Իտալական Սիցիլիա կղզում գտնվող հիասքանչ մի քաղաքում՝ Կալթանիսսեթթեում, երեկ՝ հունվարի 31-ին, տեղի ունեցավ MedModa նորաձևության միջազգային հեղինակավոր փառատոնը: 13-ամյա իր պատմության ընթացքում այս փառատոնը կարողացավ իր տեղը զբաղեցնել բարձր նորաձևության աշխարհում և այսօր համարվում է ֆեշըն-ինդուստրիայի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը, որը կարողանում է իր շուրջ հավաքել միանգամից մի քանի մայրցամաքների ամենահայտնի դիզայներներին:

16215673_10208609910268486_554789711_n

Համանուն անունը կրող MedModa ընկերությունը, որն էլ հենց հանդիսանում է միջոցառման կազմակերպիչը, վերջին տարիներին ջերմ հարաբերություններ է հաստատել բազմաթիվ երկրների դեսպանատների, նրանց մշակութային կենտրոնների, ինչպես նաև նորաձևության ինդուստրիայի հետ կապ ունեցող գրեթե բոլոր կազմակերպությունների հետ, ինչի շնորհիվ էլ հնարավոր է դարձել փառատոնի ամենաամյա կազմակերպումը:

Այս տարի փառատոնի բացումն արվեց հունվարի 31-ին՝ Regina Margherita հայտնի թատրոնում: Միջոցառման բացումն արեց հատուկ Չինաստանից հրավիրված երգիչը: Իսկ ահա փառատոնի եզրափակիչ մասում իր նոր հավաքածուն ներկայացնելու է վրացի դիզայներ Շորենա Մարթսվալաձեն (Sheron Mar): Իրենց հավաքածուներն են ներկայացնելու նաև Թուրքիայի, Նիդեռլանդների, Սերբիայի, Կոլումբիայի, Իտալիայի և մի շարք այլ երկրների մասնակիցներ:

16215486_10208610059832225_782326515_n

Ինչպես Dalma News –ի հետ զրույցում հայտնեց փառատոնի կազմակերպիչ, MedModa ընկերության տնօրեն Մասսիմո Պաստորելլոն, վրաց դիզայներներն արդեն 5-րդ անգամ են մասնակցում փառատոնին: Մասնակիցների ընտրության հարցում գլխավոր չափանիշներ են համարվում փորձը, էլեգանտությունն ու հավաքածուի հզորությունը: Պաստորելլոյի խոսքերով՝ փառատոնի նպատակն է գեղեցիկը գնահատող հասարակությանը պատմել տարբեր երկրների մշակույթների մասին:

Ասում են, իբրև վրացիներն ու իտալացիները միմյանց շատ են նման, և սա նույնիսկ Մասսիմոն չի հերքում.

«Իտալացիներն ու վրացիներն իսկապես նման են, սակայն վրացիներին իրենց ոճով ու իրենց խառնվածքով ավելի շատ նման են սիցիլիացիները: Վրաստանում ինձ շատ դուր եկան գինին ու վրացական խոհանոցը: Այդ ամենն իսկապես ազդեցիկ է»,- ասաց նորաձևության իտալացի փորձագետը:

Մասսիմոն չմոռացավ նաև նշել, որ Sheron Mar-ն արդեն հասցրել է նվաճել կազմակերպիչների մեծ համակրանքը.

«Նա նորարար է: Նրա հավաքածուն ունի խիստ և նոր բնույթ: Հեռվից հեռու զգացվում է դիզայների վրացական խառնվածքը»,- իր խոսքը եզրափակեց Մասսիմոն:

«Ես բազմիցս ասել եմ, որ հենց MedModa –ն է դարձել իմ հաջողության գրավականն ու ապահովել իմ համբավն արտասահմանում: Ինձ համար չափազանց կարևոր է այս փառատոնին մասնակցելը: Այս տարի ես այլ կարգավիճակով եմ հանդես գալու: MedModa-ն չափազանց հեռանկարային մի փառատոն է, որի ետևում կանգնած է իսկական պրոֆեսիոնալների մի մեծ խումբ: Եվ ես նրանցից շատ բան եմ սովորել: Սա ինձ համար կրկնակի պատասխանատվություն է: Սպասում եմ նրանց գնահատանքին: Իսկ նրանք մոտենում են խիստ քննադատաբար ու շատ արդար»,- ասում է Sheron Mar-ը:

Իսկ ինչ վերաբերում է փառատոնին, ապա տարբեր երկրների դիզայներների մասնակցությունը փառատոնին կատարվում է բոլորովին անվճար, ավելին՝ ներքին ու միջազգային չվերթների 10 %-ը վճարում են հենց MedModa-ի կազմակերպիչները: Կազմակերպիչների համերաշխ այս խումբը նաև հոգ է տանում այն մասին, որ Իտալիայում անցկացված ողջ ընթացքում բոլոր մասնակիցները հարմարավետ կերպով հաստատված լինեն հյուրանոցներում:
16215969_10208609901588269_957488196_n

Փառատոնին մասնակցելու հայտ ներկայացնելու համար դիզայներները պետք է լրացնեն հարցաթերթիկ, ներկայացնեն իրենց ինքնակենսագրականն ու ներկայացվելիք հավաքածուի CD կամ DVD տեսաձայնագրությունը: Այնուհետև փառատոնի կազմակերպիչները մրցութային կարգով կընտրեն դիզայներներին՝ նրանց հրավերներ ուղարկելով: Խիստ կարևոր է նաև այն հանգամանքը, որ մինչ փառատոնի սկսվելը, փորձի դահլիճը, մոդելները, ոճաբաններն ու դիմահարդարները գտնվում են դիզայներների լիակատար տրամադրության տակ:

Շորենա Պապաշվիլի, հատուկ Dalma News-ի համար