Ավստրալիացի Արիանա Կաոլին շատ են սիրում Հայաստանում: Ավստրալիայի շախմատի չեմպիոնուհին երկար տարիներ գլխավորել է «կանաչ մայրցամաքում» հնագույն խաղի վարպետների վարկանիշային աղյուսակը: Բացի դա` աշխարհի ամենագրավիչ շախմատիստների ցանկում հայտնված աղջիկը, իր հայրենիքում հայտնի է նաև որպես երգչուհի և մեծ պահանջարկ ունեցող մոդել: Եվ վերջապես` Արիանան հայտնի հայ գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ռեյտինգում չորորդ հորիզոնական զբաղեցրած շախմատիստ Լևոն Արոնյանի ընկերուհին է:

opening2aaa

Բնականաբար` Արիանային շատ սիրեցին հայաստանում: Սակայն հասարակության համակրանքին Արիանան արժանացել է ոչ միայն իր անձնական կյանքի հանգամանքներից ենելով: Լևոն Արոնյանի ընկերուհին բավական ինքնաբավ և ինքնուրույն մարդ է: Հայաստանում ապրելով` նա իրեն համարում է այս երկրի մի մասնիկը, ի դեպ որով սկսել է հետաքրքրվել նախքան Արոնյանի հետ ծանոթանալը:

«Կարծու եմ` ձեր պատմության շնորհիվ մարդիկ այստեղ ոգեշնչված են: Ես վաղուց եմ հետաքրքրվում պատմությամբ` դեռ 10-11 տարեկանից, և այն ժամանակ ես շատ եմ կարդացել Հայաստանի պատմության մասին: Սկզբում ես սիրահարվեցի ձեր պատմությանը, իսկ երբ եկա սիրեցի նաև այստեղ ապրող մարդկանց: Ինձ շատերն են հարցնում, թե ինչու եմ Երևանում ապրում, եթե ապրել եմ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում` Սիդնեյում: Ոչ ոք չի պատկերացնում, թե որքան է ինձ դուր գալիս այստեղ ապրել»,- պատմել է Արիանան «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում:

Հավանաբար Հայաստանի պատմության հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է նաև նրանով, որ Արիանայի շախմատի առաջին ուսուցիչը ազգությամբ հայ է:

Նա հասցրել է բարձրանալ Արարատի վրա, սովորել հայերենը, անընդհատ մասնակցում է երկրի շախմատային կյանքին, հանդես է գալիս կրեատիվ գաղափարներով, օրինակ` կազմակերպել մրցություն հայազգի բռնցքամարտիկների և շախմատիստների միջև: Բնականաբար` այդչափ տարբեր սպորտաձևերի վարպետները պետք է հանդիպեն շախմատի խաղատախտակի մոտ, որովհետև, համաձայնեք, անխղճություն կլիներ եթե նրանք հանդիպեին ռինգում:

Ի դեպ` Լևոն Արոնյանի հետ ծանոթության նրա պատմությունը նույնպես կապված է շախմատի հետ: Դա 2007թ.-ին էր Թուրինում, որտեղ անցնում էր Շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադան: Այն շատ հաջող անցավ Հայաստանի հավաքականի համար, որը արդյունքում առաջին տեղը գրավեց:  Դրան նպաստեց խմբի լիդերի` Լևոն Արոնյանի փայլուն խաղը: Մի օր` մրցություններից ազատ ժամանակ, երեկույթներից մեկում Լևոն Արոնյանը պարի հրավիրեց գեղեցիկ ավստրալիացի աղջկա: Միևնույն ժամանակ գրեթե միշտ Արիանայի կողքին էր նրա երկրպագուն` անգլիացի գրոյսմաստերը: Դա առիթ դարձավ, ինչպես ասում են` «հարցեր պարզելու»: Թեև կոնֆլիկտը արագ հարթվեց, բայցևայնպես «դեղին» մամուլում այս դեպքը ներկայացվեց որպես «լուրջ կռիվ», ինչը, պետք է նշել` չէր եղել:

 

Այսօր Արիանան նոր նախագիծ է սկսել, որը համարում է հասարակության կենսական տոնուսի բարձրացման համար կարևոր քայլ: Նա Երևանում հրատարակում և խմբագրում է «Ուղևոր» շաբաթաթերթը: Թերթը տարածվում է անվճար, մայրաքաղաքի տրանսպորտում, Կաոլին այն նվիրում է երևանցիներին: Նա գտնում է, որ հանրապետությունում չկա «հաջողված մասայական տպագիր մամուլ», և ուզում է լրացնել այդ բացը: Նա հույս ունի այս թերթի շնորհիվ, որը լավատեսական ուղղվածություն ունի, ցույց տալ երևանցիներին, թե որքան գեղեցիկ է իրականում իրենց քաղաքը, որպեսզի նրանք հասկանան, թե ինչու է իրեն այդքան դուր գալիս ապրել Հայաստանի մայրաքաղաքում:

«Մեկ այլ պատճառ ևս`ես հավատում եմ հայրենադարձությանը, այն բանին, որ երկրից հեռացած մարդիկ մի օր կվերադառնան Հայաստան: Ես հաճախ եմ լսում, որ ինչ-որ մեկի հարազատները մեկնել են Մոսկվա, Փարիզ, քանի որ չեն ուզում Երևանում ապրել: Ես ռեալիստ եմ, սակայն, ուզում եմ ցույց տալ բոլոր լավ կողմերը, որոնք այստեղ կան: Նոր թերթը հետաքրքիր բովանդակություն պետք է ունենա, այն, ինչը չկա դեղին մամուլում և չպետք է քաղաքականացված լինի: Ես ուզում եմ ոգեշնչել մարդկանց, որպեսզի նրանք չմեկնեն»:

Հենց այդ պատճառով թերթը չի կենտրոնանում շոու-բիզնեսի աստղերի կամ միջնակարգ քաղաքական գործիչների վրա` իրենց մշտական սկանդալային արարքներով (ինչին շատ են անդրադառնում տեղական թերթերը), խմբագրությունը գրում է հասարակ մարդկանց, միջին դասակարգի, մանր բիզնեսի ներկայացուցիչների մասին, մի խոսքով` նրանց, ովքեր ճգնաժամային բարդ պայմաններում շարունակում են պայքարել իրենց գործը պահպանելու համար: Եվ, իհարկե, «Ուղևորի» ևս մի թիրախային լսարան են դարձել թոշակառումները, որոնց թիվը հանրապետությունում մեծանում է և նրանց կյանքը այնքան էլ հեշտ չէ: Արիանան հույս ունի, որ կարող է օգնել նրանց, որովհետև թերթը ձգտում է բարի աուրա ստեղծել: Նա համոզված է, որ թերթը սիրվել է տեղի չափանիշներով`իր բավական մեծ լսարանի կողմից:

10603608_724678880913976_4545423405162929047_n

Հնարավոր է Արիանայի և Լևոնի ընկերությունը այսքան ամուր է գտնվել, որովհետև նրանք զգայական և հոգեբանական տեսանկյունից շատ նման են իրար: Ամեն դեպքում` գրոսմայստեր Արոնյանը բոլորովին նման չէ ֆանատիկի, ում համար կյանքում բացի 64 խորանարդներից բաղկացած խաղատախտակից ուրիշ ոչինչ գոյություն չունի: Հակառակը: Արոնյանը խոստովանում է, որ սիրում է ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացնել` «հայկական ավանդական երևույթներրը իմ մեջ գերակշռող են»: Շատ է սիրում ճամփորդել և շատ է լինում Արիանայի հետ Ասիայում: Նրան դուր է գալիս Ասիական խոհանոցը և գրոսմայստերն անգամ ինքն է փորձում ուտեստներ պատրաստել: Ի դեպ` համարում է, որ ինքը վատ խոհարար չէ, թեև` «իմ ընտանիքը և ընկերուհիս հակառակը կասեն»: Դա, հավանաբար, միակ հարցն է, որտեղ Արիանան և Լևոնը համակարծիք չեն:

 

Պատրաստեց Անժելիկա Տեր-Նահապետյանը

Հոդվածում օգտագործվել են Atelier Marashlyan Retro լուսանկարներ Arka Style կայքից, ինչպես նաև այլ բաց աղբյուրներից: