագործության ու մտքի մեջ: Մեզ վիճակված չէր իմանալու, թե ինչ էր մտածում ու ինչ էր զգում Եվտուշենկոն Ամերիկայում անցկացրած տարիներին, նա՝ Հայաստանն ու Վրաստանն այդքան սիրած ու նրանց մասին հսկայական քանակությամբ բանաստեղծություններ գրած մարդը, ով միայն Ռուսաստանի մասին էր թերևս ավելին գրել: Արդյո՞ք այդ հեռուներում իր հարազատ Սիբիրի «սպիտակ ձյան» նման ձյուն կար, նույնպես չենք կարող իմանալ, ոչինչ, թող որ դա մնա այն գաղտնիքը, որը գրողն իր հետ տարավ: Սակայն հուղարկավորել իրեն պոետն այնուամենայնիվ կամեցավ ոչ թե օտար հողում, այլ հարազատ Պերեդելկինոյում:

Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը